ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2022 թվականի N 490-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների և օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-203-21.03.2022ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
15.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-203-21.03.2022-ՏՏԳՇ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների և օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի բնակիչների համար սահմանել արտոնություններ և օժանդակություն՝ վարկերի սուբսիդավորման, ինքնապաշտպանության նպատակով զենքի տրամադրման, ինչպես նաև մարտական գործողությունների և տարերային աղետների արդյունքում տուժած ընտանիքներին միանվագ նպաստի տրամադրման տեսքով: Որպես հիմնավորում նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից Սյունիքի մարզում սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում սահմանամերձ տարածաշրջաններում առաջացել են հետևյալ հիմնախնդիրները՝ տնտեսական ներուժի անկում, ֆինանսական միջոցների բացակայություն կամ սակավություն, մարտական գործողությունների և տարերային աղետների հետևանքով շարքից դուրս եկած կամ խիստ վնասված ենթակառուցվածքներ, կյանքի անվտանգության երաշխիքների բացակայություն, բնակչության թվի զգալի նվազում, երիտասարդության արտահոսք ու ծնելիության մակարդակի անկում, բեռնափոխադրումների հեռահարություն, բարձր սակագներ, մատակարար գնորդ ենթակառուցվածքների անարդյունավետություն:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումները՝
1. «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքների բնակավայրերին (այսուհետ՝ սահմանամերձ համայնք) աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Նշված օրենքով սահմանվել են սահմանամերձ համայնքի բնակիչների համար աջակցության տեսակները, մասնավորապես, սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարների մասնակի փոխհատուցում, սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարի վճարում՝ Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված գումարներից, դպրոցական դասագրքերի փոխհատուցմամբ տրամադրում, սահմանամերձ համայնքների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով օթևանից զրկվելու դեպքում բնակիչներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին համարժեք օթևանով ապահովում՝ նույն համայնքի տարածքում, Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով օթևանին հասցված նյութական վնասների, ինչպես նաև վերոնշյալ գործողությունների հետևանքով գյուղատնտեսական ոլորտին հասցված նյութական վնասների փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միանվագ օգնության տրամադրում և այլն: Ընդ որում, սկսած 2015 թվականից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքների ընտանիքներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի, սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի գծով ծախսերի փոխհատուցման նպատակով տրամադրվում է պետական աջակցություն (Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» միջոցառմամբ նախատեսվել է հատկացնել 1,155,2 մլն դրամ՝ թվով 23 սահմանամերձ համայնքների (81 բնակավայր) ընտանիքներին)։
2. Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորում՝ ոչ պակաս, քան 20%-ի չափով:
Այս կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 184-Լ որոշման 1-ին կետով հաստատվել է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որի հավելվածի 15-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը բովանդակային առումով, ի թիվս այլնի, ներառում է նաև հետևյալ դրույթը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի համար վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրամադրվեն 0 տոկոս տոկոսադրույքով, իսկ հանրապետության մնացած համայնքների համար սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրամադրվեն 5 տոկոս, իսկ գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3 տոկոս տոկոսադրույքով:
Նշված դրույթից բխում է, որ գործող կարգավորումներով արդեն իսկ նախատեսված է սահմանամերձ բնակավայրերի համար վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման հնարավորություն, հետևաբար, նախագծով նախատեսման անհրաժեշտությունը բացակայում է:
3. Նախագծի 5-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարտական գործողություններով պայմանավորված արտակարգ կամ ռազմական դրության իրավական ռեժիմ հայտարարելու դեպքում սահմանային գոտու բնակիչներին ինքնապաշտպանության նպատակով տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և տեսակի զենք:
Այս կապակցությամբ հարկ է նկատի ունենալ «Զենքի մասին» օրենքը, որով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական, ծառայողական, ինչպես նաև ձեռքի մարտական հրաձգային և մարտական սառը զենքի շրջանառության ժամանակ ծագող հարաբերությունները:
«Զենքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինքնապաշտպանության, ինչպես նաև որսորդությամբ և սպորտով զբաղվելու համար:
«Զենքի մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված է այն սուբյեկտների շրջանակը, ովքեր իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերելու զենք, իսկ 13-րդ հոդվածով սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` զենք ձեռք բերելու իրավունքի հետ կապված կարգավորումները:
Վերոնշյալ դրույթներից բխում է, որ զենքի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես, քաղաքացիներին ինքնապաշտպանության նպատակով տրամադրվող զենքի հետ կապված հարաբերությունները, կարգավորվում են «Զենքի մասին» օրենքով, հետևաբար, նշված օրենքի կարգավորմանը ենթակա դրույթներն առանձին օրենքում նախատեսելու անհրաժեշտությունը հիմնավորված չէ:
Նշենք նաև, որ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1-ին հոդվածը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմում զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց, ի դեմս աշխարհազորայինների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու՝ ներառյալ մարտական զենքի ամրակցման և օգտագործման միջոցով, կարգն ու պայմանները:
4. Նախագծի 6-րդ հոդվածի կապակցությամբ հարկ է նկատի ունենալ «Պետական նպաստների մասին» օրենքի 1-ին հոդվածը, համաձայն որի օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պետական նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է պետական նպաստի հասկացությունը, տեսակները և տրամադրման կարգը:
«Պետական նպաստների մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված են պետական նպաստների տեսակները:
Նշած դրույթներից բխում է, որ նպաստի հետ կապված հարաբերությունները կարգավորման են ենթակա «Պետական նպաստների մասին» օրենքով:
5. Միաժամանակ, հարկ ենք համարում նշել նաև, որ՝
1) նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի նպատակն է ապահովել սահմանային գոտու բնակավայրերի՝ տնտեսական, սոցիալական խնդիրների լուծման նկատմամբ համակարգված մոտեցումը: Այս կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ նախագծի հիմնական նպատակը, ի թիվս այլնի, տարբերակված մոտեցումն է՝ Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) նկատմամբ՝ ըստ վերջիններիս ռազմավարական կարևոր նշանակության, մինչդեռ նշվածը նախագծում չի արտացոլվել:
Այդ կապակցությամբ տեղին է նշել, որ 2001 թվականին ընդունվել է «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում սահմանամերձ տարածաշրջանների նկատմամբ պետական քաղաքականության մշակման հիմնական սկզբունքները, այդ քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները, դրանց հետ կապված հարաբերությունների կարգավորումը:
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատվել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը.
2) նախագծի 2-րդ գլխի վերնագիրն է՝ Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների և օժանդակության տեսակները և տրամադրման կարգը, մինչդեռ նշված գլխով նախատեսվել են կարգավորումներ վարկերի սուբսիդավորման, ինքնապաշտպանության նպատակով զենքի տրամադրման և մարտական գործողությունների և տարերային աղետների արդյունքում տուժած ընտանիքներին միանվագ նպաստի տրամադրման վերաբերյալ, և պարզ չէ, թե դրանցից ինչն է համարվում արտոնություն, ինչը՝ օժանդակություն.
3) նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորում՝ ոչ պակաս, քան 20 %-ի չափով: Մինչդեռ, հարկ է նկատի ունենալ, որ նախագծի հիմնավորումը վերաբերում է ոչ պակաս, քան 10 տոկոսի չափով գյուղացիական վարկերի սուբսիդավորմանը.
4) նախագծի 6-րդ հոդվածի վերնագիրն է՝ մարտական գործողությունների և տարերային աղետների արդյունքում տուժած ընտանիքներին միանվագ նպաստի տրամադրումը: Հոդվածի վերնագրից բխում է, որ դրանով նախատեսված կարգավորումը պետք է վերաբերի մարտական գործողությունների և տարերային աղետների արդյունքում տուժած ընտանիքներին միանվագ նպաստ տրամադրելուն, մինչդեռ կարգավորումը վերաբերում է սեփականատերերին միանվագ դրամական օգնություն տրամադրելուն.
5) նախագծում ներկայացվող հիմնավորման մեջ ճշգրտման կարիք ունի նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկարությունը հարևան երկրների հետ.
6) նախագծով պահպանված չեն նաև օրենսդրական տեխնիկայի կանոնները:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների և օժանդակության տրամադրման վերաբերյալ առանձին նորմատիվ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է և առաջարկում է զերծ մնալ նախագծի ընդունումից: