ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը մինչև 2003 թվականի հունվարի 1-ը իրականացրած ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում սույն օրենքի ընդունման օրվա դրությամբ հաշվարկված և չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (537,3 մլն դրամ) մարումն իրականացնում է մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը:
Հոդված 2. Ազատել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը նախորդ տարիների (ներառյալ` մինչև 2003 թվականի հունվարի 1-ը) ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով սույն օրենքի ընդունման օրվա դրությամբ հաշվարկված և չվճարված տույժերից ու տուգանքներից (համապատասխանաբար` 412,8 մլն դրամ ու 0,9 մլն դրամ)` սույն օրենքի 1-ին հոդվածում նախատեսված վճարումները ժամկետին կատարելու դեպքում:
Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված արտոնությունները չեն տարածվում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության ապահովագրական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած յուրաքանչյուր աշխատողի համար կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2004 թ. հունվարի 17 |