ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/11260/05/17 Դատավորներ՝ Ա. Բաբայան Ա. Թովմասյան
Վարչական գործ թիվ ՎԴ/11260/05/17
Նախագահող դատավոր՝
Ա. Պողոսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի մայիսի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ալեքսան Թումասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.02.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ալեքսան Թումասյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ 04.10.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706903517 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ալեքսան Թումասյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 04.10.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706903517 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ավագյան) (այսուհետ՝ Դատարան) 28.06.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.02.2019 թվականի որոշմամբ Ալեքսան Թումասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 28.06.2018 թվականի վճիռը բեկանվել և թիվ ՎԴ/11260/05/17 վարչական գործի վարույթը, ըստ Ալեքսան Թումասյանի հայցի ընդդեմ Ծառայության` 04.10.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706903517 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, կարճվել է: Դատական ծախսերի բաշխման հարցը համարվել է լուծված:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալեքսան Թումասյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 58-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ և 58-րդ հոդվածներով նախատեսված պահանջը, մերժել է փաստաբանին վճարված դատական ծախսի օրենքով սահմանված պահանջը, իսկ իր որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ հայցվորն է ստորագրել հայցադիմումը, իսկ հայցվորի դատարան չներկայանալու պատճառով հնարավոր չի եղել պարզելու փաստաբանական ծառայությունների մատուցման ծավալը և ներկայացուցչի ծախսերի ողջամիտ չափը: Սակայն վարչական գործում առկա է սույն գործով փաստաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր և հստակ սահմանված է այդ ծառայությունների արժեքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է դատական ծախսի՝ մասնավորապես փաստաբանին վճարված ողջամիտ վարձատրության մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 20.02.2019 թվականի որոշում և գործն այդ մասով ուղարկել ստորադաս դատարան նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ծառայության 04.10.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706903517 որոշմամբ Ալեքսան Թումասյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար նշանակվել է վարչական տույժ՝ 5.000 ՀՀ դրամ տուգանքի չափով (գ.թ. 3)։
2) Մի կողմից՝ Ալեքսան Թումասյանի (այսուհետ` Պատվիրատու) և մյուս կողմից՝ փաստաբան Տիգրան Ղազարյանի (այսուհետ` Կատարող) միջև 25.06.2017 թվականին կնքված «Փաստաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ» պայմանագրի 1.1-ին կետի համաձայն՝ Կատարողը պարտավորվել է Պատվիրատուին մատուցել նույն պայմանագրի 1.2 կետում նշված ծառայությունները, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար: Պայմանագրի 1.2 կետի համաձայն Կատարողը Պատվիրատուի շահերի պաշտպանությունն ապահովելու համար դատական կարգով բողոքարկման ըստ անհրաժեշտության մատուցում է հետևյալ ծառայությունները. ա) պատվիրատուի իրավունքների և պարտականությունների, այդ թվում՝ դատական համակարգի՝ Պատվիրատուի իրավունքներին առնչվող գործունեության կապակցությամբ խորհրդատվության տրամադրում, բ) փաստաթղթերի ուսումնասիրում, գ) իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմում, դատական ներկայացուցչություն, իսկ պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ պայմանագրի գինը կազմում է 10.000 ՀՀ դրամ (գ.թ. 7):
3) Ալեքսան Թումասյանը պահանջել է անվավեր ճանաչել 04.10.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706903517 որոշումը, ինչպես նաև Ծառայությունից հօգուտ իրեն բռնագանձել 10․000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանին վճարվելիք ողջամիտ վարձատրություն (գ.թ. 2):
4) Դատարանի 28.06.2018 թվականի վճռով Ալեքսան Թումասյանի հայցն ընդդեմ ՀՀ Ծառայության՝ 04.10.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706903517 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է։ Դատական ծախսերի հարցը համարվել է լուծված (գ.թ. 69-74):
5) Դատարանի 28.06.2018 թվականի վճռի դեմ Ալեքսան Թումասյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք (գ.թ. 83-84):
6) Վերաքննիչ դատարանի 20.02.2019 թվականի որոշմամբ Ալեքսան Թումասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, որոշվել է․ «ամբողջությամբ բեկանել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 28.06.2018 թվականի վճիռը և թիվ ՎԴ/11260/05/17 վարչական գործի վարույթը, ըստ Ալեքսան Թումասյանի հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 04.10.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706903517 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, կարճել ամբողջովին: Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված» (գ.թ. 105-109):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վեճն ըստ էության սպառվելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի բաշխման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, կրկին անդրադառնում է դատարանի կողմից ներկայացուցչի վարձատրության խելամտության հարցին։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում նույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ, եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` ներկայացուցիչների ծախսերը վճարում է նրանց ներգրաված դատավարության մասնակիցը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի։ Նշված դեպքերում դատարանը կարող է դատական ծախսերի հատուցման պարտականությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն դնել պատասխանողի վրա (...)։
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` ներկայացուցիչների վճարների գծով դատական ծախսի հատուցումը դրվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կամ համայնքի վրա, եթե գործը լուծվել է ի վնաս իրենց։ Հատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ըստ էության սպառվել է:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորվում են յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքները, որոնց բաղկացուցիչ տարրերից մեկն իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն է. այդ իրավունքը երաշխիք է հանդիսանում իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ իրացման համար:
ՀՀ սահմանադրական դատարանը 08.10.2008 թվականի թիվ ՍԴՈ-765 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է նախ` որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորությունը, երկրորդ` պետության պարտավորությունը որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ապահովելու բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն ստանալ այդպիսի օգնություն:
Մարդու իրավունքների և ազատությունների ամենահուսալի և արդյունավետ պաշտպանության մեխանիզմը դատական պաշտպանությունն է: Պաշտպանության այս միջոցը պետք է արդյունավետ լինի գործնականում, այսինքն՝ այն պետք է կարողանա կանխել ենթադրյալ խախտման շարունակումը և երաշխավորել, որ դատական պաշտպանության դիմելով՝ անձը չի հայտնվի առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էր: Հետևաբար դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է անձին իրավաբանական օգնություն ցուցաբերող ներկայացուցչին վճարված գումարի՝ որպես դատական ծախսի համարժեք փոխհատուցման հնարավորություն: Պատշաճ փոխհատուցում տրամադրելը դատական պաշտպանության արդյունավետության անհրաժեշտ տարր է, որը լրացուցիչ երաշխիք է հանդիսանում անձանց իրավունքների խախտումները վերացնելու, ընդհուպ մինչև խախտումը եղած դրությունը վերականգնելու համար:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անձի դատական պաշտպանությունը չի կարող արդյունավետ լինել, երբ վերջինս վերջնական բարենպաստ դատական ակտին հասնելու համար կրում է ավելի շատ ծախսեր, քան այն գույքի հնարավոր կորուստն էր, որի կանխման համար նա դիմել էր դատական պաշտպանության: Ուստի հատկապես վարչական մարմինների ոչ իրավաչափ վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դատական բողոքարկման հայցերով կայացված դատական ակտերով դատական ծախսերի բաշխումը պետք է կատարվի այն հաշվառմամբ, որ անձինք չզրկվեն որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու, մինչև խախտումը եղած իրադրությունը վերականգնելու իրական հնարավորությունից:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված «դատարանի իրավունքը» բացարձակ չէ և իր բնույթով պահանջում է ներպետական կարգավորումների առկայություն, որոնք կարող են որոշակի սահմանափակումների ենթարկել այդ իրավունքը (տե՛ս, Z and Others v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 10.05.2001 թվականի վճիռը, 91-93-րդ կետեր): Այս առումով դատական ծախսերի վճարման պարտականությունն ինքնին չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ անհամատեղելի սահմանափակում (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 60-րդ կետ): Եվրոպական դատարանի տեսանկյունից որոշ դեպքերում դատական ծախսերի բաշխման հետ կապված հարցերը կարող են նշանակություն ունենալ այն հանգամանքի գնահատման համար, թե դատավարությունն ընդհանուր առմամբ համապատասխանում է արդյոք Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, թե՝ ոչ (տե՛ս, Stankiewicz v. Poland գործով Եվրոպական դատարանի 06.04.2006 թվականի վճիռը, 60-րդ կետ): Կոնվենցիան երաշխավորում է ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և արդյունավետ իրավունքներ (տե՛ս, Aït-Mouhoub v. France գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, 52-րդ կետ): Հետևաբար, դատական այն ծախսերը, որոնց վճարման պարտականությունն անձը կրում է ոչ թե դատարան դիմելիս, այլ դատական քննության ավարտից հետո, գործնականում նույնպես կարող են դիտարկվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համատեքստում` որպես «դատարանի իրավունքի» սահմանափակում (տե՛ս, Stankov v. Bulgaria գործով Եվրոպական դատարանի 12.07.2007 թվականի վճիռը, 54-րդ կետ): Ընդ որում, «դատարանի իրավունքի» այդ սահմանափակման համապատասխանությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին ենթակա է գնահատման այն տեսանկյունից, թե արդյոք այն հետապնդում է իրավաչափ նպատակ, և առկա է արդյոք ողջամիտ հավասարակշռություն կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե՛ս, Apostol v. Georgia գործով Եվրոպական դատարանի 28.11.2006 թվականի վճիռը, 57-րդ կետ):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները դատական ծախսերի մաս են կազմում և ենթակա են հատուցման օրենքով սահմանված կարգով: Դատական ծախսերի, այդ թվում նաև՝ ներկայացուցիչներին վճարված գումարների հատուցման ընդհանուր կանոնն այն է, որ փոխհատուցման ենթակա է դատավարության մասնակցի կրած ծախսերի այն ծավալը, որն անհրաժեշտ է եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
Ընդ որում, դատական ներկայացուցիչների վճարների հատուցման հետ կապված օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ մասում կատարել է հատուկ վերապահում այն մասին, որ ներկայացուցիչների վճարների գծով դատական ծախսի հատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը։ Այսինքն՝ ամեն դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել փաստաբանի վարձատրության ողջամտությունը, որպեսզի հնարավորինս բացառվի դատական ծախսի հատուցման պարտականություն կրող սուբյեկտին չարդարացված, ակնհայտ ոչ համաչափ պարտավորություններով ծանրաբեռնելը: Անձինք ազատ են կնքելու իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր իրենց նախընտրած փաստաբանի կամ ներկայացուցչություն իրականացնելու իրավասություն ունեցող ցանկացած անձի հետ՝ վճարելով փոխադարձ համաձայնությամբ որոշված ցանկացած գումար: Այդուհանդերձ, այդ գումարների փոխհատուցման ակնկալիք նրանք կարող են ունենալ միայն ծախսերի այն ծավալով, որն իրապես անհրաժեշտ է եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է հաշվի առնվի նաև դատական ծախսերի փոխհատուցման համաչափությունը, որպեսզի դատական պաշտպանության դիմելը չդառնա ոչ արդյունավետ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում անդրադարձել է փաստաբանի վարձատրության խելամտության հարցին՝ նշելով, որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը: Ուստի փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախևառաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և թե՛ հայցվորը, և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը, որպես դատական ծախսի, վճռով անդրադառնալու համար (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացուցչի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ չափանիշները.
1) փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը),
2) գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը),
3) նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը,
4) դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ «… «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանների կողմից դատական ծախսերի (վնասների) հատուցման հետ կապված փաստաբանի վարձատրության ողջամիտ չափը որոշելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը կարող է սահմանել փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակ: Նշված գնացուցակը չի կարող օգտագործվել այլ նպատակով։ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 26.12.2013 թվականի թիվ 33/3-Լ որոշմամբ հաստատված «Դատարանների կողմից դատական ծախսերի հատուցման հետ կապված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակի» (այսուհետ` Գնացուցակ) համաձայն` հայցային վարույթի գործերով միջամտող վարչական ակտը, բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքի վարչական ակտը, վերացնելու (անվավեր ճանաչելու) կամ փոփոխելու գործերով որպես փաստաբանի հոնորարի չափ սահմանված է վարչական ակտով նախատեսված գումարի (տուգանքի, տույժի և այլն) 5 տոկոսը, բայց ոչ պակաս բազային տուրքի 100-ապատիկի չափից և ոչ ավել բազային տուրքի 2000-ապատիկի չափից, իսկ եթե միջամտող վարչական ակտով տուգանք նախատեսված չէ` բազային տուրքի 200-ապատիկի չափով: Գնացուցակով բացառություն է նախատեսվել ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքի նշանակման վերաբերյալ վարչական ակտը վերացնելու (անվավեր ճանաչելու) կամ փոփոխելու գործերով փաստաբանի հոնորարի չափի սահմանման պարագայում. այդ վարչական ակտը վերացնելու (անվավեր ճանաչելու) կամ փոփոխելու գործերով որպես փաստաբանի հոնորարի չափ սահմանված է վարչական ակտով նախատեսված գումարի (տուգանքի, տույժի և այլն) 5 տոկոսը, բայց ոչ պակաս բազային տուրքի 50-ապատիկի չափից: Ընդ որում, Գնացուցակում օգտագործված բազային տուրքը սահմանվում է 1.000 ՀՀ դրամ» (տե՛ս, Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4084/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07․04․2017 թվականի որոշումը):
Վերահաստատելով և զարգացնելով նշված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վկայակոչված որոշմամբ թվարկվածներից բացի, վարչական դատավարությունում ներկայացուցիչների վճարների չափի ողջամտության գնահատման կարևոր չափորոշիչներ են նաև դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար կատարված ծախսերի անհրաժեշտությունը, փոխհատուցման համարժեքությունն ու արդյունավետությունը: Դատական ծախսերի, այդ թվում նաև փաստաբանի վճարների փոխհատուցման այս չափորոշիչներն անտեսելու պարագայում խոսք չի կարող լինել արդյունավետ դատական պաշտպանության մասին, քանի որ որոշ դեպքերում դատական պաշտպանության դիմած անձինք կհայտնվեն առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էին:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Ալեքսան Թումասյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է անվավեր ճանաչել 04.10.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706903517 որոշումը: Նշված վարչական ակտով Ալեքսան Թումասյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 5.000 ՀՀ դրամի չափով: Ալեքսան Թումասյանը նշված վարչական ակտը դատական կարգով վիճարկելու համար իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել փաստաբան Տիգրան Ղազարյանի հետ, իսկ պայմանագրով մատուցվելիք ծառայությունների գինը կազմել է 10.000 ՀՀ դրամ: Սույն վարչական գործի քննության ընթացքում վարչական մարմինն իր նախաձեռնությամբ անվավեր է ճանաչել վերոգրյալ վարչական ակտը, և սույն գործի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջի հիմքում ընկած վեճն ըստ էության սպառվել է:
Դատարանի 28․06․2018 թվականի վճռով Ալեքսան Թումասյանի հայցն ընդդեմ Ծառայության՝ 04.10.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706903517 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է։ Դատական ծախսերի հարցը համարվել է լուծված։
Վերաքննիչ դատարանի 20․02․2019 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ վեճն ըստ էության սպառվելու հիմքով։ Միևնույն ժամանակ անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է․ նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքը ստորագրված է հայցվոր Ալեքսան Թումասյանի կողմից, իսկ գործով Վերաքննիչ դատարանում հրավիրված դատական նիստին հայցվոր կողմը չի ներկայացել` Վերաքննիչ դատարանը չի կարող սույն գործով պարզել փաստաբանական ծառայությունների մատուցման ծավալը և ներկայացուցչի ծախսերի ողջամիտ չափը: Որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանում գործի քննության հետ կապված ներկայացուցչի վճարի մասով դատական ծախսերի հարցը ևս պետք է համարել լուծված»։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ներկայացուցչին վճարված գումարների փոխհատուցման վերաբերյալ ստորադաս դատարանի եզրահանգման հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի նյութերից երևում է, որ չնայած վերաքննիչ բողոք ներկայացնելու օրվա դրությամբ ներկայացուցչի լիազորագրի ժամկետը լրացած է եղել, սակայն բողոքը մասնակի բավարարելու և Դատարանի դատական ակտը փոփոխելու պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար նաև Դատարանի դատական ծախսերի հարցին։
Տվյալ դեպքում հայցադիմումին կից ներկայացված պայմանագրի համաձայն՝ Ալեքսան Թումասյանի՝ որպես Պատվիրատուի, և Տիգրան Ղազարյանի՝ որպես Կատարողի, միջև 25․06․2017 թվականին կնքվել է «Փաստաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ» պայմանագիր, որի 1.1. կետի համաձայն՝ Կատարողը պարտավորվել է Պատվիրատուին մատուցել պայմանագրի 1.2. կետում նշված ծառայությունները, իսկ Պատվիրատուն պարտավորվել է վճարել այդ ծառայությունների համար: Նույն պայմանագրի 3.1. կետի համաձայն՝ պայմանագրի գինը կազմել է 10․000 ՀՀ դրամ: Վերաքննիչ դատարանը դատական ծախսերի հարցը համարել է լուծված` չանդրադառնալով ներկայացուցչին վճարվելիք գումարի հատուցմանը:
Սույն պարագայում Վերաքննիչ դատարանն անտեսել է դատական պաշտպանության արդյունավետության սահմանադրական հիմնարար սկզբունքը և քննարկման առարկա չի դարձրել այն հարցը, թե տվյալ դեպքում հայցվորի դատական պաշտպանության իրականացման համար իրավաբանական օգնություն ստանալու նպատակով կատարվելիք ծախսը որքանով է եղել արդարացված:
Այդ առումով ստորադաս դատարանները պետք է պատշաճ գնահատական տան հետևյալ հարցերին.
- վերջնական բարենպաստ դատական ակտին հասնելու համար անձի կատարած կամ կատարելիք ծախսերը չե՞ն գերազանցում արդյոք այն գումարների չափը, որոնց կորուստը կանխելու համար վերջինս դիմել է դատական պաշտպանության,
- արդյո՞ք անձի կողմից փաստացի կատարված կամ կատարվելիք ծախսն անհրաժեշտ է եղել իրավունքների պաշտպանության համար,
- արդյո՞ք անձի կողմից փաստացի կատարված կամ կատարվելիք ծախսի և դրա կատարման անհրաժեշտության միջև առկա է ողջամիտ հարաբերակցություն,
- ներկայացուցչի վճարի փոխհատուցման ի՞նչ չափը կարող է վերականգնել մինչև Ալեքսան Թումասյանի կողմից դատարան դիմելն առկա դրությունը:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանների կողմից դատական ծախսերի (վնասների) հատուցման հետ կապված փաստաբանի վարձատրության ողջամիտ չափը որոշելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը կարող է սահմանել փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակ: Նշված գնացուցակը չի կարող օգտագործվել այլ նպատակով:
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 26.12.2013 թվականի թիվ 33/3-Լ որոշմամբ հաստատված «Դատարանների կողմից դատական ծախսերի հատուցման հետ կապված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակի» (այսուհետ` Գնացուցակ) համաձայն` հայցային վարույթի գործերով միջամտող վարչական ակտը, բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքի վարչական ակտը, վերացնելու (անվավեր ճանաչելու) կամ փոփոխելու գործերով որպես փաստաբանի հոնորարի չափ սահմանված է վարչական ակտով նախատեսված գումարի (տուգանքի, տույժի և այլն) 5 տոկոսը, բայց ոչ պակաս բազային տուրքի 100-ապատիկի չափից և ոչ ավել բազային տուրքի 2000-ապատիկի չափից, իսկ եթե միջամտող վարչական ակտով տուգանք նախատեսված չէ` բազային տուրքի 200-ապատիկի չափով: Գնացուցակով բացառություն է նախատեսվել ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքի նշանակման վերաբերյալ վարչական ակտը վերացնելու (անվավեր ճանաչելու) կամ փոփոխելու գործերով փաստաբանի հոնորարի չափի սահմանման պարագայում. այդ վարչական ակտը վերացնելու (անվավեր ճանաչելու) կամ փոփոխելու գործերով որպես փաստաբանի հոնորարի չափ սահմանված է վարչական ակտով նախատեսված գումարի (տուգանքի, տույժի և այլն) 5 տոկոսը, բայց ոչ պակաս բազային տուրքի 50-ապատիկի չափից: Ընդ որում, Գնացուցակում օգտագործված բազային տուրքը սահմանվում է 1.000 ՀՀ դրամ։
Վերը նշված վերլուծությունների արդյունքում, հաշվի առնելով ստորադաս դատարաններում հայցվոր Ալեքսան Թումասյանի ներկայացուցչի կողմից կատարված աշխատանքի ծավալը (հայցադիմումի նախապատրաստում, կից ներկայացվող փաստաթղթերի հավաքագրում, վերաքննիչ բողոքի նախապատրաստում) և նկատի ունենալով գործի բարդությունը՝ ներկայացուցչի կողմից իրականացված գործառույթների հետ համակցության մեջ՝ փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ծառայությունից հօգուտ Ալեքսան Թումասյանի բռնագանձման է ենթակա 10․000 ՀՀ դրամ գումար՝ որպես իր իրավունքների դատական պաշտպանության համար ներկայացուցչին վճարված գումար։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, բողոք բերող անձը վերոգրյալ պատճառաբանությունների հիմքով պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում: Ընդ որում, դատական պրակտիկան զարգացել է հենց նշված ուղղությամբ, որպիսի հանգամանքն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ դատարանների նախագահների խորհրդի «ՀՀ-ում դատարանների կողմից պետական տուրքի գանձման դատական պրակտիկայի մասին» մասին 29.01.2013 թվականի թիվ 129 որոշման մեջ: Համաձայն նշված որոշման 10-րդ կետի` եթե բողոքարկվում է դատական ակտը միայն դատական ծախսերի մասով, ապա ներկայացված բողոքի համար պետական տուրք չի վճարվում (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում արտահայտված վերոգրյալ իրավական դիրքորոշումը հավասարապես կիրառելի է նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով կայացված վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելիս անձը հայցում է այնպիսի դատավարական հետևանքների առաջացում, որոնք անմիջականորեն պայմանավորված չեն ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ և ուղղված են վարույթի կանոնավոր ընթացքի ապահովմանը: Այս պարագայում անձի բողոքարկման իրավունքի իրացումն ուղղված է ոչ թե գործի ըստ էության լուծման իրավաչափության, այլ դրա արդյունքում դատական ծախսերի բաշխման իրավաչափության հարցի պարզմանը: Հետևաբար վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում, անկախ այն հանգամանքից, թե տվյալ դատական ակտը կայացվել է քաղաքացիական, թե վարչական գործի շրջանակներում, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի 20․02․2019 թվականի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, ուստի վերոգրյալ իրավական դիրքորոշման հաշվառմամբ Ալեքսան Թումասյանի վրա չի կարող դրվել պետական տուրք վճարելու պարտականություն։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ալեքսան Թումասյանը տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի համար պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20․02․2019 թվականի որոշումը և գործը՝ դատական ծախսերի բաշխման, այն է՝ ներկայացուցչի վճարի հատուցման մասով, փոփոխել․ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից հօգուտ Ալեքսան Թումասյանի բռնագանձել 10․000 ՀՀ դրամ, որպես ներկայացուցչի վճարի հատուցման գումար։
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ Զեկուցող Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Ա. Մկրտչյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
03.05.2021թ.
Հայաստանի
Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/11260/05/17 վարչական գործով 03.05.2021 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 03.05.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Ալեքսան Թումասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.02.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ալեքսան Թումասյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ 04.10.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706903517 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.02.2019 թվականի որոշումը և գործը՝ դատական ծախսերի բաշխման, այն է՝ ներկայացուցչի վճարի հատուցման մասով, փոփոխել՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից հօգուտ Ալեքսան Թումասյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ, որպես ներկայացուցչի վճարի հատուցման գումար։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ալեքսան Թումասյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 04.10.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706903517 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ավագյան) (այսուհետ՝ Դատարան) 28.06.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.02.2019 թվականի որոշմամբ Ալեքսան Թումասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 28.06.2018 թվականի վճիռը բեկանվել և թիվ ՎԴ/11260/05/17 վարչական գործի վարույթը, ըստ Ալեքսան Թումասյանի հայցի ընդդեմ Ծառայության` 04.10.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706903517 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, կարճվել է: Դատական ծախսերի բաշխման հարցը համարվել է լուծված:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալեքսան Թումասյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 58-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ և 58-րդ հոդվածներով նախատեսված պահանջը, մերժել է փաստաբանին վճարված դատական ծախսի օրենքով սահմանված պահանջը, իսկ իր որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ հայցվորն է ստորագրել հայցադիմումը, իսկ հայցվորի դատարան չներկայանալու պատճառով հնարավոր չի եղել պարզելու փաստաբանական ծառայությունների մատուցման ծավալը և ներկայացուցչի ծախսերի ողջամիտ չափը: Սակայն վարչական գործում առկա է սույն գործով փաստաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր և հստակ սահմանված է այդ ծառայությունների արժեքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է դատական ծախսի՝ մասնավորապես փաստաբանին վճարված ողջամիտ վարձատրության մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 20.02.2019 թվականի որոշումը և գործն այդ մասով ուղարկել ստորադաս դատարան նոր քննության:
3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.
1) Ծառայության 04.10.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706903517 որոշմամբ Ալեքսան Թումասյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար նշանակվել է վարչական տույժ՝ 5.000 ՀՀ դրամ տուգանքի չափով (գ.թ. 3)։
2) Մի կողմից՝ Ալեքսան Թումասյանի (այսուհետ` Պատվիրատու) և մյուս կողմից՝ փաստաբան Տիգրան Ղազարյանի (այսուհետ` Կատարող) միջև 25.06.2017 թվականին կնքված «Փաստաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ» պայմանագրի 1.1-ին կետի համաձայն՝ Կատարողը պարտավորվել է Պատվիրատուին մատուցել նույն պայմանագրի 1.2 կետում նշված ծառայությունները, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար: Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ Կատարողը Պատվիրատուի շահերի պաշտպանությունն ապահովելու համար դատական կարգով բողոքարկման ըստ անհրաժեշտության մատուցում է հետևյալ ծառայությունները. ա) պատվիրատուի իրավունքների և պարտականությունների, այդ թվում՝ դատական համակարգի՝ Պատվիրատուի իրավունքներին առնչվող գործունեության կապակցությամբ խորհրդատվության տրամադրում, բ) փաստաթղթերի ուսումնասիրում, գ) իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմում, դատական ներկայացուցչություն, իսկ պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ պայմանագրի գինը կազմում է 10.000 ՀՀ դրամ (գ.թ. 7):
3) Ալեքսան Թումասյանը պահանջել է անվավեր ճանաչել 04.10.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706903517 որոշումը, ինչպես նաև Ծառայությունից հօգուտ իրեն բռնագանձել 10․000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանին վճարվելիք ողջամիտ վարձատրություն (գ.թ. 2):
4) Դատարանի 28.06.2018 թվականի վճռով Ալեքսան Թումասյանի հայցն ընդդեմ ՀՀ Ծառայության՝ 04.10.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706903517 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է։ Դատական ծախսերի հարցը համարվել է լուծված (գ.թ. 69-74):
5) Դատարանի 28.06.2018 թվականի վճռի դեմ Ալեքսան Թումասյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք (գ.թ. 83-84):
6) Վերաքննիչ դատարանի 20.02.2019 թվականի որոշմամբ Ալեքսան Թումասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, որոշվել է․ «ամբողջությամբ բեկանել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 28.06.2018 թվականի վճիռը և թիվ ՎԴ/11260/05/17 վարչական գործի վարույթը, ըստ Ալեքսան Թումասյանի հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 04.10.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706903517 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, կարճել ամբողջովին: Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված» (գ.թ. 105-109):
3. Հատուկ կարծիքի հիմնավորումները.
Սույն գործը հարուցվել է Ալեքսան Թումասյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է անվավեր ճանաչել 04.10.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706903517 որոշումը, որով Ալեքսան Թումասյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 5.000 ՀՀ դրամի չափով:
Դատարանի 28․06․2018 թվականի վճռով Ալեքսան Թումասյանի հայցն ընդդեմ Ծառայության՝ 04.10.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1706903517 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է։ Դատական ծախսերի հարցը համարվել է լուծված։
Վերաքննիչ դատարանի 20․02․2019 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ վեճն ըստ էության սպառվելու հիմքով։ Միևնույն ժամանակ անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է․ «նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքը ստորագրված է հայցվոր Ալեքսան Թումասյանի կողմից, իսկ գործով Վերաքննիչ դատարանում հրավիրված դատական նիստին հայցվոր կողմը չի ներկայացել` Վերաքննիչ դատարանը չի կարող սույն գործով պարզել փաստաբանական ծառայությունների մատուցման ծավալը և ներկայացուցչի ծախսերի ողջամիտ չափը: Որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանում գործի քննության հետ կապված ներկայացուցչի վճարի մասով դատական ծախսերի հարցը ևս պետք է համարել լուծված»։
Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն՝ բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.02.2019 թվականի որոշումը և գործը՝ դատական ծախսերի բաշխման, այն է՝ ներկայացուցչի վճարի հատուցման մասով, փոփոխել՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից հօգուտ Ալեքսան Թումասյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ, որպես ներկայացուցչի վճարի հատուցման գումար։
Ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման՝ Վճռաբեկ դատարանը վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, 13-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածը, 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 59-րդ հոդվածի 9-րդ մասը, 60-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 10-րդ մասերը, 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, ՀՀ սահմանադրական դատարանի 08.10.2008 թվականի թիվ ՍԴՈ-765 որոշմամբ արտահայտած այն իրավական դիրքորոշումը, ըստ որի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է նախ` որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորությունը, երկրորդ` պետության պարտավորությունը որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ապահովելու բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն ստանալ այդպիսի օգնություն, դատական ծախսերի վճարման պարտականությունն ինքնին որպես դատարանի մատչելիության իրավունքի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ անհամատեղելի սահմանափակում դիտարկվելու անթույլատրելիության և դատական ծախսերի բաշխման հետ կապված հարցերի առնչությամբ Z and Others v. the United Kingdom, Kreuz v. Poland, Stankiewicz v. Poland, Aït-Mouhoub v. France, Stankov v. Bulgaria և Apostol v. Georgia գործերով համապատասխանաբար 10.05.2001,19.06.2001, 06.04.2006, 28.10.1998, 12.07.2007 և 28.11.2006 թվականների վճիռներով Եվրոպական դատարանի, փաստաբանի վարձատրության խելամտության, այդ հարցը որոշելիս անհրաժեշտ չափանիշների վերաբերյալ անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/11, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով և Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4084/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխանաբար 29.06.2012 թվականի, 29.06.2012 թվականի և 07.04.2017 թվականի որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ արձանագրելով հետևյալը.
«Մարդու իրավունքների և ազատությունների ամենահուսալի և արդյունավետ պաշտպանության մեխանիզմը դատական պաշտպանությունն է: Պաշտպանության այս միջոցը պետք է արդյունավետ լինի գործնականում, այսինքն՝ այն պետք է կարողանա կանխել ենթադրյալ խախտման շարունակումը և երաշխավորել, որ դատական պաշտպանության դիմելով՝ անձը չի հայտնվի առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էր: Հետևաբար դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է անձին իրավաբանական օգնություն ցուցաբերող ներկայացուցչին վճարված գումարի՝ որպես դատական ծախսի համարժեք փոխհատուցման հնարավորություն: Պատշաճ փոխհատուցում տրամադրելը դատական պաշտպանության արդյունավետության անհրաժեշտ տարր է, որը լրացուցիչ երաշխիք է հանդիսանում անձանց իրավունքների խախտումները վերացնելու, ընդհուպ մինչև խախտումը եղած դրությունը վերականգնելու համար:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անձի դատական պաշտպանությունը չի կարող արդյունավետ լինել, երբ վերջինս վերջնական բարենպաստ դատական ակտին հասնելու համար կրում է ավելի շատ ծախսեր, քան այն գույքի հնարավոր կորուստն էր, որի կանխման համար նա դիմել էր դատական պաշտպանության: Ուստի հատկապես վարչական մարմինների ոչ իրավաչափ վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դատական բողոքարկման հայցերով կայացված դատական ակտերով դատական ծախսերի բաշխումը պետք է կատարվի այն հաշվառմամբ, որ անձինք չզրկվեն որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու, մինչև խախտումը եղած իրադրությունը վերականգնելու իրական հնարավորությունից:
(…) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները դատական ծախսերի մաս են կազմում և ենթակա են հատուցման օրենքով սահմանված կարգով: Դատական ծախսերի, այդ թվում նաև՝ ներկայացուցիչներին վճարված գումարների հատուցման ընդհանուր կանոնն այն է, որ փոխհատուցման ենթակա է դատավարության մասնակցի կրած ծախսերի այն ծավալը, որն անհրաժեշտ է եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
Ընդ որում, դատական ներկայացուցիչների վճարների հատուցման հետ կապված օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ մասում կատարել է հատուկ վերապահում այն մասին, որ ներկայացուցիչների վճարների գծով դատական ծախսի հատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը։ Այսինքն՝ ամեն դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել փաստաբանի վարձատրության ողջամտությունը, որպեսզի հնարավորինս բացառվի դատական ծախսի հատուցման պարտականություն կրող սուբյեկտին չարդարացված, ակնհայտ ոչ համաչափ պարտավորություններով ծանրաբեռնելը: Անձինք ազատ են կնքելու իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր իրենց նախընտրած փաստաբանի կամ ներկայացուցչություն իրականացնելու իրավասություն ունեցող ցանկացած անձի հետ՝ վճարելով փոխադարձ համաձայնությամբ որոշված ցանկացած գումար: Այդուհանդերձ, այդ գումարների փոխհատուցման ակնկալիք նրանք կարող են ունենալ միայն ծախսերի այն ծավալով, որն իրապես անհրաժեշտ է եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է հաշվի առնվի նաև դատական ծախսերի փոխհատուցման համաչափությունը, որպեսզի դատական պաշտպանության դիմելը չդառնա ոչ արդյունավետ:
(…) ՀՀ վճռաբեկ դատարանի վկայակոչված որոշմամբ թվարկվածներից բացի, վարչական դատավարությունում ներկայացուցիչների վճարների չափի ողջամտության գնահատման կարևոր չափորոշիչներ են նաև դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար կատարված ծախսերի անհրաժեշտությունը, փոխհատուցման համարժեքությունն ու արդյունավետությունը: Դատական ծախսերի, այդ թվում նաև փաստաբանի վճարների փոխհատուցման այս չափորոշիչներն անտեսելու պարագայում խոսք չի կարող լինել արդյունավետ դատական պաշտպանության մասին, քանի որ որոշ դեպքերում դատական պաշտպանության դիմած անձինք կհայտնվեն առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էին» (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 5-8-րդ էջերը):
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ներկայացուցչին վճարված գումարների փոխհատուցման վերաբերյալ սույն գործով ստորադաս դատարանի եզրահանգման հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է.
«Սույն գործի նյութերից երևում է, որ չնայած վերաքննիչ բողոք ներկայացնելու օրվա դրությամբ ներկայացուցչի լիազորագրի ժամկետը լրացած է եղել, սակայն բողոքը մասնակի բավարարելու և Դատարանի դատական ակտը փոփոխելու պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար նաև Դատարանի դատական ծախսերի հարցին։
Տվյալ դեպքում հայցադիմումին կից ներկայացված պայմանագրի համաձայն՝ Ալեքսան Թումասյանի՝ որպես Պատվիրատուի, և Տիգրան Ղազարյանի՝ որպես Կատարողի, միջև 25․06․2017 թվականին կնքվել է «Փաստաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ» պայմանագիր, որի 1.1. կետի համաձայն՝ Կատարողը պարտավորվել է Պատվիրատուին մատուցել պայմանագրի 1.2. կետում նշված ծառայությունները, իսկ Պատվիրատուն պարտավորվել է վճարել այդ ծառայությունների համար: Նույն պայմանագրի 3.1. կետի համաձայն՝ պայմանագրի գինը կազմել է 10․000 ՀՀ դրամ: Վերաքննիչ դատարանը դատական ծախսերի հարցը համարել է լուծված` չանդրադառնալով ներկայացուցչին վճարվելիք գումարի հատուցմանը:
Սույն պարագայում Վերաքննիչ դատարանն անտեսել է դատական պաշտպանության արդյունավետության սահմանադրական հիմնարար սկզբունքը և քննարկման առարկա չի դարձրել այն հարցը, թե տվյալ դեպքում հայցվորի դատական պաշտպանության իրականացման համար իրավաբանական օգնություն ստանալու նպատակով կատարվելիք ծախսը որքանով է եղել արդարացված:
Այդ առումով ստորադաս դատարանները պետք է պատշաճ գնահատական տան հետևյալ հարցերին.
- վերջնական բարենպաստ դատական ակտին հասնելու համար անձի կատարած կամ կատարելիք ծախսերը չե՞ն գերազանցում արդյոք այն գումարների չափը, որոնց կորուստը կանխելու համար վերջինս դիմել է դատական պաշտպանության,
- արդյո՞ք անձի կողմից փաստացի կատարված կամ կատարվելիք ծախսն անհրաժեշտ է եղել իրավունքների պաշտպանության համար,
- արդյո՞ք անձի կողմից փաստացի կատարված կամ կատարվելիք ծախսի և դրա կատարման անհրաժեշտության միջև առկա է ողջամիտ հարաբերակցություն,
- ներկայացուցչի վճարի փոխհատուցման ի՞նչ չափը կարող է վերականգնել մինչև Ալեքսան Թումասյանի կողմից դատարան դիմելն առկա դրությունը:
(...) Վերը նշված վերլուծությունների արդյունքում, հաշվի առնելով ստորադաս դատարաններում հայցվոր Ալեքսան Թումասյանի ներկայացուցչի կողմից կատարված աշխատանքի ծավալը (հայցադիմումի նախապատրաստում, կից ներկայացվող փաստաթղթերի հավաքագրում, վերաքննիչ բողոքի նախապատրաստում) և նկատի ունենալով գործի բարդությունը՝ ներկայացուցչի կողմից իրականացված գործառույթների հետ համակցության մեջ՝ փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ծառայությունից հօգուտ Ալեքսան Թումասյանի բռնագանձման է ենթակա 10․000 ՀՀ դրամ գումար՝ որպես իր իրավունքների դատական պաշտպանության համար ներկայացուցչին վճարված գումար» (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 9-11րդ էջերը):
Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:
Նախևառաջ հարկ եմ համարում ընդգծել, որ ամբողջությամբ ընդունելի է սույն գործով կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած այն իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ դատական պաշտպանության միջոցը պետք է արդյունավետ լինի գործնականում, այսինքն՝ այն պետք է կարողանա կանխել ենթադրյալ խախտման շարունակումը և երաշխավորել, որ դատական պաշտպանության դիմելով՝ անձը չի հայտնվի առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էր: Հետևաբար դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է անձին իրավաբանական օգնություն ցուցաբերող ներկայացուցչին վճարված գումարի՝ որպես դատական ծախսի համարժեք փոխհատուցման հնարավորություն:
Այդուհանդերձ գտնում եմ, որ վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը չպետք է հանգեցնի դատական ծախսի հատուցման պարտականություն կրող սուբյեկտին անհիմն պարտավորությամբ ծանրաբեռնելուն: Անձինք իրապես ազատ են կնքելու իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր իրենց նախընտրած փաստաբանի կամ ներկայացուցչություն իրականացնելու իրավասություն ունեցող ցանկացած անձի հետ՝ վճարելով փոխադարձ համաձայնությամբ որոշված ցանկացած գումար: Այդուհադերձ այդ գումարների փոխհատուցման ակնկալիք նրանք կարող են ունենալ միայն այն դեպքում, եթե առկա լինեն բավարար ապացույցներ իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա ծառայություններ մատուցված լինելու մասին, որից հետո միայն անհրաժեշտություն կառաջանա անդրադառնալու փոխհատուցվող գումարի չափի ողջամտության հարցին: Հակառակ պարագայում, այսինքն՝ միայն իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությամբ և այդ պայմանագրի հիմքով ծառայություններ մատուցելու փաստի բացակայությամբ դատական ծախսի հատուցման պարտականություն կրող սուբյեկտների վրա կարող են դրվել անհիմն պարտավորություններ: Ավելին՝ անձինք հնարավորություն կստանան միևնույն պայմանագիրը ներկայացնել տարբեր գործերով և դրանում որպես պայմանագրի գին որոշված գումարը պահանջել բազմակի անգամ:
Տվյալ դեպքում սույն գործում առկա է Ալեքսան Թումասյանի (Պատվիրատու) և փաստաբան Տիգրան Ղազարյանի (Կատարող) միջև 25.06.2017 թվականին կնքված «Փաստաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) պատճենը (գ.թ. 7), որի 1.1 կետի համաձայն՝ Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին մատուցել սույն պայմանագրի 1.2 կետում նշված ծառայությունները, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար:
Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ Կատարողը Պատվիրատուի շահերի պաշտպանությունն ապահովելու համար դատական կարգով բողոքարկման ըստ անհրաժեշտության մատուցում է հետևյալ ծառայությունները.
ա) Պատվիրատուի իրավունքների և պարտականությունների, այդ թվում դատական համակարգի՝ Պատվիրատուի իրավունքներին առնչվող գործունեության կապակցությամբ խորհրդատվության տրամադրում,
բ) փաստաթղթերի ուսումնասիրում,
գ) իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմում,
դ) դատական ներկայացուցչություն:
Պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ Պայմանագրի գինը կազմում է 10.000 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման անմիջապես:
Գործում առկա է նաև ՀՀ բոլոր դատական ատյաններում իր շահերը ներկայացնելու համար Ալեքսան Թումասյանի կողմից փաստաբան Տիգրան Ղազարյանին տրված 06.10.2017 թվականի լիազորագիր՝ մեկ տարի գործողության ժամկետով (գ.թ. 6):
Գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ փաստաբան Տիգրան Ղազարյանը մատուցել է Պայմանագրով նախատեսված ծառայությունները: Մասնավորապես, թե՛ հայցադիմումը և թե՛ վերաքննիչ բողոքը ստորագրվել է Ալեքսան Թումասյանի կողմից: Դատարանի կողմից իրականացված 26.01.2018 թվականի, 08.06.2018 թվականի, 28.06.2018 թվականի, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի կողմից իրականացված 31.01.2019 թվականի դատական նիստերին ո՛չ հայցվորը և ո՛չ էլ հայցվորի ներկայացուցիչը չեն մասնակցել և որևէ դատավարական գործողություն չեն կատարել:
Ավելորդ չեմ համարում նշել նաև, որ Datalex.am տեղեկատվական համակարգում զետեղված տվյալների համաձայն՝ սույն գործով հայցվորի կողմից ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ՀՀ վարչական դատարան ներկայացված բազմաթիվ հայցերով փաստաբանի վարձատրության փոխհատուցում է պահանջվել Ալեքսան Թումասյանի և փաստաբան Տիգրան Ղազարյանի միջև 25.06.2017 թվականին կնքված «Փաստաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ» պայմանագրի հիմքով (տե՛ս, օրինակ թիվ ՎԴ/11262/05/17, թիվ ՎԴ/11244/05/17, ՎԴ/11279/05/17, ՎԴ/11276/05/17 վարչական գործերի տվյալները):
Նման պայմաններում չեմ կարող համաձայնել Ծառայությունից հօգուտ Ալեքսան Թումասյանի 10․000 ՀՀ դրամ գումար՝ որպես իր իրավունքների դատական պաշտպանության համար ներկայացուցչին վճարված գումար բռնագանձման ենթակա լինելու մասին Վճռաբեկ դատարանի եզրահանգման հետ, քանի որ Վճռաբեկ դատարանն իր այդ եզրահանգման համար հաշվի է առել այնպիսի հանգամանքներ, որպիսիք սույն գործով հաստատված չեն: Այսպես. Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ արձանագրել է․ «(․․․) հաշվի առնելով ստորադաս դատարաններում հայցվոր Ալեքսան Թումասյանի ներկայացուցչի կողմից կատարված աշխատանքի ծավալը (հայցադիմումի նախապատրաստում, կից ներկայացվող փաստաթղթերի հավաքագրում, վերաքննիչ բողոքի նախապատրաստում) և նկատի ունենալով գործի բարդությունը՝ ներկայացուցչի կողմից իրականացված գործառույթների հետ համակցության մեջ՝ փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ծառայությունից հօգուտ Ալեքսան Թումասյանի բռնագանձման է ենթակա 10․000 ՀՀ դրամ գումար՝ որպես իր իրավունքների դատական պաշտպանության համար ներկայացուցչին վճարված գումար (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 10-11-րդ էջերը):
Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ հայցադիմումը նախապատրաստվել, կից ներկայացվող փաստաթղթերը հավաքագրվել, վերաքննիչ բողոքը Պայմանագրի հիման վրա նախապատրաստվել է Տիգրան Ղազարյանի կողմից:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ «(․․․) չնայած վերաքննիչ բողոք ներկայացնելու օրվա դրությամբ ներկայացուցչի լիազորագրի ժամկետը լրացած է եղել, սակայն բողոքը մասնակի բավարարելու և Դատարանի դատական ակտը փոփոխելու պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար նաև Դատարանի դատական ծախսերի հարցին» (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 9-րդ էջերը), այնինչ՝ Ալեքսան Թումասյանի կողմից փաստաբան Տիգրան Ղազարյանին լիազորագիրը տրվել է 06.10.2017 թվականի ՝ մեկ տարի գործողության ժամկետով, իսկ սույն գործով վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան է ներկայացվել 19․07․2018 թվականին, այսինքն՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու օրվա դրությամբ ներկայացուցչի լիազորագրի ժամկետը լրացած չի եղել։
Այսպիսով, գտնում եմ, որ սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում հնարավոր կլինի անգամ ներկայացնել փաստաբանների վճարի գծով դատական ծախսերի պահանջ՝ աշխարհահռչակ փաստաբանների հետ հսկայական գումարներով կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի հիմքով և ակնկալել դրա բավարարում՝ այդ պայմանագրով նախատեսված ծառայությունները մատուցված լինելու մասին ապացույցի իսպառ բացակայության պայմաններում:
Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանում գործի քննության հետ կապված ներկայացուցչի վճարի մասով դատական ծախսերի հարցը լուծված համարելով՝ Վերաքննիչ դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, ուստի տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն անփոփոխ թողնելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Դատավոր |
Ռ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական: