ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2021 թվականի N 263-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-278-Ն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 14-րդ ենթակետով՝
«14) ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում կատարելու կարգը՝ համաձայն N 14 հավելվածի:».
2) որոշումը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
«2.1. Սահմանել, որ՝
1) տրանսպորտային միջոցի պետական գրանցման և պետական հաշվառման ժամանակ տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը որոշելիս տրանսպորտային միջոցն արտադրողի կողմից տրանսպորտային միջոցի թափքի և (կամ) ամրաշրջանակի վրա փակցված նույնականացման պիտակների վրա նշված՝ թողարկման տարեթվի վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում հիմք է ընդունվում այդ տեղեկատվությունը,
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվության բացակայության դեպքում` տրանսպորտային միջոցի նույնականացման համարի 10-րդ նիշին համապատասխանող տարեթվի վերաբերյալ տեղեկատվությունը (տեղեկատվություն տրանսպորտային միջոցի թողարկման (մոդելային) տարեթվի վերաբերյալ), իսկ այդ տարեթիվը գրանցման (հաշվառման) ներկայացված տարեթվից բարձր լինելու պարագայում, որպես թողարկման տարեթիվ է նշվում պետական գրանցման ներկայացման տարեթիվը։».
3) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում՝
ա. 1-ին ենթակետի «ա1» պարբերությունում «քվադրոցիկլերը» բառը փոխարինել «քվադրիցիկլները» բառով,
բ. լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով՝
«1.1) մոպեդները.»,
գ. 2-րդ ենթակետում «1-ին ենթակետում» բառերը փոխարինել «1-ին և 1.1-ին ենթակետերով» բառերով.
4) որոշման N 2 հավելվածի 34-րդ կետը «մոտոցիկլի,» բառից հետո լրացնել «տրիցիկլի, քվադրիցիկլի, մոպեդի և» բառերով.
5) որոշման N 11 հավելվածում՝
ա. ողջ տեքստում «քվադրոցիկլերը» բառը փոխարինել «քվադրիցիկլները» բառով,
բ. 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» պարբերություններում «մոտոցիկլետներ» բառը փոխարինել «մոտոցիկլներ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,
գ. 1-ին կետի 1-ին ենթակետի «գ», 2-րդ ենթակետի «ե», 3-րդ ենթակետի «է», «ը», «թ» և 4-րդ ենթակետի «գ» պարբերություններում «և մոտոռոլլերների» բառերը փոխարինել «, մոտոռոլլերների և մոպեդների» բառերով.
6) որոշման N 12 հավելվածում՝
ա. 11-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում «ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» բառերով,
բ. 12-րդ կետում «քվադրոցիկլերին» բառը փոխարինել «քվադրիցիկլներին, մոպեդներին,» բառերով,
գ. 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
7) որոշումը լրացնել N 14 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 263-Ն որոշման |
«Հավելված N 14 ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ԳՐԱՎՈՐ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԾԱԳՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՎԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են առանց Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում ներկայանալու Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային՝ www.roadpolice.am հարթակում (այսուհետ՝ հարթակ) հասարակ գրավոր գործարքի (այսուհետ՝ գործարք) կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում կատարելու հետ կապված հարաբերությունները:
2. Հարթակում գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հասանելի է միայն ֆիզիկական անձանց պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում այդ գործողության պահի դրությամբ հաշվառված տրանսպորտային միջոցների համար։
3. Հարթակում գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում կարող են կատարել բանկերը, վարկային և գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունները (այսուհետ՝ կազմակերպություն)՝ այդ գործողության պահի դրությամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և (կամ) հաշվառում ունեցող տրանսպորտային միջոցների հետ կապված գործարքներով։
2. ՀԱՐԹԱԿՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
4. Ֆիզիկական անձինք գործարք կատարելու և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար հարթակ կարող են մուտք գործել նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով։
5. Մուտք գործելուց հետո ֆիզիկական անձը (ձեռք բերողը) հնարավորություն կստանա տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և հաշվառման համարանիշը մուտքագրելու միջոցով որոնել և գնային հարցում ներկայացնել նախընտրած տրանսպորտային միջոցը ձեռք բերելու համար։
6. Գնային հարցումը հաստատելուց հետո օտարողը հարթակից ներբեռնում է պայմանագիրը և այն վավերացնում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Պայմանագրի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
7. Ստորագրված պայմանագիրը վերբեռնելով հարթակ՝ ուղարկվում է ձեռք բերողին։
8. Ձեռք բերողը հաստատում է հարթակից ներբեռնված պայմանագիրը էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացնելու միջոցով:
9. Վավերացված պայմանագիրը համակարգ վերբեռնելու պահից գործարքը համարվում է կատարված, և համակարգն ինքնաշխատ եղանակով պատրաստում է տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման հայտ (այսուհետ՝ հայտ)։
10. Հայտի ընդունումը մերժվում է, և գործարքը համարվում է անվավեր, եթե հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատերը գտնվում է հետախուզման մեջ։
11. Ընդունված հայտի հիման վրա հարթակն ինքնաշխատ եղանակով պատրաստում է տրանսպորտային միջոցի պետական գրանցման գործողության նախագիծը, որի հաջող ավարտի մասին անմիջապես հաղորդագրություն է ստացվում ձեռք բերողի էջում (այսուհետ՝ էջ)։
12. Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունք համարվում է գրանցված (գրանցումն ավարտված), եթե ձեռք բերողը (կամ նրա ներկայացուցիչը) պետական գրանցման գործողության նախագծի պատրաստ լինելու մասին էջում հաղորդագրությունը ստանալուց հետո «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում ներկայանալով Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում՝ ներկայացնում է այդ պահի դրությամբ պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորություններն ամբողջական կատարման մասին փաստաթուղթ և հանձնում ձեռք բերված տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը և հաշվառման վկայագիրը՝ իր ցանկությամբ ստանալով տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը։
13. Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը ձեռք բերողին (կամ նրա ներկայացուցչին) տրամադրվում է էլեկտրոնային թվային ստորագրության դիմաց:
14. Տրանսպորտային միջոցի պետական գրանցումը մերժվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում։
15. Տրանսպորտային միջոցի պետական գրանցումը մերժելու մասին ձեռք բերողի էջին անմիջապես ուղարկվում է հաղորդագրություն։
16. Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին որոշումը կայացնելուց հետո այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը:
3. ՀԱՐԹԱԿՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՐԱՎԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
17. Հարթակում գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը կատարելու համար անհրաժեշտ է ընտրել «Իրավաբանական անձանց մուտք» դաշտը։ Դաշտը հասանելի է ինչպես կազմակերպության ղեկավարի, այնպես էլ՝ վերջինիս կողմից Ճանապարհային ոստիկանություն ներկայացված լիազորագրում նշված կազմակերպության աշխատակիցների նույնականացման քարտի միջոցով մուտք գործելու դեպքում։
18. Կազմակերպության ղեկավարը կարող է Ճանապարհային ոստիկանություն ներկայացված դիմումով ներկայացնել կազմակերպության այն աշխատակիցներին, ովքեր լիազորված են հարթակում գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում իրականացնելու լիազորությամբ՝ դիմումում նշելով (կցելով նույնականացման քարտի պատճենը) վերջիններիս նույնականացման քարտի տվյալները։
19. Հարթակում գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում իրականացնելու լիազորություն ունեցող անձի փոփոխության դեպքում կազմակերպության ղեկավարը դիմում է Ճանապարհային ոստիկանություն՝ հարթակում նոր տվյալներով կարգավորումներ կատարելու նպատակով։
20. Ընտրելով «Գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում» կոճակը՝ լրացվում է էլեկտրոնային դիմումը (այսուհետ՝ դիմում), որին կցվում են օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը։
21. Դիմումը լրացվում է համապատասխան դաշտերում պահանջվող տվյալները մուտքագրելու միջոցով՝ հետևելով կայքի հրահանգներին։
22. Լրացված դիմումը հաստատվում է կազմակերպության ղեկավարի կամ հարթակում գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում իրականացնելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
23. Ներկայացված դիմումի հիման վրա Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանման աշխատակիցն իրականացնում է տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում, որի հաջող ավարտի դեպքում կազմակերպության հարթակի էջին կամ դիմումով ներկայացված էլեկտրոնային հասցեին ուղարկվում է «Տրանսպորտային միջոցի գրավի (լիզինգի պայմանագրով վարձակալության) իրավունքի պետական գրանցման» վկայականի էլեկտրոնային տարբերակը։
24. Տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը մերժվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում։
25. Տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին որոշումը կայացնելու դեպքում այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը:»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
02.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մարտի 2021 թվական: