Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.05.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0095/06/19

Գործ թիվ ԵԴ/0095/06/19

Նախագահող դատավոր՝  Ս. Մարաբյան

 

         

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

     

2020 թվականի մայիսի 26-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Հայկ Վարդանի Մանուկյանի վերաբերյալ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հուլիսի 11-ի որոշման դեմ պաշտպան Հ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է թիվ 20101519 քրեական գործը։

2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 69100319 քրեական գործը, որը նույն օրը միացվել է թիվ 20101519 քրեական գործին։

2. 2019 թվականի փետրվարի 15-ին Հայկ Վարդանի Մանուկյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

3. Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ Հայկ Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։

4. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան), քննության առնելով կասկածյալ Հ.Մանուկյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ պաշտպան Զ.Հարությունյանի բողոքը և Հ.Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը, 2019 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ պաշտպանի բողոքը և քննիչի միջնորդությունը մերժել է:

5. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի փետրվարի 16-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Բարսեղյանը:

6. ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան), 2019 թվականի հունիսի 10-ի որոշմամբ դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մասի և 394-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի լուծման խնդրանքով: Դատական գործի վարույթը կասեցվել է` մինչև ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշման ուժի մեջ մտնելը:

7. ՀՀ Սահմանադրական դատարանի` 2019 թվականի հունիսի 21-ի թիվ ՍԴԱՈ-54 աշխատակարգային որոշմամբ գործի քննության ընդունումը մերժվել է:

8. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 26-ի որոշմամբ դատական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:

9. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 16-ի որոշումը բեկանվել է և դատական գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ քննիչի միջնորդությունն այլ կազմով նոր քննության ենթարկելու համար:

10. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 11-ի որոշման դեմ մեղադրյալ Հ.Մանուկյանի պաշտպան Հ.Սարգսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

11. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(...) [Վ]արույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված տեղեկությունները բավարար չեն հավաստելու Հ.Մանուկյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքով հանցանք կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկածը և նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է մերժման:

Հանգելով հետևության, որ Հ.Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, Դատարանը չի անդրադառնում կալանավորման հիմքերին։ (...)»2։

12. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել այնպիսի դատական սխալ, որն ազդել է սույն դատական գործի ելքի վրա և որը հնարավոր չէ ուղղել վերանայման վարույթի շրջանակներում:

Բանն այն է, որ Առաջին ատյանի դատարանը բավարար չափով չի գնահատել «հիմնավոր կասկածի» առկայության մասին վկայող նյութերում առկա ապացուցողական զանգվածը և անտեսել է հիմնավոր կասկածի ապացուցվածության աստիճանին ներկայացվող չափանիշները:

Նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ առկա են բավարար փաստական տվյալներ առ այն, որ մեղադրյալն առնչություն ունի իրեն մեղսագրված ենթադրյալ հանցագործությանը, որ այդ դեպքը, իրադարձությունն առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներին:

Գործով հաստատված է այն հանգամանքը, որ տեղի է ունեցել զենքի գործադրմամբ ենթադրաբար կատարված խուլիգանության դեպք, որին առերևույթ առնչություն ունի նաև մեղադրյալը: Այս հանգամանքը չի հերքել նաև Առաջին ատյանի դատարանը, այլ պարզապես գնահատականներ տալուց ցուցաբերել է բավականին խիստ մոտեցում: Դատարանը մասնավորապես վկայակոչելով նյութերում առկա ապացուցողական տվյալները, նշել է, որ «Վերը թվարկված վկաներից ոչ ոքի ցուցմունքներում առկա չեն այնպիսի փաստական տվյալներ, որ Հ.Մանուկյանի մոտ առկա է եղել, կամ վերջինիս կողմից գործածվել է զենք, կամ զենքին նմանվող առարկա, բացակայում են տեղեկություններ նաև այն մասին, որ Հ.Մանուկյանը իմացել կամ գիտակցել է, որ մասնակցում է խմբի կազմով զենք, կամ զենքին նմանվող առարկայի գործադրմամբ խուլիգանության կատարմանը: Թերևս, վերը թվարկված վկաների ցուցմունքներից բացառություն են կազմում միայն Գարիկ Գրիգորյանի ցուցմունքները, որով վերջինս նշում է միայն, որ Հ.Մանուկյանը փորձել է հարվածել կամ բռնել օձիքից: Ինչ վերաբերվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ գրություններին, ապա դրանցում միայն նշվում է, որ Հ.Մանուկյանը մասնակից է եղել տվյալ դեպքին»:

Չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի հետևություններին` պետք է փաստել, որ նախևառաջ դատարանը հակասել է ինքնիրեն, քանի որ հաստատած համարելով մեղադրյալի մասնակցությունը դեպքին, մասնավորապես այն, որ նա փորձել է հարվածել կամ բռնել վեճի մասնակից այլ անձի օձիքից, միաժամանակ հաստատված չի համարել հիմնավոր կասկածի առկայությունը: Մինչդեռ այդ հանգամանքը բավարար էր քննության սկզբնական փուլում հիմնավոր կասկածի առկայության մասին հետևություն անելու համար:

Առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ դատարանը կալանավորման կիրառման համատեքստում քննության առարկա է դարձրել մեղադրյալի մեղավորության, նրա դիտավորության հարցերը, մինչդեռ դրանք գործն ըստ էության քննելու փուլում լուծման ենթակա հարցեր են: Հաշվի առնելով, որ ըստ նյութերում առկա փաստական տվյալների` մեղադրյալի մասնակցությունն ու առնչությունը քննության առարկա դեպքին հաստատված է, որն առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներին` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիմնավոր չեն Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր կասկածի բացակայության մասին, ուստի այս մասով բողոքը հիմնավոր է և ենթակա է բավարարման:

(...) Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկներին, որոնք վերաբերում են Վերաքննիչ դատարանի կողմից կալանավորման հիմքերի և այլ պայմանների առկայությանը` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ այդ հարցերին իրավասու չէ անդրադառնալ, քանի որ վերաքննիչ դատարանը, հանդես գալով որպես վերանայման ատյան, պետք է որոշի արդեն իսկ կայացված դատական ակտի իրավաչափության հարցը՝ համապատասխան բողոքի առկայության դեպքում և այդ բողոքի առարկայի շրջանակներում, քանի որ օրենսդիրը վերաքննիչ դատարանի համար պահպանել է սահմանափակ վերանայման ընդհանուր կանոնը, մինչդեռ, եթե Վերաքննիչ դատարանն անդրադառնա կալանավորման հիմքերին և այլ պայմաններին, ապա կխախտի մի շարք հիմնարար սկզբունքներ:

(...)

(...) [Դ]ատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի իմաստով՝ վերաքննությունը չի կարող քննության առարկա դարձնել և ըստ էության լուծում տալ այնպիսի հարցերի, որոնք տվյալ գործով քննության ենթակա չէին առաջին ատյանի դատարանում, քանի որ դրանով ապահովվում է դատական ատյանների միջև գործառույթային կապերի տրամաբանական բնույթը և հստակ ընդգծում առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման նշանակությունը: Կոնկրետ ձևավորած իրավակիրառ պրակտիկայի պայմաններում, երբ հիմնավոր կասկածի հարցը քննարկելուց դատարանը հանգում է հետևության, որ այն բացակայում է և դրանով պայմանավորված չի անդրադառնում կալանավորման մյուս պայմանների և հիմքերի հարցերին, ապա այդ ակտի դեմ բողոքի դեպքում, երբ վերաքննիչ դատարանը հաստատված է համարում հիմնավոր կասկածի առկայությունը, ապա չի կարող այլ բան անել, քան բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և նյութն ուղարկել նույն դատարան այլ կազմով նոր քննության՝ ինչպես Է.Եղիազարյանի որոշմամբ արվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից:

(...)

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պետք է ղեկավարվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ձևավորած իրավական դիրքորոշումներով և լուծել կոնկրետ սույն բողոքի վերջնական ընթացքը, այն է` բեկանել դատական ակտը և նյութն ուղարկել նույն դատարան` քննիչի միջնորդությունը ՀՀ Սահմանադրությանը, ՄԻԵԿ-ին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, ՀՀ վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ-ի կողմից ձևավորած իրավական դիրքորոշումներին և չափանիշներին համապատասխան այլ կազմով քննարկելու և վերջնական եզրահանգման գալու համար (...)»3։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Բողոքաբերը նշել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 11-ի որոշումը կայացվել է ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների խախտումներով:

Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարան ներկայացված նյութերը բավարար չէին հիմնավորված համարելու մեղադրյալ Հայկ Մանուկյանի առնչությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքին, իսկ Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության մասին, բավարար չափով փաստարկված և հիմնավորված են:

14. Բողոքաբերը գտել է, որ բողոքարկվող դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի միատեսակ կիրառության ապահովման, մասնավորապես` իրավունքի զարգացման գործառույթով՝ կապված Վերաքննիչ դատարանի այն հետևությունների հետ, որ եթե Առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել կալանավորման հիմքերից որևէ մեկին, ապա Վերաքննիչ դատարանը զրկված է առկա նյութերի հիման վրա այդ հարցի կապակցությամբ գնահատական տալու հնարավորությունից:

15. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 11-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 16-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունը՝ մեղադրյալ Հ.Մանուկյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ:

17. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(…)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

(…)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով uահմանված կարգով.

(…)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար.

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն: (…)»:

18. Հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը Վահրամ Գևորգյանի գործով իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(…) Կալանավորման պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը (…):

(…) [Յ]ուրաքանչյուր դեպքում [հանցանք կատարած լինելու կասկածը] պետք է լինի ողջամիտ:

(…) «[Հ]անցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած» ձևակերպումը չի ենթադրում, որ մեղադրյալի մեղավորությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ է ունենալ հանցանքը տվյալ անձի կողմից կատարված լինելու բավարար ապացույցներ, ինչն ավելի բարձր ապացուցողական չափանիշ է: (…) [Կ]ասկածը հիմնավոր կհամարվի (…) ենթադրյալ հանցագործության հետ կասկածվող անձի օբյեկտիվ կապը հաստատող որոշակի տեղեկությունների ու փաստերի առկայության դեպքում, ընդ որում` անհրաժեշտ է ունենալ նաև բավարար հիմքեր` եզրակացնելու, որ դեպքը, իրադարձությունը համընկնում է այն ենթադրյալ հանցանքին, որի կատարման մեջ անձը կասկածվում է: Այլ կերպ` կասկածը կարող է համարվել հիմնավոր միայն այն դեպքում, երբ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնող պաշտոնատար անձը` քննիչը կամ դատախազը, կասկածվող անձի կատարած գործողությունների (անգործության) վերաբերյալ կներկայացնի տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն նրա առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նաև կհիմնավորեն, որ դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, համընկնում է իրեն վերագրվող հանցանքի դեպքին:

(…) [Այսպիսով,] Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է հիմնավորված ողջամիտ ենթադրություն առ այն, որ անձը հանցանք է կատարել, ինչպես նաև առկա են մեղսագրվող արարքի իրական լինելը հավաստող բավարար ապացույցներ: Այդ կասկածները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք պետք է պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում հետազոտվեն դատական քննության ընթացքում: Դատարանի հետևությունները հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության վերաբերյալ պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված»4:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

ա) Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված տեղեկությունները բավարար չեն հավաստելու Հ.Մանուկյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը, և նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է մերժման5:

բ) Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը բավարար չափով չի գնահատել «հիմնավոր կասկածի» առկայության մասին վկայող` նյութերում առկա ապացուցողական զանգվածը և անտեսել է հիմնավոր կասկածի ապացուցվածության աստիճանին ներկայացվող չափանիշները: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ առկա են բավարար փաստական տվյալներ առ այն, որ մեղադրյալն առնչություն ունի իրեն մեղսագրված ենթադրյալ հանցագործությանը, և որ այդ դեպքն առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներին: Վերաքննիչ դատարանը նշել է, որ գործով հաստատված է այն հանգամանքը, որ տեղի է ունեցել զենքի գործադրմամբ ենթադրյալ խուլիգանության դեպք, որին առերևույթ առնչություն ունի նաև մեղադրյալը: Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ այս հանգամանքը չի հերքել նաև Առաջին ատյանի դատարանը, այլ պարզապես գնահատականներ տալուց ցուցաբերել է բավականին խիստ մոտեցում, այն է` վկայակոչելով նյութերում առկա ապացուցողական տվյալները՝ նշել է, որ «(…) վկաներից ոչ ոքի ցուցմունքներում առկա չեն այնպիսի փաստական տվյալներ, որ Հ.Մանուկյանի մոտ առկա է եղել, կամ վերջինիս կողմից գործածվել է զենք, կամ զենքին նմանվող առարկա, բացակայում են տեղեկություններ նաև այն մասին, որ Հ.Մանուկյանը իմացել կամ գիտակցել է, որ մասնակցում է խմբի կազմով զենք, կամ զենքին նմանվող առարկայի գործադրմամբ խուլիգանության կատարմանը: Թերևս, վերը թվարկված վկաների ցուցմունքներից բացառություն են կազմում միայն Գարիկ Գրիգորյանի ցուցմունքները, որով վերջինս նշում է միայն, որ Հ.Մանուկյանը փորձել է հարվածել կամ բռնել օձիքից: Ինչ վերաբերվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ գրություններին, ապա դրանցում միայն նշվում է, որ Հ.Մանուկյանը մասնակից է եղել տվյալ դեպքին»6:

Վերաքննիչ դատարանը նշել է, որ ստորադաս դատարանը հակասել է ինքնիրեն, քանի որ հաստատած համարելով մեղադրյալի մասնակցությունը դեպքին, մասնավորապես այն, որ նա փորձել է հարվածել կամ բռնել վեճի մասնակից այլ անձի օձիքից՝ միաժամանակ հաստատված չի համարել հիմնավոր կասկածի առկայությունը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, այդ հանգամանքը բավարար էր քննության սկզբնական փուլում հիմնավոր կասկածի առկայության մասին հետևություն անելու համար: Վերաքննիչ դատարանը գտել է, որ ըստ նյութերում առկա փաստական տվյալների` մեղադրյալի մասնակցությունն ու առնչությունը քննության առարկա դեպքին հաստատված է, իսկ այն առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներին7:

20. Սույն որոշման 17-18-րդ կետերում ներկայացված իրավական նորմերը և մեջբերված իրավական դիրքորոշումները կիրառելով նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ իրավաչափ է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ սույն գործով առկա ապացույցները բավարար են քննության սկզբնական փուլում հիմնավոր կասկածի առկայության մասին հետևություն անելու համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, գործի փաստական տվյալների վկայակոչմամբ, իր որոշման մեջ պատշաճ կերպով պատճառաբանել և հիմնավորել է մեղադրյալին մեղսագրվող արարքի կատարման հիմնավոր կասկածի առկայությունը:

21. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի հետևությունը՝ մեղադրյալ Հ.Մանուկյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ։

22. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավասու էր արդյո՞ք Վերաքննիչ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտը` մեղադրյալ Հ.Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի համաձայն` «1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով կայացվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, կամ գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ. (...)

4) մասնակիորեն կամ ամբողջությամբ բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում քաղաքացիական հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

2. Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը՝ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի համաձայն` «1.Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը՝

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ. (...)

4) մասնակիորեն կամ ամբողջությամբ բեկանում և փոփոխում է համապատասխան ստորադաս դատարանի ակտը, եթե համապատասխան ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը.

6) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում վճռաբեկ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:

2. Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը՝ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»:

24. ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1459 որոշման համաձայն` «(...) [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասում օգտագործվող] «նոր դատական ակտ» եզրույթը չի նույնանում Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դատական ակտերից որևէ մեկի հետ և օրենսդիրը, կիրառելով «նոր դատական ակտ» եզրույթը, նկատի չի ունեցել հիշյալ հոդվածի 1-ին մասում թվարկված այն լիազորությունները, որոնք վերապահված են Վճռաբեկ դատարանին՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման դեպքերում: Սա վերաբերում է նաև միջանկյալ դատական ակտերի վերանայման՝ վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված՝ Օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նույնական ձևակերպման ամրագրման նպատակին: Սահմանադրական դատարանի գնահատմամբ` «նոր դատական ակտ» եզրույթն օրենսդիրը գործածել է Օրենսգրքի 6-րդ հոդվածի 10-րդ կետի իմաստով (...)»8:

25. Օրենքի կիրառման դատական պրակտիկայի միասնականության ապահովման սահմանադրական գործառույթի իրացման համատեքստում անդրադառնալով գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վերադաս դատական ատյանների լիազորություններին` Վճռաբեկ դատարանը Հրայր Հովսեփյանի գործով իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ. «(...) [Թ]եև գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայումը, որպես կանոն, պետք է ավարտվի Վճռաբեկ դատարանում` վերջնական որոշում կայացնելու միջոցով, սակայն որոշ դեպքերում, անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նաև Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող է ապահովվել միայն Վճռաբեկ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու արդյունքում։ Այլ կերպ, այդ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից բացառապես գործը նոր քննության ուղարկելը կարող է լինել արդյունավետ միջոց՝ հետևողականորեն երաշխավորելու վերադասության կարգով դատական ակտերի օրինականության վերահսկման սկզբունքի անխախտելիությունը։

(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որոշ դեպքերում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերով գործը նոր քննության ուղարկելու իրավասությունը կարող է լինել դատական վերանայման իրավունքի իրացման նախապայման և արդար դատաքննության իրավունքի (դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման) երաշխիք։ Նման դեպքում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի իրավաչափությունը ստուգելիս, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է կիրառելի լինեն գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները։ Միևնույն ժամանակ, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, վերաբերելի մասով (mutatis mutandis), կիրառելի են նաև գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս Վերաքննիչ դատարանի նույնաբնույթ լիազորությունների նկատմամբ9 (...)»10:

26. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանը մերժել է նախաքննության մարմնի միջնորդությունը` մեղադրյալ Հ.Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ11:

- Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության` այն պատճառաբանությամբ, որ Առաջին ատյանի դատարանի թույլ տրված դատական սխալը Վերաքննիչ դատարանին զրկում է վերաքննիչ բողոքում մատնանշված` կալանավորման հիմքերի առկայության հարցը քննարկման առարկա դարձնելու հնարավորությունից12:

27. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 23-25-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը իրավասու էր գործն ըստ էության չլուծող դատական ակտը` մեղադրյալ Հ.Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

28. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հուլիսի 11-ի որոշումն օրինական է և հիմնավորված: Հետևաբար, վճռաբեկ բողոքը պետք է մերժել, Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 11-ի որոշումը` թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Մեղադրյալ Հայկ Վարդանի Մանուկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հուլիսի 11-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________________

1 Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառված նորմերի հետ փոխկապակցված քրեադատավարական նորմերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 120-126:

3 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 63-74:

4 Տե՛ս Վահրամ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշման 19-23-րդ կետերը:

5 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

8 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումը:

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԿԴ/0003/11/10 որոշման 11-րդ կետը:

10 Մանրամասն տե՛ս Հրայր Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

11 Տե՛ս սույն որոշման 4-րդ և 11-րդ կետերը:

12 Տե՛ս սույն որոշման 9-րդ և 12-րդ կետերը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան


Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան