ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2021 թվականի N 1901-Ն
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` մեկ ամիս ժամկետով` 2021 թվականի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 19-ը:
2. Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն, ըստ անհրաժեշտության, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
3. Վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 202 քաղաքացու, որոնցից 161-ը` շարքային կազմի, 28-ը` ենթասպայական կազմի, 13-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել վարժական հավաքներին ներգրավվող պահեստազորայինների բուժհետազոտումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին վարժական հավաքներ անցկացնելու ժամկետում անհրաժեշտությունը վերանալու դեպքում վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիներին ժամկետից շուտ արձակել պահեստազոր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
18.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2021 թվական: