Գլխավոր տեղեկություն
Համար
N 418-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.05.2020-10.09.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 31.03.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2020 թվականի N 418-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՀՐԱՏԱՊ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառումը հաստատելու մասին» 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ մինչև 2020 թվականի ապրիլի 3-ը ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված շահառուների ցանկի ձևավորումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մեկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող միջոցառումների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. մարտի 31

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 31-ի N 418-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հրատապ դրամական աջակցություն նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Հրատապ դրամական աջակցությունը նշանակվում է 2006 թվականի ապրիլի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխա խնամող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողին (ծնողներին), եթե 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում՝

1) երեխայի երկու ծնողներն ազատվել են աշխատանքից (լուծվել է երեխայի երկու ծնողների հետ կնքված աշխատանքային պայմանագիրը), կամ.

2) երեխայի ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից (լուծվել է երեխայի ծնողներից մեկի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը), իսկ մյուս ծնողը 2020 թվականի մարտի 25-ի դրությամբ չի աշխատում, կամ զրկված է ծնողական իրավունքներից, կամ մահացած է, կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ կորած, կամ.

3) միայնակ մայրն ազատվել է աշխատանքից:

(2-րդ կետը լրաց. 18.05.20 N 759-Լ)

3. Հրատապ դրամական աջակցությունը չի նշանակվում, եթե՝

1) աշխատանքից ազատված ծնողի (սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում՝ ծնողներից մեկի) համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը (միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է ծնողի համար հունվար և փետրվար ամիսներին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը երկուսի բաժանելու միջոցով).

2) ծնողը (սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում՝ ծնողներից մեկը) 2020 թվականի մարտի 25-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա.

3) աշխատանքից ազատված ծնողը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո), և գործունեությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ որոշման և սույն կարգի իմաստով քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձը չի համարվում վարձու աշխատող (քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը և մատուցվող ծառայությունը չի համարվում աշխատանք), իսկ այդ պայմանագրի հիման վրա ստացած եկամուտը՝ աշխատավարձում և դրան հավասարեցված այլ վճարումներում չի հաշվառվում։

(3-րդ կետը խմբ., լրաց. 14.04.20 N 555-Լ, լրաց. 18.05.20 N 759-Լ)

4. Հրատապ դրամական աջակցության չափը հաշվարկվում է 100 000 դրամի չափով 2006 թվականի ապրիլի 1-ին կամ դրանից հետո ծնված՝ ծնողի խնամքին գտնվող յուրաքանչյուր երեխայի համար՝ 100 000 դրամը բազմապատկելով այդ երեխաների թվով:

5. Հրատապ դրամական աջակցությունը նշանակում և վճարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն)՝ Պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների հիման վրա։

6. Պետական եկամուտների կոմիտեն, հիմք ընդունելով «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալները և սույն կարգի 2-րդ ու 3-րդ կետերի դրույթները, ձևավորում է շահառուների ցանկ։ Սույն կարգի իմաստով աշխատանքից ազատվելու կամ աշխատանք չունենալու փաստը հաստատվում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանում 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ առկա տվյալների միջոցով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Պետական եկամուտների կոմիտե ներկայացված աշխատանքից ազատման վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:

(6-րդ կետը լրաց. 18.05.20 N 759-Լ)

7. Շահառուների ցանկում ներառվում են՝

1) երեխայի հոր և մոր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը,

2) սույն կարգի 2-րդ կետում նշված երեխայի (երեխաների) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը,

3) եթե երեխայի ծնողներից մեկը զրկված է ծնողական իրավունքներից, կամ մահացած է, կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ կորած, ապա նշում այդ մասին,

4) երեխայի ծնողներից մեկի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)։

Աշխատանքից ազատված ծնողը շահառուների ցանկում ներառվում է նաև այն դեպքում, երբ նրա համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ չի հաշվարկվել։

(7-րդ կետը լրաց. 14.04.20 N 555-Լ)

8. Շահառուների ցանկը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգով էլեկտրոնային եղանակով տրամադրվում է Ծառայությանը։

9. Ծառայությունը Պետական եկամուտների կոմիտեից շահառուների ցանկը ստանալուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է վճարման ցուցակներ՝ ըստ բանկերի։

10. Վճարման ցուցակում ներառվում են՝

1) բանկի անվանումը,

2) երեխայի հոր և մոր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, եթե նպաստը նշանակվել է սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա,

3) երեխայի ծնողի (միայնակ մոր) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, եթե նպաստը նշանակվել է սույն կարգի 2-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետի հիման վրա,

4) վճարման ենթակա գումարը։

11. Հրատապ դրամական աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1.1-ին ենթակետով երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու համար սահմանված կարգով՝ այդ հավելվածի 18-րդ կետում նշված համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր) կնքած բանկերի միջոցով։ Ընդ որում, եթե Հրատապ դրամական աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում անձը բանկին չի ներկայացնում Հրատապ դրամական աջակցության գումարը ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

(11-րդ կետը փոփ. 14.04.20 N 555-Լ)

12. (կետն ուժը կորցրել է 14.04.20 N 555-Լ)

13. Վճարման ցուցակում բանկի ընտրությունը կատարվում է պատահականության սկզբունքով՝ բոլոր շահառուներին հավասարապես բաշխելով Համաձայնագիր կնքած բանկերի միջև, բացառությամբ այն դեպքի, երբ շահառուն սույն կարգի 11-րդ կետով նախատեսված կարգով ներկայացրել է գումարը Համաձայնագիր կնքած այլ բանկի միջոցով վճարելու դիմում։

14. Վճարման ցուցակը բանկին փոխանցելու օրվան հաջորդող օրվանից շահառուն, online.ssa.am կայքէջում մուտքագրելով հանրային ծառայությունների համարանիշը կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, տեղեկանում է վճարման ցուցակում ներառված լինելու կամ չլինելու վերաբերյալ։

(14-րդ կետը խմբ. 14.04.20 N 555-Լ)

15. Հրատապ դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

16. Հրատապ դրամական աջակցության գումարը ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում, ինչպես նաև եկամտային հարկով հարկման բազայում չի ներառվում։

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 14.04.20 N 555-Լ, լրաց. 18.05.20 N 759-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.09.2020, N 1464-Լ 10.09.2020, N 418-Լ
18.05.2020, N 759-Լ 21.05.2020, N 418-Լ
14.04.2020, N 555-Լ 17.04.2020, N 418-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան