Գլխավոր տեղեկություն
Համար
N 263-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.03.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 14.03.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2020 թվականի N 263-Լ

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-461-01.02.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

     

2020 թ. մարտի 12

Երևան

   

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-461-01.02.2020-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

    

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է, ելնելով ընտանեկան պայմաններից, 6 ամիս ժամկետով տարկետում տրամադրել հայտարարված զորակոչին զորակոչի ենթակա այն քաղաքացուն, ում ընտանիքի անդամը մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում:

Նախագիծը ներկայացնելը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ընտանիքի անդամի մահվան դեպքում խախտվում է մարդու հոգեկան հավասարակշռությունը, և տարկետման տրամադրման նպատակն է ժամանակային առումով քաղաքացուն հնարավորություն տալ վերականգնելու այդ հավասարակշռությունը, այլ կերպ ասած՝ համակերպվել ընտանիքի անդամի կորստի փաստին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունելի ու հասկանալի է համարում առաջարկվող լրացումը, ուստի, սկզբունքային առարկություններ չունի նախագծի վերաբերյալ:

Միաժամանակ հայտնում ենք, որ կատարվող լրացման արդյունքում որոշակի անհավասարություն է առաջանալու պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի նկատմամբ, ում ընտանիքի անդամի մահվան դեպքում այդ զինծառայողին տրվում է 5 օրացուցային օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի: Բացի դրանից, առաջարկում ենք նախագիծն ամբողջացնել՝ համապատասխան լրացումներ կատարելով նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ (Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպումն ապահովող մարմինները) հոդվածում:

 Ելնելով շարադրվածից և հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները՝ առաջարկում ենք նախագծի հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 24-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից վեց ամիս ժամկետով տարկետում տրվում է այն քաղաքացուն, ում ընտանիքի անդամը (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր) մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում, և քաղաքացին գրավոր դիմել է իրեն տարկետում տրամադրելու համար:». 2) 4-րդ մասը «1-ին» բառից հետո լրացնել «, 1.1-ին» բառով:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետը «24-րդ հոդվածի 1-ին,» բառից հետո լրացնել «1.1-ին,» բառով.

2) 3-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը «1-ին» բառից հետո լրացնել «, 1.1-ին» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան