ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2020 թվականի N 1247-Լ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-662-18.06.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 31 Երևան |
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Խ-662-18.06.2020-ԱՍ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ հայտնում ենք՝
1. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն նախատեսվում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 7.1-ին կետով, որի համաձայն հիմնական սոցիալական ծառայություն է համարվում նաև «կոմունալ վճարների դրամական փոխհատուցումը»։
Նախագծի հիմնավորման համաձայն կոմունալ վճարները լուրջ ֆինանսական բեռ են հատկապես միայնակ բնակվող տարեց թոշակառուների համար, ուստի, անհրաժեշտություն կա, որպեսզի պետությունն իր սոցիալական աջակցության քաղաքականության շրջանակում դրամական փոխհատուցում տրամադրի վերջիններիս:
Հարկ է նշել, որ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանվում է «հիմնական պահանջմունքներ» հասկացությունը, որի համաձայն նախատեսվում է՝ «հիմնական պահանջմունքներ` ֆիզիկական անձի կեցության համար անհրաժեշտ նվազագույն պայմանների (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում, միջնակարգ կրթություն կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, բնակարանային կոմունալ ծառայություններ) ամբողջություն.»:
Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն նախատեսվում է, որ՝ «1. Բնաիրային օգնությունն անձի հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու (կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու և (կամ) հաղթահարելու) նպատակով անձին (ընտանիքին, այլ սոցիալական խմբին) տրվող օգնությունն է:»: Այսինքն, օրենքով արդեն իսկ առկա է դրույթ, որի համաձայն հիմնական պահանջմունքները (նաև բնակարանային կոմունալ ծառայությունները) բավարարելու համար միայնակ չաշխատող կենսաթոշակառուներին (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահովներին) տրվում է օգնություն:
2. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն օրենքի 11-րդ հոդվածում նախատեսվում է կատարել լրացումներ միայնակ տարեցներին կոմունալ վճարների դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև նշվում է, որ կոմունալ վճարների փոխհատուցման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Միայնակ տարեցների (որը նախագծի հիմնավորմամբ նույնացվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված միայնակ չաշխատող կենսաթոշակառուների հետ) հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու նպատակով անձին (ընտանիքին, այլ սոցիալական խմբին) տրվող օգնության շրջանակներում օրենսդրությամբ արդեն իսկ գործում են մի շարք արտոնություններ: Մասնավորապես՝
1. ընդունվել են Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ՝ 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն, 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն, 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1459-Ն որոշումներ և այլն,
2. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված միայնակ չաշխատող կենսաթոշակառուներն օգտվում են այդ համակարգի հիման վրա նշանակվող սոցիալական աջակցության ծրագրերից (սոցիալական նպաստ, մարդասիրական օգնություններ, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք և այլն),
3. համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման՝ սոցիալապես անապահով ընտանիքները (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներ) դիտարկվել են որպես առանձին սպառողական խումբ, որոնց կողմից սպառվող բնական գազի (շուրջ 70 հազար ընտանիքներ) և էլեկտրական էներգիայի (շուրջ 100 հազար ընտանիքներ) համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է հնարավոր նվազ սակագներ: Այս ընտանիքները (այդ թվում՝ նաև նախագծի հիմնավորման մեջ նշված 11851 միայնակ չաշխատող կենսաթոշակառուները, որոնց թիվը ներկայումս կազմում է 11766) սպառած էլեկտրական էներգիայի համար վճարում են 1 կիլովատի դիմաց 15 դրամ և տարեկան մինչև 600 խոր. մ բնական գազի համար՝ 39 դրամ նվազ սակագներով,
4. ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և Քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածների դրույթներով՝ մշակվել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ուղարկվել «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը, ինչպես նաև յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Այս նախագիծը նպատակ ունի մեղմելու սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը (որոնց թիվը ներկայումս 74 է), և այն ընդունվելու դեպքում սոցիալական տան միայնակ բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 144 000 դրամ (ամսական 12 հազար դրամ), որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար:
Հարկ ենք համարում նշել նաև, որ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում սահմանվում է «տարեց» հասկացությունը, համաձայն որի տարեցը 65 տարին լրացած անձն է: Նախագծով չի սահմանվում «միայնակ տարեց» հասկացությունը, որի պատճառով իրատեսական չէ նաև նախագծի հիմնավորման մեջ նշված՝ տարեկան կտրվածքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով պահանջվող 711.1 մլն դրամի հաշվարկը: Նախագծի հիմնավորմամբ նշված՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 11851 անձինք այդ համակարգում հաշվառված են որպես միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ: Այս սոցիալական խումբը բնորոշող ծածկագիրը (Կ87) ամրագրվում է չաշխատող այն կենսաթոշակառուի կամ ծերության կամ հաշմանդամության նպաստ ստացող անձի համար, որը չունի չափահաս` կենսաթոշակի կամ հաշմանդամության նպաստի իրավունք չունեցող զավակներ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ խնամողներ: Նշվածից պարզ է դառնում, որ վերոգրյալ սոցիալական խումբը կիրառելու համար պարտադիր չէ տարեց լինելու հանգամանքը:
Ելնելով վերոգրյալից՝ նախագծի ընդունումը համարում ենք ոչ նպատակահարմար, քանի որ`
1. Նախագծի ընդունման հիմնավորումը բովանդակային առումով չի համապատասխանում նախագծով առաջարկվող կարգավորումներին (նախագծով առաջարկվում է կոմունալ վճարների դրամական փոխհատուցում տրամադրել միայնակ տարեցներին, իսկ նախագծի հիմնավորմամբ հաշվարկները կատարվել են՝ հիմք ընդունելով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված միայնակ չաշխատող կենսաթոշակառուների թիվը), հստակ չէ թիրախային խումբը՝ ուստի նաև պահանջվող ֆինանսական միջոցների չափը,
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առկա են տարեցներին սոցիալական աջակցության տրամադրման համապատասխան մեխանիզմներ, այդ թվում՝ նաև կոմունալ վճարների զեղչման տեսքով: Լրացուցիչ մեխանիզմների ներդրումը նույնպես պետք է բխի Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով որդեգրված՝ սոցիալապես անապահով և խոցելի խմբերի աջակցության մասին հոգ տանելու քաղաքականության իրականացումից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|