ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2019 թվականի N 334-Ա
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ մասը, 7-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը և 29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշման 7-րդ և N 1 հավելվածով հաստատված կարգի 1-ին կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Երևան քաղաքի Ազատության պողոտա 26 հասցեում գտնվող 310 210 000 դրամ գնահատված արժեքով 1535.5 քառ. մետր մակերեսով քիմիական լաբորատորիայի թիվ 1 մասնաշենքը (ծածկագիր՝ 01-012-0301-0002-017) (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 25 տարի ժամկետով ուղղակի ձևով վարձակալության հանձնել «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) (իրավաբանական անձի պետական գրանցման համարը՝ 269.110.02871)` գիտական և կրթական նպատակով օգտագործելու համար:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2017 թվականի հունիսի 13-ին կնքված թիվ 58/0017 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո՝ երկամսյա ժամկետում, Ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում սահմանելով, որ՝
1) վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձավճարը կազմում է 1 200 000 դրամ.
2) վարձակալության հանձնված անշարժ գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
3) Ընկերությունը պարտավորվում է 3 (երեք) տարվա ընթացքում կատարել 300 մլն դրամի ներդրումներ, ստեղծել առնվազն 10 լաբորատորիա և 5 (հինգ) տարվա ընթացքում ընկերության աշխատատեղերի քանակը հասցնել 60-ի՝ 450 000 դրամ միջին աշխատավարձով (չհարկված)՝ պահպանելով առնվազն 5 (հինգ) տարի ժամկետով՝ համաձայն իր կողմից ներկայացված առաջարկության:
4) Ընկերությունը պարտավոր է իր կողմից ներկայացված առաջարկությամբ նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
5) սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 % կատարելու դեպքում Ընկերությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 % չափով.
6) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, Ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 % չափով.
7) Ընկերության կողմից ստանձնված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
8) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Ընկերության միջոցների հաշվին.
9) Ընկերությունն իրավունք չունի հատուցում պահանջել անբաժանելի բարելավումների դիմաց:
(3-րդ կետը խմբ. 08.09.21 N 1449-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 9 Երևան |