ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0555/04/20 2022 թ. | ||
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0555/04/20 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Միքայելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2022 թվականի մարտի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Նաիրի Ինֆրասթրաքչր Քեփիթել Լիմիթեդ» ՍՊԸ-ի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ Բանկ» հանրային բաժնետիրական ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ դիմումի «Արցախտրանս» ՍՊԸ-ի` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` «Արցախտրանս» ՍՊԸ-ն պահանջել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Գ. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 30.04.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 02.03.2021 թվականի որոշմամբ «Նաիրի Ինֆրասթրաքչր Քեփիթել Լիմիթեդ» ՍՊԸ-ի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ Բանկ» հանրային բաժնետիրական ընկերության ներկայացուցչի կողմից դատարան ներկայացված 17.02.2021 թվականին կայացված պարտատերերի ժողովի որոշումը` օրակարգում ընդգրկված 2-րդ հարցի մասով անվավեր ճանաչելու մասին բողոքը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.05.2021 թվականի որոշմամբ «Նաիրի Ինֆրասթրաքչր Քեփիթել Լիմիթեդ» ՍՊԸ-ի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ Բանկ» հանրային բաժնետիրական ընկերության ներկայացուցչի կողմից Դատարանի 02.03.2021 թվականի «Պարտատերերի ժողովի 17.02.2021 թվականի որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ բողոքը քննության առնելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել «Նաիրի Ինֆրասթրաքչր Քեփիթել Լիմիթեդ» ՍՊԸ-ն, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն և «ՎՏԲ Բանկ» հանրային բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Բողոքաբերներ) (ներկայացուցիչ` Վահագն Դալլաքյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն (ներկայացուցիչ` Նարինե Բաբայան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը, 371-րդ հոդվածը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը չի կոնկրետացնում ապացույցի այն տեսակը, որը պետք է ներկայացվի վերաքննիչ բողոքի օրինակները գործին մասնակցող անձանց և դատարան ուղարկելու փաստը հաստատելու համար: Տվյալ դեպքում, քանի որ հասցեատերերը եղել են մի քանի հարյուրը` Բողոքաբերներն ապացույցը ներկայացրել են ոչ թե մի քանի հարյուր փոստային անդորրագրերի ձևով, այլ մեկ ընդհանուր ցանկի ձևով, որի վրա առկա է «Հայփոստ» ՓԲԸ-ի այն նույն դրոշմակնիքը, որով հաստատվում են փոստային անդորրագրերը` ամսաթվի նշմամբ: Նշված ցուցակի յուրաքանչյուր էջին դրված փոստային դրոշմակնիքը պարունակում է ամսաթիվ, որով հաստատվում է փոստային առաքանին փոստային ծառայության կողմից ընդունվելու ամսաթիվը: Այսինքն, Բողոքաբերները ներկայացրել են վերաքննիչ բողոքի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ պատշաճ ապացույց, որն անթույլատրելի համարելու որևէ իրավական հիմք առկա չէ:
Միաժամանակ, Դատարանի 20.11.2020 թվականի պահանջների վերջնական ցուցակը պարունակում է 528 տող, որը ներառում է ոչ թե 528 պարտատեր, այլ շատ ավելի քիչ թվով պարտատերեր` այն պատճառով, որ որոշ պարտատերեր ցուցակում նշված են երկու, երեք անգամ, քանի որ ներկայացրել են տարբեր պահանջներ, ներառյալ` տարբեր հերթերի պահանջներ: Արդյունքում հաստատված պահանջներով պարտատերերը 386-ն են: Բացի այդ, կան ևս 8 չհաստատված պահանջներով պարտատերեր: Գործին մասնակցող անձանց ցուցակում ներառվել են նաև պարտապանը և սնանկության գործով կառավարիչը: Ընդամենը` գործին մասնակցող 396 անձ: Նման պայմաններում գործին մասնակցող 396 անձանցից հանվել են վերաքննիչ բողոքը ներկայացրած երեք անձինք, արդյունքում ստացվում է 393 անձ: Այնուհետև, հարկ է նշել, որ վերաքննիչ բողոքում ներկայացված գործին մասնակցող անձանց ցանկի 253-374-րդ և 386-րդ համարների ներքո նշված պարտատերերն ունեն մեկ ներկայացուցիչ, որին տրված լիազորագրերում առկա է դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերն ստանալու լիազորություն, ավելին` այդ պարտատերերի կողմից Դատարան ներկայացված պահանջներում, որպես ծանուցման հասցե, նշված է հենց ներկայացուցչի գործունեության հասցեն: Ուստի, այդ 123 պարտատերերի փոխարեն բողոքի մեկ օրինակն ուղարկվել է նրանց ներկայացուցչին, արդյունքում` 393 հասցեատերերը նվազում են 122-ով և դառնում 271: Այդ թվին գումարվել է նաև Դատարանը, որին ևս ուղարկվել է վերաքննիչ բողոքի օրինակը, արդյունքում` ստացվել է 272 հասցեատեր: Նշված 272 հասցեատերերին էլ ուղարկվել են վերաքննիչ բողոքի օրինակները, ինչը հաստատվում է վերաքննիչ բողոքին կից ներկայացված` «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից հաստատված ցանկով:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը չի հետազոտել վերաքննիչ բողոքին կից ներկայացված ցուցակը` որպես ապացույց: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը վերադարձրել է վերաքննիչ բողոքը` Բողոքաբերներին զրկելով բողոքի էության վերաբերյալ փաստարկների քննության իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 02.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
«Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի անունից 03.01.2022 թվականին փոստային առաքման եղանակով վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նարինե Բաբայանը: Սույն գործի հավելվածի ուսումնասիրությունից պարզվել է, որ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից փաստաբան Նարինե Բաբայանին լիազորագիրը տրվել է 26.11.2020 թվականին` մեկ տարի ժամկետով (հիմք` հավելված, հատոր 1-ին, գ.թ. 39-ում առկա լիազորագրի պատճենը), ուստի այն ուժի մեջ է եղել մինչև 26.11.2021 թվականը: Նման պայմաններում, վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացնելու պահին Նարինե Բաբայանի` «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի անունից հանդես գալու վերաբերյալ գործում (հավելվածում), ինչպես նաև վճռաբեկ բողոքի պատասխանին կից ապացույց առկա չէ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի և 371-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն` այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը (տե՛ս, ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Ամալյա Բեգլարյանի թիվ ՍնԴ/0104/04/19 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սույն գործով ծագած վեճի վերաբերյալ այլ կանոններ սահմանված չեն, որպիսի պայմաններում ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ներքոնշյալ նորմերը և դրանց վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները: Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են` (...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...) բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերի ցանկում ներառել է նաև վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները` դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումը բխում է քաղաքացիական դատավարությունում գործող մրցակցության սկզբունքի էությունից և նպատակ է հետապնդում ապահովելու մյուս կողմի` իր գործը հավասար պայմաններում ներկայացնելու դատավարական ընթացակարգը: Այսպես, ստանալով վերաքննիչ բողոքը և ծանոթանալով դրա բովանդակությանը` գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր դատավարական իրավունքը: Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մաuնակցող այլ անձանց, և արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների պատշաճ իրականացումը (տե՛ս, ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ «Ակումբ համալիր» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3194/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոք բերած անձի կողմից բողոքի օրինակը գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու օրենսդրի պահանջն անմիջականորեն բխում է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքի իրացման, այն է` գործին մասնակցող անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու հավասար հնարավորություններ ապահովելու պահանջից: Հետևաբար, ապահովելու համար դատավարության մրցակցային բնույթը` օրենսդրի կողմից ամրագրված նշված պահանջը կրում է իմպերատիվ բնույթ, որի չպահպանումը կարող է հանգեցնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված` դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելուն:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Բողոքաբերները Դատարանի 02.03.2021 թվականի «Պարտատերերի ժողովի 17.02.2021 թվականի որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ բողոքը քննության առնելու մասին» որոշման դեմ ներկայացրել են վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարան է մուտքագրվել 29.03.2021 թվականին (հավելված, հատոր 4-րդ, գ.թ. 03-48): Վերաքննիչ բողոքին, ի թիվս այլ փաստաթղթերի, կցվել է բողոքի օրինակները գործին մասնակցող անձանց և ՀՀ սնանկության դատարան ուղարկելու վերաբերյալ ապացույցը:
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ վերադարձրել է վերաքննիչ բողոքը` արձանագրելով, որ այն չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջներին, մասնավորապես` վերաքննիչ բողոքին կցված չեն բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վերը նշված հիմքով վերադարձնելով բողոքը, բավարար չափով չի ուսումնասիրել վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերը` թույլ տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների խախտում: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է վերաքննիչ բողոքին կից ներկայացված մեծածավալ ծանուցման ցանկը, որում նշված են ուղարկման ամսաթիվը` «24.03.2021թ.», ուղարկողի անվանումը` «Ինվեսթմնթ Լո Գրուպ» ՍՊԸ (փաստաբան` Վահագն Դալլաքյան)», հասցեատերերի անուններն ու անվանումները` թվով 272, նրանց հասցեները, ինչպես նաև առաքանու տեսակը` «պատվիրված»: Բացի այդ, ցանկի յուրաքանչյուր էջ կնքված է փոստային կապի օպերատորի` «Հայփոստ» ՓԲԸ-ի «24.03.2021» ամսաթիվ պարունակող կնիքով:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենսդրի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասում հստակեցված չէ ապացույցի այն տեսակը, որով բողոք ներկայացնող անձը պետք է հիմնավորի վերաքննիչ բողոքի օրինակները գործին մասնակցող անձանց և դատարան ուղարկելու փաստը: Հետևաբար, հակառակ Վերաքննիչ դատարանի դիրքորոշման, բողոքին կից ներկայացված փաստաթուղթը` ցանկը, որում նշված են ոչ միայն գործին մասնակցող անձանց տվյալները, այլ նաև առկա է փոստային կապի օպերատորի կնիքը, բավարար է հաստատված համարելու բողոքի օրինակները գործին մասնակցող անձանց և ՀՀ սնանկության դատարան ուղարկելու փաստը:
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բողոքաբերները պահպանել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է` վերաքննիչ բողոքին կից ներկայացրել են բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, անհիմն կերպով վերադարձրել է վերջիններիս կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը` արդյունքում թույլ տալով այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Հետևաբար` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ս. Միքայելյան Ս. Անտոնյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ա. Մկրտչյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Ա. Բարսեղյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2022 թվական: