ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2021 թվականի |
թիվ 86 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 70-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրման կարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Ժապարով |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 86 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրման կարգում կատարվող
1. 22-րդ կետը լրացնել «(այսուհետ՝ Մեթոդիկա)» բառերով:
2. 44-րդ կետում առաջին և երկրորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.
«44. Գործերի ուսումնասիրման հարցերով հանձնաժողովը, գործի ուսումնասիրման ավարտի ամսաթվից ոչ ուշ, քան 45 աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է գործի վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը:
Գործի ուսումնասիրման ավարտի ամսաթիվ է համարվում գործի ուսումնասիրման հարցերով հանձնաժողովի վերջին նիստի ամսաթիվը, որի ժամանակ հայտարարվում է դրա ուսումնասիրման ավարտի մասին:
Գործի վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը ներկայացնում է Հանձնաժողովի կոլեգիայի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերը համակարգող անդամը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան ուսումնասիրելու համար:
Գործի վերաբերյալ որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից:»:
3. 45-րդ կետում՝
ա) երկրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Գործի վերաբերյալ որոշման ներածական մասը պարունակում է՝
գործի վերաբերյալ որոշումն ընդունելու ամսաթիվն ու վայրը,
գործի ուսումնասիրման հարցերով հանձնաժողովի կազմը,
գործի ուսումնասիրմանը մասնակցած անձանց մասին տեղեկությունները.
դիմումատուի և պատասխանողի մասին հետևյալ տեղեկությունները՝
ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը (գտնվելու վայրը), ծննդյան ամսաթիվն ու վայրը (ծննդյան վայրի մասին տեղեկությունների առկայության դեպքում), նույնականացման համարը (Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար), անհատական նույնականացման համարը (Ղազախստանի Հանրապետության համար), հարկ վճարողի նույնականացման համարը (Ռուսաստանի Դաշնության համար), անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները (համարը և սերիան) (Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության համար (նույնականացման համարի բացակայության դեպքում), Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար), տրման ամսաթիվը, փաստաթուղթը տրամադրած մարմնի անվանումը, աշխատանքի վայրը (տեղեկությունների առկայության դեպքում) (պաշտոնատար անձի համար՝ նաև պաշտոնն ու տնտեսավարող սուբյեկտի հասցեն).
անհատ ձեռնարկատիրոջ համար՝ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը (գտնվելու վայրը), ծննդյան ամսաթիվն ու վայրը (ծննդյան վայրի մասին տեղեկությունների առկայության դեպքում), նույնականացման համարը (Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար), անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները (համարը և սերիան) (Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության համար (նույնականացման համարի բացակայության դեպքում), Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար), տրման ամսաթիվը, փաստաթուղթը տրամադրած մարմնի անվանումը, ինչպես նաև գրանցման համարը և պետական գրանցման ամսաթիվը (Հայաստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար), անհատական նույնականացման համարը կամ բիզնես նույնականացման համարը (Ղազախստանի Հանրապետության համար), վճարողի հաշվառման (նույնականացման) համարը (հարկ վճարողի նույնականացման համարը) (Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար).
իրավաբանական անձի համար՝ անվանումը և գտնվելու վայրը, գրանցման համարը և պետական գրանցման ամսաթիվը, բիզնես նույնականացման համարը (Ղազախստանի Հանրապետության համար), վճարողի հաշվառման (նույնականացման) համարը (հարկ վճարողի նույնականացման համարը) (Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար):».
բ) հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Գործի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասում տեղեկություններ են պարունակվում սույն կետի յոթերորդ-իններորդ պարբերություններում նշված՝ պատասխանողի մասին, գործի ուսումնասիրման դադարեցման համար հիմքերի առկայության կամ բացակայության մասին եզրահանգումները, պատասխանողի գործողություններում (անգործության մեջ) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայության կամ բացակայության մասին եզրահանգումները, Արձանագրության 16-րդ կետով նախատեսված և Մեթոդիկային համապատասխան հաշվարկված տուգանքի չափը, անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հետևանքների կասեցման և (կամ) վերացման, մրցակցության ապահովման միջոցները՝ նշելով դրանց իրականացման ժամկետները, ինչպես նաև այն բանկային վավերապայմանները, որոնցով պետք է փոխանցվի տուգանքը:»:
4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 471 կետով՝
«471. Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք և (կամ) աշխատակիցներն ապահովում են սահմանափակ տարածման տեղեկատվության բացառումը գործի վերաբերյալ որոշման հրապարակվող տեքստից՝ մինչև Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակումը:»:
5. 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«48. Հանձնաժողովի կոլեգիայի կողմից գործի վերաբերյալ ընդունված որոշման օրինակները գործի ուսումնասիրման հարցերով հանձնաժողովի կողմից ուղարկվում են գործի ուսումնասիրմանը մասնակցող անձանց:
Ընդ որում, Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք և (կամ) աշխատակիցներն ապահովում են գործի վերաբերյալ որոշման ուղարկվող օրինակից այն տեղեկատվության և (կամ) տեղեկությունների բացառումը, որոնք առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք են կազմում` ներառյալ ֆիզիկական անձի անձնական տվյալները (բացառությամբ ազգանվան և անվան, հայրանվան սկզբնատառերի) (այսուհետ՝ սահմանափակ տարածման տեղեկատվություն), որոնք չեն վերաբերում այն անձին, ում ուղարկվում է համապատասխան օրինակը:
Գործի վերաբերյալ որոշման օրինակը վավերացվում է վերջին թերթի դիմերեսի վրա՝ Հանձնաժողովի «Փաստաթղթերի համար» կնիքով, կարվում կամ ամրակցվում է, վերջին թերթի դարձերեսի վրա ամրակցման տեղերում փակցվում է «Եվրասիական տնտեսական հանձնաժողով, համարակալված և կնքված է «____» թերթ» գրառմամբ պիտակը, դրվում է Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ, վերջինիս բացակայության դեպքում, նրան փոխարինող անձի ստորագրությունը, որը վավերացվում է Հանձնաժողովի «Փաստաթղթերի համար» կնիքով:
Գործի վերաբերյալ որոշման օրինակների քանակը պետք է համապատասխանի գործի ուսումնասիրմանը մասնակցող անձանց թվին:
Գործի վերաբերյալ որոշման օրինակներն ուղարվում են գործի ուսումնասիրմանը մասնակցող անձանց՝ վերջիններիս համար հասանելի ցանկացած այնպիսի եղանակով, որը թույլ է տալիս պարզել նրանց կողմից այդ օրինակներն ստանալու փաստը:»:
6. VIII բաժինը լրացնել բովանդակությամբ 481 և 482 կետերով՝
«481. Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնում է գործի վերաբերյալ ընդունված որոշումների՝ սահմանված ժամկետներում կատարման վերահսկողությունը, այդ թվում՝ հետևյալ գործողությունների իրականացմամբ՝
պատասխանողին և դիմումատուին Հանձնաժողովի անունից հարցման նախապատրաստում և ուղարկում՝ պատասխանողի կողմից գործի վերաբերյալ որոշումը կատարելու մասին.
պատասխանողի կողմից գործի վերաբերյալ որոշումն ամբողջ ծավալով կատարելու մասին առկա տեղեկատվության վերլուծություն:
482. Գործի վերաբերյալ որոշումն ամբողջ ծավալով կատարելու մասին վկայող փաստաթղթերի բացակայության դեպքում կատարողական վարույթն իրականացնելու նպատակով Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը, Մեթոդիկայի 171 և 18 կետերին համապատասխան, անդամ պետության արտաքին գործերի նախարարություն է ուղարկում գործի վերաբերյալ որոշման օրինակներն այն քանակությամբ, որը համապատասխանում է պատասխանատվության ենթարկված անձանց թվին: Այս դեպքում Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք և (կամ) աշխատակիցներն ապահովում են գործի վերաբերյալ որոշման ուղարկվող օրինակից պատասխանողին չվերաբերող սահմանափակ տարածման տեղեկատվության բացառումը:
Գործի վերաբերյալ որոշման մեջ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման դադարեցմանը, դրանց խախտման հետևանքների վերացմանը, մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների կատարման անհրաժեշտության մասին, մրցակցության առաջացման համար հնարավոր խոչընդոտ հանդիսացող և (կամ) անդրսահմանային շուկայում մրցակցության սահմանափակմանը, վերացմանը և անդրսահմանային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտմանը հանգեցնող գործողությունների բացառման մասին պահանջների առկայության դեպքում, Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք և (կամ) աշխատակիցներն ապահովում են գործի վերաբերյալ որոշման մեջ սույն կարգի 45-րդ կետով նախատեսված տեղեկատվության ներառումը՝ այն անձի (անձանց) մասին, որոնց նկատմամբ պետք է կատարվեն նման գործողությունները:
Ընդ որում, գործի վերաբերյալ որոշման օրինակի վերջին թերթի դիմերեսի վրա նշվում է որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը, որը վավերացվում է գործի ուսումնասիրման հարցերով հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և Հանձնաժողովի «Փաստաթղթերի համար» կնիքով:
Գործի վերաբերյալ որոշման մասնակի կատարման դեպքում Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը, Մեթոդիկայի 171 և 18 կետերին համապատասխան, անդամ պետության արտաքին գործերի նախարարություն է ուղարկում այդ կատարումը հաստատող փաստաթուղթը:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: