Գլխավոր տեղեկություն
Համար
N 1785-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.11.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 08.11.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2020

 

08.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2020 թվականի N 1785-Լ

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետության պայմանական պարտավորությունների հաշվարկման և գնահատման մեթոդաբանությունը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


 

08.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 6-ի N 1785-Լ որոշման

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն մեթոդաբանությամբ սահմանվում է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված՝ պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ՝ ՊՄԳ) ծրագրերի նախագծերի և ՊՄԳ պայմանագրերի հետ կապված պայմանական պարտավորությունների նույնականացման, գնահատման և հաշվարկման գործընթացը:

2. Սույն մեթոդաբանության նպատակն է ապահովել ՊՄԳ ծրագրերից ծագող պայմանական պարտավորությունների պատշաճ նույնականացումը, գնահատումը, հաշվարկը և կառավարումը:

3. Սույն մեթոդաբանության իմաստով՝ ստորև բերված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝

1) Եզրակացություններ՝ ՊՄԳ ծրագրերի նախագծերի և ՊՄԳ պայմանագրերի փոփոխությունների վերաբերյալ լիազոր մարմնի կողմից օրենքի 11-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան տրվող կարծիք.

2) Պայմանական պարտավորություններ՝ սույն որոշման իմաստով՝ Հայաստանի Հանրապետության պարտավորություններ, որոնց վճարումը պայմանավորված է որոշակի պայմանների կամ դեպքերի տեղի ունենալով և որոնք կարող են ներառված լինել ՊՄԳ ծրագրերի և ՊՄԳ ծրագրերի նախագծերում (վերջիններս սույն որոշման իմաստով վերլուծվում են որպես գործող ՊՄԳ պայմանագրեր) և կնքված ՊՄԳ պայմանագրերում, ինչպես նաև, առկայության դեպքում, վերջիններիս հետագա փոփոխությունների նախագծերում և կնքված փոփոխություններում.

3) ՊՄԳ ֆիսկալ ռիսկերի մշտադիտարկման գործիք՝ լիազոր մարմնի կողմից ՊՄԳ ծրագրերի գծով պայմանական պարտավորությունների կառավարման համար օգտագործվող՝ ՊՄԳ պայմանագրերից ծագող ֆիսկալ ռիսկերի, այդ թվում՝ պայմանական պարտավորությունների չափման, մշտադիտարկման և հաշվետվողականության գործիք, որը թույլ է տալիս ստանալ ՊՄԳ ծրագրին առնչվող բոլոր ֆինանսական պարտավորությունների ամփոփ պատկերը.

4) Ռիսկերի մատրից ՝ հնարավոր ՊՄԳ ծրագրի և ՊՄԳ ծրագրի նախագծի համար կազմվող հաշվետվություն, որտեղ նկարագրվում է ծրագրին բնորոշ յուրաքանչյուր ռիսկ, դրա հետևանքը, կառավարման և մեղմացման մոտեցումը, ինչպես նաև դրա համար պատասխանատու գործընկերը։

4. Սույն մեթոդաբանությունում օգտագործվող՝ 3-րդ կետում չսահմանված հասկացությունները գործածվում են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով:

5. Լիազոր մարմնի կողմից, ըստ անհրաժեշտության, պայմանական պարտավորությունների գնահատման և հաշվարկման նպատակով կարող են կիրառվել նաև այլ միջազգային մեթոդաբանական գործիքներ (ինչպիսին է՝ «P-FRAM» գործիքը՝ մշակված Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից):

 

2. ՊՄԳ պայմանագրերից ծագող պայմանական պարտավորությունների նույնականացում և գնահատում

 

6. Ֆիսկալ ռիսկերի գնահատման իր գործառույթների շրջանակներում լիազոր մարմինը պատասխանատու է պայմանական պարտավորությունների նույնականացում և գնահատում իրականացնելու համար՝ ներքին իրավական ակտերով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 439-Ա հրամանով հաստատված՝ «Ֆիսկալ ռիսկերի գնահատման ձեռնարկ» փաստաթղթում սահմանված և սույն մեթոդաբանություններով։ Իրավասու մարմինը և ՊՄԳ ստորաբաժանումը տրամադրում են լիազոր մարմնին այդպիսի նույնականացում և գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը:

7. Տվյալ ՊՄԳ ծրագրից ծագող պայմանական պարտավորությունների նույնականացման նպատակով լիազոր մարմինն ի թիվս այլոց դիտարկում է պարտավորությունների հետևյալ հիմնական տեսակները՝ որպես պայմանական պարտավորություններ՝

1) Որոշակի ռիսկի փոփոխականների հետ կապված երաշխիքներ: Հանրային գործընկերը պարտավորվում է փոխհատուցել մասնավոր գործընկերոջ հասույթի կորուստը՝ պայմանագրով սահմանված մակարդակից որոշակի փոփոխականի շեղման դեպքում: Այդպիսով համապատասխան ռիսկը բաշխվում է հանրային և մասնավոր գործընկերոջ միջև: Այստեղ ի թիվս այլոց կարող են ներառվել երաշխիքներ հետևյալի մասով՝

ա. պահանջարկի պահպանումը սահմանվածից բարձր մակարդակում կամ սահմանված միջակայքում,

բ. արտարժույթի փոխարժեքի պահպանում սահմանված միջակայքում,

գ. սակագների սահմանում ըստ որոշակի բանաձևի (պետական մարմնի կողմից սահմանվող կամ հաստատվող սակագների դեպքում).

2) Անհաղթահարելի ուժի ազդեցության դեպքերում փոխհատուցման հետ կապված դրույթներ: Հանրային գործընկերը պարտավորվում է փոխհատուցել մասնավոր գործընկերոջ կրած վնասները կամ կորուստները՝ անհաղթահարելի ուժի ազդեցության ՊՄԳ պայմանագրով սահմանված դեպքերում: Նշված դեպքերը սովորաբար սահմանափակվում են այնպիսի իրադրությամբ, որոնց համար ապահովագրություն հնարավոր չէ ձեռք բերել և կարող են ներառել որոշակի բնական աղետների դեպքերը.

3) Պայմանագրի դադարեցման վճարի հետ կապված պարտավորություններ: Հանրային գործընկերը պարտավորվում է վճարել համաձայնեցված գումար և ստանձնել ծրագրի ակտիվների վերահսկողությունը, եթե ՊՄԳ պայմանագիրը դադարեցվում է մասնավոր գործընկերոջ կամ պետության կողմից դրա շրջանակներում նախատեսված պարտավորությունները չկատարելու հիմքով: Պայմանագրի դադարեցման հետ կապված պարտավորությունները կարող են ներառել նաև անհաղթահարելի ուժի ազդեցության որոշակի դեպքերի հետևանքով պայմանագրի դադարեցման վճարներ՝ առկայության դեպքում ապահովագրությունից ստացվող միջոցների հետ համակցությամբ, եթե ռիսկը բաշխված է հանրային և մասնավոր գործընկերոջ միջև.

4) Վարկային երաշխիքներ: Կառավարությունը երաշխավորում է ՊՄԳ ծրագրի մասնավոր գործընկերոջ կողմից ներգրավված պարտքի մի մասի կամ ամբողջ գումարի հետ վճարումը, եթե ՊՄԳ ծրագրի մասնավոր գործընկերը չի կատարում պարտքի հետ կապված իր պարտավորությունները՝ անկախ դրանց չկատարման պատճառներից.

5) ՊՄԳ ծրագրի իրականացման ընթացքում մասնավոր գործընկերոջը հնարավոր չնախատեսված դժվարությունների դիմաց պետության կողմից վճարվող փոխհատուցում, ինչպիսին են՝ երկրաբանական ռիսկը, մշակութային ժառանգության (հնէաբանական) հարցերի հետ կապված ռիսկը, ՊՄԳ ծրագրի շինարարության կամ շահագործման և այլնի հետևանքով երրորդ կողմի հետ ծագող դատական վեճերը (կամ երրորդ կողմին կատարվող վճարումները), որոնք չեն առաջացել մասնավոր գործընկերոջ կողմից:

8. Ֆիսկալ ռիսկերի գնահատման և չափման ընդհանուր սկզբունք է ՊՄԳ ծրագրերի գծով ֆիսկալ ռիսկերի և ընդհանուր ֆիսկալ ազդեցությունների մասով պահպանողական մոտեցում ցուցաբերելը.

1) Չափելի պայմանական պարտավորությունների մասով գրանցվում է ռիսկի առավելագույն հնարավոր գումարը.

2) Հանրային գործընկերոջ ստանձնած պարտավորություններից ծագող ռիսկի վերլուծությունը պետք է համակցվի կորպորատիվ ռիսկի վերլուծության հետ՝ հաշվի առնելով, որ ոչ բացահայտ պայմանական պարտավորություններից մեկը կարող է հանդիսանալ մասնավոր գործընկերոջ կամ նրա հիմնական բաժնետերերից մեկի սնանկության կամ լուրջ ֆինանսական դժվարությունների դեպքը, և այդ ռիսկը հաճախ հանգեցնում է պայմանագրից ծագող ամենախոշոր պայմանական պարտավորությունների նյութականացմանը.

3) Գնահատումը պետք է անդրադառնա նաև այն ռիսկին, որ հանրային գործընկերը ստիպված կլինի միջամտել և ստանձնել ՊՄԳ ծրագրի հետ կապված բոլոր ծախսերի պարտավորությունները:

9. Սույն որոշման նպատակներից ելնելով՝ ՊՄԳ ծրագրի գործողության ժամկետի ընթացքում լիազոր մարմինը համագործակցում է իրավասու մարմնի և ՊՄԳ ստորաբաժանման հետ պայմանական պարտավորությունների նույնականացման և գնահատման համար։ Անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը նախաձեռնում է ՊՄԳ ծրագրի նախագծում փոփոխությունների առաջարկ։ Այդպիսի գնահատումը նաև պետք է կիրառվի ՊՄԳ ծրագրի կառուցվածքի սահմանման և դրա շուրջ բանակցությունների ընթացքում՝ նպատակ ունենալով նվազեցնել պայմանական պարտավորությունների ընդհանուր գումարը:

10. Պայմանական պարտավորությունները գնահատելու, ինչպես նաև ընդհանուր պայմանական պարտավորությունների սահմանաչափի վրա հնարավոր ազդեցությունն ստուգելու նպատակով՝ լիազոր մարմինը իրավասու մարմնի կողմից ներկայացվող տեղեկատվության (մասնավորապես՝ ռիսկերի մատրիցի նախագծի և ՊՄԳ պայմանագրի նախագծի) կիրառմամբ պետք է ՊՄԳ ծրագրում նույնականացնի պայմանական պարտավորությունների բոլոր աղբյուրները (կամ ՊՄԳ ծրագրի փոփոխության նախագծում դրանց էական փոփոխությունները) և իրականացնի դրանց գնահատումը, այդ թվում՝

1) դրանցից յուրաքանչյուրի համար սահմանի նյութականացման հավանականություն՝ ցածր-միջին-բարձր սանդղակով. այս սահմանումը պետք է կատարվի ողջամիտ դատողության հիման վրա՝ ելնելով հասանելի լավագույն տեղեկատվությունից.

2) երբ պայմանական պարտավորության համար հնարավոր է հաշվարկել մոտավոր գնահատված արժեք, նշված վերլուծությունը լրացվում է նաև հնարավոր ազդեցության գնահատականով՝ նույնպես ցածր-միջին-բարձր սանդղակով: Լիազոր մարմինը որոշում է նշված սանդղակի երեք մակարդակներից յուրաքանչյուրի որոշման հիմքում դրվող՝ ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցությունը: Լիազոր մարմինը նշված որոշումը կայացնում է ներքին իրավական ակտերին, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 18-ի N 439-Ա հրամանին համապատասխան և անհրաժեշտության դեպքում թարմացնում է նշված հարաբերակցությունները:

11. Պայմանական պարտավորությունները դասակարգվում են ըստ առաջնահերթության հետևյալ սկզբունքով՝

1) համակցված դասակարգում՝ ըստ հավանականության և ազդեցության այն դեպքերում, երբ պայմանական պարտավորությունը չափելի է՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի՝

 

Ազդեցություն

Հավանականություն

 

Ցածր

Միջին

Բարձր

Ցածր

Ոչ էական

Ցածր

Միջին

Ցածր

Միջին

Բարձր

Միջին

Բարձր

Կրիտիկական

Միջին

Բարձր

 

2) դասակարգում՝ ըստ հավանականության միայն այն դեպքերի համար, որտեղ պայմանական պարտավորությունը չափելի չէ։

12. Սույն մեթոդաբանության 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան կատարված գնահատումն օգտագործվում է իրավասու մարմնի կողմից ՊՄԳ ծրագրի նախագծի՝ հանրային և մասնավոր գործընկերների միջև ռիսկերի բաշխման բարելավման առաջնահերթ ուղղությունները որոշելու նպատակով: Նույն գնահատումը կիրառվում է ՊՄԳ ծրագրի յուրաքանչյուր փոփոխության նախագծի համար:

13. ՊՄԳ պայմանագրից ծագող յուրաքանչյուր պայմանական պարտավորության՝ սույն մեթոդաբանության 10-րդ և 11-րդ կետերի համաձայն, գնահատումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից նաև որպես պայմանական պարտավորությունների ընթացիկ մշտադիտարկման մի մաս:

 

3. ՊՄԳ պայմանագրերից ծագող պայմանական պարտավորությունների հաշվարկ

 

14. ՊՄԳ պայմանագրից ծագող պայմանական պարտավորությունների հաշվարկն իրականացնում է լիազոր մարմինը՝ իրավասու մարմնի կողմից տրամադրվող տեղեկատվության հիման վրա, ՊՄԳ ստորաբաժանման աջակցությամբ:

15. Հաշվարկն իրականացվում է ՊՄԳ ծրագրի յուրաքանչյուր փուլում՝ հավաստիանալու համար, որ ՊՄԳ ծրագիրը ֆիսկալ առումով մատչելի է՝ հիմնվելով ՊՄԳ ծրագրի նախագծի, ՊՄԳ պայմանագրի և փոփոխությունների նախագծի, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից իրավասու մարմնից պահանջվող անհրաժեշտ այլ տեղեկատվության վրա: Տեղեկատվությունն ի թիվս այլոց ներառում է ՊՄԳ ծրագրի կանխատեսվող և փաստացի մանրամասն դրամական հոսքերը:

16. Քանի որ ֆիսկալ մատչելիությունը չի կարող դիտարկվել առանձին՝ մեկ ՊՄԳ ծրագրի մասով, այլ կարող է պատշաճ վերլուծության ենթարկվել՝ միայն հաշվի առնելով առկա այլ ՊՄԳ ծրագրերի նախագծերը և ՊՄԳ պայմանագրերը, ՊՄԳ ծրագրի մշակման յուրաքանչյուր փուլում լիազոր մարմինը ՊՄԳ ֆիսկալ ռիսկերի մշտադիտարկման գործիքի կիրառմամբ թարմացնում է չափելի պայմանական պարտավորությունների հանրագումարը՝ ընդհանուր արժեքով և ըստ տարիների։

17. ՊՄԳ ֆիսկալ ռիսկերի մշտադիտարկման գործիքը կիրառվում է յուրաքանչյուր ՊՄԳ ծրագրի մասով տվյալների լրացման համար, որում ներառված տեղեկատվությունը, ինչպես նաև դրա հիմքում ընկած իրավասու մարմնի կողմից տրամադրվող առավել մանրամասն տեղեկատվությունը ներառվում և թարմացվում է ՊՄԳ ծրագրերի գծով ֆիսկալ ռիսկերի տվյալների շտեմարանում:

18. Պայմանական պարտավորությունների հաշվարկի հիմնական սկզբունքն այն է, որ ՊՄԳ ծրագրի ազդեցությունը պետական բյուջեի և ֆիսկալ կայունության վրա պետք է լինի համադրելի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՊՄԳ ձևաչափից դուրս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, մասնավորապես՝ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով իրականացվելիք ծրագրին:

19. ՊՄԳ ծրագրի նախագծի վերլուծության արդյունքում տրամադրվող եզրակացությունը ներառում է հետևյալ տեղեկատվությունը.

1) տվյալներ ՊՄԳ ծրագրի նախագծով նույնականացված բոլոր պայմանական պարտավորությունները՝ դասակարգված սույն մեթոդաբանության 11-րդ կետին համապատասխան.

2) ֆիսկալ մատչելիության վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով օգտագործվում է ստորև բերված երկու գումարներից ամենամեծը՝

ա. ՊՄԳ ծրագրի նախագծի կանխատեսվող պայմանական պարտավորությունները, որպես N աղյուսակի 5-րդ և 8-րդ սյունակների գումար,

բ. միաժամանակ իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով ՊՄԳ ձևաչափից դուրս նույն ծրագրի իրականացման կապիտալ և գործառնական ծախսերի հաշվարկ՝ հիմնվելով ծրագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար իրավասու մարմնի կողմից տրամադրվող տեղեկատվության վրա.

3) նախորդ ենթակետով որոշված գումարն արտահայտվում է նաև ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսով՝ հաշվի առնելով սույն մեթոդաբանության 16-րդ կետի պահանջները.

4) ՊՄԳ ծրագրերի և պատրաստման փուլում գտնվող ՊՄԳ ծրագրերի նախագծերի վերաբերյալ առկա տեղեկատվությունը՝ կազմման օրվա դրությամբ, մասնավորապես՝ դրանց գծով պայմանական պարտավորությունների գումարները.

5) ՊՄԳ պայմանագրերի գծով Հայաստանի Հանրապետության պայմանական պարտավորությունների՝ ՀՀ կառավարության կողմից սահմանվող ընդհանուր առավելագույն սահմանաչափի սահմանված լինելու դեպքում տվյալ ՊՄԳ ծրագրի նախագծից ծագող պայմանական պարտավորությունների ազդեցության համադրելիությունը այդ սահմանաչափի հետ։

20. ՊՄԳ ծրագրի նախագծի հաստատումից հետո լիազոր մարմինը իրականացնում է պայմանական պարտավորությունների հաշվարկի ստուգում, որի նպատակն է հավաստիանալ, որ ՊՄԳ պայմանագրի նախագծի շուրջ տարված բանակցությունների ընթացքում ծրագիրը շարունակում է մնալ ֆիսկալ առումով մատչելի: Լիազոր մարմինը կարող է ներկայացնել առաջարկություններ ՊՄԳ պայմանագրի բանակցությունների ընթացքում, մասնավորապես՝ պայմանական պարտավորությունների մասով՝ հատուկ ուշադրություն դարձնելով պայմանագրի վաղաժամ դադարեցման հետ կապված վճարումների բաժնին: Այս դեպքում հաշվարկները կատարվում են հետևյալ կերպ՝

1) հաշվարկվում է N 1 աղյուսակի 7-րդ և 8-րդ սյունակների գումարը, 7-րդ սյունակի նվազագույն հասույթի երաշխիքի գումարը հաշվարկվում է կանխատեսվող հասույթը (N 1 աղյուսակի 6-րդ սյունակ) 30 տոկոսով նվազեցնելուց հետո.

2) հաշվարկվում է N 1 աղյուսակի 12-րդ սյունակում արտացոլված հնարավոր առավելագույն գումարը (պայմանագրի վաղաժամ դադարեցման մասով գնահատված վճարներ).

3) կիրառվում է վերը նշված արժեքներից ամենամեծը՝ հաշվարկված նաև տվյալ տարվա համար կանխատեսվող ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսով:

21. ՊՄԳ պայմանագրի փոփոխության նախագծի ֆիսկալ մատչելիությունը որոշելու նպատակով N 1 աղյուսակը թարմացվում է 20-րդ կետի համաձայն՝ ՊՄԳ պայմանագրի առաջարկվող փոփոխությանը համապատասխան:

22. ՊՄԳ ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն իրականացվում է տարեկան առնվազն երկու անգամ՝ հանրային գործընկերոջից ստացվող հաշվետվությունների հիման վրա։

23. Լիազոր մարմինն իրավունք ունի, ըստ անհրաժեշտության, ՊՄԳ ստորաբաժանումից և հանրային գործընկերոջից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն, եթե համարում է, որ առկա է որևէ պայմանական պարտավորության նյութականացման կամ ավելացման ռիսկ:

24. ՊՄԳ ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն իրականացնելու նպատակով N 1 աղյուսակում կատարվում են հետևյալ փոփոխությունները՝

1) 5-ից մինչև 8-րդ սյունակները պետք է արտացոլեն ՊՄԳ ծրագրի մինչև տվյալ մշտադիտարկման օրը հայտնի դարձած փաստացի կատարողական ցուցանիշները.

2) այն դեպքերում, երբ ծրագրի ավարտին մնացած ժամկետի կրճատումը հանգեցնում է պայմանական պարտավորությունների փոփոխությանը, ապա այն պետք է արտացոլվի համապատասխան սյունակում.

3) պայմանագրի վաղաժամ դադարեցման մասով գնահատված վճարները (12-րդ սյունակ) վերագնահատվում են՝ համաձայն ՊՄԳ պայմանագրի։

 

4. ՊՄԳ պայմանագրերից ծագող ֆիսկալ ռիսկերի չափման, մշտադիտարկման և հաշվետվողականության մեթոդաբանական գործիք

 

25. NN 1 և 2 աղյուսակները լիազոր մարմնի կողմից ֆիսկալ ռիսկերի մշտադիտարկման նպատակով կիրառվող գործիք են, որոնց նպատակն է ստանալ ՊՄԳ ծրագրերից ֆիսկալ ռիսկերի և ֆիսկալ մատչելիության խնդիրների ամբողջական պատկեր: Սույն գործիքը նաև հիմք է լիազոր մարմնի կողմից վարվող՝ ՊՄԳ ծրագրերի գծով ֆիսկալ ռիսկերի տվյալների շտեմարանի համար:

26. ՊՄԳ ծրագրերի և ՊՄԳ ծրագրերի նախագծերի հետ կապված պարտավորությունների հաշվարկման նպատակով վերլուծությունն իրականացվում է հետևյալ քայլերով՝

1) Իրավասու մարմինը և հանրային գործընկերը Excel ձևաչափով կազմում և լիազոր մարմնին է ներկայացնում ՊՄԳ ծրագրի գործողության ողջ ժամկետի համար դրամական հոսքերի տարեկան կանխատեսումները՝ յուրաքանչյուր պարտավորության (ուղղակի և պայմանական) համար առանձին տողով։ Լիազոր մարմինն այդ տեղեկությունները ներմուծում է ֆիսկալ ռիսկերի մշտադիտարկման գործիք.

2) Յուրաքանչյուր ՊՄԳ ծրագրի համար կազմվում են առանձին աղյուսակներ՝ յուրաքանչյուր տարվա համար ակնկալվող դրամական հոսքերով և դրանց ընդհանուր գումարով: Ի հավելումն Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված աղյուսակների՝ լիազոր մարմինը կարող է օգտագործել արտարժույթով արտահայտված աղյուսակներ.

3) Նոր ներդրումային նախագծի հայեցակարգի, ՊՄԳ ծրագրի նախագծի, ՊՄԳ ծրագրի փոփոխության կամ չեղարկման դեպքերում աղյուսակները պետք է թարմացվեն.

4) ՊՄԳ ծրագրի կամ ՊՄԳ ծրագրի փոփոխության հետ կապված պարտավորությունները ներառվում են աղյուսակներում ՊՄԳ ծրագրի նախագծի կամ ՊՄԳ ծրագրի փոփոխության նախագծի հաստատման պահին և հեռացվում են աղյուսակներից միայն ծրագրի չեղարկման դեպքում.

5) Լիազոր մարմինն աղյուսակները թարմացնում է յուրաքանչյուր ՊՄԳ պայմանագրով ամրագրված ՊՄԳ ծրագրի ժամանակացույցին և ուղենիշերին համապատասխան՝ առնվազն կիսամյակային պարբերականությամբ՝ իրավասու մարմնի կողմից տրամադրվող տեղեկատվության հիման վրա:

27. N 1 աղյուսակը կիրառվում է բոլոր ՊՄԳ ծրագրերից ծագող պայմանական պարտավորությունների հաշվարկի նպատակով: Այն ՊՄԳ ծրագրերի համար, որոնց ներդրումների էական մասը (օրինակ՝ շինարարական աշխատանքների որոշակի սահմանված մասեր, օտարման ծախսեր և ցանցերի/ սարքավորումների հեռացման/ տեղափոխման դիմաց կոմունալ ընկերություններին վճարվող փոխհատուցումներ) ուղղակիորեն կատարվում է հանրային գործընկերոջ կողմից՝ պետական կամ համայնքային բյուջեից կամ փոխառու միջոցների (վարկեր, պարտատոմսեր) հաշվին կամ երաշխիքի միջոցով, լիազոր մարմինը լրացնում է նաև N 2 աղյուսակը:

28. NN 1 և 2 աղյուսակները պետք է արտացոլեն ՊՄԳ ծրագրի նախագծի կամ ՊՄԳ ծրագրի կողմից սպառվող ընդհանուր ֆիսկալ կարողությունը՝ ընդհանուր արժեքով և ըստ տարիների: Ուղղակի և պայմանական պարտավորությունների հաշվարկները, ինչպես նաև դրամական հոսքերի կանխատեսումները կիրառվում են՝ ՊՄԳ-ների հետ կապված դրամական հոսքերն ընդհանուր դրամական հոսքերի կառավարման գործընթացին, միջնաժամկետ, բյուջետային և պարտքի կանխատեսումներին ինտեգրելու նպատակով:

29. ՊՄԳ պարտավորությունների մասով հանրային գործընկերոջ ֆինանսական երաշխիքները կամ պարտքը բյուջետային գործընթացի շրջանակում ներկայացված լինելու դեպքում՝ դրանք ներառվում են նաև N 2 աղյուսակում տեղեկատվական նպատակներով՝ բացառելով կրկնակի հաշվարկը:

 

Աղյուսակ N 1. ՊՄԳ ծրագրերի մասով ֆիսկալ պարտավորությունների հաշվետվություն

 

Ծրագրի անվանում

Վճա-րումներ շինարա-րության ընթաց-քում

1

Ծառա-յության կամ հասանելիու- թյան կամ ներդրու-մային վճարներ

2

Ուղղակի սուբսի-դիաներ 3

Ամրագրված ընդհանուր պարտավորու- թյուններ

4

(1+2+3)

Նվազագույն հասույթի երաշխիքներ (առավե-լագույն գումար)

5

ՊՄԳ-ի

ընդհանուր կանխա-տեսվող հասույթ

6

Նվազագույն հասույթի երաշխիքներ (մոդելա-վորված) 7

Այլ չափելի պայմանական պարտավորու- թյուններ

8

Պետության ակնկալվող հասույթ

9

Պարտավորու- թյունների ընդհանուր համախառն գումար

10

(4+5+8)

Պարտավո- րությունների ընդհանուր զուտ գումար 11

(4+7+8-9)

Վաղաժամ դադարեցման վճարների մասով առավելագույն ազդեցություն (գնահատված) 12

Ծրագիր 1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ծրագիր 2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ծրագիր 3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդհանուր

Ընդհանուր

Ընդհանուր

 

Աղյուսակ N 1-ի ծանոթագրություններ.

 

1 = ցանկացած վճարում շինարարության ընթացքում՝ համաձայն ՊՄԳ պայմանագրի:

2 = հետշինարարական փուլի վճարների ընդհանուր գումարը ՊՄԳ պայմանագրի գործողության ողջ ժամկետի ընթացքում, որոնք կարող են ունենալ ճշգրտման բանաձևեր:

3 = Սովորաբար սա ամրագրված պարտավորություն է (նույնիսկ եթե հիմնված է օգտագործողների կանխատեսված քանակի վրա և փաստացի գումարը կարող է փոփոխվել) և այս սուբսիդիան պետք է ներառվել կանխատեսվող հասույթում: Մեկ այլ տարբերակ է այն դիտարկել որպես պայմանական պարտավորություն, եթե առնվազն իր ձևով այն ունի պայմանական պարտավորության հատկանիշներ:

4 = ամրագրված պարտավորությունները՝ ի տարբերություն պայմանական պարտավորությունների: Դրանք պետք է ներառվեն տարեկան բյուջեում և (կամ) ՄԺԾԾ-ում: Դրանք դեռևս պարունակում են ֆիսկալ ռիսկ, քանի որ կարող են հետագայում աճել ՊՄԳ պայմանագրի փոփոխության արդյունքում և առաջացնել պայմանական պարտավորությունների աճ:

5 = ամենատարածված պայմանական պարտավորությունը. կանխատեսվող հասույթի սահմանված գումարի ցանկացած պակասուրդ փոխհատուցվում է հանրային գործընկերոջ կողմից:

6 = ՊՄԳ ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման ֆինանսական մոդելից ստացված արժեքն է՝ որպես բազային սցենար ծրագրի գործողության ողջ ժամկետի համար:

7 = սա իրականացվում է՝ նվազագույն երաշխավորված հասույթից նվազեցնելով 30 տոկոսով կրճատված կանխատեսվող հասույթը (6) (և, առկայության դեպքում, սուբսիդիաները)

8 = նույնականացված այլ պայմանական պարտավորություն, օրինակ՝ պետության կողմից ստանձնվող երկրաբանական ռիսկ, որի համար կարող է սահմանվել առաստաղ, ինչպես նաև ընդհանուր բնույթի փոխհատուցումներ՝ կապված օրենքի փոփոխության կամ պետության այլ գործողությունների հետ, սակայն դրանք մեծամասամբ բարդ է չափել, եթե հստակ բանաձև սահմանված չէ:

9 = որոշ ՊՄԳ կառուցվածքների դեպքում, պետությունը կարող է ստանալ հաստատուն տարեկան վճար կամ ավելցուկային հասույթի բաշխման վճար, եթե ՊՄԳ ծրագրի հասույթը կանխատեսվածից բարձր է:

10 և 11 = երկու արժեքներն էլ օգտակար են: Համախառն գումարի կիրառումը շատ ավելի պահպանողական մոտեցում է, իսկ զուտ գումարի կիրառումը պարունակում է ռիսկը թերագնահատելու վտանգ՝ բացառությամբ եթե առկա է պայմանական պարտավորությունների երբևէ չնյութականացման ամուր նախապատմություն:

12 = պետք է միշտ հաշվարկել, քանի որ վաղաժամ դադարեցման դրույթները սովորական երևույթ են: Դրանք կարող են ենթախմբավորվել ըստ հանրային գործընկերոջ պարտավորությունների չկատարման (որը հաշվարկվելիք ամենավատ դեպքն է), մասնավոր գործընկերոջ պարտավորությունների չկատարման, անհաղթահարելի ուժի ազդեցության (սա պետք է հաշվարկել նույնիսկ ապահովագրության առկայության դեպքում, քանի որ ապահովագրական փոխհատուցման ստացումը կարող է որևէ պատճառով հնարավոր չլինել: Համարժեք ապահովագրության բացակայության և սնանկության ռիսկի համակցությունը կարող է հանգեցնել նաև ծրագրի կառավարումը ստանձնելու անհրաժեշտության՝ մեծ վնասներով): Պայմանագրի վաղաժամ դադարեցման վճարները հաճախ ներառում են ներդրված և (կամ) ֆինանսավորող կազմակերպություններին հետ վճարվող գումարները, այդ թվում՝ պարտքի գծով տոկոսագումարները, ինչպես նաև՝ որոշ դեպքերում, կորցրած եկամտի դիմաց փոխհատուցում: Այստեղ պետք է վերցնել պայմանագրում ամրագրված բանաձևով հաշվարկված առավելագույն հնարավոր գումարը՝ պիկային ժամանակահատվածում (շինարարության ժամանակահատվածի ավարտ՝ ընդունված աշխատանքներով), որը հաճախ կարող է հանդիսանալ ամենախոշոր բացահայտ պայմանական պարտավորությունը:

 

Ընդհանուր գումարները (10-րդ, 11-րդ և 12-րդ սյունակներ) թույլ են տալիս հաշվարկել ընդհանուր պարտավորությունների տոկոսային հարաբերությունը տարեկան ՀՆԱ-ի նկատմամբ:

 

Աղյուսակը չի ներառում նախապես ոչ չափելի պարտավորությունները: Սակայն դրանք պետք է նշվեն աղյուսակի ծանոթագրություններում: Նմանապես պետության կանխատեսվող այնպիսի հասույթը, որը չափազանց բարդ կանխատեսելի է և չի կարող ներառվել 9-րդ սյունակում, պետք է նշվի աղյուսակի ծանոթագրություններում: ՊՄԳ ծրագրի առաջընթացին զուգահեռ՝ որոշ ոչ չափելի պարտավորություններ կարող են հետագայում արտացոլվել պարտավորությունների թարմացված գումարներում՝ փաստացի ավելանալով ՊՄԳ պայմանագրի փոփոխությունների կամ անկախ փորձագետների կողմից կատարված դիտարկումների և ճշգրտումների արդյունքում:

 

Աղյուսակ N 2. Որոշակի ՊՄԳ ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ հաշվետվություն

 

Ծրագրի

անվանում

Սեփական

միջոցներից

բյուջետային

հատկացում

Ներդրում

1

Սեփական միջոցներից բյուջետային հատկացում Այլ ծախսեր 2

Ընդամենը

սեփական

միջոցներից

բյուջետային

հատկա-ցումներ

3

(1+2)

Պարտ-քային

միջոցներ

ՄՖՀ-ներից

4

Պարտ-քային

միջոցներ

պարտա-տոմսերի

շուկայից

5

Պարտ-քային

միջոցներ

բանկերից

6

Ընդամենը

պարտ-քային

միջոցներ

7

(4+5+6)

Ֆինանսական

երաշխիքներ

ՊՄԳ-ի

հանրային

պարտավորու-

թյունների

մասով

8

Ֆինանսական

երաշխիքներ

ՊՄԳ-ի

գործընկերոջ

պարտքի

մասով

9

Ընդամենը

բյուջետային

հատկացումներ

10

(3+7)

Ընդամենը

ֆինանսական

երաշխիքներ

11

(8+9)

Դադարեցման

վճարներին

հատկացվելիք

ընդհանուր

գումար՝

դադարեցման

տեղի ունենալու

դեպքում

(գնահատված)

12

Ծրագիր 1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ծրագիր 2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդհանուր

 

Ընդհանուր

 

Ընդհանուր

Ընդհանուր

Ընդհանուր

 

1 = կապիտալ ներդրումների գումար՝ պետական կամ համայնքային բյուջեից,

2 = այլ ներդրումների կամ վճարումների գումար՝ պետական կամ համայնքային բյուջեից,

3 = ընդամենը պետական կամ համայնքային բյուջեից ելքեր,

4 = միջազգային ֆինանսական հաստատություններից տվյալ ծրագրի համար ներգրավված պարտքային միջոցներ,

5 = պարտատոմսերի թողարկումից տվյալ ծրագրի համար ներգրավված պարտքային միջոցներ,

6 = առևտրային բանկերից տվյալ ծրագրի համար ներգրավված պարտքային միջոցներ,

7 = 4, 5, 6 սյունակների գումարը արտացոլում է տարբեր աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցները,

8 = ՊՄԳ ծրագրի հանրային պարտավորությունների համար տրված ֆինանսական երաշխիքներ,

9 = ՊՄԳ ծրագրի մասնավոր գործընկերոջ պարտավորությունների գծով տրված ֆինանսական երաշխիքներ,

10 = 3 և 7 սյունակների գումարն արտացոլում է հանրային գործընկերոջ ուղղակի ֆինանսական մասնակցությունը ծրագրին,

11 = տրված ֆինանսական երաշխիքների գումարը,

12 = պայմանագրի վաղաժամ դադարեցման գնահատված գումար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան