ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2022 թվականի N 267-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-156-04.02.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-156-04.02.2022-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է լրացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ նաև օրենսգիրք) նոր՝ 301.2-րդ հոդվածով:
Վերոնշյալ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ դրանով առաջարկվում է քրեականացնել`
ա. Հայաստանի Հանրապետության տարածքի (դրա մի մասի) Հայաստանի Հանրապետության պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը կամ նշված գործողությունները հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը,
բ. Հայաստանի Հանրապետության տարածքի (դրա մի մասի) նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտություններ կատարելը կամ քննարկվող արարքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:
Վերոնշյալի կապակցությամբ նախագծի հեղինակների կողմից կից ներկայացված հիմնավորմամբ փաստվել է, որ «(…) Գործող քրեական օրենսգիրքը նույնպես որդեգրել է այս հայեցակարգային մոտեցումը, սակայն դրանում առկա քրեորեն պատժելի արարքների նկարագրությունը բավարար չափով սպեցիֆիկացված չէ. չկա մասնավորեցում և որոշակիություն կոնկրետ հանցակազմերի և դրանց առանձին դրսևորումների վերաբերյալ. հանցակազմերի ընդհանրական ձևակերպումներից ուղղակիորեն չի հետևում, որ Հայաստանի Հանրապետության տարածքի առանձին մասերի վերաբերյալ Սահմանադրության խախտմամբ ձեռնարկվող առանձին գործողություններ կամ հայտարարություններ, որոնք փոխկապակցված չեն բռնության կամ դրա սպառնալիքի հետ, քրեորեն պատժելի են որպես տարածքային ամբողջականության խախտմանը կամ դրա արդարացմանն ուղղված արարքներ, այլ ոչ թե, օրինակ՝ որպես լիազորությունների չարաշահում, այսինքն, ընդ որում, այդ հանցագործության համար սահմանված պատժաչափերը, այդ թվում՝ տուգանքի չափը, ակնհայտորեն համարժեք չեն լինի այդպիսի արարքի ծանրությանը, հանրային վտանգավորության աստիճանին և հետևանքներին: Նույնը վերաբերում է նույնպես պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություն հանդիսացող պետական լիազորություններն անցնելուն: (…)»1:
Այսպիսով, հիմնավորմամբ նշվում է, որ օրենսգրքով նախատեսված չէ պատասխանատվություն՝ բռնության կամ դրա սպառնալիքի հետ չզուգորդված այնպիսի գործողությունների համար, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մի մասի վերաբերյալ Սահմանադրությամբ սահմանված կարգի խախտմամբ գործողություններ կատարելու համար, իսկ մյուս բոլոր արարքները, որոնք կարող են դիտարկվել որպես պաշտոնական լիազորությունների չարաշահում կամ անցում, ակնհայտ մեղմ պատիժ են նախատեսում:
Չհամաձայնելով ներկայացված դիտարկումների հետ՝ հարկ ենք համարում նշել հետևյալը՝
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով պատասխանատվություն է սահմանվում պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր անելու համար:
Պետք է արձանագրել, որ այս հոդվածը նույնպես կոչված է տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված խոսքի սահմանափակմանը, և այս առնչությամբ կարող է ծառայել նախագծի հեղինակների կողմից վկայակոչված խնդիրների մի մասի հասցեագրմանը։
Միաժամանակ, հարկ է նկատել, որ ինչպես քննարկվող, այնպես էլ օրենսգրքի մի շարք այլ հոդվածներում (225-րդ հոդվածի 4-րդ մաս, 225.1-ին հոդվածի 2-րդ մաս, 226.1-ին հոդվածի 1-ին մաս, 226.2-րդ հոդված, 301-րդ հոդված և 385-րդ հոդված և այլն) զետեղված հանցակազմերում քրեական պատասխանատվություն է սահմանվում «հրապարակայնորեն կոչեր» անելու համար, որոնք զուգորդվում են այլ անձանց համապատասխան արարքի կատարմանը մղելու հնարավորություն ստեղծելով, ինչը նախագծով առաջարկվող կարգավորումների համեմատ նեղացնում է օրենսգրքի 301-րդ և վկայակոչված այլ հոդվածների կիրառման շրջանակը։ Ընդ որում, նման կարգավորումն ինքնանպատակ չէ, այլ բխում է կարծիքի արտահայտման ազատության սահմանադրական իրավունքը սահմանափակող միջոցների համաչափությունն ապահովելու անհրաժեշտությունից:
Ասվածի համատեքստում պետք է վկայակոչել նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 14-ի N ՍԴՈ-766 որոշմամբ տեղ գտած արձանագրումները. «(...) Պետական իշխանությունն իրականացվում է գործառույթ ինստիտուտ իրավասություն եռամիասնական սահմանադրական ներդաշնակության հիման վրա` մարդու իրավունքների և ազատությունների սահմանադրորեն նախատեսված սահմանափակումների շրջանակներում: Այդ եռամիասնության մեջ ինստիտուտն ու իրավասությունը միջոց են գործառույթն իրականացնելու համար, որը ներկայացուցչական ժողովրդավարության սկզբունքների հիման վրա տեղի է ունենում Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կառուցակարգերի, կոնկրետ լիազորությունների, ձևերի ու մեթոդների շրջանակներում, որոնց արդյունքում երաշխավորվում է պետության ողջ տարածքում հասարակական հարաբերությունների կանոնակարգումը (համապարտադիր վարքագծի կանոնների սահմանումը) և դրանց իրացման ապահովումը: Դրանցից դուրս իրականացվող գործողությունները ճանաչվում են որպես հակաիրավական: Նման հակաիրավական գործողությունների թվին են դասվում նաև Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանադրական ինստիտուտին վերապահված պետաիշխանական գործառույթին և դրա իրականացման միջոցներին բռնությամբ տիրանալը, իրեն ենթարկելը կամ այլ կերպ` զավթելը: (…) Այս համատեքստում սահմանադրական կարգը բռնի տապալելու նպատակով իրավունքների և ազատությունների օգտագործման արգելումն ունի այն սահմանադրաիրավական իմաստը, որ իրավունքների չարաշահման արգելք է նախատեսվում այնպիսի գործողությունների համար, որոնք ուղղված են սահմանադրորեն նախատեսված իրավակարգավորումը բռնության գործադրմամբ ձախողելուն (կործանելուն, քայքայելուն, ավերելուն և այլն), անիրագործելի դարձնելուն: (…)»:
Ուշադրության է արժանի նաև այն, որ նախագծում ներառված ձևակերպումները չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին2: Այսպես, նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված՝ «Հայաստանի Հանրապետության կամ դրա մի մասի կասկածի տակ դնելը կամ հերքելը» ձևակերպումը պարզ չէ այն տեսանկյունից, թե բովանդակային առումով ի՞նչ է այն ենթադրում, բացի դրանից, հստակ չէ, թե նման գործողությունները պետք է կատարվեն հրապարակա՞վ, թե ոչ, կամ արդյո՞ք երկու և (կամ) ավելի անձի ներկայությամբ նման տեսակետ արտահայտելը հանգեցնում է քրեական պատասխանատվության, թե ոչ։ Մյուս կողմից արդեն նույն մասում նշվում է այլ անձի կողմից կատարված նման գործողությունները (արտահայտված տեսակետը, հայտարարությունը) «արդարացնելու» կամ «քարոզելու» մասին, որոնք, սակայն, պետք է կատարվեն հրապարակավ: Այս առումով անհասկանալի է նման տարբերակված մոտեցումը, քանի որ հիշյալ իրավիճակը կարող է առաջացնել բարդություններ թե՛ արարքի որակման, թե՛ իրավական որոշակիության տեսանկյունից:
Բացի դրանից, խնդրո առարկա հոդվածի 2-րդ մասով որպես քրեորեն պատժելի արարք նշված է ոչ իրավաչափ կերպով «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելու կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտություններ» անելը և կրկին նման գործողությունները հրապարակայնորեն «արդարացնելը» կամ «քարոզելը»:
Ինչպես տեսնում ենք, հոդվածի 2-րդ մասով օգտագործվում է «հրապարակային արտահայտություն» եզրույթը և այս առումով հատկանշական է, որ ինչպես արդեն նշվեց, օրենսգրքի՝ ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակող հոդվածներով գերազանցապես որպես քրեորեն պատժելի արարք նախատեսվում են «հրապարակային կոչերը», այլ ոչ թե «արտահայտությունները»: Բանն այն է, որ «արտահայտություն» և «կոչ» հասկացությունների միջև առկա է տարանջատվածություն ինչպես ստուգաբանական3, այնպես էլ իրավական գործածության առումով, մասնավորապես, հայտարարության բնույթ կրող քննադատությունը կամ արտահայտությունը չի կարող որակվել որպես կոչ, որն անհամատեղելի է խոսքի ազատության իրավունքի հետ: Այլ կերպ, հրապարակային կոչերը դրսևորվում են այնպիսի գործողություններով, մարդկանց նկատմամբ այնպիսի ազդեցությամբ, որի արդյունքում վերջիններիս մոտ ողջամտորեն կարող է առաջանալ ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ցանկություն: Այդպիսի գործողություններ կարող են հանդիսանալ մարդկանց դիմելը, նրանց համոզելը, հրահրելը և այլն: Որպես կանոն, կոչերը չեն ունենում կոնկրետ ուղղվածություն, այլ ունենում են ընդհանրական բնույթ:
Այս առումով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաև խոսքի ազատության կոնվենցիոն իրավունքի սահմանափակման առնչությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ, Դատարան) արտահայտած դիրքորոշումներին։
Այսպես, կարևոր է արձանագրել, որ ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այնպես էլ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) սահմանվում են այն իրավաչափ նպատակները, որոնց առկայության պարագայում միայն խոսքի կամ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել։
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
Խնդրո առարկա հանգամանքի կապակցությամբ ուշագրավ պետք է համարել նաև Դատարանի դիրքորոշումն այն մասին, որ «Այս ազատությունը կիրառելի է ոչ միայն այնպիսի «տեղեկությունների» կամ «գաղափարների» նկատմամբ, որոնք բարյացակամորեն կամ անտարբերությամբ են ընդունվում կամ համարվում են անվնաս, այլև այնպիսիների, որոնք վրդովեցուցիչ, ցնցող կամ անհանգստացնող են: Դա է բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության թելադրանքը, առանց որի չկա «ժողովրդավարական հասարակություն»4:
Վերոգրյալի համատեքստում տեղին է հիշատակել, որ խոսքի ազատության իրավունքի ոչ արդարացված սահմանափակումը կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան չարաշահումը՝ արդյունքում սպառնալիք ստեղծելով կամ վնաս հասցնելով անձանց, հասարակության և պետության շահերին:
Հենց այս տրամաբանությամբ է կարևորվում «ազատ խոսքիե սահմանների ուրվագծումը, այն «կարմիր գծի» սահմանների ընդգծումը, որի հատումը կարող է վնաս հասցնել կամ վտանգել վերը նշված հիմնարար արժեքներին, որոնց պաշտպանությունն իրականացվում է իրավական համապատասխան գործիքակազմի՝ կոնկրետ դեպքում քրեաիրավական նորմերի անմիջական ներգործության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ, ինչպես արդեն նշվեց, նախագծով օգտագործվում են մի շարք ընդհանրական եզրույթներ՝ պետք է կարևորել նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի N ՍԴՈ-766 որոշմամբ արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ «(…) քննադատությունը չի կարող վերածվել բռնության կոչերի, որն անհամատեղելի է խոսքի ազատության իրավունքի հետ: Հանցակազմի առկայության համար էական է, որ բռնության կոչերը հրապարակային բնույթ կրեն, այսինքն, լինեն բացահայտ և ընկալելի, ուղղված մարդկանց լայն շրջանակի` նրանց դրդելով բռնության կիրառման: (…)»:
Բացի դրանից, կարևոր ենք համարում անդրադառնալ նաև խնդրո առարկա հարցով ՄԻԵԴ-ի արտահայտած տեսակետներին՝
Այսպես, «Ջեյլանն ընդդեմ Թուրքիայի» (Ceylan v Turkey, no. 23556/94, ECHR 1999-IV) գործով դիմողը նավթարդյունաբերական ընկերության աշխատակիցների արհմիության նախագահն էր և 1991 թվականին գրել է մի հոդված հետևյալ խորագրով` «Բանվորնե՛ր, եկել է արտահայտվելու ժամանակը, վաղը կարող է ուշ լինել», որով, ի թիվս այլնի, նշվել է հետևյալը. «Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայում շարունակաբար մոլեգնող ահաբեկչական գործողություններն ակնհայտորեն պայմանավորված են միջազգային մակարդակով քուրդ ժողովրդի նկատմամբ իրականացվող իմպերիալիստականվերահսկողական քաղաքականությամբ: Թուրքիայում տեղի է ունեցել քրդերի ցեղասպանություն: Փորձեր են արվել խեղդել և լռեցնել քուրդ ժողովրդին»: Որոշ ժամանակ անց Ստամբուլի ազգային անվտանգության դատարանը դիմողին մեղավոր է ճանաչել ատելություն սերմանող և թշնամանք հրահրող գաղափարներ ոչ հրապարակավ տարածելու համար` նրան դատապարտելով մեկ տարի ութ ամիս ժամկետով ազատազրկման, ինչպես նաև նշանակելով տուգանք՝ 100,000 թուրքական լիրայի չափով:
Հաստատված համարելով, որ դիմողի դատապարտումը «նախատեսված է եղել օրենքով» և միտված է եղել «ազգային անվտանգությունը», «հասարակական կարգը» և «տարածքային ամբողջականությունը» պահպանելու օրինական նպատակներին՝ ՄԻԵԴ-ն արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում՝ չհամարելով, որ դիմողի դատապարտումն անհրաժեշտ էր «ժողովրդավարական հասարակությունում», քանի որ քննադատական հոդվածը գրելիս վերջինս հանդես է եկել արհմիության առաջնորդի` Թուրքիայի քաղաքական ասպարեզում դերակատարի կարգավիճակով, ու թեև նշված հոդվածը խիստ պարսավանք է պարունակել, հեղինակը չի հրահրել ընթերցողներին բռնության դիմել, զինված դիմադրություն ցուցաբերել կամ ապստամբել: Դատարանի կարծիքով` վերոնշյալ հանգամանքը կարևոր գործոն է, որը պետք է անպայման հաշվի առնել (պարբ. 36):
Կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ որպես կանոն, Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտմանն առնչվող գործեր քննարկելիս Դատարանը հաշվի է առնում այն սոցիալական ենթատեքստը, որում արտահայտություններն արվել են, արդյոք խոսքը կարող է համարվել բռնության, ատելության, անհանդուրժողականության հրահրող5, կամ արդյոք այդ խոսքը 10-րդ հոդվածի 2-րդ կետով հիշատակվող շահերին անմիջականորեն սպառնում է, որն անհրաժեշտ կդարձնի քրեաիրավական միջամտությունը6։
Ասվածի համատեքստում է՛լ ավելի ակներև է դառնում, որ Գարտահայտություններգ եզրույթի ընդհանրական բնույթը կարող է հանգեցնել իրավիճակների, երբ Եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող խոսքը կհամարվի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված։
Այս իմաստով օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված արարքի փաստական կողմը ոչ թե «հրապարակային կոչի», այլ «պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն և սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչերի» համար է պատասխանատվության սահմանում: Հետևաբար, անգամ այն հրապարակային կոչերի կամ արտահայտությունների համար, որոնք չեն պարունակում նշված հատկանիշները, կրում են ընդհանրական բնույթ, տրամաբանորեն հանդիսանում են քննադատություն և ունակ չեն անմիջականորեն վտանգի տակ դնելու հիշյալ բարիքները կամ այդպիսի սպառնալիք ստեղծելու վերջիններիս համար, քրեական պատասխանատվություն չի կարող նախատեսվել:
Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ նախագծով առաջարկվող փոփոխության նպատակահարմարությունը բացակայում է:
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող փոփոխության նպատակահարմարությունը ևս բացակայում է՝ հաշվի առնելով քննարկվող նախագծերի տրամաբանական փոխկապակցվածությունը:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծերի փաթեթով քննարկվող օրենսգրքերի գործող հոդվածները թողնել անփոփոխ:
____________________
1 Մեջբերումը կատարված է նախագծի հիմնավորումներից՝ բառացիորեն (verbatim):
2 ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, իր որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ, մասնավորապես, որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753), օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (ՍԴՈ-1176, ՍԴՈ-1449):
3 Տե՛ս Է. Աղայան. Արդի հայերենի բացատրական բառարան։ «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1976 թ., 144 և 758 էջեր:
4 Տե՛ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի թիվ 9815/82 դիմումով ՄԻԵԴ 08.07.1986 թվականի վճիռ, պարբ. 41, Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի թիվ 11662/85 դիմումով ՄԻԵԴ 23.05.1991 թվականի վճիռ, պարբ. 57 և այլն:
5 Տես, ի թիվս այլնի, Պերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի (Perinջek v. Switzerland), դիմում թիվ 27510/08, պարբ. 205-206:
6 Տես, Գյուլն ու այլոք ընդդեմ Թուրքիայի (GՖl and Others v. Turkey), դիմում թիվ 4870/02, 08.06.2010 վճիռ, պարբ. 42:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|