«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616225
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 հունիսի 2016 թ. ք. Երևան |
N 31-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
(նախաբանը փոփ. 11.05.21 N 15-Ն)
1. Սահմանել, որ`
1) Ազգային ժողովի ընտրությունների և հանրաքվեի ժամանակ ընտրական տեղամասերը կազմավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Ազգային ժողովի հերթական ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր, 10 օր և 6 օր առաջ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 30 օր, 10 օր և 6 օր առաջ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ստորագրությամբ վավերացված գրությամբ լիազոր մարմին ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում համապատասխանաբար զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը.
2) զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը լիազոր մարմին ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է ըստ այն համայնքների, որտեղ, ծառայության վայրով պայմանավորված, քվեարկելու են զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողները.
3) լիազոր մարմինը զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը հաշվի է առնում ընտրական տեղամասերը կազմավորելիս.
4) լիազոր մարմինն ու ընտրական հանձնաժողովները զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը չեն հրապարակում:
(1-ին կետը փոփ. 11.05.21 N 15-Ն)
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |