Գլխավոր տեղեկություն
Համար
N 450-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (04.09.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.25/34(1392).1 Հոդ.606.6
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2018 թվականի N 450-Ն

 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան


2018 թ. ապրիլի 16
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 450-Ն որոշման


 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի համաձայն քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացմամբ:

(2-րդ կետը փոփ. 03.10.19 N 1389-Ն)

3. Սույն կարգի համաձայն սպորտի բնագավառում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով քաղաքացին, իսկ թիմային մարզաձևերի շրջանակներում՝ նաև համապատասխան մարզաձևի ազգային ֆեդերացիայի նախագահը, կարող են տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը և սույն կարգի համաձայն սպորտի բնագավառում նշանակալի նվաճումները հաստատող փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները, իսկ սույն կարգի 5-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված առաջնությունների, խաղերի, ունիվերսիադաների անցկացումը տվյալ տարվա մայիսի 1-ից կամ նոյեմբերի 1-ից հետո մինչև համապատասխան զորակոչի ավարտը նախատեսված լինելու դեպքում դիմումում նշվում է նաև քաղաքացու կողմից դրանց մասնակցության մասին, և դիմումին կցվում են մասնակցությունը հաստատող փաստաթղթերը: Սույն կետով նախատեսված համապատասխան ժամկետներից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման և դիմումի ստացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են դիմումատուին՝ նշելով դիմումը վերադարձնելու հիմքը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճենների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվում է պետական լիազոր մարմնի իրավասու ստորաբաժանում՝ ներկայացված դիմումների վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով, ինչպես նաև սահմանվում են եզրակացությունների ձևերը:

(3-րդ կետը փոփ. 04.07.18 N 749-Ն, 03.10.19 N 1389-Ն)

4. Սույն կարգի 2-րդ կետի համաձայն մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը (իսկ 2018 թվականի համար՝ մինչև հունիսի 15-ը) ներկայացված դիմումների մասով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների նախագծերը պաշտոնապես շրջանառության մեջ կարող են դրվել ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը (իսկ 2018 թվականի համար՝ մինչև հուլիսի 1-ը), իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների մասով՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը՝ բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված համապատասխան առաջնությունները, խաղերը, ունիվերսիադաները տվյալ տարվա մայիսի 1-ից կամ տվյալ տարվա նոյեմբերի 1-ից հետո մինչև համապատասխան զորակոչի ավարտը տեղի ունենալու դեպքերի, որոնց պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվում դրանց մասնակցության արդյունքում քաղաքացու կողմից սույն կարգի 5-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը փոխանցելու օրվանից ոչ ուշ՝ քան 3-օրյա ժամկետում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պաշտոնապես շրջանառության մեջ դնելու օրը որոշման նախագիծը տեղադրվում է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում և Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի հրապարակման www.e-draft.am միասնական կայքում՝ հրապարակային քննարկման նպատակով:

(4-րդ կետը փոփ. 04.07.18 N 749-Ն, 03.10.19 N 1389-Ն)

 

II. ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող են համարվում հետևյալ քաղաքացիները՝

1) սույն կարգի 3-րդ կետի համաձայն դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 4 տարվա ընթացքում օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների) կամ օլիմպիական խաղերում կամ եվրոպական խաղերում կամ պատանեկան օլիմպիական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ առաջիկա օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկները, շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները կամ շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները, ինչպես նաև ծանրամարտ մարզաձևի մեծահասակների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում առանձին վարժություններում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները: Սույն ենթակետով նախատեսված պայմանը կիրառելիս՝ թենիս մարզաձևում Դևիսի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը, իսկ Եվրոպայի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների Եվրոպայի առաջնությանը.

2) սույն կարգի 3-րդ կետի համաձայն դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատաների), սամբո, շախմատ մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների առաջնությունում կամ եվրոպական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-3-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները, նավամոդել և բազկամարտ մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների առաջնությունում առաջին տեղը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները.

2.1) պրոֆեսիոնալ բռնցքամարտ (բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) կամ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) կամ բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) կամ բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածներով) մարզաձևից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկները, ովքեր Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո միջազգային մարզական միջոցառումներին մասնակցելու համար.

3) Հայաստանի ֆուտբոլի և ֆուտզալի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող մարզիկները, սակայն յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա ֆուտբոլի դեպքում՝ 30, իսկ ֆուտզալի դեպքում՝ 10 մարզիկների:

4) (ենթակետն ուժը կորցրել է 29.04.21 N 680-Ն)

(5-րդ կետը լրաց., խմբ. 04.07.18 N 749-Ն, փոփ. 11.04.19 N 365-Ն, լրաց., փոփ. 29.04.21 N 680-Ն, լրաց. 15.04.22 N 478-Ն, 24.08.22 N 1315-Ն)

6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պայմանները բավարարող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է առավելագույնը չորս տարի ժամկետով՝ բացառությամբ Հայաստանի ֆուտբոլի և ֆուտզալի պատանեկան և երիտասարդական ազգային հավաքականների մարզիկների, որոնց տարկետում է տրվում մինչև երկու տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տրված տարկետման ժամկետի ընթացքում մարզաձևերի ազգային ֆեդերացիաները յուրաքանչյուր զորակոչի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում տեղեկատվություն քաղաքացու կողմից համապատասխան մարզաձևի ազգային հավաքականում ընդգրկված լինելու վերաբերյալ: Եթե ներկայացված տեղեկատվության համաձայն քաղաքացին ընդգրկված չէ համապատասխան մարզաձևի ազգային հավաքականում, ապա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին հայտարարված զորակոչի շրջանակներում ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:

(6-րդ կետը փոփ. 11.04.19 N 365-Ն, փոփ., լրաց. 03.10.19 N 1389-Ն, լրաց. 29.04.21 N 680-Ն)

7. Քաղաքացուն տրված տարկետման ժամկետի ավարտից հետո սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն կրկին անգամ կարող է տրվել տարկետում՝ սույն որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով, ընդ որում, կրկին անգամ տարկետում տալու հարցը, սույն կարգի պահանջներին համապատասխան քննարկելիս, հաշվի չեն առնվում նախկինում տարկետում տրամադրելու համար հիմք ընդունված պայմանները:

8. Սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն քաղաքացուն տարկետում կարող է տրամադրվել ոչ ավելի, քան քաղաքացու 26 տարին լրանալու օրը:

(8-րդ կետը լրաց. 04.07.18 N 749-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 04.07.18 N 749-Ն, փոփ. 11.04.19 N 365-Ն, փոփ., լրաց. 03.10.19 N 1389-Ն, 29.04.21 N 680-Ն, լրաց. 15.04.22 N 478-Ն, 24.08.22 N 1315-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան