ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2015 թվականի N 925-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՈՒ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄԵՐՈՒՄ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻՑ ՆԱՎԱՄՈԴԵԼԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ, ՇԱԽՄԱՏԻ (ՆԱԵՎ ԹԻՄԱՅԻՆ) ԵՎ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 19.03.20 N 332-Ն, փոփ. 10.09.20 N 1499-Ն)
Համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.4» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 16.09.21 N 1493-Ն)
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության չափերը՝ համաձայն N 2 հավելվածի.
2.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի (նաև թիմային) և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի չափը և վճարման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
3) (ենթակետն ուժը կորցրել է 19.03.20 N 332-Ն)
(1-ին կետը խմբ., լրաց., փոփ. 19.03.20 N 332-Ն, փոփ. 10.09.20 N 1499-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 18 |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ
(վերնագիրը խմբ. 19.03.20 N 332-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության (այսուհետ՝ վարձատրություն) վճարման հարաբերությունները։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված կարգով և չափերով վարձատրություն են ստանում օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի այն գլխավոր և ավագ մարզիչները՝
1) ովքեր Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքներից դուրս ուսումնամարզական գործընթացն իրականացնում են կենտրոնացված մարզումների միջոցով.
2) որոնց հավաքական թիմերի անդամները մեդալներ են նվաճում Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում և մեր երկիրը ներկայացնում օլիմպիական խաղերում (պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ)։
3. Վարձատրությունը տրվում է յուրաքանչյուր օրացուցային տարվա համար հաստատված մարզիչների անվանացանկով: Մարզիչների անվանացանկը յուրաքանչյուր տարի հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով` հիմք ընդունելով նախորդ տարվա արդյունքները։ Մարզիչների վարձատրությունը սահմանվում է որոշման N 2 հավելվածում նշված չափերով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների փոփոխության դեպքում աշխատանքից դուրս եկած գլխավոր կամ ավագ մարզչի վարձատրության վճարումը դադարեցվում, իսկ նոր նշանակված գլխավոր կամ ավագ մարզչի վարձատրության վճարումն իրականացվում է մարզիչների փոփոխությանը հաջորդող ամսվա 1-ից:
4. Մարզիչների վարձատրությունը հատկացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցով:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կարող է կասեցվել կամ դադարեցվել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության վճարումը՝ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը մարզական ֆեդերացիաների կողմից ներկայացվելու հիմքով:
(հավելվածը խմբ. 19.03.20 N 332-Ն)
(Սույն հավելվածով նախատեսված այն անձինք, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից ստացել են սույն որոշմամբ նախատեսված վարձատրությունը կամ պատվովճարները, 19.03.20 N 332-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կստանան սույն որոշմամբ հաստատված կարգերով նախատեսված վարձատրության կամ պատվովճարի և իրենց ստացած վարձատրության կամ պատվովճարի գումարային տարբերությունը:)
|
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
Հաստիքի անվանումը |
Ընդամենը՝ ամսական վճար |
Գլխավոր մարզիչ-մանկավարժ |
120000 |
Երիտասարդների ավագ մարզիչ-մանկավարժ |
113300 |
Պատանիների ավագ մարզիչ-մանկավարժ |
100000 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՈՒ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄԵՐՈՒՄ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻՑ ՆԱՎԱՄՈԴԵԼԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ, շախմատի (նաԵՎ թիմային) ԵՎ սամբոյի ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՉԱՓԻ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 10.09.20 N 1499-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի (նաև թիմային) և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի (այսուհետ՝ պատվովճար) վճարման հարաբերությունները։
(1-ին կետը փոփ. 10.09.20 N 1499-Ն)
2. Պատվովճար հատկացվում է ցմահ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն մարզիկներին, ովքեր օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, սամբոյի և շախմատի Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում աշխարհի առաջնություններում դարձել են չեմպիոն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն ու մրցանակակիր դարձած մարզիկներին: Միևնույն մարզիկը կարող է ստանալ երկու պատվովճար այն դեպքում, երբ դարձել է և՛ աշխարհի չեմպիոն, և՛ օլիմպիական խաղերի չեմպիոն (շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն) կամ և՛ աշխարհի չեմպիոն, և՛ օլիմպիական խաղերի մրցանակակիր (շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիր)։ Մեկ մարզիկին չի կարող տրամադրվել երկուսից ավելի պատվովճար:
(2-րդ կետը փոփ. 10.09.20 N 1499-Ն)
3. Պատվովճարը հատկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով:
4. Պատվովճար ստացող թեկնածուներին հաշվառում, փաստաթղթերի հավաքում և պատվովճար ստանալու համար թեկնածուների հետագա առաջադրումն իրականացնում է նախարարությունը՝ համապատասխան մարզաձևերի հանրապետական ֆեդերացիաների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա (տեղեկանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին և անհրաժեշտ մարզական արդյունքները հաստատող փաստաթուղթ): Պատվովճար ստանալու համար թեկնածուները 5-րդ կետի համաձայն պատվովճար ստացող մարզիկների անվանացանկի հաստատումից առաջ, առնվազն մեկ տարվա ընթացքում, ներկայանում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարություն ստորագրելու համար:
(4-րդ կետը խմբ. 10.09.20 N 1499-Ն)
5. Պատվովճար ստացող մարզիկների անվանացանկը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում է նախարարի հրամանով:
6. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկների համար սահմանվում են պատվովճարներ` հետևյալ չափերով`
1) օլիմպիական խաղերի չեմպիոններին 300 հազ. դրամ՝ չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.
2) օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 200 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.
3) օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 150 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.
4) շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններին 200 հազ. դրամ՝ չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.
5) շախմատի համաշխարհային օլիմպիադայում երկրորդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 140 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.
6) շախմատի համաշխարհային օլիմպիադայում երրորդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 100 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.
7) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկի՝ չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 180 հազ. դրամ՝ երկու տարի ժամկետով, այնուհետև 100 հազ. դրամ՝ ցմահ.
8) շախմատի (նաև թիմային) և սամբոյի և նավամոդելային սպորտի աշխարհի առաջնության չեմպիոն դարձած մարզիկին՝ 100 հազ. դրամ՝ չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.
9) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի 2-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 40 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
10) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 40 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
11) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից Եվրոպայի չեմպիոն դարձած մարզիկին՝ 60 հազ. դրամ, չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
12) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից Եվրոպայի մրցանակակիր դարձած մարզիկին՝ 40 հազ. դրամ, մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
13) Եվրոպական խաղերի, համաշխարհային ուսանողական մարզական խաղերի չեմպիոն դարձած մարզիկին՝ 60 հազ. դրամ, չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
14) Եվրոպական խաղերի, համաշխարհային ուսանողական մարզական խաղերի, շախմատի աշխարհի առաջնության 2-րդ և 3-րդ մրցանակակիրներ դարձած մարզիկին՝ 40 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով:
(Սույն հավելվածով նախատեսված այն անձինք, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից ստացել են սույն որոշմամբ նախատեսված վարձատրությունը կամ պատվովճարները, 19.03.20 N 332-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կստանան սույն որոշմամբ հաստատված կարգերով նախատեսված վարձատրության կամ պատվովճարի և իրենց ստացած վարձատրության կամ պատվովճարի գումարային տարբերությունը:)
(6-րդ կետը փոփ. 10.09.20 N 1499-Ն, խմբ. 16.09.21 N 1493-Ն)
(հավելվածը լրաց. 19.03.20 N 332-Ն, փոփ., խմբ. 10.09.20 N 1499-Ն, խմբ. 16.09.21 N 1493-Ն)