ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
16 հունիսի 2020 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Հայրապետյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և 2020 թվականի հունիսի 1-ին ստորագրված՝ «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2020 թվականի հունիսի 4-ի Ņ 873-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և 2020 թվականի հունիսի 1-ին ստորագրված՝ «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի հունիսի 4-ին:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի հունիսի 4-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոհիշյալ նամակ-համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը (Նամակ-համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև ստորագրվել է 2020 թվականի մայիսի 23-ին և 2020 թվականի հունիսի 1-ին:
Սահմանադրական դատարանը Նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցը քննության է առնում՝ հիմք ընդունելով Նամակ-համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության լրամշակված տեքստը, որը 2020 թվականի հունիսի 11-ին Սահմանադրական դատարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը` ի պատասխան Սահմանադրական դատարանի գրության, համաձայն որի` հայկական կողմի ստորագրած Նամակ-համաձայնագրի անգլերեն բնօրինակի և դրա հայերեն պաշտոնական թարգմանության տեքստի մեջ նույնականության առումով առկա են անհամապատասխանություններ:
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանը Պահուստային ծրագրի ներքո տրամադրում է 231.656 միլիոն հատուկ փոխառության իրավունքին (ՀՓԻ) համարժեք վարկ` որպես ուղղակի բյուջետային աջակցություն` ֆինանսավորելու Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջեի դեֆիցիտը:
Փոխառու միջոցները, ներառյալ` Պահուստային ծրագրի շրջանակում հասանելի գնման իրավունքները (ընդհանուր` 231.656 մլն ՀՓԻ-ին համարժեք գումար), մասհանվելու են 2020 թվականի ընթացքում երկու մասնաբաժնով. առաջին մասհանումը համարժեք է լինելու 205.942 մլն ՀՓԻ-ին, իսկ երկրորդ մասնաբաժինը համարժեք է լինելու 25.714 մլն ՀՓԻ-ին և մասհանվելու է Պահուստային ծրագրի երրորդ վերանայման եզրափակումից հետո:
Ըստ սույն գործում առկա նյութերի` ներկա պահին Հայաստանի Հանրապետության համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 206 մլն ՀՓԻ (280 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 25.714 մլն ՀՓԻ (35 մլն ԱՄՆ դոլար) հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում:
Պահուստային ծրագրի ներքո փոխառու միջոցների մարումը ենթակա է մասհանման 3.25–5 տարվա ընթացքում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր մասհանում մարվելու է 8 հավասար եռամսյակային մարումներով` սկսած յուրաքանչյուր մասհանման 3.25 տարուց հետո:
2. Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
ա) վճարել վարկավորման տոկոսադրույք, որը բաղկացած է՝ (1) շուկայական ՀՓԻ տոկոսադրույքից, որն ունի նվազագույն 0.05 տոկոսի շեմ, և մարժայից (ներկայում 1 տոկոս), միասին հայտնի որպես բազիսային տոկոսադրույք, և (2) հավելավճարից, որը կախված է վարկի մնացորդի գումարից և ժամանակից: 2 տոկոս հավելավճար է վճարվում վարկի մնացորդի` քվոտայի 187.5 տոկոսը գերազանցող գումարի համար: Եթե վարկը մնում է քվոտայի 187.5 տոկոսից բարձր երեք տարի անց, հավելավճարը բարձրանում է մինչև 3 տոկոս,
բ) վճարել պարտավորության վճար, որը գանձվում է յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի սկզբում տրամադրվելիք մասհանումների նկատմամբ (0.15 տոկոս` մինչև քվոտայի 115 տոկոսը ստանձնած միջոցների համար, 0.3 տոկոս` քվոտայի 115 տոկոսից բարձր և մինչև 575 տոկոսը ստանձնած միջոցների համար և 0.6 տոկոս` քվոտայի 575 տոկոսը գերազանցող գումարների համար): Վճարները համամասնորեն վերադարձվում են, եթե գումարները համապատասխան ժամանակահատվածի ընթացքում մասհանվում են,
գ) վճարել 0.5 տոկոս ծառայության վճար, որը կիրառվում է մասհանված յուրաքանչյուր գումարի համար:
Նամակ-համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն օրը, երբ Արժույթի միջազգային հիմնադրամը ծանուցում ստանա Հայաստանի Հանրապետության կողմից` Նամակ-համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող ներքին ընթացակարգերի կատարման մասին:
3. Սահմանադրական դատարանին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը հայտնել են, որ Նամակ-համաձայնագրով նախատեսված միջոցներն ուղղվելու են կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող խնդիրների լուծման ու դրանց հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորմանը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունները պետք է իրականացվեն վերաբերելի սահմանադրական արժեքների պահպանության պայմաններում, և մասնավորապես՝ հաշվի առնելով Սահմանադրության 3-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի (ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանն ուղղված պետական քաղաքականության մասով), ինչպես նաև 86-րդ հոդվածի, հատկապես` 1-ին, 2-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված՝ պետության քաղաքականության հիմնական նպատակների սահմանադրական բովանդակությունը:
Սահմանադրական դատարանը, կարևորելով վերոնշյալ միջոցառումները, դրանց ֆինանսավորումը ու վերջիններիս հրապարակայնությունը և թափանցիկությունը, ընդգծում է նաև Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը որպես բյուջետային աջակցության վարկ տրամադրվող միջոցների նպատակային, արդյունավետ օգտագործման և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ, բյուջետային վերահսկողության ընդհանուր կարգի շրջանակներում, պատշաճ վերահսկողության անհրաժեշտությունը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և 2020 թվականի հունիսի 1-ին ստորագրված՝ «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Հ. Թովմասյան |
16 հունիսի 2020 թվականի ՍԴՈ-1544 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|