ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3194/02/17 Դատավորներ՝ Մ. Հարթենյան
Քաղաքացիական գործ
2019 թ.
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան
Ա. Խառատյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. հակոբյան | |
|
զեկուցող |
ս. Միքայելյան |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
|
|
Գ. հակոբյան |
|
|
Տ. Պետրոսյան |
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2019 թվականի դեկտեմբերի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ակումբ համալիր» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արտակ Քոչարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ «Ակումբ համալիր» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման, պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, հողամասը Երևան համայնքին վերադարձնելուն պարտավորեցնելու և որպես հետևանք` իրավունքի գրանցումը դադարեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Երևան համայնքը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 2.672.154 ՀՀ դրամ, որից 2.530.729 ՀՀ դրամը` 15.06.2017 թվականի դրությամբ հաշվարկված վարձավճարի պարտքի գումար, իսկ 141.425 ՀՀ դրամը` նույն ժամանակահատվածի համար հաշվարկված տույժի գումար, ինչպես նաև 15.06.2017 թվականից սկսված մինչև սույն գործով դատական ակտի կայացման օրվա դրությամբ առաջացող վարձավճարի և դրա ուշացման համար հաշվարկվող տույժի գումարը, լուծել Ընկերության հետ 08.12.2000 թվականին, 22.02.2002 թվականին, 29.12.2003 թվականին կնքված և նոտարական վավերացման ենթարկված պայմանագրերը` Երևան քաղաքի Հրազդանի կիրճում համապատասխանաբար 1850քմ, 200քմ և 2050քմ մակերեսներով հողամասերի վարձակալության վերաբերյալ և պարտավորեցնել Ընկերությանը նշված մակերեսներով տարածքներն ազատ վիճակում վերադարձնել Երևան համայնքին, ինչպես նաև վերացնել Ընկերության անվամբ կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումները:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 18.10.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.12.2018 թվականի որոշմամբ Դատարանի 18.10.2018 թվականի վճռի դեմ Ընկերության ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է` տրամադրելով ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:
Վերաքննիչ դատարանի 13.02.2019 թվականի որոշմամբ Դատարանի 18.10.2018 թվականի վճռի դեմ Ընկերության ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վերաքննիչ դատարանի 28.12.2018 թվականի որոշումը ստանալուց և վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումը վերացնելուց, այն է` պակաս մասով պետական տուրքը վճարելուց հետո, սահմանված ժամկետում կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք` սկզբնական ներկայացված փաստաթղթերի ամբողջ ցանկով և պետական տուրքի վճարման անդորրագրով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքը կրկին դատարան է ներկայացվել բովանդակային առումով նույնությամբ` 07.12.2018 թվականի դրոշմակնիքով, այսինքն` կրկին ներկայացվել է սկզբնական վերաքննիչ բողոքը` այն դատավարության մասնակիցներին ուղարկված լինելու փաստը հաստատող փոստային անդորրագրերով:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը հայցվորին ուղարկելու փաստը հաստատող որևէ ապացույց, իսկ բողոքին կցված փոստային անդորրագիրը վերաբերելի չէ 07.02.2019 թվականին կրկին ներկայացված բողոքին, հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոք բերած անձը վերացրել է բողոքում թույլ տված միակ խախտումը և վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետում կրկին ներկայացրել է դատարան: Հետևաբար կրկին ներկայացված նույն բովանդակությունն ունեցող բողոքի պատճենը կողմերին կրկին ուղարկելը չի բխում անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 13.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. այն դեպքում, երբ բողոքաբերի կողմից թույլ տրված խախտումը չի առնչվում բողոքի բովանդակությանը, արդյոք խախտումը շտկելուց հետո նոր բողոք ներկայացնելիս վերջինս պարտավոր է բողոքի պատճենները կրկին ուղարկել գործին մասնակցող անձանց:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին (մասնավորապես` Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը): Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Եվրոպական դատարանի կողմից արտահայտված մեկ այլ դիրքորոշման համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգը և պայմանները: Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են` (...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին [ի թիվս այլնի] կցվում են (...), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (…):
Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը: (…) (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):
Վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերի ցանկում ներառել է նաև վերաքննիչ բողոքը և դրան կից փատաթղթերի պատճենները` դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումը բխում է քաղաքացիական դատավարությունում գործող մրցակցության սկզբունքի էությունից և նպատակ է հետապնդում ապահովելու մյուս կողմի` իր գործը հավասար պայմաններում ներկայացնելու դատավարական ընթացակարգը: Այսպես, ստանալով վերաքննիչ բողոքը և ծանոթանալով դրա բովանդակությանը` գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր դատավարական իրավունքը: Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մաuնակցող այլ անձանց, և արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների պատշաճ իրականացումը:
ՀՀ սահմանադրական դատարանը, 24.09.2019 թվականի ՍԴՈ-1477 որոշմամբ անդրադառնալով վերաքննիչ բողոքը վերադարձնելու իրավական կարգավորումներին, արձանագրել է, որ «վերաքննիչ բողոքը վերադարձնելու ինստիտուտն ուղղված է բողոք բերող անձի` դատական ակտը բողոքարկելու միջոցով դատական պաշտպանության իրավունքի իրականացման համար արդյունավետ կառուցակարգի սահմանմանը և որևէ պարագայում ձևական բնույթի թերությունները չպետք է խոչընդոտեն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացմանը: Մյուս կողմից, կարևորելով դատավարական ընթացակարգերին հետևելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրականացման սահմանադրաիրավական պահանջը, օրենսդիրը սահմանել է դրույթ, համաձայն որի` վերադարձնելուց հետո կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։ Այսինքն` վերաքննիչ բողոքի վերադարձման ինստիտուտն ընդհանուր առմամբ ապահովում է բողոքի հետ կապված թերությունների վերացման և այդ ինստիտուտի չարաշահման անթույլատրելիության միջև պատշաճ հավասարակշռությունը»:
Միաժամանակ վերը նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարել շեշտել, որ «օրենսդրի նպատակը ոչ թե բողոք բերած անձին ծանրաբեռնելն է որևէ չարդարացված պարտականությամբ, այլ երաշխավորելը, որ գործին մասնակցող անձանց հասանելի լինի բողոքի բովանդակությունը, որը վերջիններիս հնարավորություն կտա արդյունավետորեն պաշտպանվել բողոքում ներկայացված պահանջներից, այսինքն` գործին մասնակցող անձինք հնարավորություն կունենան արդյունավետորեն իրականացնելու դատական պաշտպանության իրենց հիմնական իրավունքը»:
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքին, այն է` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները, ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ «վերոհիշյալ հիմքով (…) վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում սույն գործով վիճարկվող դրույթները չպետք է մեկնաբանվեն տառացի` զրկելով անձին վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրականացման հնարավորությունից: (…) կրկին ներկայացվող վերաքննիչ բողոքի հետ կապված կառուցակարգերը չպետք է անհարկի ծանրաբեռնեն անձանց: Այս առումով (…) կիրառելի է նաև Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1363 որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումը, համաձայն որի. «(…) երբ Վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները չեն առնչվի վճռաբեկ բողոքի տեքստին, նույն բողոքի պատճենն [իրավահարաբերության ծագման պահին գործող] օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են լինելու կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը: Այդ տեսանկյունից վերադարձնելուց հետո կրկին ներկայացված նույն տեքստն ունեցող բողոքի պատճենը կողմերին կրկին ուղարկելը չի բխում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` անձի` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից և չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ»:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դատարանի վճռի դեմ Ընկերության ներկայացուցիչը 05.12.2018 թվականին փոստային առաքման եղանակով ներկայացրել է վերաքննիչ բողոք: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է պետական տուրքի վճարման անդորրագիրը` 10.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև 05.12.2018 թվականի փոստային անդորրագրերը` բողոքը (բողոքի պատճենը) հայցվորին և Դատարանին ուղարկելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 94-101, 122):
Վերաքննիչ դատարանի 28.12.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցվել է սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց, իսկ պակաս վճարված մասով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ բողոք բերած անձի միջնորդությունը ենթակա չէ բավարարման, քանի որ բողոք բերած անձը չի ներկայացրել իր գույքային ծանր դրությունը հաստատող ապացույցները: Նշված որոշմամբ մերժվել է պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ բողոք բերած անձի միջնորդությունը և սահմանվել է տասնհինգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից վերաքննիչ բողոքի խախտումը վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 123-124):
Ընկերության ներկայացուցիչը սահմանված ժամկետում կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` դրան կցելով և՛ նախկինում ներկայացված` 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը, և՛ ևս 100.200 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը, ինչպես նաև 05.12.2018 թվականի փոստային անդորրագրերը` բողոքը (բողոքի պատճենը) հայցվորին և Դատարանին ուղարկելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 132-141):
Վերաքննիչ դատարանը, 13.02.2019 թվականի որոշմամբ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, Ընկերության ներկայացուցչի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձրել է` պատճառաբանելով, որ «(...) կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը հայցվորին ուղարկելու փաստը հաստատող որևէ ապացույց (ինչ վերաբերում է կրկին ներկայացված բողոքին կցված` «RR261149394AM» կոդը կրող և հայցվորին հասցեագրված թիվ 76 առաքանու փոստային անդորրագրին, ապա դրանով հավաստվում է միայն 05.12.2018թ. սկզբնապես ներկայացված բողոքը նույն օրը հայցվորին ուղարկված լինելու փաստը, և այն վերաբերելի չէ 07.02.2019թ. կրկին ներկայացված բողոքին), մինչդեռ սկզբնապես ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին 28.12.2018թ. որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ««բողոքը կրկին ներկայացնել» արտահայտությունը հարկ է ընկալել տառացի նշանակությամբ` այս հնարավորությունից օգտվելու ցանկության դեպքում բողոք բերած անձը կրկին պետք է ներկայացնի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող և դրանում նշված փաստաթղթերով ուղեկցվող վերաքննիչ բողոք (...)» (հատոր 1-ին, գ.թ. 182-183):
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Տվյալ դեպքում Ընկերության կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքի` Վերաքննիչ դատարանի 28.12.2018 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը չի առնչվել վերաքննիչ բողոքի տեքստին, մասնավորապես` վերաքննիչ բողոքը վերադարձվել է պետական տուրքը պակաս վճարված լինելու և պակաս վճարված մասով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ բողոք բերած անձի միջնորդությունը բավարարման ենթակա չլինելու հիմքով: Հետագայում, վերաքննիչ բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված ժամկետում վերացրել է վերը նշված խախտումը և կրկին ներկայացրել վերաքննիչ բողոք: Միաժամանակ, ի թիվս այլնի, կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքին կցել է նաև բողոքը (բողոքի պատճենը) հայցվորին և Դատարանին ուղարկելու վերաբերյալ 05.12.2018 թվականի փոստային անդորրագրերը:
Սույն գործում առկա ինչպես առաջին անգամ, այնպես էլ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանք նույնաբովանդակ են: Ավելին, սկզբնական բողոքի կապակցությամբ արձանագրված խախտումը չի առնչվել բողոքի բովանդակությանը և հետագայում վերաքննիչ բողոք բերած անձի կողմից վերացվել է: Ընդ որում, վերաքննիչ բողոք բերած անձն առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը (բողոքի պատճենը) 05.12.2018 թվականին փոստային առաքման եղանակով ուղարկել է հայցվորին` Երևան համայնքին, և Դատարանին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է և Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված խախտումը չի վերաբերել վերաքննիչ բողոքի բովանդակությանը, ապա վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել օրենսդրի նպատակը: Մասնավորապես` ՀՀ սահմանադրական դատարանը, 24.09.2019 թվականի ՍԴՈ-1477 որոշմամբ վերլուծելով նշված իրավանորմը, արձանագրել է, որ «վերոհիշյալ հիմքով (…) վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում սույն գործով վիճարկվող դրույթները չպետք է մեկնաբանվեն տառացի` զրկելով անձին վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրականացման հնարավորությունից: (…)»: Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նույն բողոքը (բողոքի պատճենը) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության ներկայացուցիչը, ըստ էության, կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` բողոքը (բողոքի պատճենը) գործը քննող դատարանին և դատավարության մյուս կողմին ուղարկելու պարտականությունը, հետևաբար հայցվոր կողմին այն կրկին ուղարկելու մասին ապացույց ներկայացնելու Վերաքննիչ դատարանի պահանջն անհարկի ծանրաբեռնում է բողոքաբերին:
Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, անհիմն կերպով վերադարձրել է Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը` վերջինիս զրկելով Դատարանի 18.10.2018 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրա` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը` արդյունքում թույլ տալով այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 13.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.02.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ս. Միքայելյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Ե. Խունդկարյան
Ն. Տավարացյան