ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՍՍՌ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայիդատավճիռ 273/9821-42 |
ՎԲ-02/10 |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ՝ Վճռաբեկ դատարան/
նախագահությամբ` |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ | ||
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |
2010 թվականի մայիսի 4-ին |
ք. Երևան |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Մակիչ Խաչատուրի /Խաչատրի/ Առաքելյանի վերաբերյալ ՀՍՍՌ 1927 թվականի քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՍՍՌ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1942 թվականի սեպտեմբերի 18-ի դատավճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 1942 թվականի հունվարի 14-ին որոշումներ են կայացվել ՀՍՍՌ 1927 թվականի քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ կասկածվող Մակիչ Առաքելյանին ձերբակալելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին։
1942 թվականի հունվարի 31-ին Մ.Առաքելյանը կալանավորվել է։
1942 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ Մ.Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՍՍՌ 1927 թվականի քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով։
1942 թվականի հուլիսի 5-ին կազմվել է մեղադրական եզրակացություն, և գործն ուղարկվել է դատարան՝ ըստ ընդդատության։
2. ՀՍՍՌ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1942 թվականի սեպտեմբերի 18-ի դատավճռով Մակիչ Խաչատուրի /Խաչատրի/ Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՍՍՌ 1927 թվականի քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 /վեց/ տարի ժամկետով` 3 /երեք/ տարի ժամկետով ընտրական իրավունքի սահմանափակմամբ, անձնական գույքի բռնագրավմամբ։
3. ՀՍՍՌ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1942 թվականի սեպտեմբերի 18-ի դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանը։
2010 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով (դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Գործի փաստական հանգամանքները և Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
4. Ըստ ՀՍՍՌ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի դատավճռի՝ Մ.Առաքելյանը դատապարտվել է այն արարքի համար, որ «ունենալով կուլակային ծագում և նրա բարեկամները կալանավորված լինելով որպես ժողովրդի թշնամիներ, տրամադրված է եղել հակասովետականորեն և նրա այդ հակասովետական տրամադրություններն արտահայտել է այն ժամանակ, երբ գյուղում անցկացրել են կարմիր բանակին տաք հագուստով օգնելու կամպանիա, նա հակասովետական, հակառևոլյուցիոն տրամադրություններ է հայտնել սովետական իշխանության և նրա վարած քաղաքականության մասին՝ մթերումների կապակցությամբ»։
5. Մ.Առաքելյանի մեղադրանքի հիմքում դրվել են այն փաստական տվյալները, որ նա ունեցել է կուլակային ծագում, և նրա ազգականները կալանավորված են եղել որպես ժողովրդի թշնամիներ։
6. ՀՍՍՌ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան Մ.Առաքելյանի մեղքն ապացուցված է համարել «գործի տվյալներով, վկաների ցուցմունքներով»։
7. Մ.Առաքելյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել` նշելով, որ գործով հարցաքննված վկաներն իրեն զրպարտում են։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
8. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտը ծանր հետևանքներ է առաջացրել Մ.Առաքելյանի համար։
Համաձայն բողոքի՝ դատավճռի բովանդակությունից հետևում է, որ Մ.Առաքելյանի մեղադրանքի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ վերջինս ունեցել է կուլակային ծագում և նրա բարեկամները կալանավորված են եղել որպես ժողովրդի թշնամիներ, մինչդեռ, ըստ բողոք բերած անձի` նշված հանգամանքները չէին կարող դիտվել որպես նրա մեղքը հաստատող ապացույցներ և դրվել մեղադրանքի հիմքում։ Բացի այդ, Մ.Առաքելյանի մեղադրանքի հիմքում դրվել են նաև վկաներ Պ.Կիրակոսյանի, Վ.Առուստամյանի և Ա.Թուխտարյանի ցուցմունքներն այն դեպքում, երբ գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ վկաները Մ.Առաքելյանի կողմից արտահայտած մտքերի վերաբերյալ տվել են իրարամերժ բովանդակություն ունեցող ցուցմունքներ։
Բացի այդ, Մ.Առաքելյանը գործի քննության ողջ ընթացքում երբևէ չի ընդունել առաջադրված մեղադրանքը՝ հայտնելով, որ վկաներն իրեն զրպարտում են, ինքն իրականում ընդամենը հայտնել է, որ իրենից պահանջում են այնպիսի նյութական արժեքներ, որոնք չունի։
Գործի նյութերի վերլուծության համատեքստում բողոքի հեղինակը փաստարկել է, որ գործի տվյալները բավարար չեն Մ.Առաքելյանի մեղադրանքը հաստատված համարելու համար, հետևաբար նրա գործողությունները հանցակազմ չեն պարունակում։
9. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Մ.Առաքելյանի վերաբերյալ ՀՍՍՌ 1927 թվականի քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՍՍՌ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1942 թվականի սեպտեմբերի 18-ի դատավճիռը և գործի վարույթը կարճել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք Մ.Առաքելյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և ապացուցվա՞ծ է արդյոք արարքը, որի մեջ մեղադրվել է Մ.Առաքելյանը։
11. ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանքն, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»։
ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված` հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները»։
Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ որպես ապացույց թույլատրվում են` կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի, ամբաստանյալի, դատապարտյալի ցուցմունքները, փորձագետի եզրակացությունը, իրեղեն ապացույցները, քննչական և դատական գործողությունների արձանագրությունները և այլ փաստաթղթերը։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե՝
(….)
2) արարքի մեջ հանցակազմ չկա.
(….)»։
Վերոգրյալ հոդվածների բովանդակությունից հետևում է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքը` անձի կողմից մեղավորությամբ կատարված, կոնկրետ հանցակազմի բոլոր հատկանիշները պարունակող և գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ հաստատված արարքի կատարման փաստն է։ Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա։
12. Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(…) քրեադատավարական օրենքով ապացույցներին և ապացուցման գործընթացին ներկայացվող պահանջները հետևյալն են.
ա) ապացույցները պետք է պարունակեն ոչ թե գնահատողական դատողություններ, կարծիքներ, այլ կոնկրետ փաստական տվյալներ որոշակի գործողությունների, իրադարձությունների վերաբերյալ,
բ) այդ փաստական տվյալները պետք է ձեռք բերվեն օրենքով նշված աղբյուրներից և վերաբերվեն կոնկրետ տվյալ գործին և ապացուցման առարկային,
գ) ապացույցները պետք է ձեռք բերվեն, ամրագրվեն և օգտագործվեն քրեադատավարական օրենքով սահմանված կարգով (…)» (տե՛ս Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 որոշումը, կետ 13)։
13. Սույն գործով Մ.Առաքելյանի նկատմամբ կայացված դատավճռից երևում է, որ նա դատապարտվել է կարմիր բանակին տաք հագուստով օգնելու միջոցառման ժամանակ հակասովետական, հակահեղափոխական տրամադրություններ արտահայտելու համար՝ կապված մթերումների հետ։ Մ.Առաքելյանի մեղադրանքի հիմքում դրվել են այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` կուլակային ծագում ունենալը և նրա ազգականների` որպես ժողովրդի թշնամիներ կալանավորված լինելը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը)։
14. Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստերի նկատմամբ կիրառելով սույն որոշման 12-րդ կետում մեջբերված իրավական հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի իմաստով վերը նշված` կուլակային ծագում ունենալու և ազգականների կալանավորված լինելու հանգամանքները կոնկրետ մեղադրանքին վերաբերելի չեն, ուստի Մ.Առաքելյանին մեղսագրված արարքի առկայությունը հաստատող կամ հերքող փաստական տվյալներ որևէ պարագայում հանդիսանալ չեն կարող։ Հետևաբար, այդ փաստական տվյալները Մ.Առաքելյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի հիմքում դրվել չէին կարող։
15. Բողոքարկված դատական ակտից երևում է նաև, որ Մ.Առաքելյանի մեղքն ապացուցված է համարվել «գործի տվյալներով, վկաների ցուցմունքներով» (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը)։
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Մ.Առաքելյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճռում չեն նշվել այն ապացույցները, որոնցով դատական կոլեգիան հաստատված և ապացուցված է համարել Մ.Առաքելյանին մեղսագրված արարքը և նրա մեղավորությունն այդ արարքի մեջ։ Չեն նշվել նաև ապացույցներ, որոնցով կհերքվեին Մ.Առաքելյանի կողմից մեղքը չընդունելու և նրան մեղսագրված արարքը չկատարելու վերաբերյալ նրա պատճառաբանությունները (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։ Դատական ակտում չի պարզաբանվել, թե գործի որ տվյալներով, որ վկաների և ինչ բովանդակություն ունեցող ցուցմունքներով է դատարանը հաստատված և ապացուցված համարել Մ.Առաքելյանին մեղսագրված հանցավոր արարքի կատարումը։
Գործի նյութերից երևում է, որ Մ.Առաքելյանի մեղքը հիմնավորող ապացույցներ չեն մատնանշվել նաև մեղադրական եզրակացության մեջ։ Անգամ մեղադրական եզրակացության դատակոչի ցուցակում ընդգրկված վկաների` Պ.Կիրակոսյանի, Վ.Առուստամյանի և Ա.Թուխտարյանի ցուցմունքների բովանդակությունից երևում է, որ վկաները մեղադրանքի վերաբերյալ տվել են իրարամերժ ցուցմունքներ, որոնցով Մ.Առաքելյանին մեղսագրված արարքը նույնպես չի ապացուցվում։
Արդյունքում, Մ.Առաքելյանի նկատմամբ կայացվել է չհիմնավորված և չպատճառաբանված մեղադրական դատավճիռ, որը հիմնված է զուտ ենթադրությունների վրա։
16. Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշման 11-15-րդ կետերում առկա դատողությունները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն արարքը, որի կատարման մեջ մեղադրվել է Մ.Առաքելյանը, ինչպես նաև նրան մեղսագրված հանցանքի կատարման մեջ նրա մեղավորությունը չեն ապացուցվել։ Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա Մ.Առաքելյանի վերաբերյալ կայացված դատական ակտը ենթակա է բեկանման, քրեական գործի վարույթը՝ կարճման` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
17. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մ.Առաքելյանն անհիմն ենթարկվել է քրեական պատասխանատվության, այսինքն՝ սույն գործով թույլ է տրվել դատական սխալ, որը ծանր հետևանքներ է առաջացրել Մ.Առաքելյանի համար՝ նա դատապարտվել է տևական ժամկետով ազատազրկման (վեց տարի), սահմանափակվել է նրա ընտրական իրավունքը և բռնագրավվել է նրա անձնական գույքը։
18. «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` «Բռնադատված է համարվում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում (սկսած 1920 թվականի նոյեմբերի 29-ից) նախկին ԽՍՀՄ-ի տարածքում քաղաքական շարժառիթներով`
ա) դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65, 67, 69, ինչպես նաև 206/1 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով և հետագայում արդարացվել է.
(…)»
«Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի լույսի ներքո վերլուծելով սույն որոշման 17-րդ կետում արձանագրված՝ ծանր հետևանքներ առաջացրած դատական սխալի վերաբերյալ դատողությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մաս)։ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բեկանումը պայմանավորված է «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքով անձին երաշխավորված իրավունքների իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Մակիչ Խաչատուրի /Խաչատրի/ Առաքելյանի վերաբերյալ ՀՍՍՌ 1927 թվականի քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՍՍՌ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1942 թվականի սեպտեմբերի 18-ի դատավճիռը բեկանել, քրեական գործի վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ե. Դանիելյան | |
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ | |
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ | |
Ս. Օհանյան |