ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
15 հունիսի 2013 թ. |
N 11-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 3-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2/2-7-Ա ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 522-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 21.12.18 N 36-Ն, 22.06.21 N 399-Ն)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 4-րդ կետով և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1699-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի հուլիսի 30-ի N 16-Ն և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի հուլիսի 29-ի N 144-Ն համատեղ հրամանով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել`
1) (ենթակետն ուժը կորցրել է 21.12.18 N 36-Ն, 22.06.21 N 399-Ն)
2) Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի,
3) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի,
4) (ենթակետն ուժը կորցրել է 22.06.21 N 399-Ն)
(1-ին կետը լրաց. 28.10.15 N 401-Ն, փոփ. 21.12.18 N 36-Ն, 22.06.21 N 399-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի ««Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկ ստեղծելու, Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կանոնադրությունները, դրանց կառուցվածքն ու հաստիքացուցակը հաստատելու մասին» N 3-Ա որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը, 2009 թվականի սեպտեմբերի 23-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատելու մասին» N 2/2-7-Ա և 2012 թվականի հոկտեմբերի 31-ի «Երևանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու և Երևանի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի մասին N 3-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 522-Ն որոշումները։
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Հավելված N 1 Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N 11-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
(հավելվածն ուժը կորցրել է 21.12.18 N 36-Ն, 22.06.21 N 399-Ն)
Հավելված N 2 Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N 11-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն է, որի միջոցով Երևանի վարչական շրջանի ղեկավարը (այսուհետ` ղեկավար) կազմակերպում է իր գործունեությունը:
2. Ղեկավարը աշխատակազմի միջոցով Երևանում իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով, այդ թվում` Երևանի ավագանու և քաղաքապետի` իրեն վերապահված լիազորությունները, կազմակերպում իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեությունը:
3. Աշխատակազմի լիազորությունները սահմանվում են օրենքներով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
4. Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Աշխատակազմը բաղկացած է ղեկավարի տեղակալից, աշխատակազմի քարտուղարից, բաժինների ղեկավարներից, ինչպես նաև հաստիքացուցակով նախատեսված այլ աշխատողներից:
6. Աշխատակազմի նպատակն ու խնդիրը ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև` քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցության ապահովումն է:
7. Աշխատակազմն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է անհրաժեշտ գործառույթներ:
8. Աշխատակազմը ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ այլ անհատականացման միջոցներ:
9. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:
Աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող են գանձվել տեղական հարկեր, տուրքեր և վճարներ` օրենքով սահմանված չափով և կարգով:
10. Աշխատակազմը իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Աշխատակազմը գործում է ղեկավարի նստավայրում, որը սահմանում է Երևանի քաղաքապետը։
2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
12. Աշխատակազմի կառավարումն իրականացնում է ղեկավարը` օրենքով, այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:
13. Աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնում է աշխատակազմի քարտուղարը:
14. Աշխատակազմում իրականացվում է համայնքային ծառայություն:
Աշխատակազմում համայնքային ծառայությունը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
15. Ղեկավարն ունի տեղակալ /տեղակալներ/, որոնք`
1) համակարգում են աշխատակազմի, ղեկավարի ենթակայության կազմակերպությունների աշխատանքները` ղեկավարի կողմից իրենց հանձնարարված բնագավառներում.
2) իրենց լիազորությունների սահմաններում համակարգում են ղեկավարին օրենքով և այլ իրավական ակտերով վերապահված բնագավառներում աշխատակազմի բաժինների, ինչպես նաև ղեկավարի ենթակայության կազմակերպությունների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
3) աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում են իրենց հանձնարարված բնագավառների` աշխատակազմի բաժիններին տրվող կոնկրետ հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
4) ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում են ավագանու և քաղաքապետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.
5) համակարգում են իրենց հանձնարարված բնագավառներում աշխատակազմի, ինչպես նաև ղեկավարի ենթակայության կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
6) իրենց հանձնարարված բնագավառներում համակարգում են համապատասխան զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքները.
7) պարբերաբար ղեկավարին են ներկայացնում տեղեկատվություն իրենց կողմից հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մասին.
8) ապահովում են իրենց կողմից հանձնարարված բնագավառներում ավագանու, քաղաքապետի և ղեկավարի որոշումների ու կարգադրությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում ղեկավարին.
9) ղեկավարին և աշխատակազմի քարտուղարին ներկայացնում են առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
10) ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում են այլ գործառույթներ:
16. Աշխատակազմի քարտուղարը`
1) իր իրավասության շրջանակում կազմակերպում է աշխատակազմի գործունեությունը և իրականացնում է բաժինների աշխատանքների համակարգումը.
2) ապահովում է ավագանու, քաղաքապետի և ղեկավարի որոշումների, կարգադրությունների կատարման ընթացքը, դրանց մասին զեկուցում ղեկավարին.
3) մշակում և ղեկավարի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ, արդյունքների մասին զեկուցում է ղեկավարին.
4) կազմակերպում է աշխատակազմի գործավարությունը, նամակագրությունը և արխիվային գործը.
5) կազմակերպում է ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը և որոշումների հրատարակումը.
6) կազմակերպում է ղեկավարի կողմից Երևանի բնակիչների ընդունելությունը, նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների սահմանված կարգով քննարկումը և ընթացքի հսկողությունը, ինչպես նաև աշխատակազմի տեխնիկական սպասարկման աշխատանքները.
7) իրականացնում է ղեկավարի որոշումների կատարման, ինչպես նաև աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ վերահսկողությունը.
8) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ.
3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
17. Աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա բաժինները:
18. Աշխատակազմի բաժինները ունեն կանոնադրություններ, որոնք հաստատվում են ղեկավարի կողմից:
Հավելված N 3 Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N 11-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինը, աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է (այսուհետ` բաժին), որը «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթներ:
2. Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով սահմանված կարգով` Երևանի ավագանու որոշմամբ:
Բաժինը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Երևանի ավագանին` Երևանի քաղաքապետի ներկայացմամբ:
3. Բաժնի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:
4. Բաժինը իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Բաժինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և բաժնի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
II. ԲԱԺՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
6. Բաժնի նպատակները և խնդիրներն են`
1) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների իրականացումը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում.
2) տարածքային բաժնի արխիվի վարումը.
3) կատարված քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության տրամադրումը.
4) օրենքով նախատեսված այլ նպատակներ և խնդիրներ:
III. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Բաժինն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի հետևյալ պետական գրանցումները`
ա. ծնունդը.
բ. ամուսնությունը.
գ. ամուսնալուծությունը.
դ. որդեգրումը.
ե. հայրություն որոշելը.
զ. անվան փոխումը.
է. մահը,
2) իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ,
3) իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնումը,
4) իրականացնում է օրենքով նախատեսված այլ գործառույթներ:
IV. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
8. Բաժնի գործունեությունը կազմակերպում է Երևանի վարչական շրջանի ղեկավարը:
9. Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է բաժնի պետը:
10. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ճշտության և քաղաքացիական կացության ակտերի գրառումները կազմելու որակի համար պատասխանատու է բաժնի պետը և գրանցում կատարող աշխատողը:
11. Բաժնի պետը`
1) իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, համայնքի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով.
2) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ կատարումը.
3) կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված իրավական ակտերի կատարումը.
4) կատարում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները.
5) բաժնի աշխատողների միջև բաշխում է նրանց պարտականությունները.
6) իր իրավասության սահմաններում համագործակցում է պաշտոնատար այլ անձանց հետ.
7) ուսումնասիրում է բաժնի աշխատողների գործունեության դեմ ուղղված բողոքները.
8) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնելիս ստանում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված անհրաժեշտ տեղեկություններ և այլ նյութեր.
9) ուսումնասիրում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման համար տրված դիմումները, կայացնում համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները և կարգը.
10) իրականացնում է հսկողություն տարածքային բաժնի ծառայողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, պաշտոնական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամբ.
11) վարում է համապատասխան տարածքային բաժնի արխիվը.
12) օրենքով սահմանված կարգով համապատասխան մարմիններին տրամադրում է տեղեկատվություն կատարված քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ.
13) աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում բաժնի համայնքային ծառայողների նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժերի միջոցներ կիրառելու մասին առաջարկություններ.
14) համապատասխան վարչական շրջանի ղեկավարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնում է հաշվետվություն բաժնի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ.
15) պատասխանատվություն է կրում բաժնի առջև դրված խնդիրների լուծման համար.
16) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:
12. Բաժնի աշխատողը`
1) բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումներ, վկայականների, տեղեկանքների, ակտային պատճենների և այլ փաստաթղթերի տրամադրման գործավարություն.
2) իր լիազորությունների շրջանակներում վարում է բաժնի արխիվը.
3) կատարում է բաժնի պետի ցուցումները և հանձնարարականները.
4) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
5) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.
6) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
7) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.
8) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
9) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
10) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված լիազորություններ:
Հավելված N 4 Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N 11-Ն որոշման (հավելվածը լրաց. 28.10.15 N 401-Ն) |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ
(հավելվածն ուժը կորցրել է 22.06.21 N 399-Ն)