ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ՇԴ/0021/15/20 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
23 մարտի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Գարիկ Ստեփանի Դավթյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռով Գարիկ Ստեփանի Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ ու 4-րդ կետերով, 38-238-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, ու նույն օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 15 (տասնհինգ) տարի ժամկետով՝ 180․000 ՀՀ դրամից ոչ ավել գույքի բռնագրավմամբ։ Պատժի սկիզբը հաշվվել է 2009 թվականի փետրվարի 12-ից։
1.1. ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի՝ 2014 թվականի հունվարի 16-ի որոշմամբ դատապարտյալ Գարիկ Դավթյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ Ազգային Ժողովի՝ 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 8-րդ կետի 6-րդ ենթակետի հիման վրա 6 (վեց) ամիս ժամկետով կրճատվել է և վերջինիս թողնվել է կրելու ազատազրկում՝ 14 (տասնչորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։
2. Քրեակատարողական և պրոբացիայի պետական ծառայությունների զեկույցների հաշվառմամբ, ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետը 2020 թվականի հունիսի 16-ին որոշում է կայացրել դատապարտյալ Գ․Դավթյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին։
Նշված որոշման դեմ դատապարտյալ Գ․Դավթյանի պաշտպանի բողոքի քննության արդյունքում, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի սեպտեմբերի 15-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու մասին․ դատապարտյալ Գ․Դավթյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է ազատազրկման ձևով պատժի չկրած մասը՝ 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը կրելուց՝ պատժաչափի չկրած մասի ժամանակահատվածով սահմանելով փորձաշրջան՝ մշտական բնակության վայրը չփոխելու և պրոբացիայի պետական ծառայության կողմից կազմակերպվող վերասոցիալականացման ու վերականգնողական ծրագրերին մասնակցելու պարտականություն դնելով։
3․ Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հունվարի 22-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մայիսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.4-րդ հոդվածով սահմանված ժամկետում վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի վերաբերյալ քրեակատարողական և պրոբացիայի պետական ծառայությունների զեկույցները բացասական են1։
6․ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռով Գ․Դավթյանը դատապարտվել է՝ ա) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով՝ ավազակությամբ զուգորդված սպանությանն օժանդակելու համար, բ) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ ավազակություն կատարելու համար, գ) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն հափշտակելուն օժանդակելու համար, դ) առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար2։
7․ Առաջին ատյանի դատարանը, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալ Գ․Դավթյանին պայմանական վաղաժամկետ ազատելով պատժի մնացած մասը կրելուց, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) [Գ]ործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դատապարտյալ Գ.Դավթյանը՝
- պատժի կրման ընթացում խրախուսանքի չի արժանացել,
- 5 անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի, որոնցից վերջինը՝ 2011 թվականի օգոստոսի 8-ին (հայտնաբերվել է բջջային հեռախոս, և հայտարարվել է նկատողություն),
- պատժի կրման ընթացքում չի աշխատել, չի մասնակցել կրթական ծրագրերին, մարզական, մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին (ըստ ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արթիկ» ստորաբաժանման ղեկավարի 23.06.2020թ. գրության՝ Գ.Դավթյանը, առողջական վիճակից ելնելով, չի կարող մասնակցել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումներին), չի մասնակցել նաև վերասոցիալականացման, այդ թվում՝ անձնական զարգացման ծրագրերին,
- ռեցիդիվ չունի,
- դատապարտվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար,
- ֆինանսական պարտավորություններ չունի,
- քրեական ենթամշակույթը չի ընդունում,
- հակում կամ կախվածություն չունի,
- ընդունում է մեղքը և զղջում է կատարած հանցանքների համար,
- հանցագործությունը կատարելու պահին եղել է 27 տարեկան, այժմ՝ 39,
- ամուսնացած է, ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապը պահպանում է տեսակցությունների միջոցով,
- ունի երկու անչափահաս երեխա,
- ակտիվորեն համագործակցել է պրոբացիայի ծառայողի հետ,
- վատառողջ է. ըստ Միջգերատեսչական հանձնաժողովի՝ 2019 թվականի դեկտեմբերի 10-ի եզրակացության՝ Գ.Դավթյանի մոտ ախտորոշվել է «Թոքային զարկերակի թրոմբոէմբոլա, երկկողմանի ինֆարկտ-թոքաբորբ, աջակողմյան հիդրոթորաքս, շնչական անբավարարություն 3-րդ աստ.: Աջ ստորին վերջույթի թրոմբոֆլեբոզ: Քրոնիկական հեպատիտ Ց»: Ըստ ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արթիկ» ստորաբաժանման ղեկավարի 23.06.2020թ. գրության՝ Գ.Դավթյանի մոտ ախտորոշվել է՝ «ԹԶԹԷ, երկկողմանի ինֆարկտ-թոքաբորբ, ՍԻՀ, լարման ոչ ստաբիլ (պրոգրեսվող) ստենոկարդիա, հետինֆարկտային կարդիոսկլերոզ, վիճակ՝ աջ ստորին վերջույթի խորանիստ երակների ֆլեբոթրոմբոզից հետո (կավա-ֆիլտրի տեղադրումով), խրոնիկական հեպատիտ «Ց»»:
(…) [Վ]երլուծելով վերը թվարկված փաստական հանգամանքները, ինչպես նաև հաշվի առնելով պրոբացիայի և քրեակատարողական ծառայությունների զեկույցները, [Առաջին ատյանի դատարանը] հանգում է այն հետևության, որ դատապարտյալ Գ.Դավթյանն իր դրսևորած վարքագծով հավատ է ներշնչում հաստատապես ուղղման ճանապարհը բռնած լինելու մասին, ուստի կարելի է եզրահանգել, որ դատապարտյալն ուղղվել է և չպետք է շարունակի կրել նշանակված պատիժը: Այլ խոսքով՝ [Առաջին ատյանի դ]ատարանի մոտ առկա է համոզվածություն առ այն, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում դատապարտյալ Գ.Դավթյանի կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելու հավանականության աստիճանը բավարար է թե՛ հասարակական անվտանգության և թե՛ հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, իսկ պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել համապատասխան վերահսկողության ներքո դատապարտյալի ազատության մեջ գտնվելու պայմաններում:
Հետևաբար, նման պայմաններում դատապարտյալ Գարիկ Ստեփանի Դավթյանին պատժի չկրած մասից պայմանական վաղաժամկետ ազատելը բխում է պատժի հիմնական նպատակներից՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, պատժի ենթարկված անձին ուղղելու, ինչպես նաև նրա կողմից հետագայում հանցագործություններ կատարելը կանխելու վերաբերյալ օրենսդրությամբ ամրագրված դրույթներից: Ասվածը հիմնավորվում է, ի թիվս այլնի, Գ.Դավթյանի անձի և վարքագծի փաստական նկարագրով, վերջինիս՝ կատարած հանցագործությունների ու դրանց հետևանքների նկատմամբ դրսևորած հոգեբանական վերաբերմունքով, ինչպես նաև՝ պատժի կրման ողջ ժամանակահատվածի ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագծով ու նրա կողմից նոր հանցանք կատարելու ցածր հավանականությամբ: Բացի այդ, [Առաջին ատյանի դ]ատարանը հատկանշական է համարում այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման պայմաններում դատապարտյալ Գ.Դավթյանը թեև չի գտնվում խոցելի տարիքային խմբում, սակայն ունի քրոնիկ և ծանր այնպիսի հիվանդություններ, որոնք նոր տիպի Կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու դեպքում կարող են առաջացնել անդառնալի հետևանքներ»3։
8․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է, որ․ «(…) Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի (…) հիմնավորումները դիտարկելով [վերաբերելի] իրավական նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ գտնում է, որ այդ հիմնավորումներն ամբողջությամբ բխում են դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար»4։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակը, գտել է, որ ստորադաս դատարանների որոշումները հիմնված չեն վերաբերելի իրավական նորմերի և Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված պայմանների և չափանիշների բազմակողմանի վերլուծության և դրանից բխող պատճառաբանված եզրահանգումների վրա։
Ըստ բողոքի հեղինակի, դատապարտյալ Գ․Դավթյանի վարքագծի և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականության վերաբերյալ ստորադաս դատարանների դիրքորոշումներն իրենց մեջ ընդգրկում են ընդհանուր բնույթի դատողություններ, որով չեն հերքվում այդ հարցում քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների արված եզրահանգումները։
Նախ և առաջ բողոքաբերը նշել է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածում դատապարտյալ Գ․Դավթյանի վարքագծի վերաբերյալ ստորև նշված տեղեկատվությունն անհիմն կերպով գնահատվել է որպես պատշաճ վարքագիծ։ Ըստ բողոքաբերի խրախուսանքի բացակայությունը, կարգապահական տույժի առկայությունը (5 տույժ), կրթական ծրագրերին, մարզական, մշակութային, վերասոցիալականացման, այդ թվում՝ անձնական զարգացման միջոցառումներին չմասնակցելը պատժի կրման ընթացքում դատապարտյալի վարքագծի բացասական դրսևորումներ են։ Այս համատեքստում նշվել է նաև, որ դատապարտյալի առողջական վիճակը բավարար գործոն չի կարող դիտվել աշխատանքի ներգրավված չլինելը հիմնավորելու համար, քանի որ ցանկության դեպքում վերջինս կարող էր ներգրավվել ֆիզիկական ծանրաբեռնվածություն չպահանջող աշխատանքում։
Բացի այդ, ստորադաս դատարանները գնահատման չեն ենթարկել դատվածության առկայությունը և նախկինում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման հանգամանքը, ինչը, ըստ բողոքի հեղինակի, քննարկվող հարցի շրջանակներում առանցքային նշանակություն ունի։ Նշվածի հետ մեկտեղ, դատարանների դիրքորոշումները կառուցված չեն նաև դատապարտյալի կատարած արարքների բնույթի և հանրային վտանգավորության համակողմանի գնահատման վրա։ Տվյալ դեպքում, դատապարտյալ Գ․Դավթյանը նախկինում դատապարտվել է նաև նույնասեռ հանցագործության՝ խուլիգանական դրդումներով սպանության համար և 2003 թվականի սեպտեմբերի 18-ին պայմանական վաղաժամկետ ազատվել է ազատազրկման ձևով պատժի չկրած մասը՝ 4 տարի 4 ամիս 9 օր ժամկետով ազատազրկումը կրելուց, սակայն դատվածությունը չմարված, կատարել է ծանրացուցիչ հանգամանքներում մի շարք հանցագործություններ։ Նշված հանգամանքների համակցությունը, ըստ բողոքաբերի, վկայում է դատապարտյալ Գ․Դավթյանի կողմից հետևություններ չանելու, սպանություն կատարելու կայուն վարքագիծ դրսևորելու ու պատժի կրման ընթացքում ուղղված չլինելու մասին, որպիսիք բարձրացնում են նոր հանցանք կատարելու հավանականությունը։
Միևնույն ժամանակ, բողոքաբերը գտել է, որ համապատասխան եզրահանգում կատարելիս ստորադաս դատարանները հիմք են ընդունել բացառապես դատապարտյալի առողջական վիճակը՝ առանց քննարկելու դատապարտյալի պահման պայմաններում պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունը, ինչպես նաև՝ նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (այսուհետ՝ նաև COVID-19 համավարակ) վարակվելու հավանականությունը։ Տվյալ դեպքում, դատապարտյալը բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով պարբերաբար տեղափոխվել է մասնագիտացված քրեակատարողական հիմնարկ։
Անդրադառնալով COVID-19 համավարակով վարակվելու դեպքում հնարավոր անդառնալի հետևանքներն առաջանալու վերաբերյալ դիրքորոշմանը, բողոքի հեղինակը նշել է, որ քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում նվազագույնի է հասցված COVID-19 համավարակով վարակվելու հավանականությունը։ Մասնավորապես՝ այդ նպատակով քրեակատարողական հիմնարկները զինված են անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և պարագաներով, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ապահովված է ռիսկային խմբում գտնվող անձանց անջատ պահելու հնարավորությունը։
10. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունվարի 22-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով դատապարտյալ Գ․Դավթյանի պաշտպանի բողոքը։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևությունները՝ պատժի կրումից դատապարտյալ Գ.Դավթյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ։
12. ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն` «1. Ազատազրկման (․․․) ձևով պատիժ կրող անձը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պատժի նվազագույն ժամկետը կրելուց հետո դատարանի կողմից կարող է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը սույն հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցների (․․․) քննարկման արդյունքում հանգում է հետևության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ՝
1) պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, և
2) դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:
(․․․)
1.1. Դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.
1) պատժի կրման ընթացքում խրախուսանքի առկայությունը.
2) պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի առկայությունը.
3) պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն.
4) պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, կամ եթե չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով.
5) դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ:
1.2. Դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.
1) դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին.
2) հանցագործության բնույթը և հանրային վտանգավորությունը.
3) ռեցիդիվի առկայությունը.
4) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.
5) հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը կամ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելը.
6) նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.
7) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.
8) մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին.
9) ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.
10) սոցիալական միջավայրը.
11) առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և հարկադիր բուժման արդյունքը.
12) դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ:
(․․․)
3. Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝
(․․․)
4) սույն օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասով, (․․․) 175-րդ հոդվածի երրորդ մասով, (․․․) նախատեսված հանցագործությունների համար նշանակված պատժի ոչ պակաս, քան երեք քառորդը.
(․․․)»
13․ Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ վերոշարադրյալ քրեաիրավական նորմը Վճռաբեկ դատարանը վերլուծել է իր վարույթում բազմաթիվ որոշումներում, որտեղ բազմիցս անդրադարձել է նշված ինստիտուտի գործադրման կարգին և պայմաններին5։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Հիմք ընդունելով դատապարտյալ Գ.Դավթյանի վերաբերյալ քրեակատարողական և պրոբացիայի պետական ծառայությունների բացասական զեկույցները, ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողականի հիմնարկի պետը, 2020 թվականի հունիսի 16-ին որոշում է կայացրել Գ.Դավթյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին6։
- Նշված որոշման դեմ դատապարտյալ Գ.Դավթյանի պաշտպանի բողոքի քննության արդյունքում, Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Գ.Դավթյանին պայմանական վաղաժամկետ ազատել է պատժի չկրած մասը կրելուց՝ իր դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ սույն որոշման 8-րդ կետում մեջբերված՝ դատապարտյալի անձի, պատժի կրման ողջ ժամանակահատվածի ընթացքում դրսևորած վարքագծի, կատարված արարքների և հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորած հոգեբանական վերաբերմունքի ու այլ հանգամանքների վերլուծության, ինչպես նաև՝ քրեակատարողական և պրոբացիայի պետական ծառայությունների զեկույցների հաշվառմամբ գալիս է եզրահանգման առ այն, որ դատապարտյալ Գ.Դավթյանը կանգնած է ուղղման ճանապարհին և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, ուստի ուղղվելու համար վերջինս ազատազրկման ձևով պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, իսկ պատժի համակցված նպատակների վերջնական իրագործումը հնարավոր է համապատասխան վերահսկողության ներքո ազատության մեջ գտնվելու պայմաններում։ Նշված եզրահանգումն Առաջին ատյանի դատարանը կառուցել է նաև դատապարտյալ Գ․Դավթյանի առկա առողջական վիճակով պայմանավորված COVID-19 համավարակով վարակվելու դեպքում անդառնալի հետևանքներ առաջանալու մտավախությամբ7։
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ արձանագրելով, որ դատապարտյալ Գ.Դավթյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հիմնավորումներն ընդունելի են նաև իր համար8։
15․ Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի գործադրման կարգի և պայմանների վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ուղղվելու համար ազատազրկման ձևով պատժի մնացած մասը դատապարտյալ Գ․Դավթյանի կողմից կրելու կարիք չունենալու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները կառուցված չեն պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար նշանակություն ունեցող հանգամանքների՝ քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի գտնված լինելու ամբողջ ժամանակահատվածում վերջինիս վարքագծի, նրա անձի և կատարված հանցագործությունների մասին տվյալների բազմակողմանի ուսումնասիրության, վերլուծության և համակցության մեջ գնահատման վրա:
Այսպես՝ քրեակատարողական ծառայության ներկայացված նյութերի, այդ թվում՝ քրեակատարողական և պրոբացիայի պետական ծառայությունների զեկույցների ուսումնասիրությունը, ի թիվս այլնի, ցույց է տալիս, որ դատապարտյալ Գ․Դավթյանը քրեակատարողական հիմնարկում գտնված լինելու ողջ ժամանակահատվածում չի խրախուսվել, չի մասնակցել կրթական ծրագրերին, մարզական և մշակության միջոցառումներին կամ քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ միավորումներին ու վերասոցիալականացման՝ այդ թվում անձնական զարգացման միջոցառումներին9:
Վերոգրյալի հետ մեկտեղ, դատապարտյալ Գ․Դավթյանը հինգ անգամ ենթարկվել է կարգապահական տույժի10, ընդ որում երեք կարգապահական խախտումները թույլ են տրվել դեռևս չմարված կարգապահական տույժի առկայության պայմաններում։ Հատկանշական է, որ դատապարտյալը կարգապահական տույժի է ենթարկվել նաև պատժախուց տեղափոխելու ձևով11 ինչը, ըստ էության, ուղղիչ հիմնարկի ներքին կանոնակարգով սահմանված պատիժը կրելու կարգի և պայմանների խախտման համար կիրառվող խիստ ներգործության միջոց է ու վկայում է կատարված խախտման իր բնույթով ծանր լինելու մասին։
Պատժի հետագա կրման նպատակահարմարությունը որոշելու չափանիշների գնահատման տեսանկյունից նշանակություն ունեցող վերոգրյալ հանգամանքների հետ մեկտեղ ուշադրության է արժանի դատապարտյալ Գ․Դավթյանի անձը բնութագրող հետևյալ տվյալը․ նախկինում ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված լինելու հանգամանքը։ Մասնավորապես, Գ․Դավթյանը 2003 թվականի սեպտեմբերի 18-ին պայմանական վաղաժամկետ ազատված է եղել ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասը՝ 4 (չորս) տարի 4 (չորս) ամիս 9 (ինը) օր ժամկետով ազատազրկումը կրելուց12։ Քննարկվող հանգամանքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է իր՝ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ նշվածը ուշագրավ է ոչ միայն դատապարտյալի անձի վերաբերյալ ճիշտ պատկերացում կազմելու, այլև նրա ուղղման ընդունելի աստիճանի հասած լինելու կապակցությամբ հիմնավոր կանխատեսում անելու տեսանկյունից13։
Արձանագրված փաստական տվյալների հետ մեկտեղ, Գ․Դավթյանը դատապարտվել է մեղքի դիտավորյալ ձևով կատարված արարքների համար, որոնց թվում են նաև ծանրացուցիչ հանգամանքներում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով՝ ավազակությամբ զուգորդված սպանությանն օժանդակելը և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի ու որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ ավազակությունը14։ Տվյալ ինստիտուտի գործադրման հարցում կատարված արարքների բնույթի և հանրային վտանգավորության նվազ կարևորությունն ընդգծելով հանդերձ15, հարկ է նշել, որ մինչ այդ արձանագրված տվյալների համակցության մեջ դատապարտյալ Գ․Դավթյանի կատարած արարքների բազմակողմանի գնահատումը ևս իր ազդեցությունն է թողնում նրա ուղղման աստիճանը որոշելու և որպես հետևանք՝ վերջինիս կողմից պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորության վերաբերյալ հիմնավորված հետևության հանգելու հարցում։
Վերոգրյալից բացի, ուշադրության է արժանի նաև պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցում քրեակատարողական ծառայության՝ որպես պատժի կրման ընթացքում դատապարտյալի վարքը գնահատող և պրոբացիայի պետական ծառայության՝ որպես պրոբացիայի միջոցով դատապարտյալի վերասոցիալականացման գործընթացն իրականացնող մարմինների զեկույցների բացասական լինելը16։ Տվյալ դեպքում, դատապարտյալի ուղղման ընդունելի աստիճանի հասած լինելու նախադրյալները և պատժի հետագա կրման նպատակահարմարությունը գնահատելու հարցում դատարանը՝ որպես քննարկվող ինստիտուտի գործադրման հնարավորության առնչությամբ վերջնական որոշում կայացնող մարմին, պետք է հաշվի առնի նաև մասնագիտական, խորհրդատվական բնույթ կրող վերոհիշյալ մարմինների դիրքորոշումները։
16․ Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող ինստիտուտի գործադրմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ հավանականությունը գնահատելու հարցում նշանակություն ունեցող վերոգրյալ տեղեկությունների համատեղ գնահատումը ցույց է տալիս, որ այդպիսիք ինքնին վկայում են պատժի հետագա կրման նպատակահարմարությունը որոշելու հիմնական չափանիշների՝ պատժի կրման ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելը և նոր հանցանք կատարելու հավանականության ցածր լինելը, բացակայության մասին։ Տվյալ դեպքում, ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված մյուս հանգամանքները ողջամտորեն չեն կարող դիտարկվել որպես բավարար հակակշռող գործոններ՝ արձանագրելու, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում դատապարտյալ Գ․Դավթյանի կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելու հավանականության աստիճանը բավարար է՝ թե՛ հասարակական անվտանգության և թե՛ հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, իսկ պատժի համակցված նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել՝ համապատասխան վերահսկողության ներքո դատապարտյալի ազատության մեջ գտնվելու պայմաններում։
Այս համատեքստում անդրադառնալով դատապարտյալ Գ․Դավթյանի առկա առողջական վիճակը հիմք ընդունելուն, հարկ է ընդգծել, որ թեև դատապարտյալի առողջական վիճակի գնահատումը ևս նշանակություն ունի քննարկվող ինստիտուտի գործադրման հարցում17, սակայն ստորադաս դատարանները սահմանափակվել են համապատասխան տեղեկատվության մատնանշմամբ՝ առանց վերլուծելու և գնահատելու անազատության մեջ գտնվելու պայմաններում հնարավոր անհրաժեշտ բժշկական օգնությունը և սպասարկումը պատշաճ կազմակերպելու հնարավորությունը18։ Տվյալ դեպքում, որևէ հիմնավորում չի ներկայացվել պատիժը կրելուն զուգընթաց դատապարտյալ Գ․Դավթյանի ֆիզիկական առողջությունը պատշաճ պահպանելու հնարավոր խոչընդոտների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, ներկայացված նյութերում առկա փաստական հանգամանքները ևս հիմք չեն տալիս եզրահանգելու, որ դատապարտյալ Գ․Դավթյանին անհրաժեշտ բուժօգնությունը չի կարող պատշաճ կազմակերպվել անազատության մեջ գտնվելու պայմաններում։ Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ վճռաբեկ վարույթի ընթացքում ստացված՝ դատապարտյալ Գ․Դավթյանին հաշմանդամության երրորդ խումբ տրամադրելու վերաբերյալ տեղեկատվությունը19 ևս բավարար չէ հակառակի վերաբերյալ ողջամիտ հետևության հանգելու համար։
Ինչ վերաբերում է Գ․Դավթյանի առկա առողջական վիճակով պայմանավորված COVID-19 համավարակով վարակվելու դեպքում հնարավոր անդառնալի հետևանքներն առաջանալու պնդմանը, հարկ է նշել, որ խնդրո առարկա հարցի քննարկման դրությամբ իրավասու մարմնի կողմից մշակված է եղել քրեակատարողական հիմնարկներում COVID-19 համավարակի տարածման վտանգի կանխարգելման և հայտնաբերման դեպքում արձագանքի համապատասխան միջոցառումների ծրագիրը, իսկ քրեակատարողական հիմնարկներն այդ նպատակով զինված են եղել անհրաժեշտ բժշկական սարքավորումներով ու պարագաներով20։
Նման պայմաններում, ստորադաս դատարանների եզրահանգումն առ այն, որ ուղղվելու համար դատապարտյալ Գ․Դավթյանն ազատազրկման ձևով պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, հիմնավոր չէ և չի բխում ներկայացված նյութերում առկա փաստական տվյալներից:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժի կրումից դատապարտյալ Գ.Դավթյանին պայմանական վաղաժամկետ ազատելու մասին ստորադաս դատարանների հետևությունները, հիմնավոր չեն։
17․ Անդրադառնալով Գ․Դավթյանի նախկինում դատապարտված լինելու հանգամանքը ստորադաս դատարանների կողմից գնահատման չենթարկելու բողոքաբերի պնդմանը, հարկ է նշել, որ ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իր դատավճռում վերլուծելով գործի փաստական հանգամանքները և վկայակոչելով մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձի դատվածությունը մարվելու կարգին առնչվող իրավական նորմը, արձանագրել է, որ հանցանքները կատարելու ժամանակ Գ․Դավթյանի դատվածությունը մարված էր21։
18․ Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Գ.Դավթյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն անփոփոխ թողնելիս նաև Վերաքննիչ դատարանը, պատշաճ չեն գնահատել սույն գործի փաստական հանգամանքները, արդյունքում թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, ինչն իր բնույթով էական է ու հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս փոփոխելու կայացված դատական ակտերը, այն է` Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հունվարի 22-ի որոշումը բեկանելու, իսկ դատապարտյալ Գ.Դավթյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը՝ մերժելու։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Դատապարտյալ Գարիկ Ստեփանի Դավթյանի վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հունվարի 22-ի որոշումները բեկանել ու փոփոխել:
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի՝ 2020 թվականի հունիսի 16-ի որոշման դեմ դատապարտյալ Գարիկ Ստեփանի Դավթյանի պաշտպան Լ․Սիմոնյանի բողոքը մերժել։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________________
1 Տե՛ս դատապարտյալ Գ․Դավթյանի անձնական գործ, հատոր 2, թերթեր 203-205 և 207-212։
2 Տե՛ս դատապարտյալ Գ․Դավթյանի անձնական գործ, հատոր 1, մաս 1, թերթեր 13-21։
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 85-102:
4 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 78-90:
5 Տե՛ս, mutatis mutandis, ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանի` Վարդան Մուխսիխաչոյանի գործով 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ-212/07, Արամայիս Միրիբյանի գործով 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ-213/07, Արմեն Ղազարյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԱԴ/0002/12/16, Արմեն Եղոյանի գործով 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ՍԴ3/0010/12/18, Արմեն Արմենյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ՇԴ/0014/12/17 և Աշոտ Բադալյանի գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԿԴ1/0120/12/17 որոշումները։
6 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը և դատապարտյալ Գ․Դավթյանի անձնական գործ, հատոր 2, թերթ 213։
7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
9 Տե՛ս քրեակատարողական և պրոբացիայի պետական ծառայությունների զեկույցներ, դատապարտյալ Գ․Դավթյանի անձնական գործ, հատոր 2, թերթեր 203-205 և 207-212։
10 Տե՛ս դատապարտյալ Գ․Դավթյանի անձնական գործ, հատոր 1, մաս 2, թերթեր 65, 110, 116, 127, 177։
11 Տե՛ս նույն տեղում, թերթ 110։
12 Տե՛ս դատապարտյալ Գ․Դավթյանի անձնական գործ, հատոր 1, մաս 1, թերթեր 13-21։
13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Ղազարյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԱԴ/0002/12/16 որոշման 20-րդ կետը։
14 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
15 Պատժի հետագա կրման նպատակահարմարությունը որոշելու հարցում արարքի բնույթը և հանրային վտանգավորությունը հաշվի առնելու վերաբերյալ մանրամասն տեʹս, Վճռաբեկ դատարանի` Արմեն Ղազարյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԱԴ/0002/12/16 որոշման 21-րդ կետը։
16 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
17 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Ղազարյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԱԴ/0002/12/16 որոշման 20-րդ կետը։
18 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արթուր Օսիպյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԿԴ/0046/13/16 որոշումը:
19 Տե՛ս, նյութեր, հատոր 3, թերթ 119։
20 Տե՛ս, ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջ՝ https://www.gov.am/am/news/item/14244/ և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի 2020 թվականի հաշվետվությունը։
21 Տե՛ս դատապարտյալ Գ․Դավթյանի անձնական գործ, հատոր 1, մաս 1, թերթեր 13-21։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
