Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.01.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 27.04.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.01.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

 Վարչական գործ թիվ ՎԴ/6004/05/20

2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6004/05/20

Նախագահող դատավոր՝  Ա. Թովմասյան

Դատավորներ՝

 Ա. Առաքելյան

 Ք. Մկոյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
մ. դ
րմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

 

2022 թվականի հունվարի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Գագիկ Կարապետյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 13 փողոցի թիվ 55 հասցեում գտնվող տունը դիմումին համապատասխան օրինականացնելու նպատակով համապատասխան որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Գագիկ Կարապետյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գագիկ Կարապետյանը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 13 փողոցի թիվ 55 հասցեում գտնվող տունը դիմումին համապատասխան օրինականացնելու նպատակով համապատասխան որոշում ընդունել:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 19.01.2021 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.02.2021 թվականի որոշմամբ Դատարանի 19.01.2021 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշման դեմ Գագիկ Կարապետյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

Վերաքննիչ դատարանի 17.03.2021 թվականի որոշմամբ Դատարանի 19.01.2021 թվականի որոշման դեմ Գագիկ Կարապետյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Կարապետյանը (ներկայացուցիչ Ալբերտ Կանդալյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են` գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով։ Ընդ որում, նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը 19.01.2021 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշմամբ կարճել է սույն գործի վարույթը, ուստի հայցվորը նշված որոշման բողոքարկման համար պետական տուրքի վճարումից ազատված է, իսկ հայցվորի վրա դրված պետական տուրքի վճարման պահանջն անօրինական է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 17.03.2021 թվականին կայացված «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի և նույն հոդվածի 2-րդ մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (...):

 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` ա) պետական տուրքի վճարումից ազատում, (...):

Վերաքննիչ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով:

Վերաքննիչ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու՝ սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է։

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):

Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

 Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը: Եվրոպական դատարանն իր որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, համաձայն որի` Եվրոպական կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե նման դատարաններ գոյություն ունեն, ապա 6-րդ հոդվածի երաշխիքները պետք է տրամադրվեն (տե՛ս, օրինակ, Staroszczyk v. Poland (59519/00) գործով Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, 125-րդ կետ):

ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում ձևավորել է այն դիրքորոշումը, որ դատական ակտի բողոքարկման կամ վերաքննության իրավունքը թեև վերաքննիչ և վճռաբեկ ատյանի դատարաններ ստեղծված լինելու պարագայում հանդիսանում է դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների բաղադրատարր, այնուամենայնիվ, նշված իրավունքները բացարձակ չեն և ենթակա են որոշակի սահմանափակման (տե՛ս, օրինակ, ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշումը)։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման իրավունքը սերտորեն փոխկապակցված է այդ իրավունքի ֆինանսական սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Մասնավորապես՝ վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի բողոքարկման իրավունքի իրացման նախապայմաններից մեկն է։

Եվրոպական դատարանը, Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած իր վճիռներից մեկում անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և պետական տուրք վճարելու պարտավորության հարաբերակցությանը, նշել է, որ պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին ինքնին չհամապատասխանող սահմանափակում (տե՛ս, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի (21638/03) գործով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, 48-րդ կետ):

25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատարաններում պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում փոխհատուցել պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ օրենսդիրը, կարգավորելով դատարաններում պետական տուրքի գանձման հետ կապված իրավահարաբերությունները, կաշկանդված է քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պաշտպանության սահմանադրական սկզբունքներով, մասնավորապես, դատարանի մատչելիության սկզբունքի երաշխավորման պարտականությամբ: Ուստի օրենսդրի պարտականությունն է երաշխավորել պատշաճ հավասարակշռություն, մի կողմից, դատարաններում պետական տուրք գանձելու` պետության օրինավոր շահի, դատարաններում պետական տուրք վճարելու` անձի սահմանադրական պարտականության և, մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու՝ դիմողի օրինավոր շահի միջև: Հետևաբար այդպիսի հավասարակշռության ապահովումը հետապնդում է սահմանադրաիրավական նպատակ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից (տե՛ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ մի կողմից դատարաններում պետական տուրք գանձելու հանրային շահի և մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի իրավաչափ շահի միջև պատշաճ հավասարակշռություն երաշխավորելու նպատակով օրենսդիրը որոշակի կատեգորիայի գործերով որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսել է պետական տուրքի գծով արտոնություն՝ պետական տուրքի վճարումից ազատելու ձևով: Այդ արտոնությունը նախատեսված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով, որն ամրագրում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու հիմքերը` սահմանելով դատարան դիմելու համար գանձվող պետական տուրքի վճարումից ազատելու դեպքերի բավական լայն շրջանակ (տե՛ս Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարան դիմելու համար գանձվող պետական տուրքի վճարումից օրենքով ազատվելու դեպքերից մեկն այն է, որ վերաքննիչ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի և նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք օրենքի ուժով ազատված են գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից:

Դիմելով դատարան` Գագիկ Կարապետյանը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին ընդունել համապատասխան որոշում Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 13 փողոցի թիվ 55 հասցեում գտնվող տունը դիմումին համապատասխան օրինականացնելու նպատակով (գ.թ. 5-8):

Դատարանի 19.01.2021 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը կարճվել է (գ.թ. 46-47):

Վերաքննիչ դատարանը 17.02.2021 թվականին Գագիկ Կարապետյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձրել է ՀՀ վարչական դատավարության 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, այն հիմնավորմամբ, որ վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը, ինչպես նաև առկա չէ տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն (գ.թ. 71-73):

Գագիկ Կարապետյանի ներկայացուցիչը 03.03.2021 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով նշել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն` բողոքաբերն ազատված է պետական տուրքի վճարումից` նկատի ունենալով, որ բողոքարկում է Դատարանի 19.01.2021 թվականի «Գործի վարույթը կարճելու մասին» որոշումը (գ.թ. 80-98):

Վերաքննիչ դատարանը 17.03.2021 թվականին մերժել է Գագիկ Կարապետյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը` վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշումն առ այն, որ «(...) գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման կանոններով (...)»: Վերաքննիչ դատարանը նշել է, որ անձը գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման իր իրավունքն իրացնելիս օգտվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված այն նույն արտոնություններից (այդ թվում՝ պետական տուրքի գծով), որոնցից օգտվելու հնարավորություն վերջինս կարող էր ունենալ գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկելիս: Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված իրավահարաբերությունների նկատմամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը կիրառելի է գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման համար՝ պետական տուրքի վճարման հետ կապված կարգավորումների մասով: Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը չի պարունակում որևէ ուղղակի նշում առ այն, որ ոչ առևտրային կազմակերպություններ և ֆիզիկական անձինք պետական տուրքի վճարումից ազատվում են գործի վարույթը կարճելու մասին դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելիս: Վերաքննիչ դատարանը փաստել է, որ 15.03.2021 թվականին Գագիկ Կարապետյանի (ներկայացուցիչ՝ Ալբերտ Կանդալյան) կողմից ներկայացված բողոքում կրկին առկա չէ պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ որևէ միջնորդություն, որի բացակայությունը հիմք է հանդիսացել Վերաքննիչ դատարանի 17.02.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար: Այսինքն, բողոքաբերի կողմից օրենքով սահմանված ժամկետում վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս չի վերացվել բողոքում առկա՝ Վերաքննիչ դատարանի 17.02.2021 թվականի որոշմամբ մատնանշված սխալը, որի չվերացնելն արգելք է բողոքի քննության համար:

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ներկայացված վերաքննիչ բողոքը պետական տուրքը վճարված չլինելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու հիմքով վերադարձման ենթակա լինելու և բողոքը կրկին ներկայացնելուց հետո վերաքննիչ բողոքի ընդունումը մատնանշված սխալը չվերացնելու հիմքով մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգման իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Դատարանի 19.01.2021 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը կարճվել է: Սույն գործով վերը նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Գագիկ Կարապետյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի ուժով դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Այսպիսով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով այն հիմքով, որ Գագիկ Կարապետյանի կողմից ներկայացված բողոքում կրկին առկա չէ պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ որևէ միջնորդություն, որի բացակայությունը հիմք է հանդիսացել Վերաքննիչ դատարանի 17.02.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար, անտեսել է, որ տվյալ դեպքում բողոք բերած անձն ազատված է վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականությունից` նկատի ունենալով, որ վերջինս վերաքննության կարգով բողոքարկել է Դատարանի 19.01.2021 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով Գագիկ Կարապետյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը օրենքով սահմանված պետական տուրքը վճարված չլինելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու հիմքով, այնուհետև մերժելով վերջինիս կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը նշված որոշմամբ մատնանշված սխալը չվերացնելու հիմքով, թույլ է տվել վերաքննիչ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի և նույն հոդվածի 2-րդ մասի խախտում, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ նշված սխալի արդյունքում սահմանափակվել է բողոք բերած անձի` դատարանի մատչելիության իրավունքը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի փաստարկն առ այն, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը չի պարունակում որևէ ուղղակի նշում առ այն, որ ոչ առևտրային կազմակերպություններ և ֆիզիկական անձինք պետական տուրքի վճարումից ազատվում են գործի վարույթը կարճելու մասին դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելիս` նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված ՀՀ սահմանադրական դատարանի 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը նշված որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը քննության է առել բացառապես գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման սահմանադրականության գնահատման տեսանկյունից, ուստի պետական տուրքի մասով նշված որոշումը կիրառելի չէ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

 

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան
Ս. Ա
նտոնյան

Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
մ. դ
րմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2022 թվական: