Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.12.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԼԴ1/1286/02/19

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ1/1286/02/19

Նախագահող դատավոր՝  Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝

 Ա. Պետրոսյան

 Լ. Գրիգորյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի դեկտեմբերի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արմեն Դալլաքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.11.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Արմեն Դալլաքյանի ընդդեմ Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի, երրորդ անձ «Սարջոն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արմեն Դալլաքյանը պահանջել է կիրառել իր և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված՝ Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նվիրատվության պայմանագրի նկատմամբ առոչինչ՝ կեղծ գործարքի անվավերության հետևանքներ. անվավեր ճանաչել պայմանագրի առարկա հանդիսացած և Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Աշոտ Գալստյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ վերականգնելով նույն բաժնեմասերի նկատմամբ Արմեն Դալլաքյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Անվավեր ճանաչել Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 24.02.2015 թվականին նոտարական վավերացմամբ կնքված պայմանագիրը, Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիմքով անվավեր ճանաչել պայմանագրի առարկա հանդիսացած և Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Մխիթար Մաթևոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ նույն բաժնեմասերի նկատմամբ վերականգնել Արմեն Դալլաքյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Զաքարյան) (այսուհետ` Դատարան) 29.07.2020 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան, դատավորներ՝ Ա. Պետրոսյան, Լ. Գրիգորյան) 24.09.2020 թվականի որոշմամբ Արմեն Դալլաքյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.11.2020 թվականի որոշմամբ Արմեն Դալլաքյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է: 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Դալլաքյանը՝ պահանջելով վերացնել Վերաքննիչ դատարանի 24.11.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելիս պատճառաբանել է, որ, թեև կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցվել է այն ստորագրած անձին լիազորություններ «վերագրող» լիազորագիր, սակայն դրանում լիազորողի և լիազորագիրը ստորագրած անձի հայրանունները տարբեր են (լիազորողն Արմեն Մելսիկի Դալլաքյանն է, իսկ լիազորագիրը ստորագրած անձը՝ Արմեն Մելսի Դալլաքյանը), ինչը բացառում է լիազորագիրը լիազորողի կողմից ստորագրված համարելու իրավաչափ հնարավորությունը, մինչդեռ այդ պատճառաբանությունն անհիմն է, քանի որ ակնհայտ է, որ լիազորագիրը տվողը և ստորագրողը նույն Արմեն Դալլաքյանն է, ուստի որոշումը կայացվել է բացառապես ձևական նկատառումներից ելնելով՝ խախտելով Արմեն Դալլաքյանի դատարանի մատչելիության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 24.11.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանում ներկայացուցչությունն իրականացնում են փաստաբանները, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով հավատարմագրված օտարերկրյա փաստաբանները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև՝ նույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` (...) ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, (…):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կայուն նախադեպային իրավունքի համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) անդրադառնալով դատարանի մատչելիության սկզբունքին, արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ` վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: (…) (տե՛ս, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Բագրատ Մարությանի, «Յումակս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0748/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: Ըստ այդմ էլ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու hամար անձին տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը և այլն): Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատարանը պարզում է, որ դատավարական գործողություններ իրականացնելու համար տրված լիազորագիրը ներկայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, կամ դադարել է լիազորագրի գործողության ժամկետը, ապա դատարանն իրավասու է կիրառելու դրանից բխող դատավարական հետևանքները:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին իրավունքներ և պարտականություններ է ձեռք բերում ու իրականացնում իր անվամբ, որը ներառում է նրա ազգանունը և անունը, նրա ցանկությամբ՝ նաև հայրանունը: Նշված նորմի տառացի մեկնաբանությունից բխում է, որ օրենսդիրը քաղաքացու անվան պարտադիր բաղկացուցիչներ դիտել նրա ազգանունը և անունը, իսկ քաղաքացու հայրանունը նրա անվան լրացուցիչ բաղկացուցիչ է, որը կարող է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ առաջացնող փաստաթղթերում նաև չնշվել: Եթե քաղաքացու ցանկությամբ որևէ փաստաթղթում նրա հայրանունը նշվել է, ապա դա ևս պետք է նշվի ճշգրիտ, սակայն հայրանունը նշված չլինելու կամ սխալ նշված լինելու պարագայում քաղաքացու անվան նշված լինելու փաստը չի կարող կասկածի տակ դրվել, եթե նրա ազգանունը և անունը, այն է՝ օրենքով սահմանված պարտադիր բաղադրիչները, նշված են ճշգրիտ և քաղաքացու անձի նույնության վերաբերյալ կասկածներ առաջացնող այլ հանգամանքներ չկան: Այլ խոսքով՝ որևէ փաստաթղթում քաղաքացու անունը չի կարող համարվել սխալ նշված և կասկածի տակ դրվել փաստաթուղթը տվյալ քաղաքացուց տրված լինելու հանգամանքը, եթե նրա անվան հիմնական բաղադրիչներն այդ փաստաթղթում նշված են ճշգրիտ, իսկ սխալը թույլ է տրված անվան լրացուցիչ բաղկացուցիչում, որը կարող էր նաև նշված չլինել առհասարակ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Դատարանի 29.07.2020 թվականի վճռի դեմ Արմեն Դալլաքյանի անունից վերաքննիչ բողոք է ներկայացրել փաստաբան Արթուր Մարտիրոսյանը (հատոր 3-րդ, գ.թ. 65-70):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «(…) վերաքննիչ բողոքին չի կցվել այն ստորագրած անձի՝ Արթուր Մարտիրոսյանի՝ Արմեն Մելսիկի Դալլաքյանի անունից բողոք բերելու լիազորությունը հավաստող որևէ ապացույց» (հատոր 3-րդ, գ.թ. 94-95):

Արմեն Դալլաքյանի ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանը փոստային ծառայության միջոցով 12.11.2020 թվականին կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել: Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է նաև Արմեն Դալլաքյանի կողմից 20.10.2020 թվականին փաստաբան Արթուր Մարտիրոսյանին տրված լիազորագիրը (հատոր 3-րդ, գ.թ. 130):

Վերաքննիչ դատարանը, 24.11.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը հետևյալ պատճառաբանությամբ. «դրանում լիազորողի և լիազորագիրը ստորագրած անձի հայրանունները տարբեր են (լիազորողն Արմեն Մելսիկի Դալլաքյանն է, իսկ լիազորագիրը ստորագրած անձը` Արմեն Մելսի Դալլաքյանը), ինչը բացառում է լիազորագիրը լիազորողի կողմից ստորագրված համարելու իրավաչափ հնարավորությունը: Դրանով Արթուր Մարտիրոսյանը «լիազորված է» ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 1-12-րդ կետերով նախատեսված գործողությունները կատարելու ոչ թե «լիազորողի» անունից, այլ Տուժողի, Հայցվորի, Դիմողի, Պատասխանողի, Երրորդ անձի, Պարտապանի անունից` առանց նշելու, որ խոսքը վերաբերում է հենց լիազորողի թվարկված դատավարական կարգավիճակներից որևէ մեկով գործի մասնակցելու յուրաքանչյուր դեպքի»:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով բողոք բերած անձը կրկին ներկայացված բողոքում վերացրել է որոշմամբ նշված թերությունները՝ միաժամանակ կցելով նաև ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթը:

Ելնելով այն հանգամանքից, որ ներկայացված լիազորագրում լիազորողի անունը նշված է Արմեն Մելսիկի Դալլաքյան, իսկ լիազորողի ստորագրությունը դրված է՝ լիազորագրի ներքևի մասում նշված «Արմեն Մելսի Դալլաքյան» նշման դիմաց, Վերաքննիչ դատարանը բացառել է լիազորագիրը լիազորողի կողմից ստորագրված համարելու «իրավաչափ հնարավորությունը», մինչդեռ Վճռաբեկ դատարանի կարծիքով նշված հանգամանքը հիմք չէ լիազորագիրն Արմեն Դալլաքյանի կողմից ստորագրված լինելու հնարավորությունը բացառելու համար, իսկ այդ հնարավորության իրավաչափությունը ենթակա է գնահատման վերն արտահայտած դիրքորոշմանը համապատասխան, այն է՝ էական չի կարող համարվել լիազորողի հայրանվան մեջ սխալի առկայությունը, քանի որ լիազորողի ազգանունն ու անունը նշված են ճիշտ, լիազորագրում նշված են լիազորողի անձի նույնականացման համար անհրաժեշտ անձնագրային և այլ տվյալները, ինչպես նաև գործի ողջ նյութերից հետևում է, որ սույն գործին մասնակցող անձ է հանդիսանում Արմեն Դալլաքյանը:

Անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը՝ կապված լիազորող անձի դատավարական կարգավիճակը կասկածի տակ դնելու հետ, քանի որ Արմեն Դալլաքյանը սույն գործով հայցվորն է, իսկ լիազորագիրն Արթուր Մարտիրոսյանին տրվել է, ի թիվս այլ կարգավիճակի անձանց կողմից, որպես հայցվորի ներկայացուցիչ ՀՀ բոլոր դատական ատյաններում հանդես գալու համար: Ավելին, լիազորագրում հայցվորի կարգավիճակը նշելը ևս մեկ լրացուցիչ փաստ է, որի հիման վրա Վերաքննիչ դատարանը կարող էր հավաստիանալ, որ լիազորագիրը տրվել է սույն գործով հայցվոր Արմեն Դալլաքյանի կողմից:

Նախկինում կայացրած որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը (տե՛ս, Ավետիք Ստեփանյանի ընդդեմ Համաս, Ալմաստ, Արթուր Հովակիմյանների թիվ ԵԱԴԴ/0998/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը կրկին նշում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով 20.10.2020 թվականի լիազորագիրը տրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի և 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված պարտադիր պայմանների պահպանմամբ, այսինքն՝ տվյալ դեպքում պահպանված են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պահանջները, մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերը նշված հանգամանքները հաշվի չի առել:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ոչ իրավաչափորեն է մերժել Արմեն Դալլաքյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` Արմեն Դալլաքյանին զրկելով Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրա` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 24.11.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 24.11.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.11.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան