ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2022 թվականի N 103-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 184-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 184-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հավելվածի 14-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ծրագրին չեն կարող մասնակցել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 327-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշումներով հաստատված ծրագրերի շահառու տնտեսավարողները, հաշվի առնելով այն, որ նշված ծրագրերի իրականացման նպատակով պետական բյուջեով նախատեսված են այլ միջոցներ:».
2) հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «, 3-30 մլն դրամ (ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման և ավանդական այգու հիմնման համար) և 3-50 մլն դրամ (տավարաբուծության և կաթնային գոմշաբուծության զարգացման համար) գումարի սահմաններում» բառերը.
3) հավելվածի 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին ենթակետով.
«4.1) վարկերը տրամադրվում են միայն հետևյալ նպատակային ուղղություններով՝
ա. մեղվամայրերի, մեղվաընտանիքների, ինչպես նաև փեթակների ձեռքբերում,
բ. անասնաշենքերի կառուցում և տեխնոլոգիական ապահովում,
գ. գյուղատնտեսական կենդանիների («Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 18-րդ կետ) ձեռքբերում,
դ. անասնակերի ձեռքբերում,
ե. սերմերի, սածիլների և տնկիների ձեռքբերում,
զ. գյուղատնտեսական նշանակության հողի ձեռքբերում,
է. հողի և գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության, ագրոտեխնիկական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ շրջանառու միջոցների (բացառությամբ սույն ենթակետի «ե» պարբերությունում նշված միջոցների) և ծառայությունների ձեռքբերում,
ը. տնամերձ հողամասերում ոռոգման արդիական համակարգերի ներդրում,
թ. ագրովերամշակման ոլորտի արտադրական նշանակության շենքերի, շինությունների կառուցում և վերակառուցում.».
4) հավելվածի 15-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 3 տարի.».
5) հավելվածի 15-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) ինչպես վարկի տոկոսադրույքի, այնպես էլ մայր գումարի համար ֆինանսական կառույցի կողմից կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ առավելագույնը՝ 6 ամիս.».
6) հավելվածի 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-րդ և 17-րդ ենթակետերով.
«16) շահառուն՝ վարկային պայմանագիրը կնքելու պահից հաշված 5 ամսվա ընթացքում կարող է դիմել ֆինանսական կառույցին՝ սույն կետի 4.1-ին ենթակետով սահմանված վարկի տրամադրման նպատակային ուղղությունը փոխելու համար։ Նպատակային ուղղության փոփոխությունն ամրագրվում է վարկային պայմանագրում.
17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի» շրջանակում ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ներառված պրոդուկտների մշակության նպատակով վարկավորված շահառուները վարկային պայմանագիրը կնքելուց հետո ֆինանսական կառույց պետք է ներկայացնեն տվյալ կամ առաջիկա գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական ընկերության հետ կնքված գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրի պատճենը։».
7) հավելվածի 16-րդ կետի 1-ին ենթակետի «(ագրոպարենային ոլորտում չընդգրկվող բնագավառներում)» բառերը հանել և «օգտագործելու» բառից հետո լրացնել «ընդ որում, վարկի ոչ նպատակային օգտագործում է դիտարկվում 15-րդ կետի 4.1-ին ենթակետով սահմանված վարկերի տրամադրման նպատակային ուղղություններից շահառուի կողմից ընտրված ուղղությունից (ուղղություններից) դուրս վարկային միջոցների ներդրումը» բառերով.
8) հավելվածի 16-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի վարկն օբյեկտիվ չափանիշներով ստանդարտ դասով դասակարգված չէ.».
9) հավելվածի 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին ենթակետով.
«5.1) 15-րդ կետի 17-րդ ենթակետում նշված փաստաթուղթը չներկայացնելու դեպքում։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
31.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2022 թվական: