Գլխավոր տեղեկություն
Համար
N 803-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 26.05.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2020 թվականի N 803-Լ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-570-15.04.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 23

Երևան

 

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-570-15.04.2020-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նախատեսվում է Օրենքի 14-րդ հոդվածը «սահմանային» բառից հետո լրացնել «ավտոտրանսպորտային» բառով, որի արդյունքում ստացվում է Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի հետևյալ ձևակերպումը. «Պետական սահմանը հատող անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռներն ու այլ գույքը ենթակա են սահմանային, ավտոտրանսպորտային, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական վերահսկողության և մաքսային հսկողության:»:

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել նոր մասով, ըստ որի՝ «Պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ պետական սահմանին վերահսկողություն իրականացնելու լիազորությունից անհիմն զրկվել է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, մինչդեռ տեսչական մարմնի լիազորությունները լիարժեք և ամբողջ ծավալով իրականացնելու համար անհրաժեշտ է, որ տեսչական մարմինը պետական սահմանին նույնպես իրականացնի ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն, իսկ դրա համար էլ անհրաժեշտ է, որպեսզի առանձնացվեն տարածք և շինություն տվյալ վերահսկողության իրականացման համար:

Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ 2018 թվականի մարտի 23-ին ընդունվել են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Տեսչական մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, որոնց համաձայն՝ տեսչական մարմինները սահմանվել են որպես կառավարությանը ենթակա մարմիններ: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում են տեսչական մարմինները, այդ թվում՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որի ստեղծումից հետո դադարել են գործել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տրանսպորտային պետական տեսչությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի պետական տեսչությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչությունը, և դրանց կողմից վերահսկվող բնագավառների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությունը վերապահվել է հիշյալ տեսչական մարմնին: Արդյունքում, անհամապատասխանություններ են առաջացել նշված բնագավառներում վերահսկողությունը սահմանող օրենքներում՝ կապված բնագավառում քաղաքականություն իրականացնող մարմինների և վերահսկողություն իրականացնող մարմնի լիազորությունների սահմանազատման հետ: Այդ առումով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակված նախագծերի փաթեթ, որում ներառված օրենքներում նախատեսվում է կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համապատասխան մարմինների և/կամ դրանց ղեկավարների լիազորությունները հստակեցնելու նպատակով՝ ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին վերապահելով վերահսկողական բնույթի լիազորությունները: Հիշյալ նախագծերի փաթեթում ներառված է նաև «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում են Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերաբերյալ դրույթներ, ինչպես նաև հստակեցվում են վերջինիս լիազորությունները:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝

1) իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ.

2) կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ տրանսպորտի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման համար.

3) կատարում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 730-Լ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը, որի 11-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ տեսչական մարմինը տրանսպորտի բնագավառում իրականացնում է հետևյալ լիազորությունները՝

1) տրանսպորտի ոլորտի նորմատիվ իրավական ակտերի կատարման վերահսկողության իրականացում.

2) իր իրավասության սահմաններում իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.

3) երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի հետ կապված տեխնիկական միջոցների շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում տեխնիկական վերահսկողության իրականացում, այդ թվում նաև` տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի ծառայողական քննություն և հաշվառում.

4) երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում բնապահպանական անվտանգության, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխատեսման և վերացման, երկաթուղային տրանսպորտի գործունեության հետ կապված այլ տեխնիկական միջոցների շահագործման պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության իրականացում.

5) երկաթուղային տրանսպորտում անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացում.

6) երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպություններում երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության պահանջների պահպանության, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, երկաթուղային շարժակազմի ու բեռնարկղերի տեխնիկական վիճակի, ինչպես նաև բեռնատար վագոնների ու բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքների կատարման ստուգում:

Հետևապես, հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծում հստակեցման կարիք ունի, թե պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային օրենսդրության կոնկրետ որ պահանջների պահպանման նկատմամբ է իրականացվելու ավտոտրանսպորտային վերահսկողություն, քանի որ «ավտոտրանսպորտային օրենսդրությունը» շատ ավելի լայն հասկացություն է: Այդ առումով նախագծում հստակեցման կարիք ունեն նաև պետական սահմանի անցման կետերում «ավտոտրանսպորտային օրենսդրության» պահանջների խախտման համար պատասխանատվության միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը:

Բացի այդ, բավարար չափով հիմնավորված չէ նախագծի ընդունման նպատակը, քանի որ նախագծի հիմնավորման մեջ ներկայացված չեն կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը, կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը և այլն, ինչը հնարավորություն կտա լիարժեք կերպով գնահատելու նախագծով առաջարկվող կարգավորումները: Այդ առումով նախագծի ընդունման հիմնավորումն անհրաժեշտ է լրամշակել և ներկայացնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան, քանի որ հիմնավորման միջոցով նախագիծը մշակող պետական մարմինը պարզաբանում է իրավական ակտի ընդունման նպատակը, կարգավորման անհրաժեշտությունը, կարգավորման համար ընտրված եղանակի նպատակահարմարությունը, պարզաբանում է նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթն ու նպատակը, իրավական ակտի ընդունմամբ ակնկալվող արդյունքները: Նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորմանն առավել խիստ բովանդակային պահանջներ են առաջադրվում, մասնավորապես օրենքների պարագայում` հաշվի առնելով դրանցով կարգավորվող հասարակական հարաբերությունների բնույթը և այդ ակտերի տեղն իրավական ակտերի համակարգում: Նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորման բովանդակության մեջ պետք է նկարագրվեն գործող օրենսդրական դաշտը, առկա իրավական կարգավորումները, կարգավորման ենթակա հարաբերությունների ոլորտում գործնականում առկա խնդիրները, հնարավոր օրենսդրական բացերը, տվյալ բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունը:

Միաժամանակ Նախագծի ընդունումը նպատակահարմար չէ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել Հայաստանի Հանրապետության սահմանի անցման կետերում գործող պետական կառավարման մարմինների միջև փոխգործակցությունն իրականացնել եվրոպական չափանիշներով, որոնց համաձայն պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային վերահսկողության գործառույթ սահմանված չէ:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային վերահսկողության գործառույթների իրականացման համար պայմաններ ստեղծելով կխաթարվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի տեխնոլոգիական սխեման, ռեժիմը, լիազոր մարմինների գործառույթները, ինչպես նաև «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով նախատեսված ներդաշնակությունը:

Միաժամանակ, տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերում գործառույթների իրականացումը կգերազանցի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 702-Ն որոշման 3-րդ հավելվածի 9-րդ կետով սահմանված հոսքուղիներում գտնվող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև առանց իջեցման անձանց նկատմամբ սահմանային, սանիտարական-կարանտինային, անասնաբուժասանիտարական, բուսասանիտարական վերահսկողությունների և մաքսային հսկողության վրա ծախսվող ժամանակը:

Նախագիծն ունի լրացուցիչ քննարկման կարիք, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ներկայումս իրականացվում են համապատասխան աշխատանքներ՝ պետական սահմանային հսկողություն իրականացնող մարմինների աշխատանքները կոորդինացնելու ուղղությամբ՝ սահմանների համալիր կառավարման, այդ թվում՝ պետական սահմանի անցման կետերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» հայեցակարգի շրջանակներում, ինչը ենթադրում է սահմանահատման գործընթացի պարզեցում և դյուրինացում, ինչպես նաև մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատում, այդ թվում՝ տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային հարթակի ստեղծման ճանապարհով: Հետևաբար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում շուրջօրյա հերթափոխային աշխատանքային ռեժիմով վերահսկողական գործառույթների իրականացման լիազորություն վերապահելու իրավասությունն օրենսդրորեն ամրագրելու հարցը նպատակահարմար ենք գտնում քննարկել նշված հայեցակարգի ամրագրմանն ուղղված գործողությունների ծրագրի շրջանակներում:

Միաժամանակ, հայտնում ենք, որ ներկա պահին իրականացվում են պետական սահմանի անցման կետերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական ներդրման ուղղությամբ աշխատանքներ, որոնց շրջանակներում քննարկվում է նաև սահմանային գերատեսչությունների թվաքանակի կրճատման հարցը՝ լիազորությունների պատվիրակման սկզբունքով, ինչից ելնելով սահմանին խնդրո առարկա հսկողության իրականացման անհրաժեշտության դեպքում, հարցը կարող է կարգավորել համապատասխան լիազորությունը ներկայումս սահմանային հսկողություն իրականացնող որևէ գերատեսչությանը պատվիրակելու միջոցով:

Հիմք ընդունելով վերոգրյալ հիմնավորումները, առաջարկում ենք ձեռնպահ մնալ օրենքում առաջարկվող փոփոխություններից:

Նախագծի ընդունմամբ կարիք կառաջանա լրացումներ և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» N 702-Ն որոշման մեջ: