ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2021 թվականի N 563-Ն
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների և աղետների քննության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
|
15.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի |
Կ Ա Ր Գ
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների և աղետների (այսուհետ` պատահար) քննության (այսուհետ` քննություն) հետ կապված հարաբերությունները:
2. Քննության նպատակն է պատահարների պատճառների որոշումն ու հետևանքների վերացմանն ուղղված ծրագրերի մշակումը, ինչպես նաև հետագայում դրանց կանխարգելման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը:
3. Սույն կարգով նախատեսված քննությունն անցկացվում է պատահարի առնչությամբ իրականացվող քրեական կամ վարչական վարույթից անկախ:
4. Քննության գործընթացն իր մեջ ներառում է պատահարի վերաբերյալ տեղեկատվության հավաքում և վերլուծություն, անհրաժեշտ հետազոտությունների անցկացում, պատահարի պատճառների բացահայտում, դրանց կանխարգելմանն ուղղված առաջարկությունների մշակում և հաշվետվության կազմում:
2. ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Քննությունը կազմակերպում և վարում է տիեզերական գործունեության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) ղեկավարի կողմից ստեղծված հանձնաժողովը: Հանձնաժողովը կազմված հանձնաժողովի նախագահից և առնվազն 4 անդամից։ Յուրաքանչյուր պատահարի դեպքում ստեղծվում է նոր հանձնաժողով։
6. Հանձնաժողովը վարում է քննությունը` ղեկավարվելով «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով:
7. Եթե քննության գործընթացում չի պահանջվում անցկացնել լրացուցիչ հետազոտություններ, ապա քննության ժամկետը չպետք է գերազանցի 30 օրը: Անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահի միջնորդությամբ՝ լիազոր մարմնի ղեկավարի կողմից քննության ժամկետը կարող է երկարաձգվել ևս 30 օրով։
8. Հանձնաժողովն իրավունք ունի քննության ընթացքում՝
1) ներկայացնելու հարցադրումներ և ստանալու գրավոր պարզաբանումներ տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտների շահագործողներից, պաշտոնատար անձանցից և այնպիսի անձանցից, որոնք ունեն կամ կարող են առնչություն ունենալ պատահարի հետ.
2) ուսումնասիրել տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտների նախագծման, փորձարկման, արտադրման, շահագործման, նորոգման, օտարման, հետազոտությունների և (կամ) փորձարկումների իրականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների ընդունման և մշակման, տիեզերական օբյեկտների արձակման, վայրէջքի և թռիչքի ընթացքում դրանց կառավարման, տիեզերական ենթակառուցվածքների ստեղծման և շահագործման վերաբերյալ փաստաթղթերը:
9. Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրել համապատասխան մասնագետներ և (կամ) փորձագետներ: Մասնագետների և (կամ) փորձագետների մասնակցության աստիճանը սահմանափակվում է այն հարցերի սահմաններում, որոնց համար նրանք ներգրավված են քննությանը:
10. Քննության աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
11. Հանձնաժողովի նախագահը կազմակերպում, վարում և հսկում է քննության բոլոր փուլերը, համակարգում է քննության բոլոր մասնակիցների գործողությունները:
12. Քննության ընթացքում որոշումներն ընդունվում են հանձնաժողովի կողմից, հանձնաժողովի նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է։ Ընդունված որոշմանը չհամաձայնելու դեպքում հանձնաժողովի անդամն իրավունք ունի այդ մասին իր կարծիքն արտահայտել գրավոր ձևով:
13. Քննության հետ կապված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի նախագահի ցուցումները պարտադիր են կատարման` պատահարի քննության և հանձնաժողովի աշխատանքն ապահովող բոլոր անձանց կողմից:
14. Հանձնաժողովի նիստերը ձևակերպվում են արձանագրություններով, որոնցում արտացոլվում են քննարկվող հարցերը, ընդունված որոշումները, հանձնաժողովի նախագահի ցուցումները: Քննարկվող հարցերի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում արձանագրությունում արտահայտվում են կողմերի դիրքորոշումները: Արձանագրություններն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից:
15. Հանձնաժողովի կողմից հրավիրված համապատասխան մասնագետին և (կամ) փորձագետին հանձնաժողովի նախագահը գրավոր ներկայացնում է լուծում պահանջող հարցերի ցանկը: Մասնագետը և (կամ) փորձագետն իր աշխատանքները կատարում է ինքնուրույն` այն համաձայնեցնելով հանձնաժողովի նախագահի հետ:
16. Աշխատանքի արդյունքները մասնագետը և (կամ) փորձագետը ներկայացնում են եզրակացության տեսքով, որը քննարկվում է հանձնաժողովի նիստում: Քննարկման ընթացքում մասնագետին և (կամ) փորձագետին կարող են առաջադրվել լրացուցիչ հարցեր, որոնց պատասխանները ներկայացվում են եզրակացության տեսքով:
17. Եզրակացությունը քննարկվում է հանձնաժողովի կողմից և կցվում քննության նյութերին:
18. Քննության արդյունքներով հանձնաժողովը կազմում է քննության վերջնական հաշվետվություն (այսուհետ` Հաշվետվություն):
19. Հաշվետվությունը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից: Հաշվետվության բովանդակության հետ չհամաձայնվելու դեպքում հանձնաժողովի անդամի առանձին դիրքորոշումը՝ գրավոր տեսքով, կցվում է Հաշվետվությանը:
20. Հաշվետվությունը գրավոր ներկայացվում է լիազոր մարմնի ղեկավարին և տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտի շահագործողին:
21. Հաշվետվության ներկայացումից հետո հանձնաժողովի գործունեությունը դադարեցվում է: Քննության նյութերը և Հաշվետվությունը պահպանվում են լիազոր մարմնի մոտ:
22. Տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտի հետ տեղի ունեցած յուրաքանչյուր պատահար ենթակա է պարտադիր հաշվառման լիազոր մարմնի կողմից: Հաշվառումը կատարվում է տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների գրանցման մատյանում։
23. Քննության ավարտից հետո՝ նոր հանգամանքների ի հայտ գալու պարագայում նշանակվում է նոր քննություն՝ սույն կարգի համաձայն՝ ստեղծելով նոր հանձնաժողով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ |
15.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2021 թվական: