ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2019 թվականի N 206-Ա
«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածով, 68-րդ հոդվածի 2-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետով և 25-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) (պետական գրանցման համարը՝ 286.210.07608):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝
1) կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին.
2) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.
3) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը.
4) կազմակերպության լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով ապահովել կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը:
(2-րդ կետը փոփ. 12.03.2020 N 270-Ա)
3. Սահմանել, որ՝
1) կազմակերպության լուծարումից հետո կազմակերպության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է պետական բյուջե.
2) կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 14 Երևան |