ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1172/02/17
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1172/02/17
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան
Դատավորներ՝ |
Ս. Թորոսյան |
Ն. Բարսեղյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Մ. Դրմեյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի մայիսի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության («Պրոկրեդիտ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդ) (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Ռուզաննա Ջիլավյանի ընդդեմ Բանկի` բանկային երաշխիք տրամադրելու ենթավարկային պայմանագիրը լուծելու կամ անվավեր ճանաչելու, ինչպես նաև նշված պայմանագրի հիման վրա Բանկի՝ «Կռասկի ԿՎԻԼ» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) 52.587,4 ԱՄՆ դոլար վճարելու գործողությունն անօրինական ճանաչելու պահանջների մասին, և ըստ Բանկի հակընդդեմ հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Ռուզաննա Ջիլավյանի` բանկային երաշխիքի պայմանագրով վճարված գումարը բռնագանձելու, ինչպես նաև պարտքի մայր գումարի վրա սկսած 08.04.2017 թվականից մինչև գումարը Բանկին փաստացի վերադարձնելու օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված՝ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով տոկոսագումարները հաշվարկելու պահանջի մասին,
Պ
Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ անհատ ձեռնարկատեր Ռուզաննա Ջիլավյանը պահանջել է լուծել կամ անվավեր ճանաչել իր և Բանկի միջև 03.09.2015 թվականին կնքված թիվ 14.4204/FW9.859 բանկային երաշխիքի տրամադրման ենթավարկային պայմանագիրը (այսուհետ՝ Երաշխիքի պայմանագիր), ինչպես նաև անօրինական ճանաչել Երաշխիքի պայմանագրի հիման վրա Բանկի կողմից Ընկերությանը 52.587,4 ԱՄՆ դոլար վճարելու գործողությունը։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է անհատ ձեռնարկատեր Ռուզաննա Ջիլավյանից բռնագանձել Երաշխիքի պայմանագրի համաձայն Ընկերությանը վճարված 52.587,4 ԱՄՆ դոլար գումարը, ինչպես նաև պարտքի մայր գումարի վրա սկսած 08.04.2017 թվականից մինչև գումարը Բանկին փաստացի վերադարձնելու օրը հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված՝ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով տոկոսագումարները։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Է․ Ավետիսյան) (այսուհետ՝ Դատարան) 21.11.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ անօրինական է ճանաչվել Բանկի և անհատ ձեռնարկատեր Ռուզաննա Ջիլավյանի միջև կնքված Երաշխիքի պայմանագրի հիման վրա Բանկի կողմից Ընկերությանը 52.587,4 ԱՄՆ դոլար վճարելու գործողությունը, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.05.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 21.11.2018 թվականի վճիռը՝ հակընդդեմ հայցը մերժելու մասով, բեկանվել է, և թիվ ԵԿԴ/1172/02/17 քաղաքացիական գործի վարույթը՝ հակընդդեմ հայցի մասով, կարճվել է, մնացած մասով վճիռը մնացել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 385-րդ հոդվածը, 390-րդ հոդվածի 2-րդ կետը, 391-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 393-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասը, 365-րդ, 379-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չէր կարող երաշխիքի վճարումը պայմանավորել հիմնական պարտավորությամբ և քննարկել հիմնական պարտավորության հետ կապված հանգամանքներ՝ նկատի ունենալով բանկային երաշխիքի անկախ լինելը հիմնական պարտավորությունից: Դատարաններն անտեսել են, որ տվյալ դեպքում Երաշխիքի պայմանագրով բացակայել է երաշխիքի հետկանչի հնարավորությունը, ինչպես նաև առկա չեն եղել Երաշխիքի պայմանագրի դադարման հիմքեր:
Բացի այդ, Բանկի կողմից երաշխիքի վճարման ոչ իրավաչափ լինելը փաստելու համար պետք է առկա լինի հետևյալ հանգամանքներից առնվազն մեկը՝ 1) պահանջը կամ դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում երաշխիքի պայմաններին, 2) պահանջը ներկայացվել է երաշխիքով սահմանված ժամկետի ավարտից հետո: Տվյալ դեպքում դրանցից ոչ մեկը առկա չի եղել, և Պրինցիպալը երբևէ չի վիճարկել Բենեֆիցարի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Երաշխիքի պայմանագրին: Դատարաններն անտեսել են, որ Բենեֆիցիարը պահանջը ներկայացրել է Բանկային երաշխիքով սահմանված ժամկետում, պահանջին կցվել են անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք տրամադրվել են նաև Պրինցիպալին, որի պարագայում Երաշխիքի գումարը ենթակա էր վճարման: Բանկը Պրինցիպալին ներկայացրել է պահանջը և կից փաստաթղթերը, իսկ առարկությունները ստանալուց հետո՝ դրանք փոխանցել Բենեֆիցիարին: Բենեֆիցիարից կրկնակի պահանջ ստանալուց հետո Բանկը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, կատարել է երաշխիքի գումարի վճարումը: Հակառակ մեկնաբանության դեպքում կխաթարվեր բանկային երաշխիքի էությունը:
Ընդ որում, ՀՀ օրենսդրությունը ոչ միայն երաշխիքի կրկնակի վճարման պահանջը չկատարելու հնարավորություն չի ընձեռում, այլ նաև հստակ սահմանում է, որ կրկնակի պահանջը ստանալուց հետո Բանկը երաշխիքով նախատեսված վճարման պահանջը կատարելու պարտականություն է կրում:
Դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի խախտում, որն էականորեն ազդել է գործի ելքի վրա և հանգեցրել սխալ դատական ակտի կատարմանը։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է բողոքաբերի փաստարկն առ այն, որ ստորադաս դատարանը գործի քննությունն իրականացրել է առանց պատշաճ ծանուցված բանկի մասնակցության, ինչով թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմերի խախտում։ Թույլ է տրվել դատական ակտի հիմնավորվածության սկզբունքի խախտում, քանի որ չի կիրառվել Վճռաբեկ դատարանի 29.11.2013 թվական թիվ ԳԴ4/0069/02/13 քաղաքացիական գործով կայացված նախադեպային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն՝ սկզբնական հայցադիմումը բավարարելու մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 16.05.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ մերժելով սկզբնական հայցադիմումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Մատակարար Ընկերության և Գնորդ անհատ ձեռնարկատեր Ռուզաննա Ջիլավյանի միջև 01.08.2015 թվականին կնքվել է մատակարարման թիվ 64-ՍԲ պայմանագիրը, որով Մատակարարը պարտավորվել է մատակարարել պայմանագրով նախատեսված ներկանյութերը սահմանված ժամկետում, իսկ Գնորդը պարտավորվել է ընդունել մատակարարված ապրանքները և վճարել դրանց դիմաց (հատոր 1-ին, գ.թ.17-25)։
2) 03.09.2015 թվականին Բանկի և Պրինցիպալ հանդիսացող անհատ ձեռնարկատեր Ռուզաննա Ջիլավյանի միջև կնքվել է Երաշխիքի պայմանագիրը, որով Բանկը պարտավորվել է Պայմանագրի ստորագրման պահից սկսած երեք բանկային օրվա ընթացքում Բենեֆիցիար հանդիսացող Ընկերության օգտին տալ բանկային երաշխիք Երաշխիքի պայմանագրի հավելված 1-ում նշված ձևով (այսուհետ՝ Բանկային երաշխիք) մինչև 02.09.2016 թվականը գործողության ժամկետով, իսկ Պրինցիպալը պարտավորվել է վճարել Բանկին դրա դիմաց Բանկի սակագներով սահմանված կարգով և չափով: 06.07.2016 թվականին և 01.12.2016 թվականին Բանկի և Պրինցիպալի միջև կնքված Երաշխիքի պայմանագրի փոփոխության վերաբերյալ համաձայնագրերով Երաշխիքի պայմանագրում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն՝ Բանկային երաշխիքի գործողության ժամկետը երկարաձգվել է սկզբում մինչև 03.12.2016 թվականը, իսկ այնուհետև՝ մինչև 03.05.2017 թվականը (հատոր 1-ին, գ.թ.14-16, 72-78, 83-84, 90-95):
3) 03.09.2015 թվականին Բանկը «SWIFT» (ՍՎԻՖԹ) (Society for Worldwide Interbank Financial Telecommunications) համակարգով Բենեֆիցիարին տրամադրել է 60.000 ԱՄՆ դոլար գումարի չափով Բանկային երաշխիքը (հատոր 1-ին, գ.թ. 79-82, 85-89)։
4) 22.03.2017 թվականին Ընկերությունը Բանկին ներկայացրել է բանկային երաշխիքով նախատեսված վճարման պահանջ 52.587,40 ԱՄՆ դոլար գումարի չափով (հատոր 1-ին, գ.թ. 46, չվիճարկվող փաստ)։
5) 23.03.2017 թվականի անհատ ձեռնարկատեր Ռուզաննա Ջիլավյանը դիմել է Բանկին՝ հայտնելով Ընկերության կողմից իրեն մատակարարվող ապրանքների ոչ ստանդարտ և անորակ լինելու մասին, որից ելնելով՝ առաջարկել է վաղաժամկետ լուծել Երաշխիքի պայմանագիրը: Միաժամանակ հնարավոր վնասներ կրելուց խուսափելու համար խնդրել է դադարեցնել Ընկերության կողմից ներկայացվող փաստաթղթերի հիման վրա ներկերի դիմաց վճարումներ կատարելը՝ մինչև նշված Երաշխիքի պայմանագրի լուծման իր առաջարկի վերաբերյալ երկկողմ համաձայնության գալը (հատոր 1-ին, գ.թ. 38-40)։
6) Բանկը 24.03.2017 թվականի թիվ 1594 գրությամբ անհատ ձեռնարկատեր Ռուզաննա Ջիլավյանին հայտնել է, որ չի կարող բավարարել ներկայացրած առաջարկը՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 383-րդ, 384-րդ, 386-րդ, 391-րդ և 393-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երաշխիքի պայմանագրով դրա հետ կանչման իրավունք Բանկին վերապահված չէ (հատոր 1-ին, գ.թ. 40, 101)։
7) 24.03.2017 թվականին Բանկն անհատ ձեռնարկատեր Ռուզաննա Ջիլավյանին առձեռն տրամադրել է Ընկերության ներկայացրած պահանջի և կից բոլոր փաստաթղթերի պատճենները (հատոր 1-ին, գ.թ. 46, 102)։
8) 29.03.2017 թվականին Բանկն անհատ ձեռնարկատեր Ռուզաննա Ջիլավյանի առարկությունների վերաբերյալ տեղեկացրել է Ընկերությանը (հատոր 1-ին, գ.թ. 97, 102):
9) 29.03.2017 թվականին Ընկերությունը Բանկին ներկայացրել է 52.587,40 ԱՄՆ դոլար գումարի վճարման կրկնակի պահանջ, որը Բանկի կողմից կատարվել է 30.03.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 98, չվիճարկվող փաստ)։
10) 08.02.2018 թվականի թիվ ԵԱԴԴ/0080/04/17 վճռով անհատ ձեռնարկատեր Ռուզաննա Ջիլավյանը ճանաչվել է սնանկ («Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ):
11) Բանկն ինչպես վերաքննիչ բողոքում, այնպես էլ վճռաբեկ բողոքում նշել է, որ 06.11.2018 թվականի ժամը 11.30-ին նշանակված դատական նիստին ներկայացել է Բանկի ներկայացուցիչը և շուրջ 1 ժամ սպասելուց հետո հեռացել է, քանի որ դատական նիստը չի սկսվել։ Գործում առկա նիստի արձանագրության և սկավառակի (կրիչ) ուսումնասիրությունից պարզվել է, որ դատական նիստը սկսել է ժամը 12.34-ին (հատոր 1-ին, գ.թ. 162, 164-167)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ դատական նիստի ժամանակի մասին պատշաճ չծանուցված լինելու վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
2) Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ և 379-րդ հոդվածների խախտումներ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչպես նաև հանգեցրել սխալ դատական ակտի կայացմանը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է այն իրավական խնդրին, թե արդյոք դատարանը, գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելով դատական նիստի վայրի և ժամանակի մասին, սակայն այն սկսելով ուշացմամբ, խախտում է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի համաձայն՝ բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին: Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Իրավահարաբերության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով)։
Իրավահարաբերության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագիրը պետք է պարունակի դատարանի անվանումը և ստույգ հասցեն, նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին, գործը, որի վերաբերյալ անձը ծանուցվում է, նշում` դատարան կանչվող կամ ծանուցվող անձի մասին, նշում, թե անձը որպես ինչ է ծանուցվում կամ կանչվում, նշում` չներկայանալու հետևանքների մասին:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է իրավահարաբերության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցին։ Մասնավորապես, նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տե՛ս` ըստ հայցի Վերգուշ Վարդանյանի ընդդեմ Եղիշ Թորոսյանի, Արամայիս Օհանջանյանի և Միշա Գրիգորյանի՝ ընդհանուր գույքում բաժինն առանձնացնելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ իրավահարաբերության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ։ Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն (տե´ս Վարդան Նավասարդյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Համլետ Ավդալյանի՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1867(Ա) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախագահողը դատական նիստը բացում է գործի քննության համար նշանակված ժամին: Այսինքն` դատական նիստը սահմանված ժամին սկսելը գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված լինելու տարրերից է:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, բեկանել է դատական ակտը (տե՛ս ըստ հայցի Շենգավիթի թաղապետարանի ընդդեմ Ալվինա, Լիանա Կազկոների, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին թիվ 3-2236/Ա քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումը)։
Սույն գործով Դատարանը դատական նիստը նշանակել է 06.11.2018 թվականին՝ ժամը 11:30-ին, որի վերաբերյալ Բանկը պատշաճ ձևով ծանուցվել է: Մինչդեռ Դատարանը դատական նիստը սկսել է 06.11.2018 թվականին` ժամը 12.34-ին, այնինչ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Դատարանը կողմերին պատշաճ ձևով տեղեկացրել է 06.11.2018 թվականի ժամը 12.34-ին տեղի ունենալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական ակտի հիմնավորվածության սկզբունքի խախտում, անտեսելով և գնահատման առարկա չդարձնելով բողոքաբերի կողմից վկայակոչված ստորադաս դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտումը՝ պատշաճ ծանուցման բացակայությամբ գործի քննությունն իրականացնելու վերաբերյալ և չկիրառելով հիշյալ հարցի հետ կապված ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը։
Փաստորեն Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը գործը քննել է Բանկի ներկայացուցչի բացակայությամբ, ինչը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով արձանագրված կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում, փաստորեն Վերաքննիչ դատարանն անտեսել է նշված հանգամանքը։
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-5-րդ մասերի պահանջները, գործը չի քննել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, մինչդեռ պարտավոր էր անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար, որի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող Ռ. Հակոբյան Մ. Դրմեյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Գ. Հակոբյան Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Զեկուցող
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական: