ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ՏԴ1/0078/01/17 |
ՏԴ1/0078/01/17 |
Նախագահող դատավոր՝ Ռ. Բարսեղյան |
Դատավորներ՝ |
Մ. Պետրոսյան |
Մ. Պապոյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ` |
Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատախազներ` |
Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ | |
Է. ՇԱՀՈՒՄՅԱՆԻ | ||
ամբաստանյալներ՝ |
Ա. ՕՀԱՆՅԱՆԻ | |
Ա. ԱԶԱՐՅԱՆԻ |
2019 թվականի նոյեմբերի 7-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Արմեն Ռուբենի Օհանյանի և Արմեն Յուրիի Ազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 օգոստոսի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ՝ ՀՀ զինվորական դատախազ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90755417 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հուլիսի 18-ի որոշումներով Արմեն Օհանյանը և Արմեն Ազարյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։
2017 թվականի նոյեմբերի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մայիսի 17-ի դատավճռով Ա.Օհանյանը և Ա.Ազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվել են անմեղ և արդարացվել։
3. Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Է.Շահումյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մայիսի 17-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 23-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը:
Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ա.Ազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(…) [Ն]ա, հանդիսանալով պետ` ՀՀ ՊՆ 51191 զորամասի 1-ին ՀԳՄ-ի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնակատար, կոչումով ավագ սերժանտ, 2016 թվականի նոյեմբերին` քննությամբ չպարզված օրը, ժամը 06:50-ին, զորամասի շարահրապարակում, ֆիզպատրաստության ժամանակ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` շարքից ուշանալու պատճառով բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս (ենթակա) հանդիսացող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Կարոյի Բաղդասարյանի նկատմամբ` ձեռքով հարվածել է վերջինիս պարանոցին` պատճառելով ֆիզիկական ցավ (…)»1:
5.1. Ա.Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(…) [Ն]ա, հանդիսանալով պետ` ՀՀ ՊՆ 51191 զորամասի 1-ին գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, կոչումով կապիտան, 2016 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 18-ը ընկած ժամանակահատվածում` քննությամբ չպարզված օրը, ժամը 08:00-ի սահմաններում, զորամասի շարահրապարակում, շարային ստուգատեսի ժամանակ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` համազգեստի կրման կանոնները խախտելու և ոչ պատշաճ արտաքին տեսք ունենալու պատճառով բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս (ենթակա) հանդիսացող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Կարոյի Բաղդասարյանի նկատմամբ` ոտքով հարվածել է վերջինիս ոտքին` պատճառելով ֆիզիկական ցավ (…)»2:
6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) [Ա]պացույցների համադրված վերլուծության ու գնահատման արդյունքում դատարանը գտնում է, որ տուժողի կարգազանց վարքագծով պայմանավորված ամբաստանյալ Ա.Օհանյանը ոտքով հարվածել է վերջինիս ոտքին` ի ցույց դնելով պատռված ու ցեխոտ կոշիկները, իսկ ամբաստանյալ Ա.Ազարյանը ձեռքի ափով հարվածել է ծոծրակին` պահանջելով շարք կանգնել: Նշված հարվածներից ցավ զգալու կապակցությամբ տուժողը տարաբնույթ ցուցմունքներ է տվել, իսկ դատարանում պնդել, որ հարվածները թույլ են եղել, ինքը դրանից չի վրդովվել, քանզի իրեն կարգի հրավիրելու նպատակ են հետապնդել ամբաստանյալները, որոնց հետ հաշտ է, բողոք կամ պահանջ չունի ու չի ուզում, որ պատժի ենթարկվեն:
(...)
Այսպիսով, քրեական գործի փաստական տվյալների համադրված վերլուծության ու գնահատման արդյունքները հիմք են տալիս արձանագրելու, որ Արմեն Ռուբենի Օհանյանի, Արմեն Յուրիի Ազարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի առկայության մասին նախաքննական մարմնի հետևությունը հիմնավոր չէ և այդ կապակցությամբ թույլ է տրվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, քանզի ամբաստանյալների փաստական գործողությունները չեն համարվում հանցագործություն, քանի որ թեև ձևականորեն պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի հատկանիշներ, սակայն նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում, այսինքն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառվել և չէր կարող պատճառվել: Այս պայմաններում դատարանը գտնում է, որ ամբաստանյալների արարքում բացակայում է հանցակազմը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով արդարացման դատավճռի կայացման պայման է: Ընդ որում, այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով պետք է հաստատագրել հանցակազմի բացակայության մասին, բխում է դատական պրակտիկայից (...)»3:
7. Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ գործով ձեռք բերված ապացույցներով, մասնավորապես ամբաստանյալներ Արմեն Օհանյանի, Արմեն Ազարյանի, տուժող Ն.Բաղդասարյանի, վկաներ Ս.Ագասյանցի, Ա.Ալեքսանյանի, Ն.Մանգասարյանի ցուցմունքներով, հաստատվում է Արմեն Օհանյանի կողմից տուժող Նվեր Բաղդասարյանի ոտքին և Արմեն Ազարյանի կողմից վերջինի ծոծրակին հարվածելու հանգամանքները։
Միևնույն ժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասի համակարգային վերլուծության արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալների փաստական գործողությունները թեև ձևականորեն պարունակել են վերոնշյալ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, սակայն իրենց նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացրել, այսինքն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, պետությանը կամ հասարակությանն էական վնաս չեն պատճառել և չէին էլ կարող պատճառել։
(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալների դիտավորությունն ուղղված է եղել ոչ թե տուժող Ն.Բաղդասարյանի նկատմամբ բռնություն գործադրելուն, այլ վերջինին կարգի հրավիրելուն, ինչը հաստատվում է նաև տուժողի ցուցմունքներով:
(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Արմեն Օհանյանի և Արմեն Ազարյանի արարքները չնայած ձևականորեն պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, սակայն իրենց նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում, ուստի վերաքննիչ բողոքը բավարարելու և Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու հիմքերը բացակայում են (...)»4:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Մասնավորապես, ամբաստանյալներ Ա.Օհանյանը և Ա.Ազարյանը, ենթակա անձնակազմին որպես պետ օրինակ ծառայելու, վերջինիս մոտ զինվորական պարտքի գիտակցում սերմանելու փոխարեն, գերադասել են բռնություն կիրառել` իրական հնարավորություն ունենալով ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի 23-րդ հոդվածով նախատեսված կարգով կարգազանց զինծառայողի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ:
Բողոքի հեղինակը, վերլուծելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, ինչպես նաև «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածները, փաստել է, որ զինվորական ծառայության կարգի պահպանումը, որի միջոցով ապահովվում է ՀՀ զինված ուժերի մշտական մարտական պատրաստականությունը, բոլոր զինծառայողների, հատկապես պետերի (հրամանատարների) պարտականությունն է: Զինծառայողները, զինվորական պետերը (հրամանատարները) պարտավոր են միմյանց և ենթակաների նկատմամբ հարգանք դրսևորել, պահպանել նրանց անձնական արժանապատվությունը և զինվորական քաղաքավարության կանոնները:
9. Բողոքաբերը փաստել է նաև, որ ստորադաս դատարանները Ա.Օհանյանի և Ա.Ազարյանի կատարած արարքները նվազ կարևոր դիտելիս հաշվի չեն առել, որ վերջիններիս արարքներում առկա է հանցակազմը որակյալ դարձնող հանգամանք: Բացի այդ, դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այն, որ ամբաստանյալները, լինելով պետ, բռնություն են գործադրել իրենց ենթակայի նկատմամբ: Իրավական գնահատականի չի արժանացվել նաև հանցավորների հոգեբանական վերաբերմունքն իրենց արարքների և դրանց հետևանքների նկատմամբ, մասնավորապես` ամբաստանյալները գործել են ուղղակի դիտավորությամբ` գիտակցել են իրենց կատարած արարքների հանրային վտանգավորությունը:
10. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 23-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ Ա.Ազարյանի և Ա.Օհանյանի գործողությունները հանցագործություն չեն համարվում, քանի որ նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում:
ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն` այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով։
2. Հանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել»։
Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Նարեկ Արմենակյանի գործով որոշմամբ` արձանագրելով հետևյալը. «(...) [Հ]անրային վտանգավորությունը հանդիսանում է հանցագործության պարտադիր հատկանիշներից մեկը։ Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի վերոգրյալ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը հանցագործություն է համարում միայն հանրային (հասարակական) վտանգավորության որոշակի աստիճան ունեցող արարքը։
Քրեական իրավունքը պաշտպանում է հասարակական հարաբերությունները վերջիններիս էական վնաս պատճառելուց։ Ուստի որևէ արարքի հատկանիշների միայն ձևական համընկնումը քրեական օրենքով արգելված արարքի հատկանիշների հետ չի կարող հանգեցնել այդ արարքը հանցավոր ճանաչելուն, եթե քրեական օրենքով պահպանվող հասարակական հարաբերություններին դրանով էական վնաս չի պատճառվել և չէր կարող պատճառվել։
(…)
Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ արարքի նվազ կարևոր լինելու հարցը յուրաքանչյուր գործով որոշվում է ինքնուրույն, սակայն միևնույն ժամանակ այդ հարցի լուծման հիմքում պետք է դրվեն ենթադրյալ հանցագործության որակական և քանակական կողմերը բնութագրող գործոնները (մեղքի ձև և տեսակ, հանցագործության նպատակ ու շարժառիթ, հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցագործության կատարման եղանակ և այլն): Ընդ որում, միայն դրանց համակցությունն է հնարավորություն տալիս որոշելու արարքի նվազ կարևոր լինելը կամ չլինելը:
(…) Վերոգրյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արարքի նվազ կարևոր լինելու հարցը լուծելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նվազ կարևոր կարող է լինել, որպես կանոն, դիտավորյալ արարքը, ընդ որում, ուղղակի դիտավորությամբ կատարված: Արարքը կատարողի գիտակցությունը և կամքը պետք է ուղղված լինի հասնելու հենց այն արդյունքին, որը հանդիսանում է կատարողի գործողության կամ անգործության հետևանք: (…)»5։
12. ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է սահմանում հետևյալ արարքի համար` «Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ»:
Մեջբերված նորմը պատասխանատվություն է սահմանում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված առավել բարձր վտանգավորություն ներկայացնող հանցանքներից մեկի` պետի կողմից ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կամ դրա սպառնալիքի համար, որպիսի արարքը ոչ միայն ոտնձգում է անձի կյանքի և առողջության դեմ, այլև խախտում զինվորական կանոնագրքերով սահմանված ենթակայության կարգը, վկայում զինվորական ծառայության նկատմամբ հանցանք կատարած անձի ունեցած անբարեխիղճ վերաբերմունքի մասին, ինչն էլ իր հերթին բացասական ազդեցություն է գործում զինվորական կարգապահության, ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստվածության վրա6:
Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ զինվորական ծառայության կարգի պահպանումը, որի միջոցով ապահովվում է ՀՀ զինված ուժերի մշտական մարտական պատրաստականությունը, բոլոր զինծառայողների, հատկապես պետերի (հրամանատարների) պարտականությունն է7: Մասնավորապես, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 76-րդ և 77-րդ հոդվածների, «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-4-րդ մասերի ընդհանուր վերլուծությունից բխում է, որ զինվորական ամուր կարգապահությունը և անձնակազմի բարոյահոգեբանական բարձր մակարդակն ապահովելիս զինվորական պետերը (հրամանատարները) պարտավոր են ենթակաների նկատմամբ հարգանք դրսևորել, պահպանել նրանց անձնական արժանապատվությունը և զինվորական քաղաքավարության կանոնները` ղեկավարվելով միմիայն օրենքներով և զինվորական կանոնագրքերի պահանջներով: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ անթույլատրելի է վերոնշյալ նպատակներին հասնելը զինվորական կանոնագրքերով չնախատեսված եղանակներով, հատկապես` բռնություն կամ բռնության սպառնալիք գործադրելու միջոցով, ինչը լուրջ ոտնձգություն է զինվորական կանոնագրքերով սահմանված զինվորական ենթակայության կարգի նկատմամբ:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Ազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պետ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` շարքից ուշանալու պատճառով, բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս (ենթակա) հանդիսացող շարքային Ն.Բաղդասարյանի նկատմամբ, այն է` ձեռքով հարվածել է վերջինիս պարանոցին` պատճառելով ֆիզիկական ցավ8:
Ա.Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պետ, զորամասի շարահրապարակում` շարային ստուգատեսի ժամանակ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` համազգեստի կրման կանոնները խախտելու և ոչ պատշաճ արտաքին տեսք ունենալու պատճառով, բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս (ենթակա) հանդիսացող շարքային Ն.Բաղդասարյանի նկատմամբ, այն է` ոտքով հարվածել է վերջինիս ոտքին` պատճառելով ֆիզիկական ցավ9:
Առաջին ատյանի դատարանն Ա.Ազարյանին և Ա.Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում ճանաչել է անմեղ և արդարացրել` արձանագրելով, որ ամբաստանյալների փաստական գործողությունները թեև ձևականորեն պարունակում են հանցակազմի հատկանիշներ, սակայն նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ հարվածներից ցավ զգալու կապակցությամբ տուժողը տարաբնույթ ցուցմունքներ է տվել, իսկ դատարանում պնդել է, որ հարվածները թույլ են եղել, ինքը դրանից չի վրդովվել, քանզի իրեն կարգի հրավիրելու նպատակ են հետապնդել10:
Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով ստորադաս դատարանի դատական ակտը, արձանագրել է, որ ամբաստանյալների դիտավորությունն ուղղված է եղել ոչ թե տուժող Ն.Բաղդասարյանի նկատմամբ բռնություն գործադրելուն, այլ նրան կարգի հրավիրելուն, ինչը հաստատվում է նաև տուժողի ցուցմունքներով11:
14. Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից բխում է, որ ստորադաս դատարաններն ըստ էության հաստատված են համարել այն փաստը, որ Ա.Ազարյանը և Ա.Օհանյանը զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն են գործադրել տուժող Ն.Բաղդասարյանի նկատմամբ, այսինքն` նրանց արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները փաստացի առկա են: Միևնույն ժամանակ, դատարաններն արձանագրել են, որ վերոնշյալ արարքները նվազ կարևորության են, հետևաբար հանցագործություն չեն համարվում:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ արտահայտված և սույն որոշման 11-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները, դրանք համադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտված` սույն որոշման 12-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների հետ, արձանագրում է, որ ամբաստանյալներին մեղսագրվող արարքների նվազ կարևորության վերաբերյալ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատողությունները հիմնավորված և պատճառաբանված չեն: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի դեպքում կատարված արարքը հանցագործություն չի համարվում, քանի որ հանցագործության պարտադիր հատկանիշներից մեկը` հանրային վտանգավորությունը, բացակայում է, թեպետ փաստացի կատարված արարքում հանցակազմի բոլոր հատկանիշները ձևականորեն առկա են: Այլ կերպ` կատարված արարքն այնքան նվազ կարևոր է (ոչ վտանգավոր), որ ունակ չէ էական վնաս պատճառելու օրենքով պաշտպանվող բարիքներին, իսկ այդպիսին լինելը որոշվում է արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վրա ազդող գործոնների համակողմանի վերլուծության արդյունքում (խախտվող հասարակական հարաբերությունների բնույթ, մեղքի ձև, նպատակ և շարժառիթ, պատճառված վնասի չափ, հանցագործության եղանակ և այլն):
Մինչդեռ սույն գործով ստորադաս դատարանները որևէ կերպ չեն պատճառաբանել, թե ինչ հանգամանքների գնահատման արդյունքում են եկել եզրահանգման, որ կատարված արարքները հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում:
14.1. Մասնավորապես, ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալներին մեղսագրվող արարքների հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, հանցանքի կատարման հանգամանքները:
Այսպես` սույն գործով Ա.Ազարյանին և Ա.Օհանյանին մեղսագրվում է զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված առավել բարձր վտանգավորություն ներկայացնող արարքներից մեկը` պետի կողմից ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պետը, պատասխանատու լինելով զինվորական կարգապահության, զինվորական քաղաքավարության կանոնները պահպանելու, ինչպես նաև ենթակաների շրջանում պատշաճ բարոյահոգեբանական մթնոլորտ ձևավորելու համար, պարտավոր է իր այդ պարտականությունները կատարելիս առաջնորդվել միայն օրենքներով և զինվորական կանոնագրքերի պահանջներով: Անթույլատրելի է վերոնշյալ նպատակներին հասնելու համար ստորադասի նկատմամբ բռնության կամ դրա սպառնալիքի գործադրումը` նույնիսկ եթե դա կատարվել է վերջինին կարգի հրավիրելու նպատակով: Զինվորական ծառայության ընթացքում բռնությամբ զուգորդված արարքներն ինքնին հանրային բարձր վտանգավորություն են ներկայացնում, քանի որ խարխլում են զինվորական ենթակայության սահմանված կարգը, ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտը, բացի այդ երբեմն կարող են ավելի ծանր հետևանքների հանգեցնել:
Վճռաբեկ դատարանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ մեղսագրվող արարքները կատարվել են զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ, ինչն օրենսդրորեն գնահատված է որպես առավել բարձր վտանգավորություն ներկայացնող: Այլ կերպ` Ա.Ազարյանը և Ա.Օհանյանը, հանդես գալով որպես պետ և պարտավոր լինելով զինծառայող Ն.Բաղդասարյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, գերադասել են վերջինիս նկատմամբ բռնություն գործադրել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից ամբաստանյալների արարքները նվազ կարևոր գնահատելիս վկայակոչված այն փաստարկները, որ տուժողը կատարվածից չի վրդովվել, քանի որ դրանք իրեն կարգի հրավիրելու նպատակ են հետապնդել, և որ ամբաստանյալների դիտավորությունն ուղղված է եղել ոչ թե տուժող Ն.Բաղդասարյանի նկատմամբ բռնություն գործադրելուն, այլ նրան կարգի հրավիրելուն, հիմնավոր չեն, ավելին` որևէ կերպ չէին կարող հանգեցնել կատարված արարքների հանրային վտանգավորության չեզոքացման:
15. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել հանցագործության հանգամանքներից այն, որ Ա.Օհանյանը հանցավոր արարքը կատարել է այլ զինծառայողների ներկայությամբ` զորամասի շարահրապարակում` շարային ստուգատեսի ժամանակ, ինչն էականորեն բարձրացնում է հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը:
16. Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշման 14-15-րդ կետերում կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ Ա.Ազարյանի և Ա.Օհանյանի գործողությունները հանցագործություն չեն համարվում, քանի որ նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում, հիմնավորված և պատճառաբանված չեն:
17. Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ և 358.1-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ։ Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 23-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու հիմք են։ Գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումներն ու արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` հանգի համապատասխան հետևության:
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալներ Ա.Օհանյանի և Ա.Ազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալներ Արմեն Ռուբենի Օհանյանի և Արմեն Յուրիի Ազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 23-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
2. Ամբաստանյալներ Արմեն Ռուբենի Օհանյանի և Արմեն Յուրիի Ազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել` ստորագրություն չհեռանալու մասին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_____________________
1 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 177:
2 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 373-374:
3 Տե'ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 72-73:
4 Տե'ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 49-50:
5 Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Արմենակյանի վերաբերյալ գործով 2015 թվականի դեկետեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/02311/01/14 որոշման 14-րդ կետը:
6 Տե'ս, mutatis mutandis, Սարգիս Խաչատրյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14 որոշումը:
7 Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Հրանտ Պարանյանի վերաբերյալ գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԷԴ/0132/01/13 որոշման 15-րդ կետը, Նիկոլայ Չաքմազյանի վերաբերյալ գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՆԴ/0060/01/13 որոշման 17-րդ կետը:
8 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:
9 Տե'ս սույն որոշման 5.1-րդ կետը:
10 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:
11 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: