ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԱԴԴ/0023/06/17 | ||
Գործ թիվ ԵԱԴԴ/0023/06/17 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ | |
մասնակցությամբ` դատավորներ |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ` |
Մ. ԱՎԱԳՅԱՆԻ |
2018 թվականի սեպտեմբերի 20-ին ք. Երևանում
դռնփակ դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հունվարի 31-ի որոշման դեմ մեղադրյալ Ռուբեն Սարիբեկի Աղաբաբյանի պաշտպան Ս.Խչեյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2017 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 13118117 քրեական գործը:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում 2017 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 10850617 քրեական գործը, որը 2017 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ միացվել է թիվ 13118117 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 13118117 համարի ներքո:
1.1 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2017 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 13118417 քրեական գործը, որը 2017 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ միացվել է թիվ 13118117 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 13118117 համարի ներքո:
1.2 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 13118817 քրեական գործը, որը 2017 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ միացվել է թիվ 13118117 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 13118117 համարի ներքո:
1.3 Նախաքննության մարմնի` 2017 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ թիվ 13118117 քրեական գործով Ռուբեն Աղաբաբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Նախաքննության մարմնի` 2017 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ Ռ.Աղաբաբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Նախաքննության մարմնի` 2017 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ Ռ.Աղաբաբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:
2. Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ մեղադրյալ Ռ.Աղաբաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հունվարի 9-ի որոշմամբ մեղադրյալ Ռ.Աղաբաբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով:
3. Մեղադրյալ Ռ.Աղաբաբյանի պաշտպան Ս.Խչեյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունվարի 31-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունվարի 9-ի որոշումը:
4 . Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Ռ.Աղաբաբյանի պաշտպան Ս.Խչեյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ռ.Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) [անչափահաս տարիքում] ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2017 թվականի հոկտեմբերի 24-ի ժամը 21:00-ից մինչև հոկտեմբերի 25-ը՝ ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով Երևան քաղաքի Վարդանանց 5 հասցեում գործող «Արմեն Սարկիսյան» Ա/Ձ-ին պատկանող, շինություն հանդիսացող դաջվածքի սրահի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել և գաղտնի հափշտակել խոշոր չափերով՝ ընդհանուր 4000 ԱՄՆ դոլարին համարժեք 1.929.120 ՀՀ դրամ արժողության համակարգչային սարքավորումներ. «Պլեյստեշն 4» տեսակի համակարգիչ, 3 հատ մազահեռացման սարքավորում։
Բացի այդ, Ռ.Աղաբաբյանը սույն թվականի հոկտեմբերի 26-ի ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 27-ը՝ ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել շինություն հանդիսացող Երևան քաղաքի Աբովյան 60 հասցեում գործող «Նատալի Ֆարմ» ՍՊ ընկերությանը պատկանող դեղատուն, որտեղից գաղտնի հափշտակել է 75.000 ՀՀ դրամին համարժեք թվով 3 հատ ճնշման սարքավորում, 7.000 ՀՀ դրամին համարժեք «Ալկատել» մոդելի բջջային հեռախոս 7.500 ՀՀ դրամին համարժեք «0րբիթ» տեսակի մաստակներ և 1.000.000 ՀՀ դրամին համարժեք տարբեր ապրանքանիշերի ակնոցներ՝ պատճառելով խոշոր չափի՝ ընդհանուրը՝ 1.082.500 ՀՀ դրամի նյութական վնաս:
[Բացի այդ, Ռ.Աղաբաբյանը] շինություն ապօրինի մուտք գործելու եղանակով, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորության շուրջ, նախնական համաձայնության գալով գործով չպարզված 3 անձանց հետ՝ 2017 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 05:20-ի սահմաններում, իր մոտ գտնվող մետաղյա գործիքի գործադրմամբ բացել է Անահիտ Սլավիկի Գրիգորյանին պատկանող՝ Երևան քաղաքի Հալաբյան 5/2 հասցեում գտնվող մթերային խանութի եվրոարտադրության մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել ներս, որտեղ ծխախոտների վաճառքի ցուցափեղկից գաղտնի հափշտակել է 354.500 ՀՀ դրամ արժողության տարբեր ապրանքանիշերի և տեսակի ծխախոտներ, ինչպես նաև ընդհանուրը 5.000 ՀՀ դրամ արժողության թվով 25 հատ կրակայրիչներ, 60.000 ՀՀ մետաղադրամներ, 80.000 ՀՀ դրամ արժողության կոնֆետներ և մեկ հայելի՝ 1.700 ՀՀ դրամ արժողության, Անահիտ Գրիգորյանին պատճառելով խոշոր չափի՝ 501.200 ՀՀ դրամի գույքային վնաս»1:
6. Կալանավորման ժամկետը երկարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունվարի 9-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում առկա է վերագրված արարքին մեղադրյալ Ռ.Աղաբաբյանի առնչությունը հաստատող փոխկապակցված ապացույցների բավարար ամբողջություն, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացված 2017թ. հոկտեմբերի գրության, կասկածյալ Ռուբեն Աղաբաբյանի լրացուցիչ հարցաքննության 2017թ. նոյեմբերի 14-ի արձանագրության, կասկածյալ Ռուբեն Աղաբաբյանի լրացուցիչ հարցաքննությունների 2017թ. նոյեմբերի 15-ի արձանագրությունների, վկա Հայկ Ղազարյանի հարցաքննության 2017թ. հոկտեմբերի 30-ի արձանագրության, դեպքի վայրի զննության 2017թ. նոյեմբերի 15-ի արձանագրության, Ռուբեն Աղաբաբյանի բնակարանի խուզարկության 2017թ. հոկտեմբերի 31-ի և 2017թ. նոյեմբերի 7-ի արձանագրությունների, հեռախոսազանգերի վերծանումները զննելու մասին արձանագրության պատճենները։
Սույն միջնորդությունը բավարարելիս Դատարանը նաև հաշվի է առնում այն, որ պահպանվում են մեղադրյալ Ռուբեն Աղաբաբյանին կալանքի տակ պահելու հիմքերը, այն է՝ թեև վերագրված արարքները կատարելու պահին չի լրացել Ռ.Աղաբաբյանի 18-ամյակը, սակայն նրան մեղսագրվում է ըստ բնույթի և վտանգավորության աստիճանի միջին ծանրության հանցագործությունների կատարում, որոնց համար օրենքը պատիժ է նախատես[ում] նաև ազատազրկման ձևով՝ 2-ից 5 տարի ժամկետով։ Նման պայմաններում բարձր է ռիսկայնությունն առ այն, որ հայտնվելով ազատության մեջ՝ մեղադրյալ Ռ.Աղաբաբյանը կարող է կատարել քրեական օրենքով արգելված նոր արարքներ, խուսափել վարույթն իրականացնող մարմնից և քրեական պատասխանատվությունից, ինչպես նաև խոչընդոտել արդարադատության իրականացմանը՝ անօրինական ազդեցություն գործելով վարույթի մասնակիցների նկատմամբ։
Սույն միջնորդությունը բավարարելիս Դատարանը հաշվի է առնում նաև այն, որ թեև մեղադրյալ Ռուբեն Աղաբաբյանն անազատության մեջ է 2017թ. նոյեմբերի 13-ից, նախաքննական մարմինը բարդ և մեծածավալ քրեական գործով դրսևորել է անհրաժեշտ ջանասիրություն՝ կատարելով վերը նշված քննչական և դատավարական գործողությունները:
Դատարանը նաև փաստում է որ մեղադրյալ Ռ.Աղաբաբյանի անձը դրականորեն բնութագրող տվյալները (որի վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել են սույն միջնորդության քննարկման ժամանակ) քննիչի հարուցած միջնորդությունը մերժելու բավարար և հիմնավոր փաստարկներ չեն, նրա պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել վերջինիս նկատմամբ առավել խիստ վերոնշյալ խափանման միջոցը՝ կալանավորումն ընտրելու (երկու ամսով երկարացնելու) պայմաններում (...)»2:
7. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունվարի 31-ի որոշման համաձայն՝ «Անդրադառնալով մեղադրյալ Ռուբեն Աղաբաբյանի՝ (…) հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցին` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործի նյութերում առկա փաստական տվյալներն ու տեղեկություններն (այդ թվում նաև՝ կասկածյալ Ռուբեն Աղաբաբյանի լրացուցիչ հարցաքննությունների, վկա Հայկ Ղազարյանի հարցաքննության, դեպքի վայրի զննության, խուզարկություն (առգրավում) կատարելու մասին արձանագրությունների լուսապատճենները) իրենց համակցությամբ վարույթի տվյալ փուլի համար՝ ողջամտորեն բավարար են շարունակելու հիմնավորված համարել՝ Ռուբեն Աղաբաբյանի առնչությունն իրեն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով մեղսագրվող ենթադրյալ հանցագործություններին (հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած):
(...) Անդրադառնալով մեղադրյալ Ռուբեն Աղաբաբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի առկայության կամ բացակայության հարցին` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ռուբեն Աղաբաբյանին մեղսագրվող հանցագործությունների բնույթը, քանակը, դրանց վտանգավորության աստիճանը, կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը, համակցության մեջ մեծացնում են հավանականությունն առ այն, որ մնալով ազատության մեջ` նա կարող է խուսափել վարույթն իրականացնող մարմնից, կրկին կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք, խոչընդոտել գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով:
Վերը շարադրվածից ելնելով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելիս կալանավորման հիմքերի առկայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավոր է, դրա հետ չհամաձայնելու հիմքեր չկան:
Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ գործում չկան այնպիսի ապացույցներ, որոնք կհիմնավորեին, որ ազատության մեջ լինելու դեպքում մեղադրյալը կարող է կատարել քրեական օրենքով արգելված նոր արարքներ, խուսափել վարույթն իրականացնող մարմնից և քրեական պատասխանատվությունից, ինչպես նաև խոչընդոտել արդարադատության իրականացմանը՝ անօրինական ազդեցություն գործելով վարույթի մասնակիցների նկատմամբ, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա, և ոչ միայն արդեն իսկ կատարված գործողությունները հավաստող փաստերի վրա: Բացի այդ, տվյալ դեպքում մեղադրյալ Ռուբեն Աղաբաբյանի ազատության մեջ լինելու դեպքում վերջինիս հավանական գործողությունների և մասնավորապես՝ քրեական օրենքով արգելված նոր արարքներ կատարելու վտանգի մասին հետևությունը հիմնված է նաև մեղադրյալ Ռուբեն Աղաբաբյանի կողմից մի քանի նույնական հանրորեն վտանգավոր արարքներ ենթադրաբար կատարած լինելու փաստի վրա:
(...)
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ թեև մեղադրյալ Ռուբեն Աղաբաբյանն անչափահաս է, սակայն հիմք ընդունելով վերոհիշյալը, ևս գտնում է, որ նախաքննության տվյալ փուլում մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել միայն նրա համար ծայրահեղ հանդիսացող կալանավորում խափանման միջոցի կիրառմամբ:
Ամփոփելով (...) [վերոգրյալը]` Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ մեղադրյալ Ռուբեն Աղաբաբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի պահանջների խախտումներ, ուստի կայացված դատական ակտը բեկանելու որևէ իրավաչափ հիմք չկա: Հետևաբար` այն պետք է թողնել օրինական ուժի մեջ (…)»3:
8. 2018 թվականի ապրիլի 16-ին Ռ.Աղաբաբյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ երաշխավորված մի շարք իրավունքներ և սկզբունքներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, որպիսի պարագայում կայացված որոշումը ենթակա է բեկանման:
10. Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերում բացակայում են փաստական տվյալներ մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցագործությունները կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ:
11. Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, կալանավորման ժամկետը երկարացնելով, իսկ Վերաքննիչ դատարանն այն օրինական ուժի մեջ թողնելով, պատշաճ չեն գնահատել գործով ձեռք բերված նյութերը, անչափահաս տարիքում ենթադրաբար հանցանք կատարած մեղադրյալ Ռ.Աղաբաբյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը՝ անտեսելով «Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ» ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնները:
12. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 31-ի որոշումը՝ մեղադրյալ Ռ.Աղաբաբյանին անհապաղ ազատ արձակելով կալանքից:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված բողոքում բարձրացվել են ըստ էության երկու իրավական հարցեր, որոնցից առաջինը վերաբերում է մեղադրյալ Ռ.Աղաբաբյանի կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առնչությամբ ստորադաս դատարանների դատական ակտերի պատճառաբանվածությանը: Այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի ներկայացրած փաստարկը4 հիմնավոր չէ՝ հաշվի առնելով, որ Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հունվարի 9-ի և Վերաքննիչ դատարանը 2018 թվականի հունվարի 31-ի որոշումներով գործի փաստական տվյալների վկայակոչմամբ պատճառաբանել են մեղադրյալ Ռ.Աղաբաբյանին մեղսագրվող արարքների կատարման հիմնավոր կասկածի առկայությունը5:
Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցին՝ անչափահաս տարիքում ենթադրաբար հանցանք կատարած մեղադրյալ Ռ.Աղաբաբյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտության գնահատման վերաբերյալ, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անչափահաս տարիքում ենթադրաբար հանցանք կատարած անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելիս կամ նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելիս հաշվի առնվող հանգամանքների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
14. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք անչափահաս տարիքում ենթադրաբար հանցանք կատարած Ռ.Աղաբաբյանի՝ ազատության իրավունքի սահմանափակման անհրաժեշտության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
15. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն՝ «1.Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով.
(…)
գ) անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար. (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի [է] առնվում (…) տարիքը (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «[Անչափահասների գործերով վարույթի առանձնահատկությունները սահմանող] գլխի դրույթները կիրառվում են այն անձանց հանցագործությունների վերաբերյալ գործերով, ում տասնութ տարին չի լրացել հանցանքը կատարելու պահին»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 442-րդ հոդվածի համաձայն՝ «Անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ նրան վերագրվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարում»:
16. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել է քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Այսպես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս էական նշանակություն ունի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված հանգամանքների գնահատումը6, որոնց շարքին է դասվում նաև անձի տարիքը:
17. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հաշվի առնելով անչափահաս մեղադրյալների կյանքի և դաստիարակության պայմանները, ծնողների հետ ունեցած հոգեբանական փոխկապվածությունը, հոգեկան զարգացվածության աստիճանը, ընդհանուր զարգացման և առողջական վիճակը՝ նրանց մասնակցությամբ քրեական վարույթն անցկացվում է հատուկ իրավական երաշխիքների ապահովմամբ: Դրանց համատեքստում իր հիմնարար բնույթով առանձնանում է անչափահաս մեղադրյալի ազատության իրավունքի պաշտպանությունը, որի գերակայությունից ելնելով անչափահասի վարքագծի պատշաճությունն ապահովելու նպատակով սահմանվում է կալանավորումը որպես ծայրահեղ միջոց կիրառելու պահանջը:
18. Մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված պահանջների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անչափահաս մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել բացառիկ դեպքերում, երբ այլընտրանքային միջոցների կիրառմամբ հնարավոր չէ երաշխավորել մեղադրյալի վարքագծի պատշաճությունը:
Այսպես, «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի 37-րդ հոդվածի համաձայն` «Մասնակից պետություններն ապահովում են, որ. (...) ոչ մի երեխա չզրկվի ազատությունից անօրինական կամ կամայական կերպով: Երեխայի ձերբակալությունը, կալանքը կամ ազատազրկումն իրականացվում են համաձայն օրենքի և գործադրվում են միայն որպես ծայրահեղ միջոց և որքան հնարավոր է՝ կարճ ժամանակամիջոցով (...)»7:
Բացի այդ, «Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ» ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների («Պեկինյան կանոններ») 13.1-րդ կետի համաձայն` «[Անչափահասներին] մինչև դատը կալանքի տակ պահելը կիրառվում է միայն որպես ծայրահեղ միջոց և ամենակարճ ժամանակաընթացքի համար»8:
Նույն կանոնների 13.2-րդ կետի համաձայն` «Մինչև դատը կալանքի տակ պահելը հնարավորին չափ փոխարինվում է այլընտրանքային միջոցներով, ինչպիսիք են մշտական հսկողությունը, դաստիարակչական ակտիվ աշխատանքը կամ ընտանիքում, դաստիարակչական հաստատությունում կամ ուղղիչ տանը տեղավորելը»9:
Բացի այդ, «Ազատությունից զրկված անչափահասների պաշտպանության վերաբերյալ» ՄԱԿ-ի կանոնների («Հավանայի կանոններ») 13-րդ կետի համաձայն` «(...) Ինչքանով հնարավոր է անհրաժեշտ է խուսափել մինչև դատավճռի կայացումը անչափահասին կալանքի տակ պահելուց և ապավինել դրան միայն բացառիկ դեպքերում: Այդ պատճառով ամեն եղանակով պետք է ձգտել այլընտրանքային միջոցներ կիրառելուն (...)»10:
18.1 Հիմք ընդունելով վերոնշյալ իրավական պահանջները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համատեքստում ևս նշել է, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հարցը լուծելիս խիստ կարևոր հանգամանք է մեղադրյալի տարիքը, անչափահաս մեղադրյալների նկատմամբ մինչդատական կալանքը կարող է կիրառվել որպես ծայրահեղ միջոց և հնարավորինս կարճ ժամանակահատվածով11:
19. Սույն որոշման 17-18.1-րդ կետերում վկայակոչված պահանջների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի ընթացքում անչափահաս մեղադրյալի ազատության իրավունքը կարող է սահմանափակվել բացառիկ դեպքերում, երբ գործի փաստական հանգամանքներով կհերքվի այլընտրանքային միջոցներով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը չեզոքացնելու հնարավորությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ չափահաս մեղադրյալների համեմատ անչափահասների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելիս պահանջվում է առավել ծանրակշիռ փաստական հանգամանքների համակցություն, որը համոզիչ կերպով կհիմնավորի անչափահաս մեղադրյալի՝ ազատության մեջ գտնվելու կանխավարկածը հաղթահարելու անհրաժեշտությունը: Այդ համատեքստում դատարաններն անչափահաս մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը գնահատելիս գործի շրջանակներում պետք է հաշվի առնեն սույն որոշման 17-րդ կետում թվարկված՝ անչափահասին հատուկ իրավական երաշխիքներ տրամադրելու հիմքում ընկած պայմանները, ինչպես նաև հիմնավորեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում մատնանշված՝ կալանավորման հիմքերի կանխատեսելիության առավել բարձր աստիճանը: Այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անչափահաս մեղադրյալի նկատմամբ կալանավորման հիմքերի առկայության վերաբերյալ դատարանի դատողությունները չեն կարող հիմնված լինել միայն մեղսագրվող հանցագործության բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի գնահատման վրա, այլ անչափահասի անձը բնութագրող տվյալների հաշվառմամբ և կոնկրետ փաստական հանգամանքների վկայակոչմամբ պետք է հիմնավորեն անչափահասին կալանքի տակ պահելու բացարձակ անհրաժեշտությունը:
20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ռ.Աղաբաբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել անչափահաս տարիքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված միջին ծանրության հանցանքների կատարման համար12:
2017 թվականի նոյեմբերի 16-ին մեղադրյալ Ռ.Աղաբաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:
Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հունվարի 9-ի որոշմամբ երկարացնելով Ռ.Աղաբաբյանի կալանավորման ժամկետը, ի թիվս այլոց, արձանագրել է, որ պահպանվում են մեղադրյալ Ռուբեն Աղաբաբյանին կալանքի տակ պահելու հիմքերը: Դատարանը նշել է, որ թեև հանցավոր արարքները կատարելու պահին չի լրացել մեղադրյալի 18 տարին, նրա անձը դրական է բնութագրվում, սակայն նրան մեղսագրվում է ըստ բնույթի և վտանգավորության աստիճանի միջին ծանրության հանցագործությունների կատարում, որոնց համար օրենքը պատիժ է նախատեսում նաև ազատազրկման ձևով՝ 2-ից 5 տարի ժամկետով։ Նման պայմաններում, ըստ դատարանի, բարձր է ռիսկայնությունն առ այն, որ հայտնվելով ազատության մեջ՝ մեղադրյալ Ռ.Աղաբաբյանը կարող է կատարել քրեական օրենքով արգելված նոր արարքներ, խուսափել վարույթն իրականացնող մարմնից և քրեական պատասխանատվությունից, ինչպես նաև խոչընդոտել արդարադատության իրականացմանը՝ անօրինական ազդեցություն գործելով վարույթի մասնակիցների նկատմամբ13։
Վերաքննիչ դատարանը 2018 թվականի հունվարի 31-ի որոշմամբ իր համաձայնությունը հայտնելով Առաջին ատյանի դատարանի եզրահանգումների հետ՝ նշել է, որ Ռ.Աղաբաբյանին մեղսագրվող հանցագործությունների բնույթը, քանակը, դրանց վտանգավորության աստիճանը, կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը համակցության մեջ մեծացնում են հավանականությունն առ այն, որ մնալով ազատության մեջ` նա կարող է խուսափել վարույթն իրականացնող մարմնից, կրկին կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք՝ պայմանավորված մի քանի նույնական հանրորեն վտանգավոր արարքներ ենթադրաբար կատարած լինելու փաստով, խոչընդոտել գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով:
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ չնայած մեղադրյալ Ռ.Աղաբաբյանն անչափահաս է, սակայն նախաքննության տվյալ փուլում մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել միայն նրա համար ծայրահեղ հանդիսացող կալանավորում խափանման միջոցի կիրառմամբ14:
21. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-19-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև ստորադաս դատարաններն արձանագրել են, որ հաշվի են առնում, որ Ռ.Աղաբաբյանին մեղսագրվում են անչափահաս տարիքում ենթադրաբար կատարված միջին ծանրության հանցանքներ և վերջինս օգտվում է անչափահասների համար սահմանված իրավական երաշխիքներից, այնուամենայնիվ Ռ.Աղաբաբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելիս չեն մատնանշել որևէ ծանրակշիռ փաստական հանգամանք, որը համոզիչ կերպով կհիմնավորեր նրա՝ ազատության մեջ գտնվելու կանխավարկածը հաղթահարելու անհրաժեշտությունը: Դատարանները չեն գնահատել սույն որոշման 17-րդ կետում թվարկված՝ անչափահասին հատուկ իրավական երաշխիքներ տրամադրելու հիմքում ընկած պայմանները, չեն հիմնավորել կալանավորման հիմքերի կանխատեսելիության առավել բարձր աստիճանը, այլ հիմք են ընդունել բացառապես մեղսագրվող միջին ծանրության հանցագործությունների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը: Ավելին, արձանագրելով, որ մեղսագրվող հանցագործությունների համար օրենքը որպես պատիժ է նախատեսում նաև ազատազրկման ձևով՝ 2-ից 5 տարի ժամկետով, Առաջին ատյանի դատարանն ուշադրության չի արժանացրել այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն` անչափահասի նկատմամբ միջին ծանրության հանցագործության համար նշանակվող ազատազրկման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել երեք տարին։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ անչափահաս տարիքում ենթադրաբար հանցանք կատարած Ռ.Աղաբաբյանի՝ ազատության իրավունքի սահմանափակման անհրաժեշտության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:
22. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 358-րդ հոդվածների խախտումներ, որոնք, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ Ռ.Աղաբաբյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության համար ուղարկված է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան15, ուստի բողոքարկված դատական ակտերը չեն կարող բեկանվել, քանի որ դրանք եղել են ժամանակավոր և կորցրել իրենց իրավական նշանակությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Ռուբեն Սարիբեկի Աղաբաբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 31-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_____________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 19-20:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 209-210:
3 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 25-27:
4 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը:
6 Տե՛ս Ասլան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշում, կետեր 24, 26:
7 Տե՛ս «Երեխաների իրավունքների մասին» Նյու-Յորքի 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 1992 թվականի հունիսի 1-ին) 37-րդ հոդվածը:
8 Տե՛ս «Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ» ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոններ («Պեկինյան կանոններ»), Գլխավոր ասամբլեայի՝ 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/33 բանաձև, կետ 13.1:
9 Տե՛ս նույն տեղում, կետ 13.2:
10 Տե՛ս «Ազատությունից զրկված անչափահասների պաշտպանության վերաբերյալ» ՄԱԿ-ի կանոններ («Հավանայի կանոններ»), Գլխավոր ասամբլեայի՝ 1990 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 45/113 բանաձև, կետ 13:
11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Selջuk v. Turkey գործով 2006 թվականի հունվարի 10-ի վճիռը, գանգատ թիվ 21768/02, կետեր 35-36, Nart v. Turkey գործով 2008 թվականի մայիսի 6-ի վճիռը, գանգատ թիվ 20817/04, կետեր 31, 33, Korneykova v. Ukraine գործով 2012 թվականի հունվարի 19-ի վճիռը, գանգատ թիվ 39884/05, կետ 44:
12 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
13 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
14 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
15 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
Նախագահող` |
Լ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ |
Դատավորներ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ | |
Ս. Օհանյան |
