14.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2021 թվականի N 23-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1612-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1612-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 21-րդ կետում`
ա. «300-600 քառ. մ» բառերից հետո լրացնել «արտադրական տարածքով» բառերով, իսկ «800-3000 քառ. մ» բառերից հետո՝ «արտադրական» բառով,
բ. 1-ին ենթակետը «300-600 քառ. մ» բառերից հետո լրացնել «արտադրական տարածքով» բառերով,
գ. 2-րդ և 3-րդ ենթակետերը «800-3000 քառ. մ» բառերից հետո լրացնել «արտադրական տարածքով» բառերով.
2) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«24. Ծրագրի շրջանակում, տնտեսավարողի կողմից 21-րդ կետով սահմանված մոդելների առավելագույն մակերեսով ջերմատան կառուցման դեպքում, ջերմատան կոնստրուկցիաների առանձնահատկություններից ելնելով, թույլատրելի է համարվում սահմանված առավելագույն մակերեսից մինչև տասը տոկոսի չափով շեղումը (գերազանցումը): Սույն կետում նշված թույլատրելի չափաքանակով, 21-րդ կետով սահմանված մոդելների առավելագույն մակերեսը գերազանցող տարածքի կառուցման և տեխնոլոգիական ապահովման, ինչպես նաև ջերմատների շահագործման համար տնտեսավարողի կողմից ձեռք բերված հողային զանգվածի հարստացման միջոցների, սուբստրատների, տնկանյութի, պարարտանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների ձեռքբերման, մշակության և այլ անհրաժեշտ ծախսերը հաշվարկներում ներառված չեն և ենթակա չեն փոխհատուցման:».
3) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«25. Ծրագրի շահառուները կարող են հանդիսանալ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող այլ պետական աջակցության ծրագրերի շահառուներ: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տնտեսավարողի աջակցություն կցուցաբերվի 21-րդ կետում նշված մոդելների չափերին համապատասխան` մեկ ջերմատան կառուցման համար, բացառությամբ 21-րդ կետի 1-ին ենթակետում նշված մոդելի, որի դեպքում տնտեսավարողը մոդելի համար սահմանված չափերի շրջանակներում, նույն հողատարածքում կարող է կառուցել ընդհանուր 800 քառ. մ-ը չգերազանցող մակերեսով ոչ ավելի, քան երկու ջերմատուն: Յուրաքանչյուր տնտեսավարող ծրագրին կարող է մասնակցել մեկ անգամ, բացառությամբ սույն կետով սահմանված, նույն հողատարածքում ընդհանուր 800 քառ. մ-ը չգերազանցող մակերեսով երկու ջերմատուն կառուցելու դեպքի, որի ժամանակ տնտեսավարողը ծրագրին կարող է դիմել մեկ կամ երկու անգամ (յուրաքանչյուր ջերմատան կառուցման համար տնտեսավարողը ծրագրին կարող է դիմել առանձին, կամ երկու ջերմատունը կառուցել՝ ծրագրին դիմելով մեկ անգամ):».
4) 28-րդ կետում՝
ա. 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. անշարժ գույքի սեփականության (օգտագործման կամ վարձակալության) իրավունքի գրանցման վկայականի պատճենը: Անշարժ գույքի օգտագործման կամ վարձակալության վկայական ներկայացնելու կամ անշարժ գույքի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ներկայացվում է նաև նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը՝ ջերմատան կառուցման համար, ընդ որում անշարժ գույքի օգտագործման կամ վարձակալության ժամկետը չպետք է պակաս լինի դիմումը ներկայացնելու օրվանից հաշված՝ վեց տարուց.»,
բ. 3-րդ ենթակետը «դիմումատուին» բառից հետո լրացնել «գրավոր» բառով,
գ. 6-րդ ենթակետում «հնգամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մեկ տարվա ընթացքում» բառերով,
դ. 6-րդ ենթակետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ «զ» պարբերությամբ՝
«զ. դիմումատուի բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանք.»,
ե. 7-րդ ենթակետը «հանձնելու» բառից հետո լրացնել «(նշված ժամանակահատվածում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում Նախարարության համաձայնությամբ ջերմատան շահագործման հանձնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երեք ամսով), պայմանագրի գործողության ընթացքում չօտարելու» բառերով,
զ. 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«11) դիմումին կից ներկայացվում են՝
- շինարարության ավարտական ակտ,
- Կապալառուի կողմից տրված շինարարության որակի մասին երաշխավորագիր (Կապալառուի միջոցով ջերմատան կառուցման դեպքում),
- ջերմատան կառուցման համար ձեռք բերված և տեղադրված կոնստրուկցիաների, նյութերի, սարքերի ու սարքավորումների տեխնիկական բնութագրերը և/կամ ծագման հավաստագրերը, որոնցով կհիմնավորվի դրանց համապատասխանությունը NN 2 և 3 աղյուսակներում նշված չափորոշիչներին.»,
է. 12-րդ ենթակետի երկրորդ նախադասությունը հանել,
ը. 13-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
5) 36-րդ կետը «(օպտիմալ չափը՝ 600 քառ. մ)» և «(օպտիմալ չափը՝ 2000 քառ. մ)» բառերից հետո լրացնել «արտադրական» բառով.
6) 37-րդ կետը «600 քառ. մ» և «2000 քառ. մ» բառերից հետո լրացնել «արտադրական» բառով.
7) 39-րդ կետը «600 քառ. մ» բառերից հետո լրացնել «արտադրական» բառով.
8) NN 2 և 3 աղյուսակների 1.1.2-րդ կետի «Դիմադրողականություն և ծանրաբեռնվածություն» բաժնից հանել համապատասխանաբար «Բերքի բեռնվածություն՝ առնվազն 18 կգ/մ2։» և «Բերքի բեռնվածություն՝ առնվազն 20 կգ/մ2։» բառերը,
9) NN 2 և 3 աղյուսակների 1.1.3-րդ կետի «Կոնստրուկցիա» բաժնում՝
ա. «այլ չժանգոտվող նյութից» բառերից հետո լրացնել «, ընդ որում չի թույլատրվում ժանգոտվող մետաղի պատումը չժանգոտվող նյութով» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Ջերմատան կողային հատվածներում պատուհանների առկայության դեպքում՝ գետնից մինչև կողային պատուհանները և ճակատային հատվածներում պոլիէթիլենային թաղանթի փոխարեն կարելի է օգտագործել արտադրողի կողմից հավաստագրված, բազմամյա օգտագործման (առնվազն 5 տարի) պոլիկարբոնատ:».
10) N 3 աղյուսակի 1.4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ջեռուցման համակարգը պետք է ունենա գործարանային արտադրության տաքացուցիչ, որը կարող է լինել՝
1) կաթսայի և խողովակաշարի կամ ֆանկոլի տեսքով,
2) թերմոգեներատորի/օդատաքացուցիչի տեսքով, որի դեպքում թարմ օդը պետք է մատակարարվի վառարան արտաքին խողովակով, և վառված գազերը նույնպես ուղղվեն ջերմատնից դուրս։ Սարքավորումը պետք է լինի ցինկապատ կամ չժանգոտող մետաղից։
Ջրի և օդի տաքացման եղանակներ՝
1) գազ
2) էլեկտրաէներգիա
3) պինդ և դիզելային վառելիք
4) այլ էներգակիրներ (բացառությամբ փայտի)».
11) N 1 ձևում՝
ա. «(անձի անվանում/անձի անունը, ազգանունը» բառերը փոխարինել «Ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի անվանումը, անունը, ազգանունը, հասցեն/գտնվելու վայրը, հեռախոսահամարները)» բառերով,
բ. «300-600 քառ. մ», «800-3000 քառ. մ» բառերից հետո լրացնել «արտադրական տարածքով» բառերով,
գ. «թունելային ջերմատուն հողային հարստացված զանգվածի եղանակով» բառերից հետո լրացնել «(ընդգծել՝ 300-600 քառ. մ մեկ ջերմատուն, 800 քառ. մ-ը չգերազանցող մակերեսով երկու ջերմատուն, որից սույն դիմումով կկառուցեմ՝ 1-ին ջերմատունը, 2-րդ ջերմատունը, 2 ջերմատները)» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
3. Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի «գ», «ե» և «ը» պարբերությունների դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունվարի 2021 թվական: