ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2021 թվականի N 479-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-886-03.03.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-886-03.03.2021-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է պատվի և արժանապատվության արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությամբ և նպատակ է հետապնդում պատվի և արժանապատվության պաշտպանության գործերով դատական քննության համար առավել սեղմ ժամկետներ սահմանել, որպեսզի ապահովվի այդ իրավունքների արդյունավետ պաշտպանությունը:
Մասնավորապես՝ նախագծով լրացվող «Պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթի ժամկետները» հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հայցերը առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների հետ կապված վերոնշյալ ժամկետի պահպանման առումով կարող են խնդիրներ առաջանալ: Այսպես՝ եթե օրինակ գործին մասնակցող անձանցից մեկը չստանա ուղարկված ծանուցագիրը, ապա ծանուցումը պետք է իրականացվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, որի դեպքում անձը համարվում է ծանուցված 15-րդ օրը: Իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Նման դեպքում անհնար կլինի ապահովել երկամսյա ժամկետում գործի քննությունը առնվազն այն պատճառով, որ գրեթե մեկ ամիսը (ծանուցման 15 օր + պատասխանի 14 օր = 29 օր) կծախսվի դատական քննության կազմակերպման համար:
Այս առումով հարկ է նկատի ունենալ նաև ՀՀ դատական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված դատավորի վարքագծի կանոնները, որոնց համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը: Մինչդեռ առաջարկվող կարգավորման պարագայում գործնականում անհնար է լինելու ապահովել արդարադատության շահերը երկամսյա ժամկետում:
Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել նաև դատավորի վարույթում առկա բազմաթիվ այլ գործերի քանակը, մասնավորապես՝ հրատապ լուծում պահանջող գործերը (օրինակ՝ հայցի ապահովման վերացման միջնորդություն (15-օրյա ժամկետ), աշխատանքային վեճեր (երեք ամիս), պաշտպանական որոշման կիրառման մասին վեճեր (10-օրյա ժամկետ), Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ վեճեր (10-օրյա ժամկետ) և այլն):
Դատական նիստերի նշանակման վիճակագրությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Երևան քաղաքում դատական նիստերը լավագույն դեպքում նշանակվում են մեկ-երկու ամիս հետո, ընդ որում՝ օբյեկտիվ պատճառներով, առանց որևէ չարաշահման:
Հարկ է նշել, որ Արդարադատության նախարարության կողմից մշակված և ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության դատական իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի 1-ին հավելվածի համաձայն՝ որպես ռազմավարական ուղղություն նշվում է դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը և դատական քննության ողջամիտ ժամկետի ապահովումը։ Ըստ վիճակագրության՝ եթե 2013 թվականի ընթացքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել է 48 540 քաղաքացիական գործ, ապա 2017 թվականին այդ թիվը կազմել է 137 003 գործ, իսկ 2018 թվականին՝ 129 941 քաղաքացիական գործ: Դատարանների գերբեռնվածությունը խոչընդոտում է դատական գործերի արագ և արդյունավետ քննությանը՝ հանգեցնելով անձի արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտումների:
Ինչ վերաբերում է առհասարակ ՀՀ դատարանների ծանրաբեռնվածությանը, ապա պետք է նշել, որ թեև մի քանի տարի առաջ դատավորների ծանրաբեռնվածությունն արդեն իսկ բարձր էր, սակայն ներկայումս դատարանների ծանրաբեռնվածությունն էլ ավելի բարձր է: Երևան քաղաքում քաղաքացիական մասնագիտացում ունեցող մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը 2013 թվականին կազմել է 632 քաղաքացիական գործ, 2014 թվականին՝ 1068 քաղաքացիական գործ, իսկ 2018 թվականին՝ արդեն 1290 գործ: Այսինքն 2013-2014 թվականների ընթացքում տարիների կտրվածքով Երևան քաղաքում մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը կազմում էր 850 քաղաքացիական գործ (632+1068=1700:2=850), ինչը 2018 թվականի դրությամբ արդեն իսկ զգալիորեն ավելացել է: Ելնելով նաև Եվրոպայի խորհրդի կողմից անցկացված վիճակագրական տվյալների համակարգման արդյունքներից՝ պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունում 100 000 բնակչին բաժին է ընկնում 8 դատավոր, մինչդեռ այլ երկրներում այդ թիվը էականորեն ավելի մեծ է։ Օրինակ՝ Սերբիայում՝ 38, Սլովենիայում՝ 43, Մոնակոյում՝ 99, Ավստրիայում՝ 27, ՌԴ-ում՝ 18, Իտալիայում՝ 11, ԳԴՀ-ում՝ 24, Նորվեգիայում՝ 11, Շվեյցարիայում՝ 15, Շվեդիայում՝ 12, Բոսնիա և Հերցեգովինայում՝ 29, Մոնտենեգրոյում՝ 51, Լեհաստանում՝ 26, Ուկրաինայում՝ 15։
Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք նախագծով լրացվող «Պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթի ժամկետները» հոդվածի 1-ին մասում «երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «եռամսյա ժամկետում» բառերով:
Բացի այդ, առաջարկում ենք քննարկել նշված վարույթի շրջանակներում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար մեկ ամիս, իսկ բողոքի քննության համար՝ երեք ամիս ժամկետ սահմանելու հարցը:
Միևնույն ժամանակ, նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածում սահմանված կարգավորումների, ինչպես նաև 22-27.1 գլուխների հաջորդականությունը, առաջարկում ենք «Պատվին, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերի» գլուխը լրացնել որպես 27.2 գլուխ: