Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 190-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 24.12.2021
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.12.2021
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 դեկտեմբերի 2021 թվականի

թիվ 190-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ԹԻՎ 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կազմակերպել Հայաստանի Հանրապետության դրամանիշերի շրջանառությունը, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում կանխիկ դրամով իրականացվող գործառնությունները, մասնավորապես, կանխիկ դրամի պահպանման և փոխադրման պահատուփերում կիրառվող ներկապնակի գործարկման արդյունքում հատուկ ներկով ներկված թղթադրամների հետ իրականացվող գործառնությունները, ինչպես նաև հստակեցնել Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության և անվճարունակության չափանիշները,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) Կանոնակարգի 4-րդ կանոնի 4.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1 ենթակետով.

«7.1) ունեն կանխիկ դրամի պահպանման և փոխադրման պահատուփերում կիրառվող ներկապնակի գործարկման արդյունքում հատուկ ներկով ներկոտվածություն և որոնք սույն կանոնակարգի 12-րդ հավելվածի համաձայն բանկերը ներկայացրել են Կենտրոնական բանկ փորձաքննության, կամ»,

2) Կանոնակարգը լրացնել հավելված 12-ով՝ համաձայն սույն որոշման հավելվածի։

3) Կանոնակարգի 4-րդ կանոնը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.3 կետով.

«4.3. Սույն կանոնակարգի 12-րդ հավելվածով սահմանված դիմումում պարտադիր նշվում է բանկին պատկանող ներկող համակարգի գործարկման պատճառը, ընդ որում՝ այն դեպքում, երբ բանկին պատկանող ներկող համակարգի գործարկումը պայմանավորված է հանցագործության դեպքով, ապա կից ներկայացվում է նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից տրված փաստաթղթային հիմք (գրություն, որոշում կամ վարույթն իրականացնող մարմնի կողմից տրված այլ փաստաթուղթ) այն մասին, որ ներկապնակի գործարկման արդյունքում հատուկ ներկով ներկոտված թղթադրամները չեն հանդիսանում իրեղեն ապացույց։»,

4) Կանոնակարգի 5-րդ կանոնի 5.1 կետի 4-րդ ենթակետում «թղթադրամները» բառից հետո լրացնել հետևյալ բառերը՝ «, որոնք սույն կանոնակարգի 12-րդ հավելվածի համաձայն բանկերը չեն ներկայացրել Կենտրոնական բանկ փորձաքննության: Կենտրոնական բանկը սույն ենթակետով սահմանված թղթադրամներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ոստիկանությանը»,

5) Կանոնակարգի 7-րդ կանոնի 7.12 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.12. Բանկերը շրջանառության համար պիտանի դրամանիշերից առանձնացնում են սույն կանոնակարգի 4-րդ կանոնի 4.1 կետի 7.1 ենթակետում նշված թղթադրամները, դրանք շրջանառության մեջ բաց չեն թողնում և սահմանված կարգով հանձնում են Կենտրոնական բանկ: Կանխիկ դրամի պահպանման և փոխադրման պահատուփերում կիրառվող ներկապնակի գործարկման յուրաքանչյուր դեպքի հետ կապված բոլոր տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն բանկում առնվազն 365 օր, որից հետո դրանք սահմանված կարգով պետք է արխիվացվեն։»,

6) Կանոնակարգի 7-րդ կանոնը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.13 կետով.

«7.13. Բանկերը իսկության կամ վճարունակության առումով կասկածելի դրամանիշերը Կենտրոնական բանկին են ներկայացնում գլխամասերի միջոցով:»,

7) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կանոնով.

«Կանոն 18. Անցումային դրույթներ

 18.1. Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը առևտրային բանկերի կողմից Կենտրոնական բանկ հանձնված, կանխիկ դրամի պահպանման և փոխադրման պահատուփերում կիրառվող ներկապնակի գործարկման արդյունքում հատուկ ներկով ներկված թղթադրամները, որոնք Կենտրոնական բանկում փորձաքննության արդյունքում (հատուկ ներկով ներկված լինելու պատճառով) համարվել են անվճարունակ, ենթակա են փոխհատուցման։ Սույն կանոնակարգի հավելված 4-ով և հավելված 5-ով Կենտրոնական բանկ ներկայացված վճարունակության մեջ կասկած հարուցող թղթադրամները, որոնք փորձաքննության արդյունքում հատուկ ներկով ներկված լինելու պատճառով ճանաչվել են անվճարունակ, փոխհատուցման ենթակա չեն։

18.2. Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը առևտրային բանկերում առկա, սակայն Կենտրոնական բանկ դեռևս չհանձնված կանխիկ դրամի պահպանման և փոխադրման պահատուփերում կիրառվող ներկապնակի գործարկման արդյունքում հատուկ ներկով ներկված թղթադրամները, որոնք 2022 թվականի հունվարի 1-ից հետո մեկամսյա ժամկետում առևտրային բանկի կողմից ներկայացվել են Կենտրոնական բանկ և փորձաքննության արդյունքում ճանաչվել են վճարունակ, ենթակա են փոխհատուցման։ Կենտրոնական բանկում նշված թղթադրամների փորձաքննության վերջնաժամկետ է սահմանվում 2022 թվականի հունիսի 1-ը։ Սույն կետով նկարագրված թղթադրամները, սահմանված մեկամսյա ժամկետից հետո առևտրային բանկերի կողմից Կենտրոնական բանկ հանձնելու դեպքում, կհամարվեն անվճարունակ և չեն փոխհատուցվի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2021 թ. դեկտեմբերի 24

 Երևան

 

Հավելված

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի

 2021 թվականի դեկտեմբերի 21-ի

թիվ 190-Ն որոշման

 

«Հավելված 12

«Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ

--------------------------------------------------------------------------- ից

 (առևտրային բանկի անվանումը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Հատուկ ներկով ներկված թղթադրամները փորձաքննության ընդունման վերաբերյալ

 

Խնդրում ենք փորձաքննության ընդունել կից ներկայացվող հատուկ ներկով ներկված թղթադրամները՝

———————————————————————— դրամ։

(գումարը բառերով)

 

Անվանական արժեքը

Քանակը
(հատերով)

Գումարը

Այլ նշումներ

       
       
       
       

Ընդամենը

     

 

Ներկող համակարգի գործարկման պատճառը

Ներկող համակարգը գործարկվել է----------------------------------------------------------------

(բանկոմատի տեխնիկական անսարքության, բանկի, ինկասացիոն ծառայության աշխատակիցների գործողության հետևանքով, այլ պատճառներով...)

 

Համակարգի գործարկման արդյունքում հատուկ ներկով ներկոտված թղթադրամների՝ իրեղեն ապացույց չհանդիսանալու մասին վարույթն իրականացնող մարմնի կողմից տրված պատշաճ փաստաթղթային հիմքը, էջ*։

 

Այլ նշումներ------------------------------------------------------------------------------------------------

 

_______________________________________________________________________________

Դիմող` բանկի վարչության նախագահ/գործադիր տնօրեն

 (ստորագրություն)

 

*նշվում է միայն այն դեպքում, երբ ներկող համակարգի գործարկումը պայմանավորված է հանցագործության դեպքով։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2021 թվական: