ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2021 թվականի N 1848-Ն
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 27-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում՝ կենսաբանական վերականգնման ուղեցույցը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
11.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1848-Ն որոշման |
ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն ուղեցույցը տարածվում է օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման աշխատանքների արդյունքում խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների տեխնիկական և կենսաբանական ռեկուլտիվացման աշխատանքների վրա:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն ուղեցույցում օգտագործվող հասկացությունները սույն ուղեցույցի իմաստով ունեն հետևյալ նշանակությունը՝
1) հող` երկրի մակերևույթում բիոտիկ, աբիոտիկ և մարդածին գործոնների երկարատև ազդեցության արդյունքում առաջացած ինքնուրույն բնագիտապատմական հանքաօրգանական բնական մարմին` կազմված կոշտ հանքային և օրգանական մասնիկներից, ջրից ու օդից և ունի բույսերի աճի ու զարգացման համար համապատասխան պայմաններ ստեղծող յուրահատուկ գենետիկա-մորֆոլոգիական հատկանիշներ ու հատկություններ.
2) հողեր (հողային տեղամաս)՝ կոնկրետ տնտեսական նշանակություն (գյուղատնտեսական, ռեկրեացիոն, անտառօգտագործման և այլն) ունեցող տարածք, որտեղ կարող են ներկայացված լինել տարբեր հողային տիպեր, ենթատիպեր, սեռեր.
3) հողի տիպ` դասակարգման հիմնական միավոր, որը բնութագրվում է հողագոյացման ռեժիմներով և գործընթացներով պայմանավորված հատկությունների ամբողջությամբ և հիմնական գենետիկական հորիզոնների միասնական համակարգով.
4) հողի գենետիկ հորիզոն` հողագոյացնող գործընթացի ազդեցության արդյունքում առաջացած հողային կտրվածքի շերտ.
5) հողային կտրվածք` գենետիկորեն կապակցված գենետիկ հորիզոնների ամբողջություն, որը ձևավորվում է հողագոյացման գործընթացում ձեռք բերվող ձևաբանական հատկանիշների հետևանքով.
6) հնարավոր բերրի ապարներ՝ բուսականության աճի համար սահմանափակ բարենպաստ քիմիական և (կամ) ֆիզիկական հատկություններ ունեցող լեռնային ապարներ.
7) հողի բերրի շերտ` հողային ծածկույթի վերին շերտի բուսահող, որն օգտագործվում է հողերի բարելավման, կանաչապատման, ռեկուլտիվացման նպատակներով.
8) հողի հնարավոր բերրի շերտ` հողային կտրվածքի ստորին մասը, որն իր հատկություններով համընկնում է հնարավոր բերրի ապարների հատկություններին.
9) խախտված հողեր` առաջնային տնտեսական արժեքը կորցրած և շրջակա միջավայրի վրա բացասական ներգործության աղբյուր հանդիսացող հողեր (հողային տեղամասեր).
10) լցակույտ` լցակույտային գրունտներից, օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության, արդյունահանման և (կամ) վերամշակման արդյունքում առաջացած ընդերքօգտագործման թափոններից, արդյունաբերական ու կենցաղային թափոններից գոյացած արհեստական հողաթումբ.
11) ներքին լցակույտ` հանքի տարածքում ընդերքօգտագործման թափոնների տեղադրման արդյունքում գոյացած լցակույտ, ինչը կարող է լցվել (ձևավորվել) երկրի մակերևույթից ներքև, հավասար, կամ բարձր.
12) հումուս` հողի օրգանական նյութ, որը բույսերի սննդառության հիմնական տարրերի բարդ խառնուրդ է և գոյանում է բուսական ու կենդանական մնացորդների կենսաքիմիական փոփոխություններից, ինչպես նաև օրգանիզմների կենսագործունեության արգասիքների քայքայման արդյունքում.
13) հողերի ռեկուլտիվացման կենսաբանական փուլ` խախտված հողերի (հողային տեղամասերի) բերրիության վերականգնման ագրոքիմիական և ֆիտոմելիորատիվ միջոցառումների համալիր.
14) հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլ` խախտված հողերի (հողային տեղամասերի) նախապատրաստումը հետագա նպատակային օգտագործման համար` հատակագծման, թեքությունների ձևավորման, հողի ու հնարավոր բերրի ապարների հանման, տեղափոխման ու ռեկուլտիվացվող հողերի (հողային տեղամասերի) վրա դրանց տեղադրման, ճանապարհների ու հիդրոտեխնիկական կառույցների շինարարության միջոցով.
15) ռեկուլտիվացվող շերտ` ռեկուլտիվացման տեխնիկական փուլում կենսաբանական ռեկուլտիվացման համար բարենպաստ պայմաններով հատուկ ստեղծվող բուսահողի վերին շերտ.
16) ապարների դասակարգում՝ բուսահողային հատկությունները հաշվի առնելով՝ մակաբացման և պարփակող ապարների համակարգում՝ ըստ պիտանելիության.
17) հանքային փորվածք` բաց եղանակով պինդ օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած լեռնային փորվածքների ամբողջություն` ներքին լցակույտերով կամ առանց դրանց.
18) մակաբացման ապարներ` hանքամարմինները կողքերից պարփակող և վրայից ծածկող, ինչպես նաև հանքամարմինների սահմաններում գտնվող դատարկ ապարներ և ոչ հաշվեկշռային պաշարներին դասվող օգտակար հանածոներ, որոնք ենթակա են դեպի հատուկ հատկացված տեղեր փոխադրման.
19) դատարկ ապարներ՝ օգտակար հանածոներից զուրկ մակաբացման ապարներ.
20) լցակույտային գրունտ` հանման, տեղափոխման և լցակույտի գոյացման պրոցեսներում փխրեցված և քիչ թե շատ միախառնված լցակույտ կազմող լեռնային ապարներ.
21) կոնսերվացում՝ աղտոտված, խախտված հողերի շրջանառությունից ժամանակավոր դուրս բերում՝ հողի քայքայման գործընթացների զարգացումը կանխելու և դադարեցնելու, ինչպես նաև դրանց բերրիությունը վերականգնելու նպատակով:
III. ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐ (ՀՈՂԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԵՐ)
3. Ընդերքօգտագործման արդյունքում հողերի (հողային տեղամասերի) խախտման հետևանքով դրսևորվող բացասական ազդեցություններն են`
1) հողագոյացման դադարեցում.
2) հողերի ինքնամաքրման հատկության նվազում, կորուստ.
3) վնասակար, աղտոտիչ նյութերի կուտակում բուսականության մեջ, մարդու և կենդանիների օրգանիզմներում.
4) տարածքի հիդրոլոգիական ռեժիմի և լանդշաֆտի խախտում.
5) հողերի որակական բնութագրերի փոփոխություն, տեխնածին աղտոտում.
6) կենսաբազմազանության նվազում և կորուստ.
7) էրոզիոն և արտաքին երկրաբանական վտանգավոր երևույթների ակտիվացում.
8) էկոհամակարգի (լանդշաֆտի) հավասարակշռության խախտում:
4. Ռեկուլտիվացման ենթակա են բոլոր այն նպատակային նշանակության հողերը (հողային տեղամասերը), որոնք բացասական ներգործության արդյունքում ամբողջովին կամ մասնակի կորցրել են իրենց առաջնային տնտեսական արժեքը:
5. Խախտված հողերի (հողային տեղամասերի) վերականգնումն իրականացնում է հողի սեփականատերը, կամ հողօգտագործողը, կամ հողը տնօրինողը, կամ վարձակալը, կամ սերվիտուտը տիրապետողը, իսկ ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության հետևանքով առաջացած խախտման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ անձը:
6. Խախտված հողերի (հողային տեղամասերի) ռեկուլտիվացիայի իրականացման աշխատանքներ նախատեսված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
7. Ներկայումս խախտված հողերի (հողային տեղամասերի) ռեկուլտիվացիային վերաբերող գործող նորմատիվ իրավական ակտերն են՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1396-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի N 1404-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1643-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 676-Ն որոշումը:
8. Հողերի (հողային տեղամասերի) աղտոտվածության վիճակը դիտարկվում է հողում աղտոտող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի խտությունների պահպանման տեսանկյունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի N 124-Ն որոշմամբ սահմանված հողն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջները, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկը, հողն աղտոտող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի խտությունները, հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման կարգը:
9. Հողերի դասակարգման ընդհանուր պահանջները` ըստ դրանց վրա ազդեցության քիմիական աղտոտիչների, սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ ներառյալ.
1) ԳՕՍՏ 17.4.3.03-85 – Բնապահպանություն. Հողեր. Աղտոտող նյութերի որոշմանը ներկայացվող ընդհանուր պահանջները.
2) ԳՕՍՏ 17.4.3.04-85 – Բնապահպանություն. Հողեր. Վերահսկմանը և աղտոտվածությունից պաշտպանությանը ներկայացվող ընդհանուր պահանջները:
10. Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման բնութագիրն ու ընթացակարգը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 92-Ն որոշմամբ:
IV. ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ (ՀՈՂԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ) ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ (ԿԻՐԱՌՎՈՂ) ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԸ
11. Խախտված հողերի (հողային տեղամասերի) դասակարգումը խախտված հողերի տարաբաժանման համակարգ է՝ ըստ.
1) ռեկուլտիվացման ուղղությունների.
2) տեխնածին ռելիեֆի.
3) ջրավորվածության բնույթի.
4) մակաբացման և պարփակող ապարների։
12. Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները և խախտված հողերի դասակարգումը, ըստ ուղղությունների, սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N1643-Ն որոշմամբ։
V. ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ (ՀՈՂԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ) ՀԵՏԱԶՈՏՈՒՄ
13. Վերականգնման ենթակա հողերի գործիքային դիտարկումները և հետազոտություններն իրականացվում են՝ համաձայն.
1) ԳՕՍՏ 17.4.3.01-2017 – Բնապահպանություն. Հողեր. Նմուշառմանը ներկայացվող ընդհանուր պահանջների.
2) ԳՕՍՏ 17.4.4.02-2017 – Բնապահպանություն. Հողեր. Քիմիական, մանրէաբանական, հելմինթոլոգիական վերլուծության նպատակով նմուշառմանը և նմուշի նախապատրաստմանը ներկայացվող ընդհանուր պահանջների:
Հողերի նմուշառումն իրականացվում է՝ հաշվի առնելով ռելիեֆը և հողի աղտոտվածության և դեգրադացման (խախտման) աստիճանը այնպես, որ յուրաքանչյուր նմուշառման դեպքում հնարավոր լինի ներկայացնել տվյալ տիպի հողի գենետիկ հորիզոններին կամ շերտերին բնորոշ նմուշ։
14. Հողերի որակը գնահատվում է նմուշառման հետևյալ միջոցներով.
1) ֆոնային նմուշի՝ համակցված նմուշ, ինչը բաղկացած է առնվազն հինգ կետային նմուշներից՝ վերցված նմուշառման նույն փորձահարթակի յուրաքանչյուր 0,5-1,0 հեկտարից, 0-5 և 5-20 սմ խորությամբ, ոչ ավելի, քան 200 գ յուրաքանչյուր նմուշը։ Նմուշը վերցվում է տնտեսական կամ այլ գործունեություններից ազդեցության չենթարկված՝ չաղտոտված (չխախտված) հողատարածքից.
2) առնվազն մեկ համակցված նմուշի, ինչը բաղկացած է առնվազն հինգ կետային նմուշներից՝ վերցված նմուշառման նույն փորձահարթակի յուրաքանչյուր 0,5-1,0 հեկտարից, 0-5 և 5-20 սմ խորությամբ, ոչ ավելի, քան 200 գ յուրաքանչյուր կետային նմուշը։ Նմուշը վերցվում է ռեկուլտիվացման ենթակա տարածքից, փորձարարական հարթակի չափերը պետք է լինեն առնվազն 10x10 մ։
15. Յուրաքանչյուր վերցված հողի նմուշի տեղադիրքն ամրագրվում է պետական միասնական կոորդինատային համակարգով: Յուրաքանչյուր նմուշի համար լրացվում է ուղեկցող կտրոն, կազմվում է հողի նմուշառման ուղեկցող թերթիկ:
16. Նմուշները հետազոտվում են նման աշխատանքներ իրականացնելու համար հավատարմագրված լաբորատորիաներում։ Աղտոտող նյութերի որոշման մեթոդների ընդհանուր պահանջները ներկայացված են ԳՕՍՏ 17.4.3.03-85 – Բնապահպանություն. Հողեր. Աղտոտող նյութերի որոշմանը ներկայացվող ընդհանուր պահանջներում.
17. Հողերի աղտոտվածության հսկողությունը կարող է իրականացվել հողի ֆոնային նմուշի հետ համեմատական վերլուծության միջոցով։
18. Գործիքային դիտարկումների և հետազոտությունների ամփոփ տվյալների արդյունքներով ընտրվում են խախտված հողերի (հողային տեղամասերի) ռեկուլտիվացման ուղղությունները, կատարվում է տեխնիկական և կենսաբանական ռեկուլտիվացման աշխատանքների տեսակների և ծավալների հաշվարկ, հաշվարկվում են հանքային և օրգանական պարարտանյութերի կիրառման նորմաները, հիմնավորվում է մելիորատիվ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոշվում են բուսական ծածկույթի վերականգնման միջոցները, ինչպիսիք են բույսերի անհրաժեշտ տեսակները, որոնք կարճ ժամանակում ընդունակ են ձևավորելու բարձր արտադրողականության բուսական ծածկույթ, խոտերի ցանքի, ծառատնկման նորմաներ։
VI. ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ (ՀՈՂԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ) ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
19. Ռեկուլտիվացման աշխատանքներն իրականացվում են երկու փուլով՝ տեխնիկական և կենսաբանական։
20. Խախտված հողերի (հողային տեղամասերի) ռեկուլտիվացման տեխնիկական փուլը ներառում է միջոցառումներ մակերեսը կենսաբանական փուլի իրականացման նախապատրաստելու համար՝ հաշվի առնելով հողի ռեկուլտիվացման ուղղությունը և հետագա օգտագործումն ըստ նպատակային նշանակության։ Տեխնիկական փուլը նախատեսում է հողի վրա բացասական ազդեցության աղբյուրների և հետևանքների վերացմանն ուղղված համալիր աշխատանքների իրականացում՝ ներառյալ գրունտների և լեռնային ապարների տեղափոխում, հատակագծում, թեքությունների ձևավորում, հողի ու հնարավոր բերրի ապարների հանում, տեղափոխում ու ռեկուլտիվացվող հողերի (հողային տեղամասերի) վրա դրանց տեղադրում, ճանապարհների ու հիդրոտեխնիկական կառույցների շինարարության իրականացում։
21. Հողի բերրի շերտի հանման, տեղափոխման և պահման ժամանակ ձեռնարկվում են միջոցառումներ, որոնք բացառում են հողի որակի վատթարացումը, ինչպես նաև կանխարգելում հողի բերրի շերտի լվացումը՝ խոտերի ցանքով և այլ միջոցներով լցակույտի մակերեսի ամրացմամբ։
22. Խախտված հողերի (հողային տեղամասերի) ռեկուլտիվացման կենսաբանական փուլը խախտված հողերի բերրիության, կենսաբանական արդյունավետության և էկոհամակարգի տեսակային բազմազանության վերականգնմանն ուղղված ագրոքիմիական և ֆիտոմելիորատիվ միջոցառումների համալիր է:
23. Ռեկուլտիվացման կենսաբանական փուլը խախտված հողերի (հողային տեղամասերի) վերականգնման աշխատանքների ավարտական գործընթացն է:
24. Ռեկուլտիվացման ուղղություններն են՝ գյուղատնտեսական, բնապահպանական, անտառապատման կամ հանգստի (ռեկրեացիոն): Ռեկուլտիվացման կենսաբանական փուլի ուղղությունների ընտրությունն իրականացվում է մի շարք գործոնների հիման վրա.
1) բնակլիմայական գործոններ՝ տարածքի ռելիեֆ, երկրաբանական, հիդրոերկրաբանական և հիդրոլոգիական կառուցվածք, կլիմա և բնակլիմայական պայմաններ, հողային և բուսական ծածկույթ, կենսաբազմազանություն.
2) սոցիալական գործոններ՝ ենթակառուցվածք, տնտեսական մասնագիտացում, սանիտարահիգիենիկ պայմաններ.
3) խախտված հողերի (հողային տեղամասերի) փաստացի և ռեկուլտիվացման ավարտին նախատեսվող վիճակ՝ ռեկուլտիվացվող մակերես, տեխնածին ռելիեֆ, լեռնատեխնիկական ռեկուլտիվացիայից հետո ձևավորված ռելիեֆ, բերրի կամ հնարավոր բերրի հողերի և ապարների առկայություն, տեխնածին աղտոտվածության բնույթ և աստիճան, բուսականության բնական վերաճի հեռանկար, արտածին երկրաբանական երևույթներ (սողանքներ, էրոզիա, մակերևույթի նստեցումներ).
4) տարածքային զարգացման և քաղաքաշինական հեռանկարային ծրագրեր.
5) հարակից հողատարածքների նպատակային նշանակություն.
6) կենսաբանական վերականգնման փուլի տևողություն:
25. Գյուղատնտեսական ուղղության ռեկուլտվացիոն աշխատանքների կատարման նպատակն է ստեղծել գյուղատնտեսական գործունեության համար նախատեսված հողեր (հողային տեղամասեր)՝ վարելահողեր, խոտհարքներ, արոտավայրեր, բազմամյա տնկարկներ և գյուղատնտեսական այլ մշակաբույսերի մշակության, ինչպես նաև գյուղատնտեսական այլ գործունեության իրականացման համար պիտանի հողեր:
26. Խախտված տարածքներում անտառապատման աշխատանքների նպատակն է նոր անտառաշերտի հիմնումը:
27. Բնապահպանական ուղղության ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման նպատակը աղտոտված, խախտված տարածքների, արտադրական լցակույտերի, ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ներառյալ պոչամբարների տարածքների երկարաժամկետ կոնսերվացումն է, հետագայում դրանք օգտագործելու՝ բնապահպանական նշանակության և հակաէրոզիոն անտառատնկարկների ու ճմապատված տարածքների հիմնման համար:
28. Հանգստի (ռեկրեացիոն) ուղղությամբ ռեկուլտիվացիոն աշխատանքների արդյունքում հիմնվում են պուրակներ կամ անտառպուրակներ, ստեղծվում են հանգստի գոտիներ (ներառյալ արհեստական ջրավազաններ) և տուրիզմի վայրեր:
VII. ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ (ՀՈՂԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ) ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
29. Խախտված հողերի (հողային տեղամասերի) վերականգնման համար նախագծերի մշակումն իրականացվում է բնապահպանական, սանիտարահիգիենիկ, շինարարական, ջրատնտեսական, անտառտնտեսական և այլ նորմատիվների և ազգային ստանդարտների հիման վրա:
30. Խախտված հողերի (հողային տեղամասերի) ռեկուլտիվացիոն աշխատանքների նախագծերի մշակման համար հիմնականում հաշվի են առնվում հետևյալ գործոնները.
1) խախտված հողերի (հողային տեղամասերի) տեղադիրքը.
2) տեղանքի բնական պայմանները (կլիմայական, լեռնակազմական, երկրաբանական, հիդրոլոգիական, վեգետացիոն և այլն).
3) շահագործման ենթակա տեղանքի զարգացման հեռանկարները՝ տարածքային սխեմաները, տարածքների զարգացման գլխավոր հատակագծերը,
4) ռեկուլտիվացման պահին խախտված հողերի (հողային տեղամասերի) փաստացի կամ կանխատեսվող վիճակը (ծավալները, մակերեսը, տեխնածին ռելիեֆի ձևը, բնական ներաճի աստիճանը, խախտված հողերի (հողային տեղամասերի) օգտագործումը, հողի բերրի շերտի ու հնարավոր բերրի ապարների առկայությունը, ստորերկրյա ջրերի հորիզոնի, ողողատների, չորացման ու հողատարման (էրոզիոն) գործընթացների կանխատեսումները, հողի աղտոտման աստիճանը).
5) հողի քիմիական և հատիկաչափական ցուցանիշները, ագրոքիմիական և ագրոֆիզիկական հատկությունները, մակաբացման/դատարկ ապարների լցակույտերում դրանց խառնուրդների ինժեներաերկրաբանական բնութագրերը (այդ թվում՝ ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտներում).
6) խախտված հողերի (հողային տեղամասերի) տեղակայման շրջանի տնտեսական, սոցիալական և սանիտարահիգիենիկ պայմանները.
7) ռեկուլտիվացված հողերի (հողային տեղամասերի) օգտագործման ժամկետը` հաշվի առնելով նաև կրկնակի խախտումների հնարավորությունը.
8) խախտված հողերի (հողային տեղամասերի) ռեկուլտիվացիոն աշխատանքների նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը.
9) կենսաբազմազանության պահպանումը և վերականգնումը.
10) բնապահպանական, սանիտարահիգիենիկ, շինարարական, անտառտնտեսության, ջրային ոլորտում կիրառվող կանոնակարգերը և ստանդարտները.
11) հողի օգտագործման նախատեսված նպատակային նշանակությունը և հողի թույլատրելի օգտագործումը՝ դրանց բարելավումից հետո։
31. Խախտված հողերի (հողային տեղամասերի) վերականգնման նախագիծը պետք է պարունակի հետևյալ բաժինները՝ բացատրական մաս, խախտված հողերի (հողային տեղամասերի) ռեկուլտիվացման ուղղության (ըստ 24-րդ կետում նշված ուղղությունների) բնապահպանական (էկոլոգիական) և տնտեսական հիմնավորում, վերականգնման աշխատանքների բովանդակությունը, շրջանակը և ժամանակացույցը, խախտված հողերի (հողային տեղամասերի) վերականգնված վիճակը արտացոլող քարտեզագրական նյութեր, աշխատանքների կատարման ծախսերի հաշվարկներ:
32. «Բացատրական մաս» բաժինը պետք է պարունակի՝
1) ելակետային տվյալներ՝ վերականգնվող հողերի (հողային տեղամասերի) նախնական պայմանների նկարագրությունը, խախտման տարածքը, աղբյուրը և բնույթը, քարտեզագրական նյութեր.
2) տեղեկատվություն հողերի (հողային տեղամասերի) սեփականության, նպատակային նշանակության, հողային ծածկույթի որակական բնութագրի, հողերի ֆոնային աղտոտվածության, հողի նպատակային նշանակության և թույլատրելի օգտագործման, սեփականատերերի մասին՝ մինչև հողերի խախտման պահը.
3) սեփականատիրոջ համաձայնությունը նախագծային լուծումների վերաբերյալ.
4) տեղեկություններ սահմանակից տարածքների վերաբերյալ, օգտագործման հատուկ պայմանների (սանիտարական և անվտանգության գոտիներ, բնապահպանական, առողջապահական, ժամանցային, պատմական և մշակութային նպատակներ և այլն):
33. «Խախտված հողերի (հողային տեղամասերի) ռեկուլտիվացման ուղղության բնապահպանական (էկոլոգիական) և տնտեսական հիմնավորում» բաժինը պետք է պարունակի՝
1) ռեկուլտիվացման ուղղության ընտրության բնապահպանական (էկոլոգիական) և տնտեսական հիմնավորում.
2) խախտված հողերի (հողային տեղամասերի) ռեկուլտիվացիայի նախընտրած ուղղության նպատակով առաջարկվող միջոցառումների և տեխնիկական լուծումների հիմնավորում՝ հիմք ընդունելով նաև հետագայում՝ ռեկուլտիվացիայի ավարտից հետո, հողի (հողային տեղամասի) նպատակային նշանակությամբ օգտագործումը.
3) խախտված հողերի (հողային տեղամասերի) վերականգնման աշխատանքների որակական բնութագրերին և ցուցանիշներին ներկայացվող՝ ՀՀ կառավարության որոշումներով, ԳՕՍՏ-երով սահմանված պահանջների նկարագրություն.
4) խախտված հողերի (հողային տեղամասերի) ռեկուլտիվացիայի ավարտից հետո նախատեսվող բնութագրերի և ցուցանիշների հիմնավորում.
5) նախագծի իրականացման ընթացքում հնարավոր առաջացող ռիսկերի կառավարման առաջարկներ:
34. «Վերականգնման աշխատանքների բովանդակությունը, շրջանակը և ժամանակացույցը» բաժինը պետք է պարունակի՝
1) խախտված հողերի (հողային տեղամասերի) ռեկուլտիվացիայի ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակը, որը որոշվում է հողերի հետազոտության արդյունքների հիման վրա.
2) իրականացվող աշխատանքների հաջորդականությունը, ծավալները և ժամկետներն ըստ փուլերի.
3) խախտված հողերի (հողային տեղամասերի) ռեկուլտիվացիայի աշխատանքների վերջնաժամկետը:
35. «Խախտված հողերի (հողային տեղամասերի) վերականգնված վիճակը արտացոլող քարտեզագրական նյութեր» բաժինը պետք է պարունակի՝
1) ռեկուլտիվացման տեխնիկական փուլում տեղանքի առաջացող ռելիեֆային փոփոխություններն արտահայտող քարտեզագրական նյութեր (1:1000, 1:2000, 1:5000, 1:10000 մասշտաբի գծագրեր), կոորդինատներ, նկարներ.
2) ռեկուլտիվացման կենսաբանական փուլում ռեկուլտիվացվող տեղամասի սխեմա՝ 1:10000 մասշտաբով, նշելով սահմանները, բարձրության նիշերը, տեխնոլոգիական և բնական օբյեկտները, ռեկուլտիվացվող շերտի ստեղծման վայրերը, տարածքները, նախատեսվող աշխատանքների տեսակներն ու ժամկետները:
36. «Աշխատանքների կատարման ծախսերի հաշվարկներ» բաժինը պետք է պարունակի լեռնատեխնիկական և կենսաբանական ռեկուլտիվացման համար ծախսերի խոշորացված հաշվարկ ըստ աշխատանքների տեսակների՝ ներառելով շրջակա միջավայրի բաղադրիչների վերականգնման, պահպանման, աղտոտված հողի (հողագրունտի) հեռացման և այլ ծախսերը:
Խախտված հողերի (հողային տեղամասերի) ռեկուլտիվացման նախագիծը մշակվում է հողի սեփականատիրոջ կամ հողօգտագործողի, կամ հողը տնօրինողի, կամ վարձակալի, կամ սերվիտուտը տիրապետողի, կամ իրենց կողմից պատվիրած՝ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից:
37. Ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի (հողային տեղամասերի), ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների նախագծերը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման փորձաքննության:
VIII. ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ (ՀՈՂԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ) ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
38. Ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի (հողային տեղամասերի), ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների ընդունման ժամանակ հաշվի են առնվում հողաբուսական շերտի, կամ հողի հնարավոր բերրի որակը, շերտի հզորությունը, տարածման համաչափությունը, բուսականությամբ ծածկման մակերեսը տոկոսային արժեքով, իրականացված միջոցառումների որակը, ռեկուլտիվացված տարածքներում մոնիթորինգի դիտակետերի առկայությունը՝ նախագծին համապատասխան, ինչպես նաև, վերականգնված տարածքի օգտագործման հնարավորությունը՝ ըստ նախընտրած ռեկուլտիվացման ուղղության:
39. Խախտված հողերի (հողային տեղամասերի), ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների ընդունման հետ կապված որոշումների կայացումն իրականացվում է ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:
Բոլոր այն դեպքերում, երբ ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, լիազոր մարմնի կողմից խախտված հողերի (հողային տեղամասերի), ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների ընդունման հետ կապված որոշումները կայացվում են՝ հաշվի առնելով նշված տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքները:
IX. ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ (ՀՈՂԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ) ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
40. Խախտված հողերի (հողային տեղամասերի) արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվում են օրգանական և հանքային պարարտանյութերով հողային զանգվածի պարարտացում, հատուկ մելիորատիվ և ագրոտեխնիկական միջոցառումներ, խոտային համակեցությունների, գյուղատնտեսական մշակաբույսերի մշակություն և անտառների հիմնում:
41. Ռեկուլտիվացված տարածքներում հողաբուսական շերտի կայուն վերականգնման համար անհրաժեշտ ժամանակաշրջանը որոշվում է հետևյալ գործոնների հիման վրա.
1) բնակլիմայական պայմաններ, հողագոյացման արագություն, հողերի կենսաբանական ակտիվության տևողություն, խոնավության ցուցանիշ, ջերմաստիճանային պայմաններ, վեգետացիոն շրջանի տևողություն.
2) կենսաբանական ռեկուլտիվացիայի ժամանակ կիրառված հողի և ապարների բերրի կամ հնարավոր բերրի շերտի հզորություն և ֆիզիկամեխանիկական ցուցանիշներ, օգտագործվող պարարտանյութերի ճիշտ զուգակցում, (օրգանական, հանքային՝ ազոտական, ֆոսֆորական, կալիումական և այլն).
3) հարակից տարածքների և բնական լանդշաֆտի բուսածածկի առանձնահատկություններ, ռեկուլտիվացվող հողերի (հողային տեղամասերի) հետագա տնտեսական յուրացման ուղղություններ:
42. Ռեկուլտիվացված տարածքներում կայուն բուսական ծածկույթի ձևավորման տևողությունը գնահատվում է՝
1) կերային մշակաբույսերով ներկայացված բուսածածկ՝ հողի բերրի կամ հնարավոր բերրի շերտի, հնարավոր բերրի ապարների 20 և ավելի սանտիմետր հզորության դեպքում 4-6 տարի.
2) անտառային բույսերով ներկայացված բուսածածկ՝ հողի բերրի կամ հնարավոր բերրի շերտի, հնարավոր բերրի ապարների 40 և ավելի սանտիմետր հզորության դեպքում 6-8 տարի:
43. Ռեկուլտիվացման աշխատանքների ընթացքում, հողերի որակական հատկությունները բարձրացնելու նպատակով կարող են կիրառվել ըստ վտանգավորության թափոնների 4-րդ դասին դասվող՝
1) մակերևութային և ստորերկրյա ջրերի մեխանիկական, կենսաբանական և ֆիզիկամեխանիկական մաքրման արդյունքում առաջացած մաքրման նստվածքներ.
2) կոյուղաջրերի կենսատեխնոլոգիական, ֆիզիկաքիմիական, ջերմային և այրման եղանակներով մաքրումից առաջացած թափոններ (նստվածքներ):
44. Ջրի մաքրման արդյունքում առաջացած նստվածքների ներմուծումն աղտոտված հողերի մեջ թույլ է տալիս նվազեցնել վնասակար նյութերի պարունակությունները, բարելավել մեխանիկական կազմը, բարձրացնել բուֆերային կարողությունը և խոնովության կլանելիությունը, հողային զանգվածը հարստացնում է օրգանական և հումուսային նյութերով, արագացնում է ինքնամաքրման գործընթացները:
45. Ջրամաքրման արդյունքում գոյացած IV դասի թափոնները կարող են ներմուծվել ռեկուլտիվացվող հողեր 200-300 տ/հա կամ 10-30 կգ/տնկափոս քանակությամբ:
46. Կենսաբանական ռեկուլտիվացման համար կարող են կիրառվել ջրամաքրման համակարգերի ջրազրկված, միներալիզացված և վարակազերծման նստվածքները: Նստվածքներում չոր և հանքային նյութերի պարունակությունները, սանիտարական մանրէաբանական և մակաբուծական անհրաժեշտ ցուցանիշների ապահովման համար կիրառվում են աէրոբ և անաէրոբ մեթոդներ, մեխանիկական ջրազրկում, չորացում տղմային հարթակներում, ջերմային մշակում, կոմպոստավորում, կոմպոստի և կրի որոշակի քանակությունների միախառնում:
47. Բնակավայրերի ջրամատակարարման նպատակով օգտագործվող աղբյուրների ջրհավաք և սանիտարական պահպանման գոտիներում արգելվում է կենսաբանական ռեկուլտիվացիայի համար կոյուղաջրերի վերամշակման թափոնների կիրառումը:
48. Անտառաճման բավարար պայմանների առկայության դեպքում հողերի (հողային տեղամասերի) ռեկուլտիվացման ենթակա տարածքներում կարող է կիրառվել լցակույտերի վրա անտառպուրակների հիմնման մեթոդը: Անտառ-պուրակի ստեղծման համար անհրաժեշտ է ձևավորել նպաստավոր լանդշաֆտ: Տարածքի 60-80% մակերեսի վրա անհրաժեշտ է կազմավորել հարթ, մերձհորիզոնական տարածք, մնացած հատվածում՝ ցածր, թույլ կտրտված, դարավանդավորված, բլրային լանդշաֆտ: Կարող են ստեղծվել առանձին լանդշաֆտային խմբեր (100-200 մ2 մակերեսներով)՝ 30-50 տնկատեղերով: Անտառպուրակների ստեղծման համար օգտագործվող տնկանյութը պետք է ընտրվի կոնկրետ տարածաշրջանին բնորոշ գոտիական բուսականությունից, ծառերի և թփուտային տեսակների կազմը ընտրվում է՝ հաշվի առնելով տարածքի բնակլիմայական պայմանները: Առավել բարենպաստ է հիմնական և ուղեկից ծառատեսակների և թփուտային բուսականության տնկումը 2:1:1 հարաբերությամբ:
49. Անտառաճման բավարար պայմաններ ունեցող վայրերում ընդերքօգտագործման խախտված տարածքների կենսաբանական ռեկուլտիվացման շրջանակներում կարող են հիմնվել անտառներ: Մինչ տնկումն անհրաժեշտ է մշակել անտառապատման նախագիծ, որտեղ կնշվի տարածքին բնորոշ տեսակային կազմը, տնկման նպաստավոր խտությունը, խնամքը և այլն: Հողագոյացման ակտիվացման նպատակով անտառտնկման աշխատանքներին զուգընթաց նպատակահարմար է կատարել բազմամյա հացազգի և բակլազգի խոտաբույսերի ցանք և այլն:
50. Արհեստական լանդշաֆտներում բուսածածկի վերականգնման տեմպերի արագացման նպատակով կարող են կիրառվել հանքային և օրգանական պարարտանյութեր, օրգանական նյութով հարուստ բնական գոյացումներ (տորֆեր), բուսական ծագման հեղուկ հումինային պատրաստուկներ, ագրոքիմիկատներ և այլն: Ցանքի համար նպատակահարմար է ընտրել շրջանին բնորոշ վայրի և մշակաբույսերի սերմեր: Արագ բուսածածկ ձևավորելու տեսակետից բարենպաստ են շյուղախոտերը, մարգագետնային դաշտավլուկը, որոմը:
51. Սույն ուղեցույցի 48-րդ, 49-րդ, 50-րդ կետերում նշված մեթոդները կիրառելի են խախտված հողերի (հողային տեղամասերի) կենսաբանական ռեկուլտիվացիայի համար:
52. Լցակույտերում կարող են ձևավորվել ռելիեֆի բարդ, խճանկարային ձևեր, ինչի նպատակով պետք է կատարվի կուտակված ընդերքօգտագործման թափոնների տեսակավորում: Լցակույտի ստորին հատվածներում անհրաժեշտ է կուտակել կավային կազմի ապարներ, որոնք կկիրառվեն ջրամերժ շերտերով ավազանների ձևավորման համար: Բլրային հատվածները պետք է կազմավորվեն այնպես, որ ապահովեն գարնան-աշնան ամիսներին գոյացող մթնոլորտային տեղումների հոսքերի ուղղորդումը դեպի ձևավորված ավազաններ՝ բացառելով փխրուն ապարատեսակների լվացումն ու քայքայումը:
53. Լցակույտերի լանջերի մեծ թեքությունների առկայության դեպքում կարող է օգտագործվել թեք մակերևույթների վրա կանաչապատման մեթոդը՝ թփերի տնկման և խոտաբույսերի ցանքի միջոցով: Ցանքն իրականացվում է վաղ գարնանային շրջանում: Այս մեթոդի կարևոր պայման է լցակույտի մակերեսի լեռնային ապարների բավարար հողմնահարվածությունը՝ որի կազմում առկա են խճաքար-մանրախիճ-մանրահող (1:1:2 հարաբերությամբ): Տվյալ մեթոդը կիրառելի չէ լցակույտերի քարքարոտ լանջերի ռեկուլտիվացիայի համար:
54. Սույն ուղեցույցի 52-րդ, 53-րդ կետերում նշված մեթոդները կիրառելի են մակաբացման ապարների լցակույտերի կենսաբանական ռեկուլտիվացման ժամանակ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
11.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2021 թվական: