Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-169-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (02.12.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.22/60(515) Հոդ.1211
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հոկտեմբերի 24-ին

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-401) 5-րդ հոդվածի յոթերորդ մասում, 19-րդ հոդվածի 5-րդ կետում, 42-րդ հոդվածի առաջին մասում, 43-րդ հոդվածի ութերորդ մասում և 66-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:»:

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում`

ա) իններորդ մասի «միջին խմբի» բառերը փոխարինել «կրտսեր և միջին խմբերի» բառերով.

բ) տասներորդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված առանձին մասնագիտություններով ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակված անձանց շնորհվում է տվյալ խմբին համապատասխանող ոստիկանության կոչումից երկու աստիճան ցածր կոչում:».

գ) տասներորդ մասի վեցերորդ պարբերության «փոխարինող ծառայողը» բառերը փոխարինել «ժամանակավոր նշանակված ծառայողը» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով` ծառայողին գործուղելով վերապատրաստման.»:

 

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածում`

ա) առաջին մասի երկրորդ պարբերությունը «կրտսեր» բառից հետո լրացնել «խմբերի» բառով.

բ) երկրորդ մասի «անցնում են եռամսյա վերապատրաստում» բառերը փոխարինել «մինչև 3 ամիս ժամկետով անցնում են վերապատրաստում» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետում «հանրահավաքներ, երթեր, ցույցեր» բառերը փոխարինել «հավաքներ» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի առաջին մասը «գործուղվածը» բառից հետո լրացնել «, եռամսյա ուսումնական փորձաշրջան անցնողը» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածում`

ա) առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ կետով.

«61) լուսանկարի տեղադրումը պատվո տախտակին.».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ ութերորդ մասով.

«8. Քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանք չի կարող կիրառվել:»:

 

Հոդված 9. Օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասը «խախտման հայտնաբերման» բառերից հետո լրացնել «, այսինքն` ծառայողական քննություն նշանակելու» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 45-րդ հոդվածում`

ա) առաջին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-7-րդ կետերով սահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով կամ երկրորդ մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառվելու դեպքում.».

բ) առաջին մասի 8-րդ կետում «հայտարարագիրը չներկայացնելու» բառերը փոխարինել «հայտարարագիրը ներկայացնելուց խուսափելու» բառերով.

գ) առաջին մասի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից տեղափոխված ծառայողին թույլատրվում է ուսումնառությունը շարունակել ոստիկանության ուսումնական հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում:».

դ) առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) մահվան դեպքում:».

ե) առաջին մասի նախավերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

զ) երկրորդ մասը «պաշտոնին նշանակելու» բառերից հետո լրացնել «(ծառայության ընդունելու)» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-3-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ոստիկանության ծառայողները: Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում:»:

 

Հոդված 12. Օրենքի 53-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության զորքերում սպայական կազմի պաշտոններում ծառայողներին նշանակում (ծառայության ընդունում) և կոչում է շնորհում պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից տրված լիազորությունների սահմաններում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարը: Ենթասպայական և շարքային կազմի պաշտոններում ծառայողներին նշանակում (ծառայության ընդունում) և կոչում է շնորհում Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարը: Սպայական, ենթասպայական և շարքային կազմի պաշտոններն ու կոչումները սահմանվում են զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենսդրությամբ:»:

 

Հոդված 13. Օրենքի 55-րդ հոդվածում`

ա) երկրորդ մասի երկրորդ պարբերության 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու դեպքում:».

բ) հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ոստիկանության ուսումնական հաստատությունում իրականացվում է նաև հեռակա ուսուցում ոստիկանության կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մասնակցում են մինչև 43 տարեկանը լրանալը` ոստիկանությունում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ծառայողի դրական բնութագրի առկայության դեպքում:»:

 

Հոդված 14. Օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ոստիկանության բժշկական հաստատությունում ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին (բացառությամբ ծառայության ընդունվելու կարգի) և այլ իրավական ակտերին համապատասխան:»:

 

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. նոյեմբերի 13
Երևան
ՀՕ-169-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան