ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/2912/02/192022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/2912/02/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող Ռ. Հակոբյան Է. Սեդրակյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Տ. Պետրոսյան
զեկուցող
Ս. Անտոնյան
2022 թվականի հունիսի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով Մայրանուշ Երանոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Մայրանուշ Երանոսյանի, դատավարության մասնակիցներ` Արարատի մարզի Գեղանիստ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` Հակոբ Երանոսյանին անգործունակ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Մայրանուշ Երանոսյանը պահանջել է Հակոբ Երանոսյանին ճանաչել անգործունակ:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ե․ Քոչարյան) (այսուհետ՝ Դատարան) 17.08.2020 թվականի վճռով դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.06.2021 թվականի որոշմամբ Մայրանուշ Երանոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17․08.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Մխիթարյանը ներկայացրել է հատուկ կարծիք:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մայրանուշ Երանոսյանը (ներկայացուցիչ՝ Լիլիթ Սահակյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 60-րդ, 66-րդ, 67-րդ հոդվածները, 251-րդ հոդվածի 1-ին մասը, 252-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը և Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, յուրաքանչյուր ապացույց չեն գնահատվել փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից: Դատարանները հաշվի չեն առել դիմումատուի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերը, պատշաճ չեն ուսումնասիրել դրանց բովանդակությունը, ավելին՝ չի նշանակվել դատահոգեբուժական փորձաքննություն դիմումի ելքով շահագրգիռ անձի հոգեկան առողջության վերաբերյալ հարցերի պարզաբանման համար: Այնինչ, առկա ախտորոշումները և դիմումի ելքով շահագրգիռ անձի վիճակն առնվազն պետք է հուշեին Դատարանին, որ ախտորոշման բնույթը և հետևանքներն անձի ֆիզիկական և հոգեկան առողջության տեսանկյունից գնահատելու համար անհրաժեշտ է մասնագիտական գիտելիքների առկայություն, այն է՝ փորձագետի եզրակացություն:
Հակոբ Երանոսյանի առողջական վիճակին վերաբերող ներկայացված ապացույցները փաստում են այն մասին, որ վերջինիս ստացած վնասվածքները կապված են գլխուղեղի հետ, և ակնհայտ է, որ որպես հետևանք՝ կարող են ինչպես մտավոր, այնպես էլ հոգեկան առողջության խաթարման պատճառ դառնալ։ Ուստի, Դատարանի համար այդպիսի վնասվածքները հիմնավոր կասկած և հիմք պետք է հանդիսանային գործով փորձաքննություն նշանակելու համար։ Մինչդեռ Դատարանը, դատահոգեբուժական փորձաքննություն չնշանակելով, զրկել է դիմումատուին իր դիմումի հիմքում դրված փաստն ապացուցելու՝ անձին անգործունակ ճանաչելու հիմքը պարզելու համար միակ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույց ներկայացնելուց, ինչն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 18.06.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ ՔԿԱԳ Էրեբունի և Նուբարաշեն տարածքային բաժնի պետի պաշտոնակատարի կողմից 28․11․2019 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Հակոբ Երանոսյանը ծնվել է 01.02.1990 թվականին, որի մասին ծննդյան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 10 գրանցումը, «Ծնողները» սյունակում հայրը նշված է՝ մոր հայտարարության հիման վրա` Մարտիկ Երանոսյան, մայրը` Մայրանուշ Սոսի Երանոսյան (հատոր 1-ին, գ․թ․ 9)։
2. «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից 22.11.2019 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Հակոբ Երանոսյանը գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, կարգավիճակը` ստացիոնար, ախտորոշում` պոլիտրավմա, կոմատոզ վիճակ: Հիվանդն ընդունվել է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք 21.04.2019 թվականին (հատոր 1-ին, գ․թ․ 10):
3. «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից 06.11.2019 թվականին տրված թիվ 023736/2326/411 ընթացիկ էպիկրիզի համաձայն՝ Հակոբ Երանոսյանը գտնվել է ստացիոնար բուժման կլինիկական հիվանդանոցի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 22.04.2019 թվականից: Ախտորոշում` զուգակցված ծանր բաց թափանցող գանգուղեղային վնասվածք, գանգի թաղի, հիմի և դիմային գանգի բազմաթիվ բազմաբեկոր կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ ծանր աստիճանի ծանրության` կոնտուզիոն հեմոռագիկ օջախների առաջացումով, ուղեղի ցողունի առաջնակի ախտահարումով և կոնտուզիոն հեմոռագիկ օջախի առաջացումով, սուբարախնոիդալ արյունազեղում, պնևմոցեֆալիա, գլխուղեղի այտուց: Աջ նախաբազկի զույգ ոսկրերի դիստալ մետաէպիֆիզների բաց կոտրվածք տեղաշարժով (հատոր 1-ին, գ․թ․ 11):
4. Արարատի մարզի Գեղանիստ համայնքի ղեկավարի կողմից 06.11.2019 թվականին տրված № 057 տեղեկանքի համաձայն՝ Մայրանուշ Երանոսյանը բնակվում է Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 1-ին փողոցի թիվ 13 հասցեում: Ընտանիքի անդամները` Թովմասյան Մարտիկ Հակոբի` ամուսինը, Երանոսյան Հակոբ Մարտիկի` տղան, Երանոսյան Վիկտորյա Մարտիկի` աղջիկը (հատոր 1-ին, գ․թ․ 12):
5. «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից 28.07.2020 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Հակոբ Երանոսյանը գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, կարգավիճակը` ստացիոնար, ախտորոշում` պոլիտրավմա: Հիվանդն ընդունվել է անգիտակից վիճակում 07.02.2020 թվականին (հատոր 1-ին, գ․թ․ 44)։
6. «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից 21.05.2020 թվականին տրված թիվ 023736/2326/411 էպիկրիզի համաձայն՝ Հակոբ Երանոսյանը գտնվել է ստացիոնար բուժման կլինիկական հիվանդանոցի Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 22.04.2019 թվականից մինչև այսօր` 21.05.2020 թվականը: Ախտորոշում` զուգակցված ծանր բաց թափանցող գանգուղեղային վնասվածք, գանգի թաղի, հիմի և դիմային գանգի բազմաթիվ կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ ծանր աստիճանի ծանրության` կոնտուզիոն հեմոռագիկ օջախների առաջացումով, ուղեղի ցողունի առաջնակի ախտահարումով և կոնտուզիոն հեմոռագիկ օջախի առաջացումով, սուբարախնոիդալ արյունազեղում, պնևմոցեֆալիա, գլխուղեղի այտուց: Աջ նախաբազկի զույգ ոսկրերի դիստալ մետաէպիֆիզների բաց կոտրվածք տեղաշարժով: Պոչուկի շրջանի պառկելախոց II-III0: Հետվիրահատական վիճակ գանգուղեղային վերքի վիրաբուժական մշակումից, ԱՎՄ զարկերակի կապից և աջ նախաբազկի մ.օ.ս.-ից հետո, ԹԱՇ-ից հետո (հատոր 1-ին, գ․թ․ 45)։:
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կիրառած դատավարական իրավունքի նորմի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերով անձին անգործունակ ճանաչելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով դատարանը պարտավոր է նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն՝ ապացույցի տեսակներն են՝ (…) փորձագետի եզրակացությունը, (…)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը գործի քննության ընթացքում գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործում պահանջող հարցերի բացահայտման և պարզաբանման նպատակով ձեռք բերված գրավոր փաստաթուղթն է, որը տրվում է փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է փորձաքննություն նշանակել գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր նախաձեռնությամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելիս փորձագետին հարցեր առաջադրելու իրավունք ունի նաև առաջին ատյանի դատարանը:
Վերոգրյալի իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, որը ձեռք է բերվում գործի քննության ընթացքում գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործում պահանջող հարցերի բացահայտման և պարզաբանման նպատակով։ Առաջին ատյանի դատարանը, որպես ընդհանուր կանոն, կարող է փորձաքննություն նշանակել գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ իր նախաձեռնությամբ միայն բացառիկ՝ օրենքով նախատեսված դեպքերում։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու իրավունակությունը և գործունակությունը չեն կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացու հոգեկան վիճակի մասին անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար դատարանը պետք է նշանակի դատահոգեբուժական փորձաքննություն, քանի որ քաղաքացուն անգործունակ ճանաչելը հնարավոր է բացառապես բժշկական և իրավական չափանիշների համընկնման դեպքում։ Բացահայտելով բժշկական չափանիշի էությունը՝ հարկ է նշել, որ այն ենթադրում է քաղաքացու «հոգեկան խանգարման» տեսակի որոշում, այն է՝ քաղաքացու գոյություն ունեցող հոգեկան խանգարումներից մեկի կամ մի քանիսի հայտնաբերում, որոնք ուղղակիորեն բացասաբար են ազդում մարդու սոցիալական բաղադրիչի վրա:
Այսպես, մասնագիտական գրականության մեջ գիտակցությունը բնորոշվում է որպես ճանաչողության բարձրագույն ձև, որն ինտեգրում է իր մեջ հոգեկան ոլորտի բոլոր պրոցեսներն ու ֆունկցիաները։ Գիտակցության խանգարման դեպքում տեղի է ունենում իրական աշխարհի ներքին (վերացական) և արտաքին (զգացողական, զգայական) կապերի արտացոլման խախտում։ Այդպիսի խանգարումներից է կոման, որը դրսևորվում է գիտակցության լրիվ կորստով1։
Ինչ վերաբերում է իրավական չափանիշին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դրսևորվում է անձի՝ իր գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու և այդ գործողությունների հետևանքները կանխատեսելու ունակության կորստով։ Իրավական չափանիշի շնորհիվ հնարավոր է որոշել անձի հոգեկան խանգարման խորությունը (ծանրությունը), որն այս կամ այն կերպ ազդում է այդ անձի կողմից քաղաքացիական իրավունքների և պարտականությունների իրականացման թույլատրելիության վրա:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար կարևոր հիմք է հանդիսանում դատարանի՝ քաղաքացու հոգեկան (գիտակցության) խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների և անձի հոգեկան (գիտակցության) խանգարման մասին բավարար տվյալների առկայությունը։ Ուստի անձի հոգեկան (գիտակցության) խանգարման վերաբերյալ հարցը քննելիս դատարանի մոտ առաջացած հիմնավոր կասկածի բավարարման կամ հերքման համար պետք է դատարանի կողմից ձեռնարկվեն բավարար միջոցներ, որոնց վերջնարդյունքում կփարատվեն կամ կհերքվեն այդ կասկածները։
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի բացահայտմանը, արձանագրում է հետևյալը.
Այսպես, Հրաչյա Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» «հիմնավոր» բառի իմաստային բացատրությունը տրվում է որպես «ամուր հիմք ունեցող», իսկ «կասկած» բառի բացատրությունը՝որպես «երկմտության վիճակ, տարակուսանք»։2
Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, գնահատելով «հիմնավոր կասկած» եզրույթը, մեկնաբանել է այն որպես մտքի վիճակ, որը համոզմունքից տարբերվում է նրանով, որ մտորման առարկան դեռևս միանշանակ չի համարվում։ Այսինքն՝ «հիմնավոր կասկած» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնց առկայության պարագայում դատարանի մոտ կձևավորվի ողջամիտ կասկած (տե՛ս, Սոֆիա Խաչատրյանն և Սիրվարդ Խաչատրյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):
Այսպիսով, վերոնշյալից հետևում է, որ օրենսդիրը, քաղաքացուն անգործունակ ճանաչելու և դրանից ծագող իրավական հետևանքների կարևորությամբ պայմանավորված, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսել է հատուկ կառուցակարգ: Այդ կառուցակարգի շրջանակներում օրենսդիրը միաժամանակ նախատեսել է, որ քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ դատարանի մոտ առաջացած հիմնավոր կասկածների և անձին անգործունակ ճանաչելու հիմքերի առկայության դեպքում դատարանը պետք է նշանակի դատահոգեբուժական փորձաքննություն: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ծանր գանգուղեղային վնասվածքը, գլխուղեղի ծանր սալջարդը, գիտակցության խանգարումը, մասնավորապես՝ անձի կոմայի մեջ գտնվելը, բավարար հիմք են, որպեսզի դատարանի մոտ հիմնավոր կասկած առաջանա անձի հոգեկան խանգարման վերաբերյալ, ըստ այդմ՝ նմանատիպ իրավիճակում դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու իր լիազորությունն իրականացնելու համար։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Մայրանուշ Երանոսյանը, 25.12.2019 թվականին դիմելով Դատարան, հայտնել է, որ ինքը հանդիսանում է դիմումի քննության ելքով շահագրգիռ անձ, Հակոբ Երանոսյանի մայրը, ով տուժել է ավտովթարի հետևանքով և 21.04.2019 թվականից գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում կոմատոզ վիճակում, հետևաբար՝ հաշվի առնելով վերջինիս անգիտակից վիճակում գտնվելու և իր գործողությունները ղեկավարել չկարողանալու, բացարձակ անօգնական վիճակում և մշտական խնամքի կարիք ունենալու հանգամանքները, պահանջել է 01.02.1990 թվականին ծնված Հակոբ Մարտիկի Երանոսյանին ճանաչել անգործունակ:
Դատարանը 17․08․2020 թվականի վճռով մերժել է Մայրանուշ Երանոսյանի դիմումը՝ պատճառաբանելով, որ «․․․դիմումատու Մայրանուշ Սոսի Երանոսյանի կողմից դատարանին չներկայացվեց որևէ ապացույց առ այն, որ Հակոբ Մարտիկի Երանոսյանի (ծնված 01.02.1990 թվականին) մոտ առկա է հոգեկան խանգարում, ինչի հետևանքով նա չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք: Ավելին, վերջինս գործի քննության ընթացքում հայտնեց, որ իր որդին երբևէ հոգեկան խնդիրներ չի ունեցել»:
Վերաքննիչ դատարանը 18.06.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «․․․Դատարանի կողմից դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն առաջանում է միայն այն դեպքում, երբ դատարանի մոտ հիմնավոր կասկածներ են առաջանում քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ: Այլ կերպ ասած, դրանք կարող են լինել այն դեպքերը, երբ օրինակ գործով ձեռք բերված ապացույցները իրենց բավարարության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից դատարանի մոտ ներքին համոզմունք չեն ձևավորում տվյալ քաղաքացու անգործունակ ճանաչելու հիմքերի առկայության մեջ և պարզելու համար անձի մոտ իրոք առկա է հոգեկան խանգարում, թե ոչ և դրա հետևանքով իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարել չկարողանալու փաստերը, Դատարանն իրավասու է նշանակել դատաբժշկական փորձաքննություն: Մինչդեռ տվյալ պարագայում նման փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունն ի սկզբանե բացակայել է: Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ դիմողն ինքը չի վկայակոչել իր որդու մոտ հոգեկան խանգարման փաստ, ավելին, ներկայացրած ապացույցներով էլ հաստատել է, որ որդու մոտ իր գործողությունների նշանակությունը չհասկանալու փաստն առաջացել է ավտովթարի հետևանքով ստացած վնասվածների արդյունքում»։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Տվյալ դեպքում թե՛ Դատարանը, և թե՛ Վերաքննիչ դատարանը անտեսել են այն հանգամանքը, որ ըստ գործում առկա ապացույցի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից 21.05.2020 թվականին տրված էպիկրիզի, Հակոբ Երանոսյանը գտնվել է ստացիոնար բուժման կլինիկական հիվանդանոցի Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 22.04.2019 թվականից մինչև 21.05.2020 թվականը: Ախտորոշում` զուգակցված ծանր բաց թափանցող գանգուղեղային վնասվածք, գանգի թաղի, հիմի և դիմային գանգի բազմաթիվ կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ ծանր աստիճանի ծանրության` կոնտուզիոն հեմոռագիկ օջախների առաջացումով, ուղեղի ցողունի առաջնակի ախտահարումով և կոնտուզիոն հեմոռագիկ օջախի առաջացումով, սուբարախնոիդալ արյունազեղում, պնևմոցեֆալիա, գլխուղեղի այտուց: Աջ նախաբազկի զույգ ոսկրերի դիստալ մետաէպիֆիզների բաց կոտրվածք տեղաշարժով: Պոչուկի շրջանի պառկելախոց II-III0: Հետվիրահատական վիճակ գանգուղեղային վերքի վիրաբուժական մշակումից, ԱՎՄ զարկերակի կապից և աջ նախաբազկի մ.օ.ս.-ից հետո, ԹԱՇ-ից հետո:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բժշկի կողմից տրված՝ Հակոբ Երանոսյանի առողջությանը վերաբերող տեղեկանքն ինքնին Դատարանի մոտ պետք է առաջացներ քաղաքացու հնարավոր անգործունակություն առաջացնող հիմքերի վերաբերյալ հիմնավոր կասկած և հիմք հանդիսանար դրանց առկայությունը պարզելու նպատակով դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար:
Մինչդեռ Դատարանը, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքի վերաբերյալ եզրահանգումներ է կատարել՝ չունենալով դատավարական օրենքով սահմանված կարգով ձեռք բերման ենթակա ապացույցը՝ համապատասխան դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, ինչով թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, ինչը նաև անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.06.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
____________________
1 Տե՛ս Բժշկական հոգեբանություն, ուսումնական ձեռնարկ, խմբ․ Խ․ Վ․ Գասպարյան, էջեր 80-81։
2 Տե՛ս Հ. Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան», էջ 61, 351:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Է. Սեդրակյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2022 թվական: