ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2021 թվականի N 877-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Խ-949-27.04.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-949-27.04.2021-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողին (խնամակալին կամ հոգաբարձուին) տալ հնարավորություն՝ աշխատելու ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով:
Նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումները՝
Հաշվի առնելով, որ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը հանդիսանում է ինչպես ծնողների, այնպես էլ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականությունը, և այն, որ այլ օրինական ներկայացուցիչներն են որդեգրողները, խնամակալները, հոգաբարձուները, առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում «(խնամակալի կամ հոգաբարձուի)» բառերը փոխարինել «կամ այլ օրինական ներկայացուցչի» բառերով:
Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությամբ նախատեսված կարգավորումը՝ առաջարկում ենք օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասում «1-4-րդ կետերով» բառերը փոխարինել «1-4-րդ, 6-րդ կետերով» բառերով։