Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-161
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (04.01.1998-21.04.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.26/4.1
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.11.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.10.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
17 նոյեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդը

 

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդը հայ ժողովրդի հոգևոր, հասարակական, քաղաքական, սոցիալական, տնտեսական նշանակություն և գիտապատմական արժեք ունեցող փաստաթղթերի ամբողջությունն է` անկախ դրանց ծագման եղանակից, ժամանակից, վայրից և սեփականության ձևից:

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդը հայ ժողովրդի հոգևոր ժառանգության մասն է, պատմության և մշակույթի հուշարձան, որը պաշտպանվում է օրենքով:

 

Հոդված 2.

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին օրենսդրությունը

 

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:

 

Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ա) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթեր` հայ ժողովրդի հոգևոր, հասարակական, քաղաքական, սոցիալական, տնտեսական նշանակություն և գիտապատմական արժեք ունեցող տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսակինոժապավեններ, լուսանկարներ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ:

բ) Անձնական ծագման փաստաթուղթ` ֆիզիկական անձի ստեղծած փաստաթուղթ, որը որպես կանոն, պաշտոնական բնույթ չունի:

գ) Արխիվ` առանձին հիմնարկ և (կամ) պետական կառավարման հանրապետական և տարածքային, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է փաստաթղթերի ընդունումը, պահպանությունը և օգտագործումը:

դ) Պետական արխիվ` Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի մշտական պահպանությունն իրականացնող և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի անմիջական ենթակայությամբ գործող գիտական հաստատություն:

ե) Գերատեսչական արխիվ` Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի ժամանակավոր պահպանությունն իրականացնող և պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմնի, ինչպես նաև պետական ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության անմիջական ենթակայությամբ գործող արխիվ:

զ) Ոչ պետական արխիվ` Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնող արխիվ:

է) Արխիվային ֆոնդ` Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի հաշվառման և (կամ) դասակարգման միավոր, որը կազմում է պետական պահպանության ընդունված պատմականորեն և (կամ) տրամաբանորեն միմյանց հետ կապված փաստաթղթերի ամբողջություն:

ը) Արխիվների համալրման աղբյուրներ` պետական կամ գերատեսչական արխիվներին փաստաթղթեր հանձնող պետական կառավարման հանրապետական և տարածքային, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ, ձեռնարկություններ, հիմնարկներ և կազմակերպություններ կամ ֆիզիկական անձինք:

թ) Փորձագիտական հանձնաժողով` հանձնաժողով, որն իրականացնում է փաստաթղթերի արժեքավորումը` դրանց պետական պահպանության հանձնելու կամ դրանց պահպանության ժամկետները որոշելու նպատակով:

ժ) Փաստաթղթերի կարգավորում` փաստաթղթերի հետ տարվող գիտական աշխատանքների ամբողջություն, որն ավարտվում է գործերի ցուցակ կազմելով:

ժա) Մասնագիտական խումբ` փաստաթղթեր կարգավորող արխիվագետների խումբ:

 

Հոդված 4.

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմը և փաստաթղթերի սեփականության ձևը

 

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդը կազմվում է պետական և ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերից:

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականությունն են`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, սահմանադրական դատարանի,

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի,

գ) պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների,

դ) դատական և դատախազական մարմինների,

ե) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների և նոտարիատի, անշարժ գույքի պետական կադաստր վարող մարմինների, զորամասերի և զորամիավորումների, զինվորական կոմիսարիատների, ռազմաուսումնական հաստատությունների,

զ) պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների,

է) գիտության, մշակույթի և կրթության պետական հաստատությունների,

ը) զանգվածային լրատվության պետական միջոցների և պետական հրատարակչությունների,

թ) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական, հյուպատոսական, առևտրական և այլ ներկայացուցչությունների գործունեությամբ առաջացած փաստաթղթերը,

ինչպես նաև`

ժ) սահմանված կարգով պետությանն որպես սեփականություն հանձնված` Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերը:

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականությունն են` կուսակցությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, արհմիությունների, հասարակական, կրոնական, մշակութային և այլ կազմակերպությունների, ոչ պետական ձեռնարկությունների ու հիմնարկների, անձնական ծագման և (կամ) ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող փաստաթղթերը:

Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների լուծարման և (կամ) սեփականաշնորհման դեպքում` դրանք Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող և սահմանված կարգով Հայաստանի ազգային արխիվային ֆոնդին դասված փաստաթղթերը պարտավոր են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հանձնել պետական արխիվներին:

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օտարումն արգելվում է:

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերն օտարելիս պետությունն այն գնելու առաջնային իրավունք ունի:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 5.

Արխիվային գործի կառավարումը

 

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության, հաշվառման, համալրման և օգտագործման աշխատանքների պետական կառավարումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված Հայաստանի Հանրապետությունում գործավարության կարգի նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետև` լիազորված մարմին):

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության ու հաշվառման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Լիազորված մարմնի իրավասությունը սահմանվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

Արխիվային գործի կառավարումն իրականացնում է լիազորված մարմինը` պետական և գերատեսչական արխիվների միջոցով:

Պետական արխիվների համակարգը միասնական է: Արգելվում է պետական արխիվների հանձնումը և այլ նախարարությունների և գերատեսչությունների ենթակայությանը:

 

Հոդված 6.

Արխիվների պետական գրանցումը և արտոնագրումը

 

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնող պետական և գերատեսչական արխիվները ենթակա են պետական գրանցման` լիազորված մարմնի կողմից:

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնող ոչ պետական արխիվները ենթակա են արտոնագրման` լիազորված մարմնի կողմից:

Արխիվների պետական գրանցման և արտոնագրման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սահմանված կարգով չգրանցված և չարտոնագրված արխիվների գործունեությունն արգելվում է:

Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող արխիվային փաստաթղթերի և հավաքածուների վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 7.

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պահպանության ապահովումը

 

Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները պարտավոր են ապահովել Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի` իրենց սեփականությունը հանդիսացող փաստաթղթերի պահպանությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության համար ապահովում է անհրաժեշտ պայմաններ:

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության կարգը սահմանում է լիազորված մարմինը:

Արգելվում է պետական և գերատեսչական արխիվների տեղաբաշխումը Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պահպանության պահանջները չբավարարող շինություններում, ինչպես նաև վտանգահարույց օբյեկտների անմիջական հարևանությամբ:

 

Հոդված 8.

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի հատկապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերը

 

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի հատկապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթեր են հանդիսանում պատմամշակութային հատուկ արժեք ունեցող փաստաթղթերը:

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը հատկապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հատկապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերի ապահովագրական պատճենների ստեղծումն ու բնագրերից դրանց առանձնացված պահպանությունը պարտադիր է:

Հատկապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերը սեփականության իրավունքով պահպանող անձինք պետական արխիվներին հնարավորություն են ընձեռում ստեղծել այդ փաստաթղթերի ապահովագրական պատճենները` հետագայում դրանք սեփականատիրոջ թույլտվությամբ օգտագործելու իրավունքով:

 

Հոդված 9.

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի մշտական պահպանությունը

 

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի մշտական պահպանությունն իրականացնում են պետական արխիվները:

Պետական արխիվների համակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 10.

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի ժամանակավոր պահպանությունը

 

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերը, մինչև պետական արխիվների մշտական պահպանության հանձնելը, ժամանակավորապես պահպանվում են գերատեսչական արխիվներում:

Գերատեսչական արխիվներն ապահովվում են փաստաթղթերի պահպանության համար անհրաժեշտ տարածքով:

Գերատեսչական արխիվներում Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պահպանության համար անհրաժեշտ պայմաններ չապահովելու, այդ թվում` տարածք չունենալու դեպքում, դրանք կարող են սահմանված կարգով ի պահ հանձնվել պետական արխիվներին:

Պետական և ոչ պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ինչպես նաև ֆիզիկական անձինք` սահմանված կարգով կարող են պետական, ինչպես նաև գերատեսչական արխիվներին ի պահ հանձնել իրենց պատկանող փաստաթղթերը:

Կուսակցությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, արհմիությունները, հասարակական, կրոնական, մշակութային և այլ կազմակերպությունները, ոչ պետական ձեռնարկություններն ու հիմնարկներն ինքնուրույն են որոշում սեփականության իրավունքով իրենց պատկանող փաստաթղթերի պահպանության ձևը:

 

Հոդված 11.

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը գերատեսչական արխիվներում ժամանակավոր պահպանելու ժամկետները

 

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերը գերատեսչական արխիվներում ժամանակավոր պահպանելու առավելագույն ժամկետներն են`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, սահմանադրական դատարանի, պետական կառավարման հանրապետական և տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների` պետական արխիվների համալրման աղբյուր հանդիսացող փաստաթղթերի համար` 10 տարի.

բ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, նոտարիատի, անշարժ գույքի պետական կադաստր վարող մարմինների, դատական և դատախազական մարմինների փաստաթղթերի համար` 75 տարի.

գ) գիտատեխնիկական բնույթի փաստաթղթերի համար` մինչև գործնական անհրաժեշտությունը կորցնելը , բայց 10 տարուց ոչ ավելի.

դ) ձայնագրությունների, տեսագրությունների, կինոժապավենների և դրանց տեքստային փաստաթղթերի, լուսանկարների, լուսանկարչական ժապավենների և էլեկտրոնային փաստաթղթերի համար` 3 տարի.

ե) պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի համար, դրանց սահմանված կարգով գաղտնազերծումից հետո` 3 ամիս:

Սույն հոդվածում նշված ժամկետները հաշվվում են փաստաթղթերը գործավարությամբ ավարտելու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից:

 

Հոդված 12.

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի հանձնումը մշտական պահպանության

 

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի ժամանակավոր պահպանության ժամկետները լրանալիս, կարգավորված վիճակով և գիտատեղեկատու փաստաթղթերով տեղափոխվում և հանձնվում են մշտական պահպանության:

 

Հոդված 13.

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի դասակարգումը

 

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի գիտական կազմակերպման հիմքում ընկած է դրանց դասակարգումը, որի կարգը որոշում է լիազորված մարմինը: Փաստաթղթերի դասակարգման և հաշվառման հիմնական միավորը արխիվային ֆոնդն է, որը ենթակա չէ տրոհման:

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը մեկ պետական արխիվից մյուսը տեղափոխելն իրականացվում է փաստաթղթերի դասակարգման կարգի համաձայն:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հոդված 14.

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պետական հաշվառումը

 

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը ենթակա են պետական հաշվառման` լիազորված մարմնի կողմից: Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պետական հաշվառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

 

Հոդված 15.

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի համալրման աղբյուրները

 

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդը համալրում են սույն օրենքի 4 հոդվածում թվարկված մարմինները, պետական և ոչ պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ինչպես նաև ֆիզիկական անձինք` սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով գիտապատմական արժեք ներկայացնող փաստաթղթերը պետական կամ գերատեսչական արխիվներ հանձնելու և (կամ) օտարելու միջոցով:

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի համալրման աղբյուրների ցուցակները հաստատում է լիազորված մարմինը:

Պետությունը հատուկ հոգածություն է ցուցաբերում Հայաստանում և Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող և հայ ժողովրդի պատմությանը վերաբերող փաստաթղթերով Հայաստանի ազգային արխիվային ֆոնդը համալրելու նկատմամբ և ֆինանսավորում է այդ փաստաթղթերի որոնման, հայտնաբերման, հաշվառման և ձեռքբերման աշխատանքները:

 

Հոդված 16.

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմում փաստաթղթերը ընդգրկելու կարգը

 

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմում փաստաթղթերն ընդգրկվում են փորձագիտական արժեքավորման միջոցով:

Փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման սկզբունքները և չափանիշները, ըստ տեսակների պահպանության ժամկետների նշումով ցանկը և Հայաստանի ազգային արխիվային ֆոնդում ընդգրկելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կուսակցությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, արհմիությունները, հասարակական, կրոնական, մշակութային և այլ կազմակերպությունները, ոչ պետական ձեռնարկությունները, հիմնարկները, ինչպես նաև ֆիզիկական անձինք սահմանված կարգով կարող են օգտվել պետական արխիվներին կից գործող մասնագիտական խմբերի և փորձագիտական հանձնաժողովների ծառայություններից` փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման և Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմում դրանք ընդգրկելու աշխատանքներն իրականացնելու նպատակով:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 17.

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի օգտագործումը

 

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերն օգտագործվում են քաղաքական, տնտեսական, սոցիալական, գիտական, մշակութային, ստեղծագործական, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև օրենքով չարգելված ցանկացած այլ նպատակով:

 

Հոդված 18.

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործման կարգը

 

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործումը մատչելի է փաստաթղթերը ժամանակավոր կամ մշտական պահպանության հանձնելու օրվանից:

Պետական և գերատեսչական արխիվներին հանձնված փաստաթղթերն օգտագործման են տրվում առանց սահմանափակումների, եթե դրանք պետական և ծառայողական գաղտնիք չեն պարունակում:

Պետական և գերատեսչական արխիվները պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ փաստաթղթերի օգտագործումը:

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործման և հրապարակման ընդհանուր կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող պետական և գերատեսչական արխիվներում պահպանվող փաստաթղթերի օգտագործումն անվճար է:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հոդված 19.

Պատասխանատվությունը Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին օրենսդրության խախտումների համար

 

Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը փչացնելու, ոչնչացնելու, հափշտակելու, կորցնելու, թաքցնելու, անփույթ պահպանելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանելու, ինչպես նաև այդ փաստաթղթերում պարունակվող պետական և ծառայողական գաղտնիքը հրապարակելու դեպքերում, պաշտոնատար անձինք և քաղաքացիները կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Հոդված 20.

Միջազգային պայմանագրերը

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 21.

Անցումային դրույթ

 

Հայաստանի պետական արխիվին են հանձնվում բռնադատվածների վերաբերյալ խորհրդային իշխանության 1917-1987 թվականների ժամանակաշրջանի բոլոր փաստաթղթերը: Այդ փաստաթղթերի օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 22.

Եզրափակիչ դրույթ

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
12 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-161

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.06.2004, ՀՕ-88-Ն 14.10.2004, ՀՕ-161
05.03.2001, ՀՕ-151 21.04.2001, ՀՕ-161
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան