ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
ԲԴԽ-66-Ն-22 2022 թ. |
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման Հավելված 2-ի 2-րդ բաժնի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3. Նախապես հայտնի 20 և ավելի աշխատանքային օր անաշխատունակության մեջ գտնվելու հիմքով անընդմեջ բացակայող դատավորին հանձնված և դեռևս վարույթ ընդունելու հարցը չլուծված, նախապես հայտնի 30 և ավելի աշխատանքային օր անաշխատունակության մեջ գտնվելու հիմքով անընդմեջ բացակայող դատավորին հանձնված և վարույթ ընդունված, ինչպես նաև նպատակային՝ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու հետևանքով վեց ամիս և ավելի ժամկետով անընդմեջ բացակայող դատավորին հանձնված (դեռևս վարույթ ընդունելու հարցը չլուծված, վարույթ ընդունված) գործերի վերաբաշխման հարցը լուծում է համապատասխան դատարանի նախագահը՝ գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նպատակով դատավորի կողմից ներկայացված հիմնավոր դիմումի հիման վրա: Դատավորի հերթական արձակուրդի, ինչպես նաև սույն կետով նշված ժամկետից պակաս ժամկետով բացակայելու դեպքում դատավորին հանձնված (դեռևս վարույթ ընդունելու հարցը չլուծված, վարույթ ընդունված) գործերը չեն վերաբաշխվում, բացառությամբ՝ անհապաղ կամ օրենքով նախատեսված սեղմ ժամկետներում քննության ենթակա առանձին տեսակի գործերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ անհապաղ կամ օրենքով նախատեսված սեղմ ժամկետներում տվյալ գործով անհրաժեշտ է կատարել առանձին դատավարական գործողություններ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական պաշտոնակատար |
Ս. Միքայելյան |
2022 թ. հուլիսի 4 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2022 թվական: