ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«2. Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետին, հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանումների պետերին, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող պաշտոնատար անձանց (այսուհետ` հարկադիր կատարողներ) նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` գլխավոր հարկադիր կատարողի ներկայացմամբ:
Քաղաքացին չի կարող հարկադիր կատարող նշանակվել, եթե`
1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
3) օրենսդրության համաձայն չի կարող զբաղեցնել պետական պաշտոն կամ նշանակվել հարկադիր կատարող:»:
Հոդված 2.
Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. | Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետի լիազորությունները |
Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետը`
1) կազմակերպում և վերահսկում է վարչության աշխատանքները.
2) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և գլխավոր հարկադիր կատարողի հրամանների, կարգադրությունների կատարման ընթացքի վերահսկողությունը հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանումների կողմից և համակարգում է նրանց աշխատանքները.
3) սահմանված կարգով գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացնում հարկադիր կատարման մարզային ծառայությունների աշխատավարձի ֆոնդերի, հաստիքների և կառուցվածքի նպատակային բաշխման վերաբերյալ առաջարկություններ.
4) միջնորդություն է ներկայացնում գլխավոր հարկադիր կատարողին` դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության և հարկադիր կատարման մարզային ստորաբաժանումների աշխատակիցների խրախուսման և նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
5) գլխավոր հարկադիր կատարողի կարգադրությունների, հրամանների, հրահանգների հիման վրա իրականացնում է դատական ակտերի հարկադիր կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.
6) պատասխանատվություն է կրում վարչության վրա դրված խնդիրների իրականացման համար.
7) իր իրավասության սահմաններում տալիս է մարզային ստորաբաժանումների պետերի համար պարտադիր կատարման ենթակա ցուցումներ` իրազեկ պահելով գլխավոր հարկադիր կատարողին:»:
Հոդված 3.
Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. | Հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետի լիազորությունները |
Հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետը`
1) կազմակերպում և վերահսկում է ստորաբաժանման աշխատանքները.
2) դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչությանը տրամադրված հաստիքների և աշխատավարձի ֆոնդի շրջանակներում, սահմանված կարգով միջնորդություններ է ներկայացնում դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետին` հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման հաստիքների բաշխման և կառուցվածքի վերաբերյալ.
3) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և գլխավոր հարկադիր կատարողի հրամանների, հրահանգների, կարգադրությունների և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող վարչության պետի ցուցումներն ու հանձնարարականների կատարումը.
4) համակարգում է հարկադիր կատարողների գործողությունները, առաջարկություններ է ներկայացնում հարկադիր կատարողների թեկնածությունների վերաբերյալ.
5) լուծում է հարկադիր կատարողի ինքնաբացարկի և նրան հայտնված բացարկի հարցը.
6) ենթակայության կարգով քննում է հարկադիր կատարողների գործողությունների դեմ բերված բողոքները.
7) օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշիվը.
8) պատասխանատվություն է կրում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման խնդիրների իրականացման համար:»:
Հոդված 4.
Օրենքի 8-րդ հոդվածի`ա) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հարկադիր կատարման ծառայության աշխատողների համար սահմանվում են հետևյալ դասային կոչումները.
1) |
արդարադատության առաջին դասի պետական խորհրդական, |
արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, | |
արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, | |
արդարադատության առաջին դասի խորհրդական, | |
արդարադատության երկրորդ դասի խորհրդական, | |
արդարադատության երրորդ դասի խորհրդական, | |
առաջին դասի իրավաբան, | |
երկրորդ դասի իրավաբան, | |
երրորդ դասի իրավաբան. |
2) հարկադիր կատարման ծառայության աշխատողների համար սահմանվում են հետևյալ հատուկ կոչումները.
արդարադատության գեներալ-լեյտենանտ,
արդարադատության գեներալ-մայոր,
արդարադատության գնդապետ,
արդարադատության փոխգնդապետ,
արդարադատության մայոր,
արդարադատության կապիտան,
արդարադատության ավագ լեյտենանտ,
արդարադատության լեյտենանտ.
3) հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումները շնորհվում են հաջորդական կարգով` պաշտոնատար անձանց որակավորմանը, զբաղեցրած պաշտոնին և աշխատանքային ստաժին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում շնորհված հատուկ և զինվորական կոչումները` հարկադիր կատարման ծառայությունում աշխատանքի անցնելուց երեք ամիս անց, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետում նշված դեպքերի.
4) յուրաքանչյուր հատուկ և դասային կոչում կրելու համար հարկադիր կատարման ծառայությունում աշխատանքի անցնելուց հետո սահմանվում են հետևյալ ժամկետները.
ա) երրորդ դասի իրավաբան և արդարադատության լեյտենանտ հատուկ կոչումների համար` վեց ամիս,
բ) երկրորդ դասի իրավաբան, առաջին դասի իրավաբան և արդարադատության ավագ լեյտենանտ, արդարադատության կապիտան հատուկ կոչումների համար` երեք տարի,
գ) արդարադատության երրորդ դասի խորհրդական, արդարադատության երկրորդ դասի խորհրդական, արդարադատության առաջին դասի խորհրդական և արդարադատության մայոր, արդարադատության փոխգնդապետ, արդարադատության գնդապետ հատուկ կոչումների համար` չորս տարի.
5) առանց հաջորդականության պահպանման հատուկ և դասային կոչումների շնորհումը թույլատրվում է միայն հարկադիր կատարման ծառայության աշխատողներին ավելի բարձր պաշտոնում նշանակելու դեպքում և աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների համար` անկախ զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումից և կոչումը կրելու ժամկետից, սակայն յուրաքանչյուր հատուկ ու դասային կոչում կրելու համար սահմանված ժամկետներում, ոչ ավելի, քան մեկ անգամ և ոչ ավելի, քան կոչումից բարձր:
Առանց սույն կետի պահանջները պահպանելու` հատուկ և դասային կոչումներ կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ.
6) արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի, արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի հատուկ կոչումները շնորհում է Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ.
7) հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց համար սույն հոդվածի 6-րդ կետում չնշված հատուկ և դասային կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.
8) սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու համար համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգը և հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց` ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք (առավելագույն) հատուկ և դասային կոչումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
9) հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումները շնորհվում են ցմահ.
10) հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձինք հատուկ և դասային կոչումներից կարող են զրկվել աշխատանքից հեռացվելու դեպքում.
11) ծառայողական պարտականությունները կոպիտ խախտելու, պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև արատավոր արարքներ թույլ տալու համար, որպես կարգապահական տույժ, հատուկ և դասային կոչումը կարող է իջեցվել, բայց երկու աստիճանից ոչ ավելի:».
բ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հարկադիր կատարողներին տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաև նրանց անվամբ` նախարարությունում գրանցված և համարակալված անձնական կնիքներ:»:
Հոդված 5.
Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. | Հարկադիր կատարողի իրավունքները և պարտականությունները |
1. Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողը`
1) միջոցներ է ձեռնարկում կատարողական թերթի ժամանակին, լրիվ և ճիշտ կատարման համար.
2) կատարողական վարույթի կողմերին (այսուհետ` կողմեր) և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, դրանցից քաղվածքներ անել ու ստանալ պատճեններ.
3) քննում է կատարողական վարույթի կապակցությամբ կողմերի դիմումները և միջնորդությունները, կայացնում համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետներն ու կարգը.
4) օրենքով սահմանված դեպքերում տուգանում է իր որոշումները չկատարած քաղաքացիներին և պաշտոնատար անձանց.
5) իր անաչառությանը կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում կարող է հայտնել ինքնաբացարկ:
2. Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողն իրավունք ունի`
1) կատարողական գործողություններ իրականացնելիս ստանալ անհրաժեշտ տեղեկություններ, բացատրություններ և այլ նյութեր.
2) գործատուների մոտ ստուգել նրանց մոտ աշխատող պարտապանների կողմից իրենց կատարողական թերթի կատարումը.
3) իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություններ) և քաղաքացիներին հանձնարարություններ տալ կոնկրետ կատարողական գործողություններ իրականացնելու նպատակով.
4) ընթերակաների ներկայությամբ սահմանված կարգով մուտք գործել պարտապանի շենքը (բնակարանը, պահեստը և այլ շինություններ), այնտեղ կատարել զննումներ.
5) արգելանք դնել գույքի վրա, առգրավել դա, հանձնել պահատվության և իրացնել օրենքով սահմանված կարգով.
6) կատարողական թերթում նշված չափով արգելանք դնել պարտապանի հաշիվներում, ավանդներում կամ բանկերում և այլ վարկային կազմակերպություններում պահպանվող դրամական միջոցների և այլ արժեքների վրա.
7) գույքի փոխադրման համար օգտագործել պահանջատիրոջ կամ պարտապանի տրանսպորտը` ծախսերը դասելով պարտապանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև պահանջատիրոջ հաշվին.
8) կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում դիմել կատարողական թերթ տված դատարանին` պարզաբանելու դրա կատարման կարգը.
9) օրենքով սահմանված կարգով հայտարարել պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում` անհրաժեշտության դեպքում համագործակցելով ներքին գործերի մարմինների հետ.
10) կատարողական գործողությունների ընթացքում հրավիրել քաղաքացիներին և պաշտոնատար անձանց.
11) կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործողություններ:»:
Հոդված 6.
Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ կետը «հարկադրանքի» բառից հետո լրացնել «` հրազենի գործադրման, ֆիզիկական ուժի և հատուկ» բառերով:
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|