ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0024/16/17 Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0024/16/17 Դատավորներ՝ Գ. Խանդանյան
2019 թ.
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան
Հ. Ենոքյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
|
զեկուցող |
Է. Սեդրակյան |
|
|
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ |
|
|
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
|
|
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ |
Ե. Խունդկարյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
|
|
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ |
|
|
Տ. Պետրոսյան |
|
|
Ն. Տավարացյան |
201
9 թվականի հոկտեմբերի 01-ինգրավոր ընթացակարգով քննելով Միքայել Մկրտչյանի ներկայացուցիչ Պայծառ Քոչարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2018 թվականի որոշման դեմ` ըստ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Պոլևայա պոչտա թիվ 04436 զորամասի միջնորդության` Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարանի թիվ 2-19/2017 քաղաքացիական գործով 13.03.2017 թվականին կայացրած դատական ակտը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և հարկադիր կատարման միջոցներ կիրառելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Պոլևայա պոչտա թիվ 04436 զորամասը պահանջել է ճանաչել Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարանի թիվ 2-19/2017 քաղաքացիական գործով 13.03.2017 թվականին կայացրած վճիռը և թույլատրել դրա կատարումը Հայաստանի Հանրապետության տարածքում:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ. Խաչատրյան) (այսուհետ՝ Դատարան) 04.05.2018 թվականի «Օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը ՀՀ տարածքում ճանաչելու և հարկադիր կատարման միջոցներ կիրառելու մասին» որոշմամբ նշված միջնորդությունը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.10.2018 թվականի որոշմամբ Միքայել Մկրտչյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.05.2018 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Միքայել Մկրտչյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի Մինսկի կոնվենցիայի (այսուհետ՝ Մինսկի կոնվենցիա) 20-րդ, 55-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 247 7-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ չնայած ՀՀ օրենսդրությամբ սահմանված է օտարերկրյա դատական ակտերը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և կատարումը թույլատրելու հնարավորություն, այնուամենայնիվ դատարանները պարտավոր են պարզել, թե արդյոք պահպանվել են միջազգային պայմանագրի պահանջները: Տվյալ դեպքում Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է Մինսկի կոնվենցիայի 20-րդ հոդվածի 3-րդ մասը, քանի որ վիճելի գույքը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, այսինքն՝ սույն գործը քննվել է Մինսկի կոնվենցիայով սահմանված ընդդատության կանոնների խախտմամբ, քանի որ վեճը պետք է լուծվեր ՀՀ դատարանների կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 04.10.2018 թվականի որոշումը կամ բեկանել դատական ակտը՝ գործն ուղարկելով ստորադաս դատարան՝ նոր քննության»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարանի 13.03.2017 թվականի վճռով բավարարվել է Պոլևայա պոչտա թիվ 04436 զորամասի հայցն ընդդեմ Միքայել Մկրտչյանի և նրա ընտանիքի անդամներ Հասմիկ Խաչատրյանի, Լենա և Մանյա Մկրտչյանների` ծառայողական բնակելի տարածքից վտարման պահանջի մասին: Դատարանը վճռել է ՀՀ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 8 զինվորական ավանի թիվ 17 շենքի 27-րդ բնակարան հասցեում գտնվող ծառայողական բնակելի տարածությունից օգտվելու` Միքայել Մկրտչյանի և նրա ընտանիքի անդամներ Հասմիկ Խաչատրյանի, Լենա և Մանյա Մկրտչյանների իրավունքը կորցրած ճանաչել և վերջիններիս պարտավորեցնել ազատել վերոնշյալ բնակելի տարածությունը: Նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 21.06.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 5-7):
2. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Պոլևայա պոչտա թիվ 04436 զորամասի հրամանատարի կողմից 07.12.2017 թվականին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարանի 13.03.2017 թվականի վճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և հարկադիր կատարման միջոցներ կիրառելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 4, 18-19):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Մինսկի կոնվենցիայի 20-րդ հոդվածի 3-րդ կետի և 55-րդ հոդվածի «դ» կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք օտարերկրյա պետության դատական ակտը Մինսկի կոնվենցիայի դրույթներին համապատասխան կարող է ճանաչվել և թույլատրվել կատարման, եթե այն կայացվել է ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ գույքային այլ իրավունքների վերաբերյալ հայցերով:
ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2476-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացրած վճիռները, որոշումները, ինչպես նաև օտարերկրյա պետությունների արբիտրաժային տրիբունալների վճիռները և որոշումները (այսուհետ` դատական ակտեր), որոնք կատարում են պահանջում, ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետության տարածքում: (…) Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանված են օտարերկրյա պետությունների դատական ակտերը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու՝ ՀՀ դատարանների իրավասությունները:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2477-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը պարզում է միայն, թե որքանով է օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը համապատասխանում այն պահանջներին, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով օտարերկրյա դատական ակտերը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը կարգավորվում է նույն օրենսգրքի 52-րդ գլխով: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դիմումը քննող դատարանը գործի քննության ընթացքում պարզում է միայն, թե որքանով է օտարերկրյա դատական ակտը համապատասխանում նույն գլխով և ՀՀ միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին:
ՀՀ վճռաբեկ դատարանն ըստ «Ինտերպայպ Ուկրաինա» ՍՊԸ-ի միջնորդության` Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատին կից գործող միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարանի 11.02.2011 թվականի վճիռը ճանաչելու և Հայաստանի Հանրապետության տարածքում կատարումը թույլատրելու պահանջների մասին, թիվ ԵԿԴ/0024/16/12 քաղաքացիական գործով 30.04.2015 թվականի որոշմամբ անդրադարձել է օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման ինստիտուտի նշանակությանը` մասնավորապես արձանագրելով, որ կատարում պահանջող օտարերկրյա դատական ակտի ճանաչումը ՀՀ դատարանների կողմից այդ ակտերին այնպիսի իրավական հատկանիշների տրամադրումն է, որոնցով օժտված են Հայաստանի Հանրապետության դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, և այդ ակտի իրավական գործողության թույլատրումը Հայաստանի Հանրապետության տարածքում: Այլ կերպ ասած՝ կատարում պահանջող օտարերկրյա դատական ակտը միայն ճանաչման արդյունքում է Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերում պարտադիրության և կատարելիության հատկանիշներ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օտարերկրյա պետության դատական ակտը ճանաչելիս և կատարման թույլատրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես ՀՀ ներպետական օրենսդրության, այնպես էլ միջազգային պայմանագրերի պահանջները:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 16.03.1995 թվականին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիրը, որի անբաժանելի մաս հանդիսացող թիվ 1 արձանագրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերը կարգավորվում են կողմերի առանձին համաձայնագրով:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 09.08.1997 թվականին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագիրը, որի 2-րդ հոդվածի համաձայն` կողմերի իրավասու մարմինները միմյանց իրավական օգնություն են ցույց տալիս Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված քաղաքացիական, ընտանեկան, քրեական գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով: Համաձայն [Մինսկի] կոնվենցիայի` իրավական օգնությունն իր մեջ ներառում է փաստաթղթերի հանձնման մասին խնդրանքների կատարումը և դատավարական, հետախուզական և այլ գործողությունների վարույթը: Նշված համաձայնագիրը մասնավորապես անշարժ գույքի հետ կապված քաղաքացիաիրավական վեճերի իրավասության մասով դրույթներ չի պարունակում:
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքացիական գործերով իրավական օգնության հետ կապված հարաբերություններում գործում է Մինսկի կոնվենցիան, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ տվյալ կոնվենցիայի կարգավորումներին:
Այսպես, Մինսկի կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 21.12.1994 թվականին և, ի թիվս այլնի, կարգավորում է պայմանավորվող կողմերի միջև քաղաքացիական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների հետ կապված հարցերը:
Մինսկի կոնվենցիայի 6-րդ բաժինը վերաբերում է որոշումների ճանաչմանը և կատարմանը: Մասնավորապես՝ Մինսկի կոնվենցիայի 51-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, նույն կոնվենցիայով նախատեսված պայմաններով, ճանաչում և կատարում է այլ Պայմանավորվող կողմերի տարածքներում ընդունված հետևյալ որոշումները՝
ա) քաղաքացիական և ընտանեկան գործերով արդարադատության մարմինների որոշումները, ներառյալ՝ նման գործերով դատարանի հաստատած հաշտության համաձայնագրերն ու դրամական պարտավորությունների վերաբերյալ նոտարական ակտերը (այսուհետ՝ որոշումներ) (...):
Մինսկի կոնվենցիայի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ 51-րդ հոդվածով նախատեսված որոշումների ճանաչման և հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունները քննվում են այն Պայմանավորվող կողմի դատարաններում, որի տարածքում պետք է իրականացվի հարկադիր կատարումը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ որոշումների ճանաչման և հարկադիր կատարման թույլտվության մասին միջնորդությունները քննող դատարանը սահմանափակվում է պարզելով, որ պահպանված են նույն Կոնվենցիայով նախատեսված պայմանները: Եթե այդ պայմանները պահպանված են, դատարանը որոշում է կայացնում հարկադիր կատարման մասին:
Մինսկի կոնվենցիայի 55-րդ հոդվածի «դ» կետի համաձայն՝ 52-րդ հոդվածով նախատեսված որոշումների ճանաչումը և հարկադիր կատարման թույլտվությունը կարող են մերժվել, եթե գործը, նույն կոնվենցիայի դրույթների համաձայն, իսկ նրանով չնախատեսված դեպքերում՝ այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում որոշումը պետք է ճանաչվի և կատարվի, պատկանում է այդ կողմի մարմնի բացառիկ իրավասությանը:
Մինսկի կոնվենցիայի 20-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և գույքային այլ իրավունքների վերաբերյալ հայցերը բացառապես ընդդատյա են գույքի գտնվելու վայրի դատարաններին: (...)
Վերը նշված կոնվենցիոն և ներպետական իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օտարերկրյա պետության դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու հարցը լուծելիս ՀՀ դատարանները չունեն նշված դատական ակտն ըստ էության վերանայելու իրավասություն և պետք է սահմանափակվեն միայն այն պայմանների առկայության ստուգմամբ, որոնց դեպքում թույլատրվում է համապատասխան որոշման ճանաչումն ու կատարումը, և միաժամանակ պարզեն այն պայմանների բացակայությունը, որոնք հիմք են ճանաչումը մերժելու համար: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Մինսկի կոնվենցիայով նախատեսված անհրաժեշտ պայմանների առկայության և մերժման հիմքերի բացակայության դեպքում է միայն դատարանը որոշում կայացնում կատարում պահանջող օտարերկրյա պետության դատական ակտը ճանաչելու և հարկադիր կատարումը թույլատրելու մասին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ի թիվս օտարերկրյա պետության դատական ակտի ճանաչումը և հարկադիր կատարումը մերժելու այլ հիմքերի, Մինսկի կոնվենցիայի 55-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված է, որ օտարերկրյա պետության դատական ակտի ճանաչումը և հարկադիր կատարման թույլտվությունը կարող է մերժվել, եթե գործը պատկանում է այն պետության մարմնի բացառիկ իրավասությանը, որի տարածքում պետք է ճանաչվի և կատարվի համապատասխան դատական ակտը:
Վերոգրյալի հիման վրա նկատի ունենալով, որ Մինսկի կոնվենցիայի 20-րդ հոդվածի հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և գույքային այլ իրավունքների վերաբերյալ հայցերը տվյալ գույքի գտնվելու վայրի դատարանների բացառիկ ընդդատությանն են պատկանում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ եթե օտարերկրյա պետության դատական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների վերաբերյալ, ապա տվյալ դատական ակտի ճանաչումը և հարկադիր կատարումը ենթակա է մերժման:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 8 զինվորական ավանի թիվ 17 շենքի 27-րդ բնակարան հասցեում գտնվող ծառայողական բնակելի տարածությունից օգտվելու` Միքայել Մկրտչյանի և նրա ընտանիքի անդամներ Հասմիկ Խաչատրյանի, Լենա և Մանյա Մկրտչյանների իրավունքը կորցրած ճանաչել և վերջիններիս պարտավորեցնել ազատել վերոնշյալ բնակելի տարածությունը: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Պոլևայա պոչտա թիվ 04436 զորամասի հրամանատարի կողմից միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ վերոգրյալ դատական ակտը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և հարկադիր կատարման միջոցներ կիրառելու մասին:
Դատարանը 04.05.2018 թվականի որոշմամբ նշված միջնորդությունը բավարարել է` արձանագրելով, որ տվյալ դեպքում պահպանվել են Մինսկի կոնվենցիայով նախատեսված պայմանները, և նույն կոնվենցիայով նախատեսված միջնորդությունը մերժելու հիմքերը բացակայում են:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ Դատարանը, պահպանելով Մինսկի կոնվենցիայի պահանջները, հիմնավոր հետևության է հանգել այն մասին, որ վճռի ճանաչումը մերժելու հիմքերը բացակայում են:
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները խախտել են Մինսկի կոնվենցիայի 20-րդ հոդվածի 3-րդ կետի և 55-րդ հոդվածի «դ» կետի պահանջները` անտեսելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարան ներկայացված հայցի առարկան Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքից օգտվելու իրավունքը կորցրած ճանաչելու պահանջն է: Հետևաբար տվյալ վեճն ընդդատյա էր Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանին, քանի որ անշարժ գույքն օգտագործելու իրավունքը, որի դադարման հարցը քննվել է դատական գործով, գույքային իրավունք է (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի իմաստով): Մինչդեռ գործը քննվել է Ռուսաստանի Դաշնության դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա է եղել օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը մերժելու հիմք, որպիսի հանգամանքն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար` նկատի ունենալով, որ ստորադաս դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, մասնավորապես՝ օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը բացառող հիմքի առկայության` բացառիկ ընդդատության կանոնի խախտման պայմաններում ճանաչել է օտարերկրյա պետության դատական ակտն ու թույլատրել վերջինիս կատարումը` հանգեցնելով Միքայել Մկրտչյանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների սահմանափակման:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Պոլևայա պոչտա թիվ 04436 զորամասի հրամանատարի՝ Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարանի 13.03.2017 թվականի վճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և հարկադիր կատարման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Ե. Խունդկարյան Գ. Հակոբյան Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Տ. Պետրոսյան Ն. Տավարացյան
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ