Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.11.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
09.11.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

 Վարչական գործ թիվ ՎԴ/9330/05/17

2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/9330/05/17

Նախագահող դատավոր՝  Կ. Բաղդասարյան

Դատավորներ՝

 Կ. Ավետիսյան

 Կ. Մաթևոսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Հ. ԲԵԴևՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի նոյեմբերի 09-ին

գրավոր ընթացակարգով քննելով Մարետ Խալաֆյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.08.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե), երրորդ անձ՝ Սերժիկ Մոսեսյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյան՝ պատասխանողին «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «Ֆլորես» աճուրդի տուն ՍՊԸ-ի միջև 22.08.2017 թվականին կնքված «Գույքը հանձնելու մասին» պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու և 28.08.2017 թվականի թիվ Մ-23/08/2017-1-0046 «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին կատարել «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ի և «Ֆլորես» աճուրդի տան» ՍՊԸ-ի միջև 22.08.2017 թվականին կնքված «Գույքը հանձնելու մասին» պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցում և անվավեր ճանաչել 28.08.2017 թվականի թիվ Մ-23/08/2017-1-0046 «գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին» որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 11.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.08.2019 թվականի որոշմամբ Մարետ Խալաֆյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.06.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարետ Խալաֆյանը (ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Հայաստանի Զարգացման և ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 152-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը, չի կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 8-րդ կետերը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 28-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով վիճելի անշարժ գույքի նկատմամբ ծագել է նաև Մարետ Խալաֆյանի սեփականության իրավունքը¸ հետևաբար անկախ պետական գրանցման հանգամանքից¸ վերջինս հանդիսացել է ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Վահագնի թաղամաս 3 տեղամաս, Արաքս 10 «Արարատ-1» մոդելի մենատան սեփականատերը:

Դատարանը Մարետ Խալաֆյանին, որպես գույքի սեփականատեր, մասնակից չի դարձրել սույն գործի քննությանը, ինչի արդյունքում խախտվել են վերջինիս արդար դատաքննության և սեփականության իրավունքները, որպիսի հանգամանքները, սակայն, անտեսել է նաև Վերաքննիչ դատարանը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, այն է՝ դատավոր Կ. Ավետիսյանը ՀՀ վարչական դատարանում մասնակցել է սույն գործի քննությանը, մասնավորապես՝ հրավիրել է նախնական դատական նիստ, լսել կողմերին, կայացրել է երրորդ անձ ներգրավելու մասին որոշում, այնուհետև կոլեգիալ կազմով մասնակցել է նաև Վերաքննիչ դատարանում սույն գործով բերված բողոքի քննությանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ բողոքաբերին որպես երրորդ անձ չներգրավելը բխել է գործի փաստական հանգամանքներից, և վեճի առարկա գույքի ճակատագիրը՝ իրացման մեկնարկը, որոշվել է «Ալիշան» ՍՊԸ-ի սնանկության վարույթի շրջանակներում։ Սույն վեճը քննելիս Դատարանը չի որոշել վեճի առարկա անշարժ գույքի իրացման եղանակը կամ նշված անշարժ գույքի նկատմամբ չի ճանաչել հայցվորի սեփականության իրավունքը։ Միաժամանակ, բողոքաբերը նույնացրել է սեփականության իրավունքի ճանաչելը և սեփականության իրավունքի գրանցում կատարելը։ Բողոքաբերն անտեսել է այն հանգամանքը, որ և′ Վերաքննիչ դատարանը, և′ հայցվորը նկատի են ունեցել այն, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտը սահմանափակում է միայն հայցվորի իրավունքները, հետևաբար այն չի կարող շոշափել բողոքաբերի իրավունքները։

Բացի այդ, վճռաբեկ բողոքի այն հիմնավորումը, որ դատավոր Կ. Ավետիսյանը ՀՀ վարչական դատարանում մասնակցել է գործի քննությանը, հրավիրել է նախնական դատական նիստ, լսել է կողմերին, կայացրել է երրորդ անձ ներգրավելու մասին որոշում, հետևաբար պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, անհիմն է, քանի որ նախնական դատական նիստ նշանակելուց հետո Կ. Ավետիսյանի` վերաքննիչ դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ գործը վերամակագրվել է դատավոր Լ. Հակոբյանին, ինչը նշանակում է, որ Կ. Ավետիսյանին հայտնի են եղել գործի որոշ հանգամանքներ, որը չէր կարող ազդել Վերաքննիչ դատարանում նրա՝ գործի քննության անաչառության վրա։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 04.09.2017 թվականին թիվ ՎԴ/9330/05/17 վարչական գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Կ.Ավետիսյանին: Դատարանի 11.09.2017 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 1-2):

2) 17.10.2017 թվականին կայացած նախնական դատական նիստը նախագահել է դատավոր Կ. Ավետիսյանը: Դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Արթուր Առուշանյանի կողմից ներկայացվել է հայցի առարկան և հիմքը, ներկայացվել են ապացույցներ, պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացվել են առարկություններ, իսկ դատավոր Կ. Ավետիսյանը, ի թիվս վերոգրյալի, քննարկել է սույն գործով Սերժիկ Մովսեսյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանին որպես երրորդ անձ ներգրավելու հարցը, լսել դատական նիստի ներկա դատավարության մասնակիցների կարծիքը և կայացրել որոշում դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 101-102):

3) 18.01.2018 թվականին ՀՀ վարչական դատարանի դատավոր Կ.Ավետիսյանը նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր և թիվ ՎԴ/9330/05/17 վարչական գործը 25.01.2018 թվականին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին (հատոր 2-րդ, գ.թ. 1-2):

4) ՀՀ վարչական դատարանի դատավոր Լ. Հակոբյանի 26.01.2018 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/9330/05/17 վարչական գործն ընդունվել է վարույթ (հատոր 2-րդ, գ.թ. 3-4)։

5) 11.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է (հատոր 2-րդ, գ.թ. 84-98):

6) Սույն վճռի դեմ որպես գործին մասնակից չդարձված անձ Մարետ Խալաֆյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի դատավորներ Կ. Բաղդասարյանի (նախագահող դատավոր), Կ. Ավետիսյանի և Կ. Մաթևոսյանի 30.08.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 2-րդ, գ.թ. 130-133):

7) Վերաքննիչ դատարանի Վերաքննիչ դատարանի դատավորներ Կ.Բաղդասարյանի (նախագահող դատավոր), Կ. Ավետիսյանի և Կ. Մաթևոսյանի 01.08.2019 թվականի որոշմամբ Մարետ Խալաֆյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.06.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ (հատոր 2-րդ, գ.թ. 159-176):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այլ դատարանում տվյալ գործի քննությանը մասնակցելու հիմքով դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորի ինքնաբացարկի հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն՝ դատավորին կարող է բացարկ հայտնվել, կամ դատավորը սեփական նախաձեռնությամբ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով: Նույն օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում դատավորն ինքնաբացարկ կարող է հայտնել, կամ նրան բացարկ կարող է հայտնվել մինչև նախնական դատական նիստի ավարտը, իսկ վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում՝ մինչև բողոքի քննությունն սկսվելը (…):

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ: Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ` դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված յուրաքանչյուրի՝ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր բազմաթիվ որոշումներում բացահայտել է դատարանի անկողմնակալության գնահատման չափանիշները: Այսպես՝ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ դատարանի անաչառությունը ենթադրում է գործը քննող դատավորի մոտ կանխակալ կարծիքի բացակայություն, իսկ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը սուբյեկտիվ չափանիշն է, որը վերաբերում է քննվող գործի կապակցությամբ տվյալ դատավորի անձնական համոզմունքներին և վարքագծին, իսկ երկրորդը՝ օբյեկտիվ չափանիշը, վերաբերում է առաջարկվող այն երաշխիքներին, որոնք պետք է բավարար լինեն դատավորի անաչառության կապակցությամբ առաջացած ցանկացած ողջամիտ կասկած բացառելու համար: Սուբյեկտիվ չափանիշի համաձայն` դատարանի կամ դատավորի անկողմնակալությունը հանդես է գալիս որպես կանխավարկած, հետևաբար, քանի դեռ հակառակն ապացուցված չէ, դատավորը համարվում է սուբյեկտիվորեն անկողմնակալ: Հակառակ դրան` օբյեկտիվ անկողմնակալությունը կախված է արտաքին գործոններից, և այս դեպքում դատավորի վարքագիծը երկրորդական նշանակություն է ստանում: Մասնավորեցնելով օբյեկտիվ չափանիշը` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն հիմնականում վերաբերում է դատավորի և վարույթի մյուս մասնակիցների միջև աստիճանակարգային կամ մյուս կապերին կամ դատական գործընթացի շրջանակներում միևնույն անձի կողմից տարբեր գործառույթների իրականացմանը: Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշել՝ արդյոք տվյալ հարաբերությունների բնույթը և սերտության աստիճանը վկայում են այն մասին, որ դատարանն անկողմնակալ չէ (տե՛ս, օրինակ, Piersack v. Belgium գործով Եվրոպական դատարանի 01.10.1982 թվականի վճիռը, կետ 30, Grieves v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 16.12.2003 թվականի վճիռը, կետ 69, Kyprianou v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 15.12.2005 թվականի վճիռը, կետեր 118, 121, Nicholas v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 09.01.2018 թվականի վճիռը, կետեր 49, 53, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետ 45):

Օբյեկտիվ չափանիշի տեսանկյունից Եվրոպական դատարանը կարևորել է նաև կոնկրետ գործի քննությանը դատավորի ունեցած դերը, դատավորի կողմից իրականացված գործողությունների շրջանակն ու բնույթը և գտել է, որ դատավորի կողմից գործի նյութերին պարզապես ծանոթ լինելը չի հանգեցնում վերջինիս անաչառության վերաբերյալ ծագած կասկածների ողջամտությանը (տե՛ս, Morel v. France գործով Եվրոպական դատարանի 18.10.2000 թվականի վճիռը, կետ 45, Fazlı Fazli Aslaner v. Turkey գործով Եվրոպական դատարանի 07.07.2014 թվականի վճիռը, կետ 31): Վերադաս դատարաններում նույնիսկ երկու այլ դատավորների հետ գործի քննությունն իրականացնող և գործի քննությունը նախագահող դատավորը չպետք է քննի իր իսկ որոշման դեմ ներկայացված բողոքները (տե՛ս, De Haan v. the Netherlands գործով Եվրոպական դատարանի 26.08.1997 թվականի վճիռը, կետ 51):

Անկողմնակալության ապահովման մասով ազգային ընթացակարգերի, մասնավորապես՝ դատավորներին գործի քննությունից հեռացնելը կարգավորող կանոնների առկայությունն էական գործոն է: Այդպիսի կանոնները վկայում են այն մասին, որ ազգային օրենսդիրները հատուկ ուշադրություն են դարձնում տվյալ դատավորի կամ դատարանի անկողմնակալության հետ կապված հիմնավոր բոլոր կասկածները վերացնելուն և այդպիսի կասկածների պատճառները վերացնելու միջոցով փորձում են անկողմնակալություն ապահովել: Որպես այդպիսին կողմնակալության բացակայությունն ապահովելուց բացի՝ դրանք ուղղված են կողմնակալության ցանկացած արտաքին հատկանիշ վերացնելուն և այդպիսով նպաստում են, որ ժողովրդավարական հասարակությունում դատարանները հանրությանը վստահություն ներշնչեն: Իրավիճակից կամ կապից է կախված դատավորի անկողմնակալության վերաբերյալ կասկածների առաջացումը: Այդ կասկածների օբյեկտիվորեն հիմնավորված լինելը կամ չլինելն առավելապես կախված է կոնկրետ գործի հանգամանքներից և այն գործոններից, որոնք այդ իմաստով պետք է հաշվի առնվեն (տե՛ս, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետեր 47, 51):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որպես դատարանի անաչառությունն ապահովող կառուցակարգ` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է ինքնաբացարկի ինստիտուտը, որի հիմքերն ամրագրված են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում: Մասնավորապես, Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ինքնաբացարկ հայտնելու հիմքերից տվյալ գործի քննությանն այլ դատարանում դատավորի մասնակցության հիմքին`Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում դատավորի կողմից ստորադաս դատական ատյանում նույն գործով ունեցած մասնակցությունը` որպես ինքնաբացարկի հիմք, ենթակա է գնահատման՝ հաշվի առնելով ստորադաս դատարանում դատավորի կողմից կատարված գործողությունների շրջանակը և բնույթը, կոնկրետ գործի հանգամանքներն ու առանձնահատկությունները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ ատյանում օրենքով սահմանված կարգով տվյալ գործով քննությունը պետք է իրականացվի և տվյալ հարցով որոշումը պետք է կայացվի կոլեգիալ` երեք դատավորի կազմով, ապա կոլեգիալ կազմում ընդգրկված դատավորներից առնվազն մեկի կողմից ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտությունը բավարար է արձանագրելու համար, որ դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով (տե՛ս, նաև Գրիգոր Սաֆարյանի ընդդեմ Սարգիս Ավետիսյանի ԵԱԴԴ/2408/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.06.2019 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է.

1. յուրաքանչյուր դեպքում դատավորը չպետք է մասնակցի իր իսկ կողմից կայացված դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությանը, նույնիսկ այն պարագայում, երբ այդ բողոքը քննվում է կոլեգիալ կարգով, քանի որ իր իսկ որոշումների դեմ բերված բողոքները քննելով՝ դատավորն իր անաչառության վերաբերյալ առաջացնում է օբյեկտիվ կասկած թե´ գործի մասնակցի, և թե´ օբյեկտիվ դիտորդի մոտ:

2. այն դեպքում, երբ բողոքարկված չէ նույն դատավորի կողմից նախկինում կայացված դատական ակտը, սակայն բողոքում բարձրացվում է տվյալ գործին այլ դատարանում մասնակցելու հիմքով այդ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ հարց, հարկավոր է գնահատել դատավորի մասնակցության աստիճանը, ստորադաս դատական ատյանում նրա կողմից կատարված դատավարական գործողությունները:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով դատավոր Կ. Ավետիսյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտության վերաբերյալ բողոքի հիմքին և հիմնավորմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ տվյալ գործին այլ դատարանում մասնակցելու հիմքով այդ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ հարցը լուծելիս հարկավոր է գնահատել դատավորի մասնակցության աստիճանը, ստորադաս դատական ատյանում նրա կողմից կատարված դատավարական գործողությունները:

Նման պայմաններում անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել դատավոր Կ. Ավետիսյանի կողմից կատարված գործողությունները ստորադաս դատարանում:

Մասնավորապես՝ ՀՀ վարչական դատարանում դատավոր Կ. Ավետիսյանը գործն ընդունել է վարույթ և հրավիրել է նախնական դատական նիստ: 17.10.2017 թվականի նախնական դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Արթուր Առուշանյանի կողմից ներկայացվել է հայցի առարկան և հիմքը, ներկայացվել են ապացույցներ, պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացվել են առարկություններ, իսկ դատավոր Կ. Ավետիսյանը, ի թիվս վերոգրյալի, քննարկել է սույն գործով Սերժիկ Մոսեսյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանին որպես երրորդ անձ ներգրավելու հարցը, լսել դատական նիստի ներկա դատավարության մասնակիցների կարծիքը և կայացրել որոշում դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախնական դատական նիստի ընթացքում դատարանի կողմից կատարման ենթակա գործողությունների իրականացման արդյունքում գործը քննող դատավորի համար բացահայտվում են գործի այն հանգամանքները, որոնք անհրաժեշտ են վեճին ըստ էության լուծում տալու համար: Սույն գործով դատավոր Կ. Ավետիսյանի կողմից առաջին ատյանի դատարանում նախնական դատական նիստի ժամանակ կատարվել են այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են եղել գործի ըստ էության քննության համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելուն և դատավորի մոտ ողջամտորեն կարող էր ձևավորել նախնական կարծիք գործի ըստ էության լուծման վերաբերյալ: Ուստի, հաշվի առնելով դատավոր Կ. Ավետիսյանի` ստորադաս դատական ատյանում գործի քննությանն ունեցած մասնակցության աստիճանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոհիշյալ հանգամանքն օբյեկտիվորեն կարող էր կասկածներ հարուցել վերադաս ատյանում դատավոր Կ. Ավետիսյանի անաչառության վերաբերյալ, հետևաբար սույն գործով առկա է եղել դատավոր Կ. Ավետիսյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե՝ դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, ներառյալ՝ այնպիսի դատավորի կողմից, որը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել:

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը, հիմնավոր համարելով բողոք բերած անձի փաստարկներն առ այն, որ դատավոր Կ. Ավետիսյանը սեփական նախաձեռնությամբ պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, արձանագրում է, որ սույն գործով առկա է դատական ակտի պարտադիր բեկանման հիմք, այն է՝ վերաքննիչ բողոքը քննվել է ոչ օրինական կազմով, որպիսի պայմաններում բողոքի ըստ էության քննության արդյունքում արված հետևությունները ևս օրինական համարվել չեն կարող:

Վերոգրյալի լույսի ներքո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում առկա է դատական ակտի պարտադիր բեկանման հիմք, Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքի մյուս հիմքին և հիմնավորմանը։

 

Վերը նշված պատճառաբանությամբ հերքվում են նաև վճռաբեկ բողոքի պատասխանում դատավորի ինքնաբացարկ հայտնելու առնչությամբ ներկայացված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

 

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.08.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Հ. ԲԵԴևՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան