ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ք. Երևան 4 նոյեմբերի 2019 թ. |
ԲԴԽ-63-Ո-Կ-16 |
ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ.
նախագահությամբ` |
Ռ. Վարդազարյանի, |
Մասնակցությամբ անդամներ` |
Գ. Բեքմեզյանի, Հ. Հովհաննիսյանի, Մ. Մակյանի, Լ. Մելիքջանյանի, Ա. Մխիթարյանի, |
Արդարադատության նախարար |
Ռ. Բադասյանի, |
Արդարադատության նախարարի առաջին |
Ռ. Գրիգորյանի, |
Արդարադատության նախարարի ներկայացուցիչ |
Դ. Գասպարյանի, |
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին |
|
քարտուղարությամբ՝ |
Մ. Թելոյանի, |
դռնփակ նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի 06.09.2019թ. N 34-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Ելենա Քոչարյանին (այսուհետ նաև՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Գործի նախապատմությունը.
Արդարադատության նախարարի 26.07.2019թ. թիվ 29-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման համար առիթ է հանդիսացել ՀՀ վարչապետի աշխատակազմի 04.06.2019թ. թիվ 14/14.10/26219-2019 գրությամբ Արդարադատության նախարարությունում ստացված քաղաքացի Գեորգի Բալասանյանի դիմումը, որով վերջինս դժգոհություն է հայտնել Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ նաև Ծառայություն) գործողություններից և խնդրել է միջամտություն թիվ ԱՎԴ/1901/02/16 քաղաքացիական գործով վճռի կատարման հարցում:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Արդարադատության նախարարը (այսուհետ՝ նաև Նախարար) նշել է, որ 17.06.1998թ-ին ընդունված և 09.04.2018թ-ից ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 105-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն: Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդություն: Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վեճն ըստ էության լուծելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ:
Նախարարը պնդում է, որ իրավական նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ գործին մասնակցող անձի մահվան փաստի առկայության պարագայում արգելվում է դատարանի կողմից գործի հետագա քննությունը, և, պայմանավորված այն հանգամանքով, թե վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս կամ բացառում է իրավահաջորդությունը, դատարանի համար առաջանում է գործի վարույթը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում կայացնելու պարտականություն: Սույն գործի փաստերի համաձայն՝ 04.11.2016թ-ին, ժամը 14:10-ին նախնական դատական նիստ նշանակելու մասին պատասխանող Շամե Հասանյանին ուղղված ծանուցումը փոստային բաժանմունքի կողմից վերադարձվել է Դատարան՝ «Մահացած» նշումով: Նշված հանգամանքը նկատի ունենալով` Դատավորը վերջինիս մահվան վերաբերյալ հարցում է կատարել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ Մասիսի տարածքային բաժնին, որին ի պատասխան՝ 05.12.2016թ-ին Դատարան է ստացվել տեղեկատվություն առ այն, որ գործին մասնակցող անձ՝ պատասխանող Շամե Հասանյանը 10.10.2016թ-ին մահացել է: Այսպիսով՝ նշված փաստի ուժով Դատարանն այլևս իրավունք չուներ իրականացնելու արդարադատություն, այլ պետք է գնահատման առարկա դարձներ վիճելի իրավահարաբերության բնույթը և լուծեր իրավահաջորդության հարցը՝ կայացնելով համապատասխան որոշում: Մինչդեռ Դատարանն ըստ էության քննել և լուծել է գործը՝ արդյունքում կայացնելով վճիռ:
Նախարարը նաև վկայակոչում է Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը, մասնավորապես նշելով հետևյալը. «ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով 27.05.2010թ. որոշման մեջ անդրադառնալով Օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ կետին՝ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ. «Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ եթե գործին մասնակցող քաղաքացին մահացել է, և վերջինիս մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, ապա դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը»»:
Նախարարը մատնանշում է նաև մեկ այլ խախտում. մասնավորապես վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածը և 200-րդ հոդվածը՝ դիմողը նշում է, որ դատարանը նախևառաջ պետք է պարզի պարտապանի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու հնարավորության հարցը: Բաժնեմասը բնեղենով առանձնացնելու հնարավորության բացակայության կամ այդ պահանջի դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների առարկության դեպքում պահանջատերը իրավունք է ստանում ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին առաջարկելու գնել պարտապանի բաժինը, իսկ վերջիններիս կողմից հրաժարվելու դեպքում` պահանջել ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը վաճառել հրապարակային սակարկություններով: Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներից պարտապանի բաժինը գնել պահանջելու իրավունքը, ինչպես նաև ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը վաճառել պահանջելու իրավունքը բխում են հայցվորի կարգավիճակից և կարող են իրականացվել միայն դատական քննության ընթացքում՝ մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Նշված վերլուծությունը բխում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումից, որի համաձայն՝ հոդվածի 3-5-րդ մասերում նախատեսված հանգամանքների ապացուցված լինելու դեպքում է միայն դատարանի համար ծագում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու հնարավորությունը։ Այսպիսով՝ նշված իրավակարգավորումը կոչված է ապահովելու դատարանի անմիջական վերահսկողությունը և մասնակցությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված գործողություններին: Մինչդեռ սույն գործով Դատավորը Վճռի եզրափակիչ մասում արձանագրելով՝ «(…) ընդհանուր սեփականության մասնակիցներ Թեմուր Հասանյանին, Խդր Հասանյանին, Թառլան Հասանյանին, Սևդին Հասանյանին առաջարկել շուկայական գնով գնել պարտապան Մահար Թեմուրի Հասանյանի բաժինները (…)», այս իրավունքի իրականացման հնարավորությունը դատական քննության փուլից տեղափոխել է վճռի կատարման փուլ: Ավելին, նշված ձևակերպումն անորոշ է և պարզ չէ՝ ըստ Դատավորի Վճռի՝ ով պետք է առաջարկ ներկայացնի: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իրավակարգավորումների ուժով նշված իրավունքը վերապահված է միայն հայցվորին, մինչդեռ Դատավորի կողմից կայացված Վճռի արդյունքում այդպիսի իրավունքով ըստ էության օժտվել է նաև հարկադիր կատարողը, միևնույն ժամանակ Դատավորի կողմից կայացված Վճռով հայցվորի նշված իրավունքը վերջինիս համար վերածվել է պարտականության: Բացի վերոգրյալից, Դատավորը Վճռի եզրափակիչ մասում արձանագրելով՝ «(…) վերջիններիս կողմից պարտապանի բաժինները ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել (…)», ըստ էության կայացրել է պայմանով վճիռ, դրանով իսկ թույլ տալով իրավական որոշակիության սկզբունքի խախտում:
Այս առնչությամբ Նախարարը վկայակոչում է նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը, մասնավորապես Վճռաբեկ դատարանի թիվ ՏԴ/0045/02/14 քաղաքացիական գործով 26.12.2016թ-ին, թիվ ՏԴ/0187/02/14 քաղաքացիական գործով 22.07.2016թ-ին կայացրած որոշումները:
3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Արդարադատության նախարարին: Իր գրավոր բացատրության մեջ Դատավորը մասնավորապես նշել է, որ վերոնշյալ քաղաքացիական գործով Շամե Հասանյանի մահվան հիմքով գործի վարույթի կասեցման դեպքում այն կամ որ նույնն է՝ գործի քննության ավարտը կախման մեջ է դրվում Շամե Հասանյանի իրավահաջորդության հարցի լուծումից՝ նրա ժառանգների կողմից օրենքով սահմանված կարգով ժառանգության ընդունումից, որի իրականացումը, հավանական լինելով հանդերձ, անխուսափելի չէ, քանի որ հանգուցյալի ժառանգությունը կարող է չընդունվել որևէ մեկի կողմից, գործի վարույթը կարող է այդպես էլ չվերսկսվել (կասեցման հիմքերը երբևէ չվերանան): Ուստի նշվածի արդյունքում հայցվորի իրավունքների խախտումը բացառելու, ինչպես նաև դատարանի՝ գործը ողջամիտ ժամկետներում քննելու պարտականությունը չխախտելու նպատակով Դատավորը նշված գործի վարույթը չի կասեցրել: Միաժամանակ նշել է, որ Շամե Հասանյանի իրավահաջորդության հարցի լուծումը չէր կարող անհնարին դարձնել տվյալ գործի քննությունը, քանի որ հայցվորի կողմից ներկայացված նյութաիրավական պահանջն ուղղված է եղել միայն պարտապան Մահար Հասանյանին, իսկ Շամե Հասանյանը տվյալ քաղաքացիական գործով որպես դատավարության մասնակից ներգրավված է եղել այնքանով, որքանով որ հանդիսացել է ընդհանուր սեփականության մասնակից, հետևաբար՝ ընդհանուր սեփականությունում Շամե Հասանյանի մասնակից լինելու հանգամանքը ներկայացված հայցի ընդհանուր քննության սահմաններում էական նշանակություն չունի, քանի որ Մահար Հասանյանը նույնպես հանդիսանում է միևնույն գույքի (գույքերի) ընդհանուր սեփականության մասնակից:
Դատավորը, հղում կատարելով Վճռաբեկ դատարանի թիվ ԳԴ4/0306/02/11 քաղաքացիական գործով 29.11.2013թ., թիվ ԼԴ4/0280/02/12 քաղաքացիական գործով 26.12.2014թ. և թիվ ԵՄԴ/3297/02/14 քաղաքացիական գործով 22.04.2016թ. որոշումներին, հետևություններ է կատարել առ այն, որ ընդհանուր սեփականության մասնակիցներն իրավունք ունեն շուկայական գնով գնելու գույքի այն բաժինը, որի վրա բռնագանձում է տարածվում անկախ պահանջատիրոջ կողմից նրանց նման առաջարկ ներկայացնելու հանգամանքից։ Ընդհանուր սեփականության մասնակիցների մոտ պարտապանի մասը գնելու իրավունքի ծագման համար ինքնին բավարար է հետևյալ երկու նախապայմաններից միայն մեկի առկայությունը, այն է՝ երբ պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է կամ դրա դեմ կա առարկություն։ Նշել է, որ սույն քաղաքացիական գործով նշանակված փորձաքննության արդյունքում ստացված փորձագիտական եզրակացությամբ հաստատվել է պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինությունը, որպիսի հիմքով ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների մոտ ծագել է բաժնեմասը գնելու իրավունքը։ Այնուհետև Դատավորը նշել է, որ Խդր, Մահար, Սևդին Հասանյանները հայցադիմումի պատասխան չեն ներկայացրել, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի և վայրի մասին՝ չեն ներկայացել, Շամե Հասանյանին ուղղված ծրարը վերադարձվել է «Մահացած» նշումով, իսկ Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի ղեկավարի կողմից Դատարանին ուղղված գրությունների համաձայն՝ Թառլան և Թեմուր Հասանյանները բացակայել են համայնքից, վերջիններիս ծանուցումն իրականացվել է նաև Օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Նման պայմաններում, Դատավորի դիրքորոշման համաձայն, հայցվորն իր կամքից անկախ պատճառներով հնարավորություն չի ունեցել ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին առաջարկել օգտվելու օրենքով երաշխավորված իրենց իրավունքից՝ շուկայական գնով գնել պարտապանի բաժինը, և արդյունքում ստեղծվել է դատավարության կողմերի՝ հիշյալ նորմերով ամրագրված իրավունքների բախում: Մասնավորապես, մի կողմից, ընդհանուր սեփականության մասնակիցներն օրենքի ուժով իրավունք ունեն շուկայական գնով գնելու պարտապանի՝ բռնագանձման ենթակա բաժնեմասը, և, ըստ էության չեն հրաժարվել իրենց այդ իրավունքից, թեև նման առաջարկ վերջիններս նույնպես չեն ստացել վերը նշված պատճառներով, մյուս կողմից՝ հայցվորն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված չի կարողանում իրականացնել իր իրավունքները՝ առաջարկել ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին գնել պարտապանի բաժինը, իսկ տվյալ առաջարկից հրաժարվելու դեպքում գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի արդյունքում ստացված միջոցներով բավարարել իր պահանջները: Այս պայմաններում Դատավորը, հաշվի առնելով նաև, որ պարտապանի՝ հայցվորի նկատմամբ դրամական պարտավորություն ունենալու հանգամանքը հաստատված է օրինական ուժի մեջ մտած վճռով, և հայցապահանջը բխում է Օրենսգրքի 197-րդ և 200-րդ հոդվածների պահանջներից, գտել է, որ հայցադիմումը ենթակա է բավարարման, քանի որ հակառակ դեպքում կխախտվեին հայցվորի՝ օրենքով երաշխավորված իրավունքները, և կկայացվեր սխալ դատական ակտ: Միաժամանակ վճռում ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների՝ պարտապանի բռնագանձման ենթակա բաժնեմասը գնելու իրավունքը չամրագրվելու դեպքում կխախտվեր վերջիններիս օրենքով երաշխավորված իրավունքը:
Բացատրությամբ դիրքորոշում է հայտնվել նաև առ այն, որ պահանջատիրոջ՝ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին պարտապանի՝ բռնագանձման ենթակա գույքի բաժինը գնելու առաջարկ անելու իրավունքը կարող էր իրականացվել ոչ միայն դատական քննության ընթացքում, այլև դրանից առաջ, հետևաբար՝ և դատական քննությունից հետո նույնպես: Պահանջատիրոջ կողմից ընդհանուր սեփականության մասնակիցներին պարտապանի՝ բռնագանձման ենթակա գույքի բաժինը գնելու առաջարկ կարող է արվել նաև դատական քննությանը նախորդող ժամանակահատվածում, և տվյալ դեպքում պարտապանի բաժինը գնելուց ընդհանուր սեփականության մասնակիցների հրաժարվելու վերաբերյալ համապատասխան բավարար ապացույցի (ապացույցների) և օրենքով սահմանված այլ հիմքերի առկայության դեպքում դատարանը կարող է վճիռ կայացնել ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու վերաբերյալ՝ առանց պարտատիրոջ կողմից դատական քննության ընթացքում ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին կրկին առաջարկ ներկայացվելու և վերջիններիս կողմից այն կրկնակի մերժվելու:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
1. Դատավորի 06.07.2016թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/1901/02/16):
2. 04.11.2016թ-ին ժամը, 14:10-ին նախնական դատական նիստ նշանակելու մասին Շամե Հասանյանին ուղղված ծանուցումը փոստային բաժանմունքի կողմից վերադարձվել է Դատարան՝ «Մահացած» նշումով:
3. Դատավորի կողմից ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Մասիսի տարածքային բաժնին 04.11.2016թ-ին կատարված հարցմանն ի պատասխան՝ 05.12.2016թ-ին Դատարան է ստացվել Շամե Հասանյանի մահվան վերաբերյալ ակտի թիվ 561 գրառման պատճենը, որի համաձայն Շամե Հասանյանը մահացել է 10.10.2016թ-ին:
4. Ընդհանուր գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության դեպքում գույքի հրապարակային սակարկություններով վաճառելու վերաբերյալ հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործով արդարադատության իրականացման արդյունքում լուծում պահանջող՝ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պարտապանի բաժինը գնելու պահանջ ներկայացնելու, իսկ հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու հետ կապված հարցերի պարզումը դատական քննության փուլից տեղափոխվել է վճռի կատարման փուլ:
5. Վարչապետի աշխատակազմի 04.06.2019թ. թիվ 14/14.10/26219-2019 գրությամբ Արդարադատության նախարարություն է ստացվել քաղաքացի Գեորգի Բալասանյանի դիմումը, որով վերջինս դժգոհություն է հայտնել Ծառայության գործողություններից և խնդրել է միջամտություն թիվ ԱՎԴ/1901/02/16 քաղաքացիական գործով վճռի կատարման հարցում:
6. Քաղաքացի Գեորգի Բալասանյանի դիմումի ուսումնասիրության արդյունքում ինքնուրույն հայտնաբերելով Դատավորի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտում՝ 15.07.2019թ. Ծառայության 13.06.2019թ. թիվ ԵՎ-4151 գրությունը Mulberry համակարգչային ծրագրով ուղարկվել է Արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանում:
7. Ծառայության 13.06.2019թ. թիվ ԵՎ-4151 գրության ուսումնասիրության արդյունքում կարգապահական խախտման ինքնուրույն հայտնաբերման արդյունքում Արդարադատության նախարարի 26.07.2019թ. թիվ 29-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
8. 06.09.2019թ. N34-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
9. Գործի քննության կապակցությամբ հրավիրված նիստը Բարձրագույն դատական խորհրդի 12.09.2019թ. թիվ ԲԴԽ-63-Ո-Կ-16 որոշմամբ նշանակվել է 2019 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 15.00-ին:
10. 17.10.2019թ. թիվ ԲԴԽ-63-Ո-Կ-16 որոշմամբ վերսկսվել է գործի քննությունը, և Բարձրագույն դատական խորհրդի նիստը նշանակվել է 2019 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 17.00-ին:
11. Վերսկսված նիստի ընթացքում քննարկվել է կարգապահական վարույթի հարուցման ժամկետի հարցը: Վարույթ հարուցող մարմինը դիրքորոշում է հայտնել, առ այն, որ վարույթը կարող է հարուցվել խախտումը հայտնաբերվելուց հետո վեցամսյա ժամկետում, իսկ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված մեկամսյա ժամկետը չի կարող այնպես մեկնաբանվել, որ սահմանափակվի վարույթի հարուցման հնարավորությունը մեկամսյա ժամկետով:
5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Արդարադատության նախարարի հաղորդումը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ (...): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը: Կոպիտ է նաև դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.
1. արդյո՞ք թիվ ԱՎԴ/1901/02/16 քաղաքացիական գործով Դատավորը խախտել է գործով վարույթի կասեցման և իրավահաջորդության հարցի լուծման՝ օրենքով սահմանված կարգը,
2. արդյո՞ք թիվ ԱՎԴ/1901/02/16 քաղաքացիական գործով Դատավորը խախտել է դատական ակտի իրավական որոշակիության սկզբունքը,
3. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված նյութական և դատավարական նորմերի խախտումները կարող են որակվել որպես ակնհայտ և կոպիտ:
17.06.1998թ-ին ընդունված և 09.04.2018թ-ից ուժը կորցրած Օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:
Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդություն:
Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վեճն ըստ էության լուծելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ:
Վերոնշյալ իրավական նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ գործին մասնակցող անձի մահվան փաստի առկայության պարագայում արգելվում է դատարանի կողմից գործի հետագա քննությունը, և պայմանավորված այն հանգամանքով, թե վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս կամ բացառում է իրավահաջորդությունը, դատարանի համար առաջանում է գործի վարույթը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում կայացնելու պարտականություն:
Վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով 27.05.2010թ. որոշման մեջ անդրադառնալով Օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ կետին՝ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ. «Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ եթե գործին մասնակցող քաղաքացին մահացել է, և վերջինիս մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, ապա դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը»:
05.12.2016թ-ին Դատարան է ստացվել տեղեկատվություն առ այն, որ գործին մասնակցող անձ՝ պատասխանող Շամե Հասանյանը 10.10.2016թ-ին մահացել է: Այսպիսով՝ նշված փաստի ուժով Դատարանն այլևս իրավունք չուներ իրականացնելու արդարադատություն, այլ պետք է գնահատման առարկա դարձներ վիճելի իրավահարաբերության բնույթը և լուծեր իրավահաջորդության հարցը՝ կայացնելով համապատասխան որոշում: Մինչդեռ Դատարանն ըստ էության քննել և լուծել է գործը՝ արդյունքում կայացնելով վճիռ:
Բարձրագույն դատական խորհուրդն անհիմն է համարում Դատավորի այն բացատրությունը, համաձայն որի՝ հայցվորի իրավունքների խախտումը բացառելու, ինչպես նաև դատարանի՝ գործը ողջամիտ ժամկետներում քննելու պարտականությունը չխախտելու նպատակով Դատավորը նշված գործի վարույթը չի կասեցրել: Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում շեշտել, որ օրենքով նախատեսված դատավորի պարտականությունը կատարելը չի կարող մեկնաբանվել որպես դատավարության որևէ մասնակցի իրավունքի խախտում: Օրենքով նախատեսված պարտականությունները, ընդհակառակը, ուղղված են կողմերի իրավունքների պաշտպանությանը և պայմանավորված են արդարադատության շահով: Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ 17.06.1998թ-ին ընդունված և 09.04.2018թ-ից ուժը կորցրած Օրենսգրքի 105-րդ հոդվածը հստակորեն սահմանում է գործի վարույթը կասեցնելու դատարանի պարտականության իրացման դեպքերը: Սույն հոդվածը չի առաջացնում որևէ տարընթերցում, հետևաբար՝ Դատավորի մոտ չէր կարող առաջանալ իր նշված պարտականության կիրառման կամ չկիրառման վերաբերյալ որևէ կասկած:
Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական նորմի կոպիտ և ակնհայտ խախտում, այն է՝ Դատավորի կողմից խախտվել է գործի քննության կասեցման և իրավահաջորդության լուծման՝ օրենքով սահմանված կարգը, ինչպես նաև խախտվել է դատական ակտի իրավական որոշակիության սկզբունքը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, ինչպես նաև խախտման արդյունքում հեղինակազրկվել է դատական իշխանությունը:
Բարձրագույն դատական խորհուրդը նաև գտնում է, որ Դատավորը տեղյակ լինելով գործի վարույթը կասեցնելու օրենքով նախատեսված իր պարտականության մասին այն չի կատարել` դա պատճառաբանելով հայցվորի իրավունքների պաշտպանությամբ: Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ այս խախտումը թույլ է տրվել կոպիտ անփութությամբ:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Ինչ վերաբերում է դիմողի կողմից ներկայացված երկրորդ կարգապահական խախտմանը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ այս դեպքում ևս Դատավորը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի խախտում, մասնավորապես՝ դատական ակտին ներկայացվող պահանջների մասով, ինչը հանգեցրել է պայմանով դատական ակտի ընդունման: Վերջինս խախտում է դատական ակտի իրավական որոշակիության սկզբունքը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով 28.10.1999թ. վճռով (գանգատ թիվ 28342/95, կետ 61) արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որը, ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը (…):
Օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Օրենսգրքի 132-րդ 1-ին մասի 5-րդ պարբերության համաձայն՝ վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի եզրահանգումներ յուրաքանչյուր հայցապահանջը բավարարելու կամ մերժելու, ինչպես նաև նշում` վճիռը բողոքարկելու ժամկետի և կարգի մասին:
Բարձրագույն դատական խորհուրդը հիմնավոր է համարում դիմողի այն փաստարկը, որ «...դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտով անձը պետք է ստանա որոշակի և հաստատուն որոշում՝ կապված իր իրավունքների և պարտականությունների հետ»:
Վճռաբեկ դատարանը թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով 29.07.2011թ. որոշման մեջ անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքի շրջանակներում դատարանի կողմից պայմանով դատական ակտ կայացնելու խնդրին՝ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Միաժամանակ, Դատարանը վճռի եզրափակիչ մասի 2-րդ կետով նույն մասի 1-ին կետում նշված ժամկետում և չափով փոխհատուցումը Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի կողմից չտրամադրվելու դեպքում Դավիթ Ասատրյանին թույլատրել է նույն մասի 1-ին կետում նշված ժամկետի ավարտից հետո 10-օրյա ժամկետում փոխհատուցում վճարել Սվետլանա Ասատրյանին և Արթուր Գասիսյանին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, կայացնելով պայմանով վճիռ, անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նման տեսակի վճիռ կայացնելու լիազորություն իրեն վերապահված չէ, քանի որ այդպիսի տեսակի վճռի կայացումը կարող է հանգեցնել դատական ակտի որոշակիության սկզբունքի խախտման, որպիսի սկզբունքը թեև քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված չէ, սակայն այն իրավական հասկացություն է և միջազգայնորեն ճանաչված սկզբունք ու ենթադրում է, որ դատական ակտը պետք է լինի որոշակի` այն պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի, դրա բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դատավարության մասնակիցների համար ակնառու և ակնհայտ լինի, թե իրենց ինչ իրավունք է տրամադրվում, իրենց որ իրավունքն է սահմանափակվում, իրենց ինչ իրավունքից են զրկում կամ իրենց վրա ինչ պարտականություն է դրվում»:
Այսպիսով, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը թույլ է տվել դատական ակտին ներկայացվող պահանջի՝ իրավական որոշակիության պահանջի խախտում, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Խախտումը նաև կոպիտ է, քանի որ իրավական որոշակիության սկզբունքի խախտմամբ ընդունված դատական ակտը միանշանակ հեղինակազրկում է դատական իշխանությունը՝ խախտելով անձի դատական պաշտպանության իրավունքը և նվազեցնելով վստահությունը դատական համակարգի նկատմամբ:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական վարույթի հարուցման՝ օրենքով սահմանված ժամկետն անցած լինելու վերաբերյալ Դատավորի փաստարկն անհիմն է, քանի որ վարույթ հարուցող մարմինը՝ որպես կարգապահական վարույթի հարուցման առիթի հայտնի դառնալու սկիզբ է դիտարկել 15.07.2019թ.: Վարչապետի աշխատակազմի 04.06.2019թ. թիվ 14/14.10/26219-2019 գրությամբ Արդարադատության նախարարություն է ստացվել քաղաքացի Գեորգի Բալասանյանի դիմումը, որով վերջինս դժգոհություն է հայտնել Ծառայության գործողություններից և խնդրել է միջամտություն թիվ ԱՎԴ/1901/02/16 քաղաքացիական գործով վճռի կատարման հարցում: Քաղաքացի Գեորգի Բալասանյանի դիմումի ուսումնասիրության արդյունքում ինքնուրույն հայտնաբերելով Դատավորի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտում, 15.07.2019թ. Ծառայության 13.06.2019թ. թիվ ԵՎ-4151 գրությունը Mulberry համակարգչային ծրագրով ուղարկվել է Արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանում: 15.07.2019թ-ին Ծառայության 13.06.2019թ. թիվ ԵՎ-4151 գրության ուսումնասիրության արդյունքում կարգապահական խախտման ինքնուրույն հայտնաբերման արդյունքում Արդարադատության նախարարի 26.07.2019թ. թիվ 29-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, հետևաբար «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգապահական վարույթ հարուցելու համար նախատեսված մեկամսյա ժամկետի խախտում առկա չէ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ և 5-րդ մասերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին հայտարարել խիստ նկատողություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ռ. Վարդազարյան | |
Անդամներ` | Գ. Բեքմեզյան | |
Հ. Հովհաննիսյան | ||
Մ. Մակյան | ||
Լ. Մելիքջանյան | ||
Ա. Մխիթարյան | ||
Ս. Չիչոյան |