ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 9-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի առաջին ենթակետից հանել «նոր» բառը:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով.
«5. Պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հաստատված ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելն արգելվում է:
Պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ներառում է`
1) կրթության ձևը (առկա (ստացիոնար), հեռակա, դրսեկություն).
2) մասնագիտություններն ըստ բուհերի.
3) յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսված ընդունելության քննությունների առարկաների անվանումը.
4) քննության ձևը (մրցութային, ոչ մրցութային).
5) քննության տեսակը` գրավոր (թելադրություն, շարադրություն, թեսթ), բանավոր, հարցազրույց և այլն:
6. Պետական հանրակրթական դպրոցների ավարտական, ինչպես նաև պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող հարցաթերթիկները (հարցաշարերը, քննական հարցերը, խնդիրները և այլ առաջադրանքները) կազմվում են բացառապես պետական հանրակրթական դպրոցների (1-11-րդ դասարանների) կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում պետական հանրակրթական դպրոցներում օգտագործված (դասավանդված) դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին և ժողովածուներին համապատասխան:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
Ռ. Քոչարյան |
|