ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0574/11/18 |
Գործ թիվ ԵԴ/0574/11/18 |
Նախագահող դատավոր՝ | Մ. Հարությունյան |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2021 թվականի մայիսի 21-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ դիմող Վահան Սարգսի Առաքելյանի ներկայացուցիչ Սարգիս Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Ս.Նիկողոսյանի՝ 2018 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 13887118 քրեական գործը:
2. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ռ.Մանուկյանի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ հետաքննության մարմնի վերոնշյալ որոշումը վերացվել է և Վահան Առաքելյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է` հանցակազմի բացակայության հիմքով:
3. «Քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելը մերժելու մասին» դատախազ Ռ.Մանուկյանի վերը նշված որոշման դեմ 2018 թվականի սեպտեմբերի 17-ին Վահան Առաքելյանի ներկայացուցիչ Սարգիս Ասլանյանը բողոք է հասցեագրել Երևան քաղաքի դատախազությանը, որտեղից այն վերահասցեագրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազին:
2018 թվականի հոկտեմբերի 1-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա.Աֆանդյանի կողմից կայացված որոշմամբ Վ.Առաքելյանի ներկայացուցիչ Ս.Ասլանյանի բողոքը մերժվել է և հաստատվել բողոքարկված որոշման օրինականությունը:
4. «Քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելը մերժելու մասին» դատախազ Ռ.Մանուկյանի և «Բողոքը մերժելու մասին» դատախազ Ա.Աֆանդյանի վերոնշյալ որոշումների դեմ դիմող Վ.Առաքելյանի ներկայացուցիչ Ս.Ասլանյանի բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ մերժվել է:
5. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող Վ.Առաքելյանի ներկայացուցիչ Ս.Ասլանյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը՝ թողնվել օրինական ուժի մեջ:
6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող Վ.Առաքելյանի ներկայացուցիչ Ս.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հունվարի 16-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի ապրիլի 22-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
7. «Քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելը մերժելու մասին» դատախազ Ռ.Մանուկյանի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշման համաձայն. «(…) Սույն դեպքով նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վահան Առաքելյանի և Աշոտ Թադևոսյանի միջև առաջացել է գումարային վեճ՝ կապված 11.000 ԱՄՆ դոլար պարտքով վերցրած գումարը չվերադարձնելու, ինչպես նաև Վահան Առաքելյանի անվամբ ձևակերպված վարկային պարտավորությունները չկատարելու հետ, որը կրում է քաղաքացիաիրավական բնույթ և ենթակա է լուծման բացառապես քաղաքացիական դատավարության կարգով։ (…)»1:
8. «Բողոքը մերժելու մասին» դատախազ Ա.Աֆանդյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի որոշման համաձայն` «(…) Բողոքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բողոքի հեղինակը խնդրել է վերացնել (…) «Քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը։
Միաժամանակ խնդրել է անձնական խնդիրներ ունենալու կապակցությամբ ներկայացված բողոքը համարել ժամկետում ներկայացված, իսկ հետագայում կներկայացվի բողոքի ամբողջական և առարկայական տարբերակը։
(...) [Սարգիս Ասլանյանի կողմից] ներկայացված բողոքը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
(…)
[Օ]րենսդիրը դիմող Վահան Առաքելանին և նրա ներկայացուցիչ Սարգիս Ասլանյանին հնարավորություն է տալիս վերականգնել բողոքարկման բաց թողնված ժամկետը, այն դեպքում, երբ նրանք կներկայացնեն հարգելի պատճառներ, որոնք կախված չեն եղել իրենցից, այսինքն՝ բաց թողնված ժամկետը ամեն դեպքում վերականգման ենթակա է, երբ առկա է հարգելի պատճառ։
Ուսումնասիրության ենթարկելով Վահան Առաքելյանի ներկայացուցիչ Սարգիս Ասլանյանի կողմից ներկայացված բողոքը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, պարզվել է, որ բողոքին կցված չէ բողոքարկվող որոշումը ստանալու փաստը հավաստող որևէ ապացույց, հետևաբար պարզ չէ, թե պահպանվել է արդյոք բողոքարկման յոթօրյա ժամկետը, թե` ոչ, սակայն դատելով բողոքի բովանդակությունից (անձնական խնդիրներ ունենալու կապակցությամբ խնդրում եմ սույն նախնական բողոքը համարել ժամկետում ներկայացված)` պարզ է դառնում, որ բողոքաբերի կողմից չի պահպանվել բողոքարկման յոթօրյա ժամկետը և բողոքով ըստ էության ներկայացվել է նաև բաց թողնված ժամկետի հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն։
Հաշվի առնելով դատավարական ընթացակարգերի պահպանման հաջորդականությունը` նախ պետք է քննության առարկա դարձնել բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, ինչից հետո լուծել նաև բողոքի քննարկման հնարավորության հարցը։
Նշված տրամաբանությամբ պայմանավորված, առանց անդրադառնալու բողոքի հիմքերին, անհրաժեշտ է քննարկել այն հարցը, թե բողոքաբերի կողմից պահպանվել է արդյոք բողոքարկման դատավարական ընթացակարգը։
Որպես բաց թողնված ժամկետի վերականգման օբյեկտիվ փաստարկ՝ Սարգիս Ասլանյանը նշել է անձնական խնդիրներ ունենալու հանգամանքը՝ առանց մանրամասնելու այդ խնդիրների բովանդակությունը և առանձնահատկությունները, ինչը օբյեկտիվորեն զրկում է չբացահայտված խնդիրները, որպես բաց թողնված ժամկետ, հարգելի համարելու պատճառ դիտարկելու, գնահատելու և պատշաճ հետևության հանգելու հնարավորությունից։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սարգիս Ասլանյանի կողմից չի ներկայացվել օբյեկտիվ այնպիսի փաստարկներ, որոնք թույլ կտային հետևություն անել առ այն, որ վերջինս հարգելի պատճառներով է բաց թողել բողոքարկման ժամկետը և չի ներկայացվել որևէ հիմնավոր ապացույց բողոքարկման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու առնչությամբ, ուստի ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման։
Ելնելով վերոգրյալից և առանց անդրադառնալու բողոքի հիմքերին՝ գտնում եմ, որ ներկայացված բողոքը ենթակա է մերժման՝ բողոքարկման դատավարական ընթացակարգերը պահպանված չլինելու հիմքով: (…)»2:
9. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 12-ի որոշման համաձայն՝ «[Ք]րեական գործ հարուցելուց դատախազի հրաժարվելը Դիմողի [Սարգիս Ասլանյանի] կողմից թեև բողոքարկվել է վերադաս դատախազին, սակայն այն մերժվել է ոչ թե ըստ էության քննության արդյունքում, այլ բողոքարկման ժամկետի բաց թողնման հիմքով:
Ընդ որում, դատելով Դիմողի բողոքից և բացատրությունից, նա չի վիճարկել բողոքարկման դատավարական ընթացակարգերը պահպանված չլինելու հիմքով իր բողոքը մերժելու մասին դատախազ Ա.Աֆանդյանի որոշումը, այլ գտել է, որ նա, քննարկելով իր բողոքն ու մերժելով այն, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի դրույթները, այսինքն՝ որպես պաշտոնատար անձ (վերադաս դատախազ) չունենալով նման լիազորություն, քննարկել է իր բողոքը, որպիսի պայմաններում այն մերժելու մասին որոշումը չի կարող համարվել օրինական:
Այսպիսով, նկատի ունենալով, որ Դիմողը, բաց է թողել Դատախազի որոշման բողոքարկման օրենքով սահմանված ժամկետը, իսկ այն վերականգնելու նրա խնդրանքը մերժվել է, դատարանը գտնում է, որ նշվածը հավասարազոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված, Դիմողի կողմից Դատախազի որոշման բողոքարկման արտադատարանական կարգը չպահպանելուն, ինչը հանգեցնում է բողոքն ըստ էության չքննելուն ու այն մերժելու մասին որոշում կայացնելուն:
(...)
Դատարանը, անդրադառնալով Դիմողի պատճառաբանություններին և փաստելով, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազը վերադաս է Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազության բոլոր դատախազների նկատմամբ, գտնում է, որ նշված ու վերը շարադրված հիմնավորումներով դրանք անհիմն են:
(...)»3:
10. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման համաձայն. «(...) [Փ]աստական տվյալները վկայում են այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 31-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ռ.Մանուկյանը որոշում է կայացրել քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելը մերժելու մասին, որով վերացրել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Ս.Նիկողոսյանի կողմից 2018 թվականի օգոստոսի 21-ին կայացրած թիվ 13887118 քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին որոշումը: Վահան Առաքելյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժել է` հանցակազմի բացակայության հիմքով: Վերը նշված որոշումը դիմող Վահան Սարգսի Առաքելյանի ներկայացուցիչ Սարգիս Ասլանյանին հասանելի է եղել 07.09.2019 թվականին, վերջինս վերը նշված որոշման դեմ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազություն, որը Երևան քաղաքի դատախազությունում ստացվել է 2018 թվականի սեպտեմբերի 19-ին, սակայն տվյալ բողոքը դիմող Վահան Սարգսի Առաքելյանի ներկայացուցիչ Սարգիս Ասլանյանի կողմից թվագրվել է 17.09.2018թ., հետևաբար դիմող Վահան Սարգսի Առաքելյանի ներկայացուցիչ Սարգիս Ասլանյանի կողմից չեն պահպանվել այդ որոշման բողոքարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ընթացակարգերը: Դիմող Վահան Սարգսի Առաքելյանի ներկայացուցիչ Սարգիս Ասլանյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ռ.Մանուկյանի 2018 թվականի օգոստոսի 31-ի քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը բողոքարկել է վերադաս դատախազին այն ստանալուց հետո շուրջ 10 օր անց, որպիսի պայմաններում վերջինս չի պահպանել օրենսդրությամբ նախատեսված այն ստանալուց հետո յոթօրյա ժամկետում բողոքարկման կարգը, հետևաբար դիմող Վահան Սարգսի Առաքելյանի ներկայացուցիչ Սարգիս Ասլանյանի կողմից չեն պահպանվել այդ որոշման բողոքարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ընթացակարգերը:
(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ (...) Սարգիս Ասլանյանի կողմից չեն պահպանվել մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողության թույլատրելի ժամանակային սահմանները, իսկ դատարանը կարող է անդրադառնալ ներկայացված բողոքի հիմքերին, այն է` բողոքարկող անձի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան դրույթներով հիմնավորված փաստարկներին, միայն վերը նշված կարգ և ժամկետները պահպանված լինելու վերաբերյալ հետևության հանգելու արդյունքում: Իսկ եթե դատարանը պարզում է, որ բողոքաբերի կողմից չեն պահպանվել վերոնշյալ պահանջները, ապա, առանց անդրադառնալու բողոքի հիմքերին, դատարանը պետք է մերժի այն:
Հարկ է նշել նաև, որ համապատասխան բողոքարկման ժամկետների չպահպանման մասին են վկայում ինչպես բողոքում նշված այն հանգամանքը, որ անձնական խնդիրներ ունենալու կապակցությամբ խնդրում եմ սույն նախնական բողոքը համարել ժամկետում ներկայացված, այնպես էլ համապատասխան որոշումը ստանալու փոստային ծրարի վրա առկա համապատասխան փոստային կնիքների վրա եղած նշումները:
Ինչ վերաբերվում է վերաքննիչ բողոքում նշված այն փաստարկին, որ համապատասխան բողոքը ներկայացվել է ժամանակին, իսկ առկա ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը վերաբերվել է ապագայում ներկայացվելիք բողոքին, ապա Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում նման դատավարական կարգ նախատեսված չէ, բացի այդ, ինչպես երևում է բողոքի բովանդակությունից, ժամկետի հարգելի համարելու միջնորդությունը վերաբերվել է արդեն իսկ ներկայացված բողոքին (մասնավորապես նշված է՝ սույն նախնական բողոքը համարել ժամկետում ներկայացված):
Ամփոփելով վերոգրյալը Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի հետևություններին (...) և հանգում այն հետևության, որ վերաքննիչ բողոքում նշված փաստարկներն անհիմն են (...)»4։
11. Ինչպես Առաջին ատյանի դատարան, այնպես էլ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ ներկայացված բողոքներում Ս.Ասլանյանը նշել է, որ իր վստահորդ Վ.Առաքելյանը «Քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելը մերժելու մասին» դատախազ Ռ.Մանուկյանի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշումը ստացել է 2018 թվականի սեպտեմբերի 10-ին5։
12. «Քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելը մերժելու մասին» դատախազ Ռ.Մանուկյանի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշումը փոստային առաքման միջոցով, RG010027325AM բեռնային համարով ուղարկվել է Վ.Առաքելյանին6: «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` նաև «Հայփոստ» ՓԲԸ) պաշտոնական կայքէջի համաձայն՝ RG010027325AM բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2018 թվականի սեպտեմբերի 6-ին7, իսկ հասցեատիրոջը՝ Վ.Առաքելյանին է հանձնվել 2018 թվականի սեպտեմբերի 10-ին8։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
13. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, որի հետևանքով խախտվել են Վահան Առաքելյանի իրավունքներն ու օրինական շահերը, ինչով և խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Բողոքաբերը նշել է, որ իր վստահորդ Վ.Առաքելյանի համոզմամբ՝ Ա.Թադևոսյանն իր գործընկերոջ՝ Է.Թոխունցի հետ միասին ի սկզբանե նպատակ են ունեցել իրենից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակել՝ զանազան խոստումներով՝ վստահությունը չարաշահելու եղանակով:
14. Բողոքաբերը նշել է, որ իր վստահորդ Վ.Առաքելյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում 2018 թվականի օգոստոսի 21-ին հարուցվել է քրեական գործ, սակայն դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից նույն տարվա օգոստոսի 31-ին կայացվել է քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Այդ որոշումն իր վստահորդ Վահան Առաքելյանը ստացել է 2018 թվականի սեպտեմբերի 10-ին և այն փոխանցել է իրեն, և ինքն էլ 7-օրյա ժամկետի պահպանմամբ, 2018 թվականի սեպտեմբերի 17-ին այն բողոքարկել է Երևան քաղաքի դատախազություն, հատուկ ընդգծելով, որ այն նախնական է և հետապնդում է ընդամենը մեկ նպատակ՝ բողոքարկման 7-օրյա ժամկետը բաց չթողնելը, որից հետո կներկայացվեր ամբողջական և առարկայական բողոք: Իսկ ստորադաս դատարանները, ըստ բողոքաբերի, իրենց որոշումներում եզրահանգումներ արել են ենթադրաբար, հիմք ընդունելով փոստային ծրարի վրա առկա կնիքները, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից Վահան Առաքելյանին հասցեագրված փոստային ծրարի հետնամասում առկա փոստային կնիքները, և եզրահանգել, որ Վ.Առաքելյանն այն ստացել է 2018 թվականի սեպտեմբերի 7-ին, ուստիև ներկայացված նախնական բողոքն արդեն իսկ ժամկետանց է եղել: Մինչդեռ իր վստահորդ Վ.Առաքելյանը վերոնշյալ նամակը ստացել է 2018 թվականի սեպտեմբերի 10-ին և դատավարական ժամկետների պահպանմամբ իր կողմից նախնական բողոքը ներկայացվել է 2018 թվականի սեպտեմբերի 17-ին:
15. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է վերացնել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ, որով հնարավորություն կտրվի ստորադաս դատարանում ըստ էության քննել իր վստահորդի բողոքը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք դիմող Վահան Առաքելյանի ներկայացուցիչ Սարգիս Ասլանյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ընթացակարգը չպահպանելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:
17. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն` «1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով:
2. Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:
3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: (…)
4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ (…): Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով (…)»:
⚖18. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի իրավունքների անհարկի սահմանափակումները բացառելու նպատակով, ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին եզրահանգումները պետք է կառուցվեն հստակ և որոշակի փաստական հանգամանքներից բխող հետևությունների վրա` ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը։ Մասնավորապես, համապատասխան փաստական տվյալները կարող են ձեռք բերվել փոստային անդորրագրի, «Հայփոստ» ՓԲԸ-ի կայքէջի, համապատասխան հարցում կատարելու և այլ միջոցներով9։
19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- դատախազ Ա.Աֆանդյանը 2018 թվականի հոկտեմբերի 1-ի որոշման մեջ նշել է, որ Վ.Առաքելյանի ներկայացուցիչ Ս.Ասլանյանի կողմից ներկայացված բողոքին կցված չէ բողոքարկվող որոշումը ստանալու փաստը հավաստող որևէ ապացույց, հետևաբար պարզ չէ, թե պահպանվել է արդյոք բողոքարկման յոթօրյա ժամկետը, թե` ոչ, սակայն դատելով բողոքի բովանդակությունից (բողոքաբերը անձնական խնդիրներ ունենալու կապակցությամբ խնդրել է իր բերած նախնական բողոքը համարել ժամկետում ներկայացված)` պարզ է դառնում, որ բողոքաբերի կողմից չի պահպանվել բողոքարկման յոթօրյա ժամկետը և բողոքով ըստ էության ներկայացվել է նաև բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն։ Դատախազ Ա.Աֆանդյանը նշել է նաև, որ Ս.Ասլանյանի կողմից չեն ներկայացվել օբյեկտիվ այնպիսի փաստարկներ, որոնք թույլ կտային հետևություն անել առ այն, թե վերջինս արդյոք հարգելի պատճառներով է բաց թողել բողոքարկման ժամկետը, ուստի դատախազ Ա.Աֆանդյանը գտել է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման, ինչպես նաև, մերժման է ենթակա ներկայացված բողոքը՝ բողոքարկման դատավարական ընթացակարգերը պահպանված չլինելու հիմքով10:
- Ս.Ասլանյանն ինչպես Առաջին ատյանի դատարան, այնպես էլ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ ներկայացված բողոքներում նշել է, որ իր վստահորդ Վ.Առաքելյանը «Քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելը մերժելու մասին» դատախազ Ռ.Մանուկյանի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշումը ստացել է 2018 թվականի սեպտեմբերի 10-ին11:
- Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ դատարանին հասցեագրված բողոքում Ս.Ասլանյանը չի վիճարկել բողոքարկման դատավարական ընթացակարգերը պահպանված չլինելու հիմքով իր բողոքը մերժելու մասին դատախազ Ա.Աֆանդյանի որոշումը, այլ գտել է, որ վերջինս տվյալ դեպքում վերադաս դատախազ չի հանդիսանում, որպիսի պայմաններում իր բողոքը մերժելու մասին որոշումը չի կարող համարվել օրինական: Դատարանը փաստել է, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազը վերադաս է Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազության բոլոր դատախազների նկատմամբ, ուստի բողոքաբերի պնդումներն անհիմն են12:
- Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ դատախազ Ռ.Մանուկյանի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշումը դիմող Վ.Առաքելյանի ներկայացուցիչ Ս.Ասլանյանին հասանելի է եղել 2018 թվականի սեպտեմբերի 7-ին, նա վերը նշված որոշման դեմ Երևան քաղաքի դատախազություն բողոք է ներկայացրել, թվագրելով այն «17.09.2018թ.», որը Երևան քաղաքի դատախազությունում ստացվել է 2018 թվականի սեպտեմբերի 19-ին, հետևաբար Ս.Ասլանյանի կողմից չեն պահպանվել այդ որոշման բողոքարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ընթացակարգերը: Այլ կերպ՝ Ս.Ասլանյանը դատախազ Ռ.Մանուկյանի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշումը բողոքարկել է վերադաս դատախազին այն ստանալուց հետո շուրջ 10 օր անց, որպիսի պայմաններում վերջինս չի պահպանել օրենսդրությամբ նախատեսված՝ այն ստանալուց հետո յոթօրյա ժամկետում բողոքարկելու կարգը: Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ համապատասխան բողոքարկման ժամկետների չպահպանման մասին են վկայում ինչպես բողոքում նշված այն հանգամանքը, որ անձնական խնդիրներ ունենալու կապակցությամբ բողոքաբերը խնդրում է սույն նախնական բողոքը համարել ժամկետում ներկայացված, այնպես էլ համապատասխան որոշումը ստանալու փոստային ծրարի վրա առկա համապատասխան փոստային կնիքների վրա եղած նշումները13:
- «Քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելը մերժելու մասին» դատախազ Ռ.Մանուկյանի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշումը փոստային առաքման միջոցով, RG010027325AM բեռնային համարով ուղարկվել է Վ.Առաքելյանին: «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական կայքէջի համաձայն՝ RG010027325AM բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2018 թվականի սեպտեմբերի 6-ին, իսկ հասցեատիրոջը՝ Վ.Առաքելյանին է հանձնվել 2018 թվականի սեպտեմբերի 10-ին14։
20. Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատախազ Ռ.Մանուկյանի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշումը դիմող Վ.Առաքելյանին հասանելի է եղել ոչ թե 2018 թվականի սեպտեմբերի 7-ին, այլ հանձնվել 2018 թվականի սեպտեմբերի 10-ին, որպիսի պայմաններում, դատախազ Ռ.Մանուկյանի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշման` վերադաս դատախազին բողոքարկման 7-օրյա ժամկետը հաշվարկելու ընթացքը սկսվում է որոշումը ստանալու հաջորդ օրվանից՝ 2018 թվականի սեպտեմբերի 11-ից, հետևաբար դիմող Վ.Առաքելյանի ներկայացուցիչ Ս.Ասլանյանը վերաքննիչ բողոքը նույն թվականի սեպտեմբերի 17-ին փոստին հանձնելով՝ այն ներկայացրել է սահմանված ժամկետում։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ինչպես Առաջին ատյանի դատարան, այնպես էլ Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքներում Ս.Ասլանյանը նշել է, որ իր վստահորդ Վ.Առաքելյանը «Քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելը մերժելու մասին» դատախազ Ռ.Մանուկյանի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշումը ստացել է 2018 թվականի սեպտեմբերի 10-ին: Մինչդեռ ստորադաս դատարանները նշված տեղեկատվությունը պարզելուն ուղղված միջոցներ չեն ձեռնարկել: Ավելին, Վերաքննիչ դատարանը, վերոնշյալ միջոցները ձեռնարկելու փոխարեն՝ ոչ իրավաչափ հետևություն է արել դատախազ Ռ.Մանուկյանի՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշումը դիմող Վ.Առաքելյանի կողմից 2018 թվականի սեպտեմբերի 7-ին ստացված լինելու մասին։
21. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Ասլանյանի ներկայացրած բողոքը դատախազ Ա.Աֆանդյանի որոշմամբ ժամկետանց գնահատվելու իրավաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնված չեն հստակ և որոշակի փաստական տվյալների վրա։
Հետևաբար, դիմող Վահան Առաքելյանի ներկայացուցիչ Սարգիս Ասլանյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ընթացակարգը չպահպանելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող Վ.Առաքելյանի ներկայացուցիչ Ս.Ասլանյանի բողոքը դատախազ Ա.Աֆանդյանի կողմից ժամկետանց լինելու պատճառաբանությամբ մերժելն անհամաչափորեն սահմանափակել է դիմողի իրավունքը, հաշվի առնելով, որ բողոքը ներկայացվել է բողոքարկման ժամկետի պահպանմամբ:
22. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի ապրիլի 12-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումները բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար15: Նոր քննության ընթացքում ստորադաս դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումը, պետք է քննարկման առարկա դարձնի դիմող Վ.Առաքելյանի ներկայացուցիչ Ս.Ասլանյանի բողոքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Վահան Սարգսի Առաքելյանի ներկայացուցիչ Ս.Ասլանյանի բողոքի վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի ապրիլի 12-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_____________________
1 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 10-13:
2 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 7-9:
3 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 43-46:
4 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 118-132։
5 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 4, 53, հատոր 2, թերթ 3:
6 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթ 113:
7 Տե'ս https://www.haypost.am/hy/track-and-trace։
8 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 54։
9 Տե'ս, mutatis mutandis, Վարտգես Գասպարիի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0067/11/16 որոշումը, 15-րդ կետ, Անդրանիկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը:
10 Տե΄ս սույն որոշման 8-րդ կետը:
11 Տե΄ս սույն որոշման 11-րդ կետը:
12 Տե΄ս սույն որոշման 9-րդ կետը:
13 Տե'ս սույն որոշման 10-րդ կետը:
14 Տե'ս սույն որոշման 12-րդ կետը:
15 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2021 թվական: