ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2021 թվականի N 1938-Լ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-080-29.10.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը և պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ եզրակացությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը և պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ եզրակացությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
25.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-080-29.10.2021-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել նվազագույն կենսաթոշակի ստորին շեմ, այն է՝ պարենային զամբյուղի արժեքը, ինչպես նաև ներդնել կենսաթոշակների չափերի ավելացման ժամանակացույց՝ փոխկապակցված սպառողական զամբյուղի արժեքի հետ։
Ընդ որում, ըստ նախագծի 2-րդ հոդվածի՝ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել սպառողական զամբյուղի արժեքի 70 տոկոսից՝ 2022 թվականի հունվարի 1-ից, 80 տոկոսից՝ 2023 թվականի հունվարի 1-ից, 85 տոկոսից՝ 2024 թվականի հունվարի 1-ից, 90 տոկոսից՝ 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ սպառողական զամբյուղի արժեքից:
Նախագծով նախատեսված է նաև միջին աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը։
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը փոխկապակցել նվազագույն կենսաթոշակի չափի հետ։
Նախագծերին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծերի նպատակը կենսաթոշակառուների և տարեց բնակչության սոցիալական պաշտպանվածության մակարդակի շարունակական բարելավումն է։
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է.
Սոցիալական ապահովության իրավունքի, այդ թվում՝ կենսաթոշակի (նպաստի) չափի և սպառողական և պարենային զամբյուղների արժեքների միջև փոխկապվածության և համաչափության ապահովումն աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն է, ինչն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 20212026 թվականների ծրագրում։ Ծրագրի «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառ» բաժնի 4.6-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին։
Քննարկվող հարցի համատեքստում հատկանշական է, որ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված սկզբունքը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ գլխում սահմանված օրենսդրական երաշխիքների և պետության քաղաքականության հիմնական նպատակների հետ։ Պետությունն ունի սկզբունքորեն լայն հայեցողություն՝ քաղաքականություն մշակելու և այն իրականացնելու հարցերում, ի թիվս այլնի՝ հիմնվելով տնտեսական և ֆինանսական ընթացիկ հնարավորությունների վրա։ Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշման (Սահմանադրական դատարանի 02.04.2014թ. թիվ ՍԴՈ-1142 որոշում)․ «Տվյալ ոլորտում, համաչափության և համամասնականության հիմնարար սկզբունքների պահանջներից ելնելով` հայեցողության սահմանները պայմանավորվում են, մի կողմից, պետության սոցիալ-տնտեսական հնարավորություններով, մյուս կողմից՝ սոցիալական պետության սահմանադրական բնույթի պահանջներով։»։
Ըստ այդմ, կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացման խնդրի լուծումը հարկ է դիտարկել անհրաժեշտ ֆինանսական մեծ ռեսուրսներով ապահովվածության խնդրի լուծման համատեքստում։ Հակառակ դեպքում, կենսաթոշակների և նպաստների ավելացման չափերն ըստ տարիների օրենքով ամրագրելիս կարող է առաջանալ իրավիճակ, երբ օրենքի պահանջն օբյեկտիվորեն հնարավոր չլինի կատարել պետության սահմանափակ սոցիալ-տնտեսական հնարավորությունների պատճառով։
Ելնելով վերոգրյալից՝ կենսաթոշակների և նպաստների ավելացման չափերն ըստ տարիների օրենքով ամրագրելը նպատակահարմար չէ։
Նպատակահարմար չէ նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը նվազագույն կենսաթոշակի չափի հետ փոխկապակցելը, քանի որ նպաստների և կենսաթոշակների չափերը ձևավորվում են տվյալ ոլորտում վարվող քաղաքականության շրջանակներում։ Այդ չափերի ընդհանրությունը կայանում է նրանում, որ իրենց սոցիալ–տնտեսական բովանդակությունից ելնելով, գործնականում, դրանք պետք է պակաս չլինեն պարենային զամբյուղի արժեքից։
Բացի վերը նշվածից, կիրառման և ժամկետների առումով հստակ չէ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի կիրառությունը 2022 թվականի համար․ ըստ նախագծի տրամաբանության՝ 2022 թվականի համար պետք է հիմք ընդունվի 2021 թվականի երկրորդ եռամսյակի միջին գներով հաշված՝ Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պարենային և սպառողական զամբյուղների արժեքները, մինչդեռ նույն հոդվածի համաձայն՝ նշված զամբյուղների ամսական արժեքները հաշվարկելու կարգը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանելու է նախագծերն ընդունվելուց հետո։
Նախագծերի ընդունումը 2022 թվականի համար խնդրահարույց է նաև ֆինանսական ռեսուրսներով ապահովվածության առումով, քանի որ այս դեպքում կպահանջվի ավելի քան 47 մլրդ դրամ, ինչը նախատեսված չէ և գործնականում, գումարի մեծ չափով պայմանավորված, կարճ ժամկետում հնարավոր չէ նախատեսել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծով։
Հարկ է նշել, որ կենսաթոշակների և նպաստների չափերի փոխկապակցված տրամաբանության ներքո աշխատանքային կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացումը պետք է ուղեկցվի նաև զինվորական կենսաթոշակների համաչափ ավելացմամբ։ Սա նշանակում է, որ նախագծերի ընդունման դեպքում արդեն իսկ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով, հարկ կլինի հատկացնել ավելի շատ գումար, քան վերը նշված 47 մլրդ դրամը։ Ուստի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օրենքների նախագծերն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն պետք է ընդունի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Ամփոփելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծերով լրացվող օրենքների գործող հոդվածները թողնել անփոփոխ:
Այդուհանդերձ հարկ ենք համարում նշել նաև, որ՝
1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածով, իսկ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը տվյալ օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերն ընդունում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը, մինչդեռ նախագծերն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Հետևաբար տվյալ օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերի ընդունման համար անհրաժեշտ է սահմանել ավելի ուշ ժամկետ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց ընդունման համար լիազորող նորմերը պետք է ընդունված լինեն:
2. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի կարգավորումը որպես եզրափակիչ դրույթ նախատեսելը պարզաբանման կարիք ունի՝ նկատի ունենալով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են`
1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.
2) գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ): Այս դեպքում նշվում է ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի` բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ
Նախագծերով առաջարկվում է կարգավորել նվազագույն կենսաթոշակի չափի, ինչպես նաև ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի և կերակրողին կորցնելու դեպքերում նպաստի չափի սահմանման հետ կապված հարաբերությունները:
Այս առումով, հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝
. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող նպաստների գումարները, բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և վարձու աշխատողների ու ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված ֆիզիկական անձանց մայրության նպաստների գումարների,
. բոլոր տեսակի կենսաթոշակները (այդ թվում` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում ստացվող կուտակային կենսաթոշակները, այլ պետությունների օրենսդրության շրջանակներում ստացվող կենսաթոշակները և այլ պետությունների կենսաթոշակային ապահովության համակարգի շրջանակներում ստացվող համանման վճարները), բացառությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցության շրջանակներում ստացվող կենսաթոշակների:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծերի ընդունումը չի հանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցման:
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի վրա ազդեցությանը՝ հայտնում ենք, որ հաշվի առնելով բյուջետային գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առաջարկվող գնաճի թիրախային մակարդակի 4±1,5 տոկոս առաջարկը (նախագծերին կից ներկայացված հաշվարկների համաձայն՝ 2021 թվականին հաշվարկված պարենային և սպառողական զամբյուղների արժեքների նկատմամբ տարեկան կիրառվել է 5 տոկոս գնաճ), նախագծերով առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման: