ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
28 ապրիլի 1999 թ.
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքերը` քաղաքաշինական գործունեության բոլոր փուլերում քաղաքացիների, հասարակության ու պետության շահերը պաշտպանելու, օրենսդրական ակտերի, ստանդարտների ու կանոնների պահանջների կատարումն ապահովելու նպատակով:
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
ա) աշխատանքներ իրականացնողներ` քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (ինժեներական հետազննում, նախագծում, փորձաքննություն) և շինարարություն (շինարարական-մոնտաժային աշխատանքներ, շենքերի ու շինությունների տեխնիկական հետազոտում և որակի տեխնիկական հսկողություն) իրականացնող իրավաբանական անձինք, որոնք ունեն համապատասխան գործունեության լիցենզիա.
բ) փորձագիտական եզրակացություն` ընթացիկ կամ ավարտված նախագծային և շինարարական աշխատանքների համալիր գնահատական, որը տալիս է համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձը.
գ) հեղինակային հսկողություն` կառուցվող օբյեկտի ճարտարապետական հորինվածքի ու լուծումների` հաստատված նախագծին համապատասխանությունն ապահովելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծերի հեղինակների կամ նրանց լիազորած անձանց կողմից պայմանագրային հիմունքներով շինարարության նկատմամբ իրականացվող հսկողություն.
դ) որակի տեխնիկական հսկողություն` կառուցվող օբյեկտների շինարարական-մոնտաժային աշխատանքների, ինչպես նաև օգտագործվող շինանյութերի, շինվածքների, կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների` հաստատված նախագծին, գործող նորմերին ու ստանդարտներին համապատասխանությունն ապահովելու նպատակով պայմանագրային հիմունքներով շինարարության նկատմամբ իրականացվող հսկողություն.
ե) ամրություն` շինանյութի, շինվածքի, կոնստրուկցիայի, դրանց հանգույցների, հիմքերի ու հիմնատակերի ունակություն, որը թույլ է տալիս առանց քայքայվելու կրել հաշվարկային բեռներ ու ազդեցություններ.
զ) կայունություն` շենքերի ու շինությունների ունակություն, որը թույլ է տալիս պահպանել կայուն հավասարակշռված վիճակ հաշվարկային բեռների ու ազդեցությունների ներգործության տակ.
է) հուսալիություն` շենքերի ու շինությունների կրող և պատող կոնստրուկցիաների, ինժեներական համակարգերի ունակություն, որը թույլ է տալիս կատարել նորմատիվային ցուցանիշներով սահմանված գործառույթներ.
ը) նախագծման տեխնիկական պայմաններ` համապատասխան տարածքում ինժեներական ենթակառուցվածքներն սպասարկող իրավասու կազմակերպությունների կողմից կառուցապատողին տրամադրվող տվյալների ու պայմանների համախումբ, որտեղ ամրագրվում են գոյություն ունեցող ինժեներական ենթակառուցվածքներին միանալու կամ ինքնավար սպասարկման հնարավոր լավագույն լուծումները:
Հոդված 3. |
Օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքի գործողությունը տարածվում է քաղաքաշինական գործունեության բնագավառում աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձանց վրա:
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավաբանական անձինք քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Գ Լ ՈՒ Խ 2.
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4. |
Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունը |
Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել`
ա) տուգանքի նշանակում.
բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցում.
գ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության դադարեցում:
Սույն օրենքի սահմաններում տույժ նշանակելն իրավախախտում կատարած իրավաբանական անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որի չկատարման համար նշանակվել է տույժ:
Հոդված 5. |
Տուգանքի նշանակումը |
Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար նշանակվող տուգանքը չի կարող լինել նվազագույն աշխատավարձի քսանապատիկից պակաս և չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափը:
Հոդված 6. |
Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցումը |
Լիցենզիայի գործողության կասեցումը կիրառվում է քաղաքաշինական գործունեության այն տեսակների և օբյեկտների համար, որոնց իրականացման ընթացքում թույլ է տրվել իրավախախտումը:
Լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև բացահայտված խախտումները վերացնելը, բայց ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:
Լիցենզիայի գործողության կասեցման դեպքում իրավաբանական անձանց թույլատրվում է համապատասխան գործունեություն իրականացնել միայն կասեցման պատճառ համարվող խախտման հետևանքները վերացնելու համար:
Խախտման հետևանքները սահմանված ժամկետից շուտ վերացնելու պահից լիցենզիայի գործողությունը վերականգնվում է:
Հոդված 7. |
Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության դադարեցումը |
Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողությունը դադարեցվում է`
ա) լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմնին կեղծ փաստաթղթեր և ոչ ստույգ տվյալներ ներկայացնելու փաստերի բացահայտման դեպքում.
բ) երբ նույն լիցենզիայի գործողության ընթացքում երկու անգամ տույժի ենթարկվելուց հետո թույլ է տրվել նույն բնույթի իրավախախտում.
գ) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում գործունեությունը նույն օբյեկտում իրականացնելու դեպքում, բացառությամբ կասեցման պատճառ համարվող խախտումները վերացնելու համար պահանջվող աշխատանքների.
դ) բացահայտված խախտումները լիցենզիայի գործողությունը կասեցնելու որոշմամբ չվերացվելու դեպքում.
ե) քաղաքաշինական օրենսդրության, նորմերի, կանոնների ու ստանդարտների այնպիսի խախտումների դեպքում, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել վթարային իրավիճակների կամ (և) վտանգ են պարունակում մարդկանց կամ շրջակա միջավայրի համար:
Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության դադարեցումը կիրառվում է գործունեության այն տեսակների նկատմամբ, որոնց իրականացման ընթացքում թույլ է տրվել իրավախախտումը:
Հոդված 8. |
Իրավախախտումների համար տուգանքների նշանակման ժամկետները |
Քաղաքաշինության բնագավառում մինչև շինարարությունը և շինարարության ընթացքում թույլ տրված իրավախախտումների համար տույժերը նշանակվում են ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում` իրավախախտումները հայտնաբերելու օրվանից և երկու տարուց ոչ ուշ` իրավախախտում թույլ տալու օրվանից, բայց ոչ ուշ` օբյեկտի շինարարության ավարտական ակտի ձևակերպման օրվանից:
Հոդված 9. |
Պատասխանատվությունը սույն օրենքում սահմանված խախտումները մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում |
Սույն օրենքով նախատեսված տուգանքի նշանակումից հետո մեկ տարվա ընթացքում նույնպիսի խախտում կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ` սույն օրենքի համապատասխան հոդվածներով նախատեսված տուգանքների կրկնակի չափով, բայց ոչ ավելի սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկի չափից:
Գ Լ ՈՒ Խ 3.
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ
Հոդված 10. |
Նորմատիվների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն տալը |
Նորմատիվների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն տալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Նույն արարքը, որը պատճառ է դարձել շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության նորմատիվային ցուցանիշների նվազեցման`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, և քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցում:
Նույն արարքը, որը պատճառ է դարձել շինարարության ընթացքում տեխնիկական վթարների`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, և քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության դադարեցում:
Հոդված 11. |
Շինարարության ընթացքում հեղինակային հսկողության պարտականությունը չկատարելը կամ խախտումներով կատարելը |
Շինարարության ընթացքում հեղինակային հսկողության պարտականությունը չկատարելը կամ խախտումներով կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Հոդված 12. |
Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, ստանդարտների, շինարարական արտադրության և ընդունման նորմերի, ինչպես նաև տեխնիկական հսկողության կարգի խախտումներ թույլ տալը |
Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, ստանդարտների, շինարարական արտադրության և ընդունման նորմերի, ինչպես նաև տեխնիկական հսկողության կարգի խախտումներ թույլ տալը, եթե դրանք չեն ազդում շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության վրա, վտանգ չեն պարունակում մարդկանց և (կամ) շրջակա միջավայրի համար և կարող են վերացվել` առանց դադարեցնելու ընդհանուր շինարարական աշխատանքները`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք կարող են ազդել շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության վրա, վտանգ են պարունակում մարդկանց և (կամ) շրջակա միջավայրի համար և չեն կարող վերացվել` առանց դադարեցնելու ընդհանուր շինարարական աշխատանքները`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, և քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցում:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, և քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության դադարեցում:
Հոդված 13. |
Շինարարությունում տեխնիկական վթարների մասին տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինական պետական տեսչությանը քառասունութ ժամվա ընթացքում տեղյակ չպահելը |
Շինարարությունում տեխնիկական վթարների մասին տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինական պետական տեսչությանը քառասունութ ժամվա ընթացքում լիազորված մարմնի սահմանած կարգով տեղյակ չպահելը`
առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 14. |
Սույն օրենքի վերաբերյալ գործերի ենթակայությունը |
Սույն օրենքով նախատեսված խախտումներն արձանագրում և տուգանքներ է նշանակում քաղաքաշինական պետական տեսչությունը: Խախտման վերաբերյալ արձանագրությունները քննում են և տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներն ընդունում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների պետերը` ըստ դրանց կատարման վայրի:
Տույժ նշանակելու վերաբերյալ որոշումները հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության պետը:
Լիցենզիայի գործողության դադարեցման վերաբերյալ որոշումն ընդունում է լիցենզավորող մարմինը` քաղաքաշինական պետական տեսչության միջնորդագրի հիման վրա:
Հոդված 15. |
Խախտման վերաբերյալ արձանագրությունը և դրա բովանդակությունը |
Խախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը կազմում են քաղաքաշինական պետական տեսուչները` երեք օրինակից:
Խախտման վերաբերյալ արձանագրությունում նշվում են`
- արձանագրությունը կազմելու ամիսը, ամսաթիվը և տեղը.
- արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.
- տեղեկություններ` խախտում թույլ տված իրավաբանական անձի մասին (հասցեն, անվանումը, ղեկավարի կամ նրա լիազորած անձի անունը, ազգանունը).
- խախտումը կատարելու տեղը, ժամանակը և բնույթը.
- գործի քննության ժամկետները.
- խախտման վերաբերյալ իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա լիազորած անձի բացատրությունը.
- գործի քննության համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Արձանագրությունն ստորագրում են այն կազմող անձը և խախտում կատարած իրավաբանական անձի ղեկավարը կամ նրա լիազորած անձը, որին ստորագրությամբ հանձնվում է արձանագրության մեկ օրինակը:
Եթե խախտում կատարած իրավաբանական անձի ղեկավարը կամ նրա լիազորած անձը չեն ստորագրում արձանագրությունը, ապա այդ մասին արձանագրությունում նշում է կատարում այն կազմող անձը:
Խախտում կատարած իրավաբանական անձի ղեկավարը կամ նրա լիազորած անձն իրավունք ունի ներկայացնել արձանագրությանը կից լրացուցիչ բացատրություններ և դիտողություններ, ինչպես նաև շարադրել արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու իր շարժառիթները:
Արձանագրությունն ստորագրելուց և այն ստանալուց հրաժարվելն իրավաբանական անձին չի ազատում սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից:
Արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում այն իրավաբանական անձին ուղարկվում է փոստով:
Հոդված 16. |
Խախտման համար պատասխանատվության ենթարկվող իրավաբանական անձի իրավունքները |
Պատասխանատվության ենթարկվող իրավաբանական անձի ղեկավարը կամ նրա լիազորած անձն իրավունք ունի ծանոթանալ գործի նյութերին, բացատրություններ տալ և ապացույցներ ներկայացնել:
Խախտման մասին գործը քննվում է պատասխանատվության ենթարկվող իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա լիազորած անձի մասնակցությամբ: Նրանց չներկայանալու դեպքում գործը քննում և որոշում է ընդունում քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման պետը:
Հոդված 17. |
Խախտումների վերաբերյալ գործերի քննության ժամկետները |
Խախտումների վերաբերյալ գործերը քննվում են խախտման մասին արձանագրությունը կազմելու օրվանից ոչ ուշ, քան տասն օր հետո` հնգօրյա ժամկետում:
Հոդված 18. |
Խախտման վերաբերյալ որոշումը |
Քննելով խախտման վերաբերյալ գործը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման պետն ընդունում է որոշում:
Որոշման մեջ պետք է նշվեն`
- որոշումն ընդունած մարմնի անվանումը.
- գործը քննող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.
- խախտում կատարած իրավաբանական անձի անվանումը.
- գործի քննության ամիսը, ամսաթիվը, տեղը.
- գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը.
- տվյալ խախտման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը.
- գործի վերաբերյալ եզրահանգումը:
Որոշումն ստորագրում է գործը քննող պաշտոնատար անձը, և հաստատում է քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը:
Հոդված 19. |
Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը |
Քաղաքաշինական պետական տեսչության պետը խախտում կատարած իրավաբանական անձի լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում լիցենզավորող մարմին` սույն օրենքի 7 հոդվածի, 10 և 12 հոդվածների երրորդ մասերով նախատեսված խախտումների համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը հաստատելուց հետո` հնգօրյա ժամկետում:
Միջնորդագրին կցվում են խախտման վերաբերյալ արձանագրության և տուգանք նշանակելու մասին որոշումների պատճենները:
Լիցենզավորող մարմինը, միջնորդագիրն ստանալուց հետո, տասնհինգօրյա ժամկետում քննում է այն և ընդունում որոշում` լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կամ միջնորդագիրը մերժելու մասին:
Միջնորդագիրը քննվում է խախտում կատարած իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա լիազորած անձի ներկայությամբ` քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի սահմանած ընթացակարգով:
Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կամ միջնորդագիրը մերժելու մասին որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
Հոդված 20. |
Գործի վերաբերյալ որոշման հանձնումը |
Գործի վերաբերյալ որոշումը երեք օրվա ընթացքում հանձնվում կամ ուղարկվում է իրավաբանական անձի ղեկավարին (պատասխանատու անձին): Որոշումը հանձնվում է ստորագրությամբ: Եթե որոշումն ուղարկվում է, ապա այդ մասին համապատասխան նշում է կատարվում գրանցման մատյանում:
Հոդված 21. |
Որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը |
Տուգանք նշանակելու մասին որոշումը ճիշտ և ժամանակին կատարելու համար վերահսկողությունը դրվում է որոշումն ընդունած մարմնի վրա` մինչև սահմանված կարգով դատարան դիմելը:
Հոդված 22. |
Տուգանք նշանակելու մասին որոշման կատարումը |
Տուգանքը վճարած իրավաբանական անձը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչություն կամ տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանում է ներկայացնում տուգանքի վճարման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, որը կցվում է որոշմանը:
Հոդված 23. |
Տուգանքների վճարման համար պատասխանատվությունը |
Նշանակված տուգանքներն իրավաբանական անձանց կողմից մեկամսյա ժամկետում չվճարելու դեպքում տուգանքների գանձումն իրականացվում է դատական կարգով:
Հոդված 24. |
Քաղաքաշինական պետական տեսչության կողմից նշանակվող տուգանքների բաշխման կարգը |
Սույն օրենքով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված տուգանքները գանձվում և փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Յուրաքանչյուր տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվում է քաղաքաշինական պետական տեսչության աշխատողների նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդ` նախորդ բյուջետային տարում պետական բյուջե գանձած տուգանքների ընդհանուր գումարի 30 տոկոսի չափով: Նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի օգտագործման կարգը որոշում է քաղաքաշինական պետական տեսչությունը` համաձայնեցնելով վերադաս պետական կառավարման մարմնի հետ:
Հոդված 25. |
Տուգանք նշանակելու մասին որոշումների բողոքարկումը |
Սույն օրենքով տուգանք նշանակելու մասին որոշումները բողոքարկվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Դատարանի կողմից տուգանքի գանձումն անհիմն ճանաչելու վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան իրավաբանական անձին է վերադարձնում պետական բյուջե վճարված տուգանքի գումարը` դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|