ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2022 թվականի N 1058-Լ
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի ծրագրի 2022-2026 թվականների միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
14.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1058-Լ որոշման |
ԾՐԱԳԻՐ
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Ներկայումս ծխախոտային համաճարակը բնակչության առողջության համար ամենամեծ վտանգներից է: Համաձայն Առողջապահական համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) տվյալների` ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով յուրաքանչյուր տարի մահանում է ավելի քան 8 մլն. մարդ, որից ավելի քան 1,2 մլն. չծխողներն են, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը:
2. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործումն առաջացնում է նաև զգալի տնտեսական բեռ, ինչը, մասնավորապես, արտահայտվում է առողջապահական նշանակալի ծախսերի տեսքով` կապված ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով առաջացած հիվանդությունների բուժման հետ, և մարդկային կապիտալի կորստով` կապված ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության հետ:
3. Համաձայն ԱՀԿ-ի վիճակագրության` աշխարհում բնակչության հիվանդացության և մահացության հիմնական պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն են (այսուհետ` ՈՎՀ), մասնավորապես, արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (ԱՇՀՀ), չարորակ նորագոյացությունները (ՉՆ), շաքարային դիաբետը (ՇԴ), թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (ԹՔՕՀ), հոգեկան հիվանդությունները, վնասվածքները և թունավորումները:
4. ՈՎՀ-ի զարգացումն կապակցված է կենսակերպային առանձնահատկությունների և դրանց հետ կապված` ռիսկի գործոնների հետ: Ռիսկի գործոնների վնասակար ազդեցությունն արտահայտվում է ոչ թե անմիջապես, այլ համեմատաբար երկար ժամանակահատվածում:
5. Ռիսկի գործոնների տարածվածության կրճատումը նպաստում է առողջության ցուցանիշների բարելավմանը, մասնավորապես, կյանքի սպասվող տևողության աճին, ՈՎՀ-ի տարածվածության և դրանցից մահացության կրճատմանը:
6. ՈՎՀ-ի զարգացման հիմնական ռիսկի գործոններն են՝ ծխախոտի օգտագործումը, ալկոհոլային խմիչքների չարաշահումը, ավելցուկային քաշը, ֆիզիկական թերակտիվությունը:
7. 2004 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրեց ԱՀԿ-ի Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան (այսուհետ` ԾՊՇԿ), որի նպատակն է մշտապես և էականորեն կրճատել ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը՝ ի բարօրություն ազգաբնակչության առողջությանը։
8. ԾՊՇԿ-ն մշակվել է ի պատասխան ծխախոտային համաճարակի գլոբալացման, որը սկիզբ է առել 20-րդ դարից: Կոնվենցիան ապացուցահեն պայմանագիր է, որը վերահաստատում է բոլոր մարդկանց՝ առողջության առավելագույն բարձր մակարդակ ունենալու իրավունքը:
9. 2020 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որը միտված է ներկա և ապագա սերունդներին պաշտպանելու առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից, սոցիալական, տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը որպես անառողջ և մերժելի վարքագծի արմատավորմանը:
10. Օրենքը համահունչ է Միացյալ ազգերի կազմակերպության «Օրակարգ 2030-ի» Կայուն զարգացման 3-րդ նպատակի 3.ա թիրախին, որն ուղղված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի իրականացման ուժեղացմանը: Մասնավորապես, օրենքով ամրագրված են ծխախոտի օգտագործման արգելք բոլոր «փակ» և որոշ «բաց» հանրային վայրերում, գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերի արգելքներ, ներառված է միատեսակ փաթեթավորման և այլ պահանջներ:
11. Օրենքի ընդունումից հետո մշակվել և ընդունվել են մի շարք ենթաօրենսդրական ակտեր՝ ուղղված Օրենքի կիրարկման ապահովմանը, մասնավորապես՝ Կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի «Ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին բնակչությանն իրազեկելու կարգը հաստատելու մասին» թիվ 1398-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի թիվ 219-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 675-Ն որոշումը, Առողջապահության նախարարի 2020 թվականի մայիսի 27-ի «Ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» թիվ 14-Ն հրամանը, Առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 25-ի և Արդարադատության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի «Կալանավորվածների և դատապարտյալների պահման վայրերում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման և ծխախոտի ծխի բացասական ազդեցության նվազեցմանը և կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 09-Ն և թիվ 47-Ն համատեղ հրամանը, Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի «Օդանավակայաններում ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանելու մասին» թիվ 22-Ն հրամանը, Առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 11-ի «Հիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանելու մասին» թիվ 33-Ն հրամանը, Առողջապահության նախարարի 2020 թվականի հուլիսի 1-ի «Ծխելու դադարեցմանն ուղղված բուժման և խորհրդատվական ծառայությունների» ձեռնարկը (դասավանդողի համար) հաստատելու մասին» թիվ 2075-Ա և «Ծխելու դադարեցմանն ուղղված բուժման և խորհրդատվական ծառայությունների» ձեռնարկ-ուղեցույցը (դասընթաց առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների համար) հաստատելու մասին» թիվ 2076-Ա հրամանները:
12. Օրենքին զուգահեռ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել մի շարք հարակից օրենքներում, ինչպիսիք են՝ «Տեղական ինքնակառավարման մասին» «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը: Այս օրենսդրական բարեփոխումներով, մասնավորապես, հստակեցվել են Օրենքի դրույթների կիրարկման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինները:
13. Ստեղծվել է ծխախոտի օգտագործման դադարեցմանն ուղղված աջակցության ծառայություն՝ գործարկվել է «Ծխելը դադարեցնելու թեժ գիծը»:
2. ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐ
2.1. ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ
14. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջության հիմնախնդիրներից մեկն է: Մի շարք առավել տարածված ՈՎՀ-ի զարգացումը պայմանավորված է հենց դրանց օգտագործմամբ:
15. Համաձայն 2020 թվականի «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքի՝ Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում առավել տարածված ՈՎՀ-ից մահացության բեռը կազմում է մոտ 80%, ընդ որում՝ մահացության բուրգում ԱՇՀՀ-երը զբաղեցնում են առաջին տեղը` 53.7%, որոնց հաջորդում են ՉՆ-երը` 20.8%, ՇԴ-ը` 2.0%, ԹՔՕՀ-երը (բրոնխիտ, ասթմա, քրոնիկական այլ թոքային և բրոնխոէկտատիկ հիվանդություններ)` 1.3%:
2.2. ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
16. ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացված «Հայաստանի Առողջապահության համակարգի գործունեության գնահատման» (ԱՀԳԳ) 2007, 2009, 2012 և 2016 թվականների հետազոտությունների ընթացքում գնահատվել են ՈՎՀ-ի զարգացման ռիսկի մի շարք գործոններ, այդ թվում` ծխախոտի օգտագործումը, որոնք ազդեցություն ունեն բնակչության առողջության վրա:
17. Ըստ ԱՀԳԳ հետազոտության` 2016 թվականին, 2012 թվականի համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում ավելացել է ամեն օր ծխող անձանց մասնաբաժինը, ընդ որում, և՛ տղամարդկանց և՛ կանանց շրջանում: Եթե 2012 թվականին Հայաստանում ամեն օր ծխախոտ էր օգտագործում 15 և բարձր տարիքային խմբի բնակչության 23%-ը, ապա 2016 թվականին՝ 26.2%-ը: Ընդ որում` ամեն օր ծխող տղամարդկանց թիվն ավելացել է 48.7%-ից մինչև 53.4%, իսկ կանանց թիվը՝ 1.3%-ից մինչև 2.3%:
18. Համաձայն 2016 թ. ԱՀԳԳ հետազոտության` ծխախոտի օգտագործումը տղամարդկանց շրջանում թռիչքաձև աճում է 15-19 տարիքային խմբից 20-29 տարիքային խումբ անցնելիս:
19. Ըստ տարիքի` ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը տղամարդկանց մոտ հասնում է առավելագույնի` 30-39 տարեկանների շրջանում և աստիճանաբար սկսում է նվազել:
20. ԱՀԿ «Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների տարածվածությունը Հայաստանի Հանրապետությունում» STEPS ազգային հետազոտության (այսուհետ՝ ԱՀԿ STEPS հետազոտություն) մեթոդաբանությամբ 2016-2017 թվականներին իրականացվել է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) ռիսկի գործոնների (ՌԳ) տարածվածության վերաբերյալ տնային տնտեսությունների ազգային հետազոտությունը: Հայաստանի Հանրապետության 18-ից 69 տարեկան բնակչության շրջանում ծխախոտի օգտագործումն ուսումնասիրվել և գնահատվել է ըստ ԱՀԿ-ի կողմից ընդունված սահմանումների: Ընդ որում, ամեն օր ծխողները օրական միջինում ծխում են 24.4 գլանակ։
21. ԱՀԿ STEPS հետազոտության տվյալները վկայում են, որ ծխախոտի օգտագործման տարածվածությունը 18-69 տարիքային խմբում կազմում է 27.9%: Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխում է, մինչդեռ կանանց դեպքում ծխախոտի օգտագործման ցուցանիշն անհամեմատ ցածր է (տղամարդիկ` 51.5%, կանայք` 1.8%)։
22. Ըստ ԱՀԿ STEPS 2016-2017 թթ. հետազոտության զեկույցի` կանանց շրջանում ծխախոտի օգտագործման ցածր ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաճախ այդ վարքագիծը կրում է թաքնված բնույթ:
23. ԱՀԳԳ 2007, 2009, 2012 և 2016 թվականների հետազոտությունների արդյունքները փաստում են, որ կանայք չեն ցանկանում նշել իրենց ծխելու փաստը՝ ծխող կանանց նկատմամբ հայկական ավանդական դիրքորոշումների պատճառով:
24. Ներկայում ծխող կանանց մասնաբաժինը 18-44 տարիքային խմբում կազմում է 1.1%, որը կտրուկ աճում է 45-69 տարիքային խմբում` կազմելով 3.0%:
2.3. ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ
25. ԱՀԿ STEPS 2016-2017 թթ. հետազոտության շրջանակում բնակչության ծխելու հաճախականությունը վերլուծվել է նաև ըստ սոցիալ-ժողովրդագրական խմբերի:
26. ԱՀԿ STEPS 2016-2017 թթ. հետազոտության տվյալներն ըստ բնակավայրի վերլուծելիս կարող ենք ասել, որ երևանաբնակ հասարակության շրջանում ծխախոտի օգտագործումն ավելի տարածված բնույթ ունի՝ մարզային քաղաքներում բնակվողների կամ գյուղաբնակների համեմատ: Ընդ որում, հատկանշական է, որ բարեկեցության աճմանը զուգընթաց մեծանում է ծխախոտի օգտագործման տարածվածությունը:
27. ԱՀԿ STEPS 2016-2017 թթ. հետազոտության համաձայն որքան բարձր է հարցվածի կրթական մակարդակը, այնքան մեծ է չծխելու միտումը:
28. ԱՀԿ STEPS 2016-2017 թթ. հետազոտության համաձայն` 18-69 տարեկան կանոնավոր ծխողների 34.5%-ը հարցման պահից վերջին 12 ամիսների ընթացքում փորձել է հրաժարվել ծխելուց (տղամարդիկ՝ 34.0% և կանայք՝ 48%), իսկ բուժաշխատողների կողմից ծխելուց հրաժարվելու մասին խորհուրդ է ստացել ծխող տղամարդկանց 29.2%-ը և կանանց 39%-ը:
29. Համաձայն 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացված ԾՊՇԿ-ի իրականացման ներդրումային հետազոտության տվյալների (այսուհետ՝ ԱՀԿ ԾՊՇԿ-ի հետազոտության) ամեն տարի ծխախոտը սպանում է Հայաստանի ավելի քան 5500 բնակչի: Այդ մահերի 52% 70 տարեկանից ցածր անձանց շրջանում է (այսինքն՝ վաղաժամ մահեր են):
30. Դեռահասների վարքագիծը բացահայտելու նպատակով աշխարհի 50 երկրներում ԱՀԿ-ի կողմից երաշխավորված ընդհանուր մեթոդաբանությամբ իրականացվում է «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտություն» (այսուհետ՝ ԴԵԱՎ)՝ 11, 13, 15, 17 տարեկանների շրջանում:
31. 2017-2018 թվականներին իրականացված ԴԵԱՎ-ի տվյալները վկայում են, որ երբևիցե կյանքում ծխախոտ են օգտագործել 15 տարեկան տղաների 21%-ը և աղջիկների 3%-ը: Ընդ որում՝ 15-17 տարեկան տղաների շրջանում նկատվում է ծխախոտի օգտագործման ցուցանիշի կտրուկ աճ:
2.4. ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԾԽԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ
32. Քանի որ մեր հասարակության մեջ ընդունված վարքագիծ է տանը կամ հյուր գնալիս ծխել, բնակչության մեծամասնությունը համարվում է պասիվ ծխող:
33. Համաձայն 2016 թ. ԱՀԳԳ արդյունքների՝ Հայաստանի Հանրապետության ընտանիքների 53.1%-ը նշել են, որ տան պայմաններում նրանք գտնվում են ամենօրյա երկրորդային ծխի վնասակար ազդեցության տակ և համարվում են ամենօրյա պասիվ ծխողներ, իսկ 2.8%-ը պասիվ ծխողներ` շաբաթական մի քանի անգամ:
34. Հարցվածների 37.9%-ը նշել են, որ իրենց տանը բացարձակապես չեն ծխում: Հայաստանի Հանրապետությունում փակ աշխատանքային տարածքում պասիվ ծխողներ են աշխատող անձանց 39.7%-ը, իսկ և բաց, և փակ տարածքում աշխատողների շրջանում պասիվ ծխողներ են 73.9%-ը:
35. Համաձայն ԱՀԿ ԾՊՇԿ-ի հետազոտության ծխախոտի պատճառով կորցված կյանքերի գրեթե մեկ հինգերորդ մասը (19 %-ը) պայմանավորված է երկրորդային ծխի ազդեցությամբ, որը համաշխարհային միջինի կրկնակիից ավելին է:
2.5. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԽԱԽՈՏԸ
36. Վարակիչ հիվանդությունների դեպքում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը կարող է ոչ միայն հանգեցնել առողջության վատթարացմանը, այլև վարակի փոխանցման աղբյուր հանդիսանալ: Օրինակ, նարգիլեն սովորաբար օգտագործում են մեկից ավել մարդիկ: Գուլպանը փոխանցվում է անձից այլ անձի, և այդ նույն ծխամորճը սովորաբար օգտագործվում է բոլոր մասնակիցների կողմից: Այսպիսով նարգիլեն կարող է հանդիսանալ վարակի փոխանցման ամենաբարձր գործոն ունեցող առարկան:
37. Ուղեկցող, հատկապես ոչ վարակիչ, հիվանդություններով (շաքարային դիաբետ, չարորակ նորագոյացություններ, շնչուղիների խնդիրներ) անձինք COVID-19-ի պատճառով հոսպիտալացման ավելի բարձր ռիսկի տակ են գտնվում, քան առողջները:
38. Քլարկի և գործընկերների (2020 թ.) ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանում շուրջ 855.000 անհատ (կամ բնակչության մոտ 29 %) ունի առնվազն մեկ ուղեկցող ՈՎՀ, որը նրանց ավելի մեծ ռիսկի է ենթարկում և այս անհատներից 195.000-ը վարակվելու դեպքում հոսպիտալացման պահանջ կունենան:
39. Ծխախոտի օգտագործումը մեծապես նպաստում է ՈՎՀ տարածվածությանը: Բացի այդ, ծխախոտի օգտագործումը ճնշում է իմունային ֆունկցիան՝ մեծացնելով շնչառական ուղիների ինֆեկցիաների ռիսկը, ինչպիսիք են՝ տուբերկուլոզը և թոքաբորբը, ինչը կարող է վտանգել ծխախոտ օգտագործողների COVID-19-ը հաղթահարելու կարողությունը:
40. Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ծխելը ծանրացնում է COVID-19-ի ընթացքը և կարող է մոտ երկու անգամ մեծացնել COVID-19-ի ծանր ընթացքի հավանականությունը:
41. Ծխողների մեծ քանակը հանգեցնում է խոցելի բնակչության, COVID-19-ի ծանր հետևանքների տեսանկյունից: Հայաստանում 855.000 անհատներից, ովքեր COVID-19-ի ծանր ընթացքի ռիսկի ներքո են, մոտ 14 տոկոսն ունի ուղեկցող հիվանդություններ, որ առաջացել են ծխախոտի օգտագործման հետևանքով: Ուստի, եթե պատկերացնենք, որ բոլոր ներկա և նախկին ծխողները երբեք չսկսեին ծխելը, ապա մոտավորապես 117600 մարդ կլիներ COVID-19-ի ծանր ընթացքի ավելի ցածր ռիսկի ներքո:
42. Համաձայն ԱՀԿ-ի տվյալների՝ ծխելը բարձրացնում է տուբերկուլոզով (ՏԲ) հիվանդանալու ռիսկը, վատթարացնում բուժման ելքերը, մեծացնում ՏԲ մահացության ցուցանիշը և ՏԲ կրկնելիության հավանականությունը:
43. Տուբերկուլոզի համաճարակաբանական ազդեցության վերլուծության միջոցով հաշվարկվել է, որ Հայաստանում 20-60 տարեկանների շրջանում (ծխելու տարածվածությունը 28.3%) ՏԲ դեպքերի 15.9% ծխողներ են: Ընդ որում, Հայաստանում ՏԲ հիվանդ տղամարդկանց գրեթե 67.5% ծխողներ են, ինչը վկայում է, որ ծխելու հետևանքով զարգացած ՏԲ դեպքերի մասնաբաժինն ավելի բարձր է:
44. Ծախսարդյունավետության տեսանկյունից քիչ ծախսատար, սակայն ժամանակի ընթացքում նշանակալի ազդեցություն ունեցող միջոցառումների (այդ թվում՝ կանխարգելիչ բնույթ ունեցող) իրականացումը (խոսքը, մասնավորապես, վերաբերում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների ռիսկի գործոնների նվազմանն ուղղված միջոցառումներին (օրինակ՝ ծխելու դեմ պայքար, սպորտի մասսայականացում, առանցքային դեղորայքի մատչելիության բարձրացում և այլն)) էական ազդեցություն կարող են ունենալ հիվանդությունների կանխարգելման գործում:
2.6. ԾԽԱԽՈՏԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ
45. ԱՀԿ ԾՊՇԿ-ի հետազոտության շրջանակում անդրադարձ է կատարվել նաև ծխախոտի օգտագործման առողջապահական և տնտեսական ծախսերին: Մասնավորապես, նշվել է, որ 2017 թվականին ծխախոտի օգտագործումը Հայաստանի տնտեսության համար արժեցել է 273,1 մլրդ դրամ:
46. Ծխախոտի ծախսերը Հայաստանում կազմում են 273,1 միլիարդ դրամ ամեն տարի, ինչը համարժեք է երկրի համախառն ներքին արդյունքի (այսուհետ՝ ՀՆԱ) 4,2%-ին 2017 թվականին։ Այս տարեկան ծախսերը ներառում են`
1) 76 միլիարդ դրամ առողջապահական ծախսեր.
2) 197,3 միլիարդ դրամ աշխատուժի և արտադրողականության անկման հետևանքով առաջացած անուղղակի ծախսեր:
47. Այն ծախսերը, որոնք տնային տնտեսություններում կատարվում են ծխախոտի օգտագործման նպատակով, այլ պայմաններում կծառայեին հիմնական կարիքներին, ներառյալ՝ սնունդը և կրթությունը:
48. Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արդյունքում արտադրողականության կորստի հետ կապված ծախսերը կազմում են ծխախոտի հետ կապված բոլոր ծախսերի 72%-ը և ծխախոտի դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է բազմաոլորտային ներգրավվածություն և միջճյուղային համագործակցություն:
3. ԾՐԱԳՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
49. Ծրագրի հիմնական ուղղություններն են`
1) ծխելու դեմ պայքարին ուղղված գործունեություն իրականացնող առողջապահական կազմակերպությունների կարողությունների զարգացում և ծխելու դադարեցմանն ուղղված գործողություններ.
2) ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առաջացած վնասների և հետևանքների, ինչպես նաև դրանց կանխարգելման վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում.
3) ծխախոտի դեմ պայքարի քաղաքականությանը ծխախոտի արդյունաբերության միջամտության բացառման նպատակով մեխանիզմների ապահովում.
4) ծխախոտային արտադրատեսակների բաղադրության և դրանցից արտանետվող նյութերի փորձաքննության և չափման կարգի, ինչպես նաև այդ բաղադրության և արտազատվող նյութերի կարգավորման չափաքանակների սահմանում.
5) ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող հիմնական պահանջների ապահովում.
6) ծխախոտի ծխից ազատ քաղաքականության իրականացման ապահովման նպատակով մեխանիզմների մշակում.
7) ծխախոտային արտադրատեսակների համար սահմանված հարկային քաղաքականության վերանայում.
8) Հայաստանի Հանրապետությունում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման համաճարակաբանական հսկողության իրականացում:
4. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
50. Ծրագրի խնդիրներն են՝
1) բնակչության շրջանում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման կրճատումը.
2) բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը` ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործման և ծխախոտի երկրորդային ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի վերաբերյալ.
3) ծխելու դեմ պայքարում հասարակության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր ոլորտի և մյուս շահագրգիռ կողմերի բազմակողմանի համագործակցությունը:
5. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
51. Ծրագրի հիմնական նպատակներն են՝
1) ՈՎՀ-ով պայմանավորված հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցում.
2) ծխախոտային արտադրատեսակներից կախվածության բուժման և խորհրդակցության վերաբերյալ մասնագետների գիտելիքների և հմտությունների բարելավում.
3) Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի դրույթների իրականացում (Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի «Օրակարգ 2030-ի» Կայուն զարգացման 3-րդ նպատակի 3.ա թիրախ).
4) ծխախոտային արտադրատեսակների օգտագործման դեմ պայքարի նպատակով գերատեսչությունների և այլ շահագրգիռ կողմերի համապարփակ համագործակցություն:
6. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
52. Ծրագրի միջոցառումների ֆինանսավորումն ակնկալվում է հետևյալ աղբյուրներից`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Առողջապահության նախարարությանը տրամադրվող միջոցների շրջանակներում).
2) միջազգային կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում.
3) Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ աղբյուրներ:
7. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՄՓՈՓ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
53. Ծրագրով նախանշված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է՝
1) ծխախոտի դեմ պայքարի ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ համագործակցություն.
2) ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վնասակար ազդեցության, ինչպես նաև ծխախոտային կախվածությունից ազատվելու ուղիների վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացում.
3) բնակչության շրջանում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման նվազեցում առնվազն 4%-ով.
4) ծխախոտային կախվածությունից ազատվելու և դրանից բուժման ծրագրերով վերապատրաստում անցած մասնագետների առկայություն:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
14.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1058-Լ որոշման |
ՑԱՆԿ
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԾՐԱԳՐԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Միջոցառման անվանումը |
Պատասխանատուն |
Համակատարողը |
Կատարման ժամկետը |
Ակնկալվող արդյունքը |
Ակնկալվող ֆինանսական միջոցները |
1. Ծխելու դեմ պայքարին ուղղված գործունեություն իրականացնող առողջապահական կազմակերպությունների կարողությունների զարգացում և ծխելու դադարեցմանն ուղղված գործողություններ | |||||
1.1. Բժշկական կազմակերպությունների մասնագետների համար ծխախոտային կախվածությունների ախտորոշման սկզբունքները, խորհրդատվական ծառայությունները, ինչպես նաև բուժման ծրագրերի վերաբերյալ վերապատրաստման դասընթացների անցկացում |
Առողջապահության նախարարություն |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
ՀՀ մարզպետարաններ Մասնագիտական ասոցիացիաներ (համաձայնությամբ) |
2024-2025 թթ. |
Տարեկան առնվազն 150 բժշկական մասնագետի վերապատրաստում |
ՀՀ պետական բյուջե 1003 ծրագրի 11005 միջոցառում
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ
1 մլն ՀՀ դրամ |
1.2. Ծխախոտի օգտագործման դադարեցմանն ուղղված աջակցության ծառայության (ծխելը դադարեցնելու թեժ գծի) մասնագետների համար վերապատրաստման դասընթացների իրականացում |
Առողջապահության նախարարություն |
Միջազգային կազմակերպություններ (համաձայնությամբ)
Մասնագիտական ասոցիացիաներ (համաձայնությամբ) |
2023–2025 թթ. |
Ծխախոտի օգտագործման դադարեցմանն ուղղված աջակցության ծառայության մասնագետների վերապատրաստում |
ՀՀ պետական բյուջե 1003 ծրագրի 11005 միջոցառում
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ
200 000 ՀՀ դրամ |
1.3. «ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 28-ի թիվ 56-Ն հրամանում լրացում կատարելու մասին» առողջապահության նախարարի հրամանի ընդունում |
Առողջապահության նախարարություն |
- |
2023 թ. hոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Դեղերի հիմնական ցանկի վերանայում՝ ծխախոտային կախվածության բուժմանն ուղղված դեղերի ներառմամբ |
Ֆինանսավորում չի պահանջում |
2. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման հետևանքով առաջացած վնասների և հետևանքների, ինչպես նաև դրանց կանխարգելման վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում | |||||
2.1. Բնակչության շրջանում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առաջացած վնասների կանխարգելման և նվազեցման, ինչպես նաև ծխախոտային կախվածությունից ազատվելու ուղիների վերաբերյալ գիտելիքների տարածում, ներառյալ՝ տեղեկատվական, կրթական նյութերի, հուշաթերթերի, պաստառների տարածումը, սոցիալական գովազդների, քարոզարշավների կազմակերպումը |
Առողջապահության նախարարություն |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)
Միջազգային կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2022-2024 թթ. |
Բնակչության շրջանում ծխախոտային արտադրա-տեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առաջացած վնասների և դրա հետևանքների կանխարգելման և նվազեցման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում, |
ՀՀ պետական բյուջե 1003 ծրագրի 11005 միջոցառում
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ
Տարեկան 10 մլն ՀՀ դրամ |
2.2. Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասների և դրանց կանխարգելման ուղիների վերաբերյալ թեմաների ներառում |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Առողջապահության նախարարություն |
2022-2023 թթ. |
Երեխաների և դեռահասների շրջանում ծխախոտային արտադրա-տեսակների, ծխախոտային արտադրա-տեսակների փոխարինիչների օգտագործման հետևանքով առաջացած կանխարգելմանը։ |
ֆինանսավորում չի պահանջվում |
2.3 «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով պետական կառավարման համակարգի մարմինների աշխատակիցների շրջանում իրազեկվածության բարձրացում |
Առողջապահության նախարարություն |
ՀՀ Ոստիկանություն
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին |
2022-2024 թթ. |
Շուկայում առկա և նոր ի հայտ եկող ծխախոտային արտադրա-տեսակների և դրանց փոխարինիչների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում |
ֆինանսավորում չի պահանջվում |
3. Ծխախոտի դեմ պայքարի քաղաքականությանը ծխախոտի արդյունաբերության միջամտության բացառման նպատակով մեխանիզմների ապահովում | |||||
3.1. Ծխախոտի դեմ պայքարի ուղղությամբ առողջապահական քաղաքականության մշակման և կիրարկման գործում ծխախոտի արդյունաբերության միջամտության կանխարգելմանն ուղղված քայլերի իրականացում |
Առողջապահության նախարարություն |
2022 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
«Ծխախոտի դեմ պայքարի» առողջապահական քաղաքականության մշակման գործընթացում ծխախոտային արդյունաբերրության միջամտության բացառման մեխանիզմների ստեղծման ապահովում |
Ֆինանսավորում չի պահանջում | |
3.2. Ծխախոտի դեմ պայքարին ուղղված ջանքերի վրա բացասաբար ազդող ծխախոտի արդյունաբերության գործունության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում |
Առողջապահության նախարարություն |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
ՀՀ մարզպետարաններ
Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)
Միջազգային կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2022-2026 թթ. |
Ծխախոտային արդյունաբերության առևտրային և այլ կորպորատիվ շահերից ծխախոտի դեմ պայքարին ուղղված առողջապահական քաղաքականության պաշտպանություն |
Ֆինանսավորում չի պահանջում |
4. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բաղադրության և դրանցից արտանետվող նյութերի փորձաքննության և չափման կարգի, ինչպես նաև այդ բաղադրության և արտազատվող նյութերի կարգավորման չափաքանակների սահմանում | |||||
4.1. Ծխախոտային արտադրատեսակների բաղադրության և դրանցից արտանետվող նյութերի փորձաքննության և չափման կարգի, ինչպես նաև այդ բաղադրության և արտազատվող նյութերի կարգավորման չափաքանակների սահմանում |
Առողջապահության նախարարություն |
Էկոնոմիկայի նախարարություն |
2023 թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ծխախոտային արտադրա-տեսակների բաղադրության և դրանցից արտանետվող նյութերի փորձաքննության և չափման կարգի, ինչպես նաև այդ բաղադրության և արտազատվող նյութերի կարգավորման չափաքանակները սահմանող ՀՀ կառավարության որոշման առկայություն |
Ֆինանսավորում չի պահանջվում |
5. Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող հիմնական պահանջների ապահովում | |||||
5․1. Ծխախոտային արտադրատեսակների միատեսակ փաթեթավորմանը ներկայացվող պահանջների մշակում և «Ծխախոտային արտադրանքի մասին» տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 035/2014) համապատասխան փոփոխությունների առաջարկի ներկայացում Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
Էկոնոմիկայի նախարարություն |
Առողջապահության նախարարություն |
2023 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ |
«Ծխախոտային արտադրանքի մասին» տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 035/2014) համապատասխան փոփոխությունների առաջարկի ներկայացում Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
Ֆինանսավորում չի պահանջվում |
6․ Ծխախոտի ծխից ազատ քաղաքականության իրականացման ապահովման նպատակով մեխանիզմների մշակում | |||||
6․1 «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դրույթների կիրարկման ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացում |
Առողջապահության նախարարություն |
ՀՀ Ոստիկանություն
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2022–2026 թթ. |
«Ծխախոտային արտադրա-տեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դրույթների կիրարկման ուղղությամբ տարեկան առնվազն 1000 օբյեկտի մշտադիտարկում |
ՀՀ պետական բյուջե 1003 ծրագրի 11005 միջոցառում
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ
20 մլն ՀՀ դրամ տարեկան |
6․2 «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դրույթների խախտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում |
Առողջապահության նախարարություն |
2022–2026 թթ. |
Օրենքի դրույթների խախտումների վերաբերյալ առկա տեղեկատվության համակարգում և դրանց վերաբերյալ էլեկտրոնային շտեմարանի ստեղծում |
ֆինանսավորում չի պահանջվում | |
7․ Ծխախոտային արտադրատեսակների համար սահմանված հարկային քաղաքականության վերանայում | |||||
7․1 Ծխախոտային արտադրատեսակների համար սահմանված հարկային քաղաքականության վերանայում` Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով: |
Ֆինանսների նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե |
Առողջապահության նախարարություն |
2023 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ծխախոտային արտադրա-տեսակների և դրանց փոխարինիչների նկատմամբ կիրառվող հարկային դրույքաչափերի վերանայում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
8. Հայաստանի Հանրապետությունում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման համաճարակաբանական հսկողության իրականացում | |||||
8.1 Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման տարածվածության վերաբերյալ հետազոտության իրականացում |
Առողջապահության նախարարություն |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
ՀՀ մարզպետարաններ
Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)
Միջազգային կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2023-2026 թթ. |
Ծխախոտային արտադրա-տեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման տարածվածության վերաբերյալ հետազոտական տվյալների առկայություն |
ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ
4 մլն ՀՀ դրամ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
14.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |