ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 26-ին
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածում`ա) 3-րդ կետում «հիմնական միջոցների վերագնահատման արդյունքները հաշվի չեն առնվում» բառերը փոխարինել «ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվում սկզբնական (ձեռքբերման) արժեքով» բառերով.
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով`
«4. Հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում միայն սույն օրենքով սահմանված պահուստների (պահուստաֆոնդերի) ստեղծման հետևանքով առաջացող եկամուտները և նվազեցումները:»:
Հոդված 2.
Օրենքի 4 հոդվածում`ա) 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) ռեզիդենտ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշված կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների.».
բ) 2-րդ կետում «իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները» բառերը փոխարինել «կազմակերպությունները» բառով:
Հոդված 3.
Օրենքի 7 հոդվածի 2-րդ կետում ուժը կորցրած ճանաչել «իգ» ենթակետը:
Հոդված 4.
Օրենքի 8 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Սույն օրենքի իմաստով` եկամուտ չեն համարվում ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները) և ծառայությունները:»:
Հոդված 5.
Օրենքի 11 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով`«ե) ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվների (այդ թվում` անդամավճարների) գծով ծախսերը կամ դրանց հաշվին կատարված ծախսերը:»:
Հոդված 6.
Օրենքի 12 հոդվածի 2-րդ կետում`ա) «բ» ենթակետը «առողջարանների» բառից հետո լրացնել «կրթական և ուսումնական հաստատությունների» բառերով.
բ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Մինչև 50 հազար դրամ արժողությամբ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի:»:
Հոդված 7.
Օրենքի 13 հոդվածի 3-րդ կետում «ամբողջովին նվազեցվում է» բառերը փոխարինել «չի նվազեցվում» բառերով:
Հոդված 8.
Օրենքի 19 հոդվածում ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը:
Հոդված 9.
Օրենքի 21 հոդվածում`ա) վերնագրի «Բնական կորուստները» բառերը փոխարինել «Բնական և այլ կորուստները» բառերով.
բ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափը չգերազանցող` փաստաթղթերով հիմնավորված բնական կամ փաստացի այլ կորուստների չափով` դրանց տեղի ունենալու կամ հայտնաբերվելու տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված է այդպիսի չափ:».
գ) 2-րդ կետում «բնական կորստի չափերը գերազանցող» բառերը փոխարինել «բնական կամ փաստացի այլ կորուստների չափեր սահմանված չլինելու կամ դրանք գերազանցող» բառերով:
Հոդված 10.
Օրենքի 23 հոդվածում`ա) «ա» ենթակետում «սույն օրենքի 37 հոդվածի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված կազմակերպություններին» բառերը փոխարինել «ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել «բ» ենթակետը:
Հոդված 11.
Օրենքի 24 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 24. | Անհատույց ստացված ակտիվները |
Սույն օրենքի իմաստով` անհատույց ստացված ակտիվները եկամուտ են համարվում այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:»:
Հոդված 12.
Օրենքի 25 հոդվածի 2-րդ կետում «հաջորդ տարիներ` առանց ժամկետի սահմանափակման» բառերը փոխարինել «վնասի ստացման տարվան հաջորդող 5 տարիներ» բառերով, և կետը լրացնել հետևյալ նախադասությամբ` «Սույն սահմանափակումը չի տարածվում բանկերի վրա:»:
Հոդված 13.
Օրենքի 33 հոդվածում`
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:».
բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը:
Հոդված 14.
Ուժը կորցրած ճանաչել օրենքի 35 հոդվածը:
Հոդված 15.
Ուժը կորցրած ճանաչել օրենքի 36 հոդվածի 4-րդ կետը:
Հոդված 16.
Ուժը կորցրած ճանաչել օրենքի 37 հոդվածը:
Հոդված 17.
Ուժը կորցրած ճանաչել օրենքի 40 հոդվածը:
Հոդված 18.
Օրենքի 46 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`
«3. Շահութահարկի հաշվարկ չեն լրացնում (և չեն ներկայացնում)`
ա) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ (հիմնականում) զբաղված հարկատուները, եթե հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը.
բ) ոչ առևտրային կազմակերպությունները, եթե ստացված միջոցները բացառապես սույն օրենքի 8 հոդվածի համաձայն եկամուտ չեն համարվում.
գ) միայն հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող և (կամ) միայն պարզեցված հարկ վճարող հանդիսացող հարկատուները:»:
Հոդված 19.
Օրենքի 47 հոդվածից հանել 6-րդ կետի վերջին երկու մասերը:
Հոդված 20.
Օրենքի 48 հոդվածի 2-րդ կետի «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների» բառերը փոխարինել «կազմակերպությունների» բառով:
Հոդված 21.
Օրենքի 52 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Եթե սույն հոդվածի առաջին մասի համաձայն նվազեցման ենթակա գումարը գերազանցում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջացած շահութահարկի պարտավորությունը, ապա գերազանցող գումարը նվազեցվում է հարկատուի հաջորդ տարիների շահութահարկի գումարից:»:
Հոդված 22.
Օրենքի 57 հոդվածի 1-ին կետում`
ա) աղյուսակը «շահաբաժիններ» բառից հետո լրացնել «տոկոսներ» բառով, և աղյուսակից հանել վերջին տողը.
բ) աղյուսակում «15» թիվը փոխարինել «10» թվով.
գ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Սույն կետի առաջին մասով սահմանված դրույքաչափով հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած շահաբաժինները հարկվում են զրո դրույքաչափով, եթե միաժամանակ առկա են հետևյալ բոլոր պայմանները`
ա) շահաբաժիններն ստացող ոչ ռեզիդենտն այդ եկամուտների մասով ենթակա չէ շահութահարկով հարկման այն երկրում, որի ռեզիդենտն է հանդիսանում.
բ) մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը), որի դիմաց ստացվում են շահաբաժինները, ոչ ռեզիդենտին է պատկանել ոչ պակաս, քան երկու օրացուցային տարվա ընթացքում.
գ) շահաբաժիններ բաշխող ռեզիդենտի կանոնադրական կապիտալում շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտի մասնակցությունը շահաբաժինների բաշխմանն անմիջապես նախորդող երկու օրացուցային տարիների ընթացքում կազմել է ոչ պակաս, քան կանոնադրական կապիտալի 25 տոկոսը.
դ) շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտը հանդիսանում է դրանց փաստացի սեփականատերը.
ե) շահաբաժինները բաշխող կազմակերպությանն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համապատասխան տարածքային հարկային մարմնի տեղեկանքն այն մասին, որ այդ եկամուտներն ստացող ոչ ռեզիդենտը բավարարում է սույն մասի «ա» և «դ» ենթակետերով սահմանված պայմանները:»:
Հոդված 23.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 22 հոդվածի «ա» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից, և 17 հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի 22 հոդվածի «ա» ենթակետի գործողությամբ ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից 2001 թվականի հուլիսի 1-ից մինչև 2002 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացվող տոկոսներից շահութահարկը հաշվարկվում և վճարվում է 5 տոկոս դրույքաչափով:
Անկախ սույն օրենքի 12 հոդվածի գործողությունից` մինչև 2001 թվականի հունվարի 1-ը (այդ թվում նաև` 2000 թվականի արդյունքներով) հարկատուի գործունեությունից կուտակված և նախորդ տարիների համախառն եկամտից չնվազեցված վնասները ենթակա են համախառն եկամտից նվազեցման` մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|